2025
Ադրբեջանական պամակեղծարարության մոտիվների և խորհրդային պատմագրության խութերի մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։ Մելքոնյանի խոսքով՝ որպեսզի Նախիջևանն ադրբեջանականացնեին, պետք էր նաև «Զանգեզուրը թուրքացնեին» և դրա համար սկսեցին «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ այս կեղծ թեզը մեջտեղ բերել, որի մասին նախկինում երկչոտությամբ էին խոսում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո այն դարձավ պետական քաղաքականություն ու գաղափարախոսություն։
-Պարո՛ն Մելքոնյան, մեր հաղորդումների ընթացքում բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք ադրբեջանական պատմակեղծարարությանը, որի արմատները հասնում են մինչև Խորհրդային Միություն։ Ձեր ուսումնառության շրջանը 1980-ականներն էին։ Ինձ հետաքրքիր է, երբ Դուք ուսանող էիք, շփումներ ունեի՞ք ադրբեջանցի ուսանողների հետ, կայի՞ն ընդհանուր քննարկումներ տարածաշրջանի պատմության վերաբերյալ, որին Դուք մասնակից եք եղել։
-Գիտեք, խորհրդային տարիներին ներքին լարվածություն կար հայ-ադրբեջանական գիտական շրջանակների միջև, և դա հատկապես զգացվում էր, երբ որ միջազգային գիտաժողովների էինք հրավիրվում։ Այսպես՝ ելնելով խորհրդային ինտերնացիոնալիզմի շահերից, բնականաբար, մեզ հրավիրում էին Բաքու, և իրենք էլ հրավիրվում էին Երևան, սակայն միշտ փորձում էին հանուն ինտերնացիոնալիզմի պատշաճության շրջանակներում շրջանցել այդ խութերը և ընդհանուր լեզու գտնել, բայց ներքին լարվածությունը, բոլոր դեպքերում, կար։ Ինչ վերաբերում է ուսանողներին, բացարձակապես շփումներ չենք ունեցել։ Ես հիշում եմ, երբ որ մենք 1983 թվականին եղանք Լենինգրադում՝ այն ժամանակվա Էրմիտաժում, տեսանք, որ Ուրարտու կոչվող դահլիճում ցուցանմուշներ են տեղադրված «Ք.ա. 9-րդ դար Հայաստան, 8-րդ դար Վրաստան և 6-րդ դար Ադրբեջան» անուներով, և մենք վրդովվեցինք և բողոքեցինք այն ժամանակվա տնօրեն Բորիս Պիոտրովսկիին, որի կինը՝ հայուհի Հռիփսիմե Ջանփոլադյանն էր։ Եվ, երբ որ բողոքեցինք, բողոքից հետո մենք հայտնվեցինք նրա աշխատասենյակում և փորձեցինք պարզաբանում կորզել, թե ինչն է պատճառը, որ հանկարծ Ք.ա. 6-րդ դարում Ուրարտուին վերաբերող ինչ-որ ցուցանմուշներ են տեղադրված, որոնց տակ գրված է Ադրբեջան։
Նա մեզ հասկացրեց, որ դա խորհրդային ժամանակներն են և, այսպես ասած, համաշխարհային պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ նաև խորհրդային տարածքում գտնվող, պետք է հավասարապես եղբայրական ժողովուրդների մեջ բաժանել, իհարկե, այդ եղբայրական բառը վերապահումով ասաց։ Իսկ ինչ վերաբերում է ուսանողական մակարդակով շփումներին, բացարձակապես դրանք չեն եղել։ Ես հիշում եմ, երբ որ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը մի անգամ մեզ պատմեց, թե ինչպես Բաքվում ինքը մի գիտաժողովի է մասնակցել, որտեղ Ախունդովները՝ պատմաբան հայր և որդի, սկսեցին խաչքարերից խոսել և ասել, որ խաչքարերը խաչդաշ են, խաչը՝ իբրև թե աղվաներեն, իսկ դաշը՝ թուրքերեն, իսկ իրենք աղվանական, կովկասյան ժողովրդի և թուրքական էթնիկ տարրերի սինթեզն են հանդիսանում, և դրա համար պետք է ասել ոչ թե խաչքար, այլ՝ խաչդաշ, և, երբ որ մենք ասացինք՝ գոնե Էջմիածնի խաչքարերը ձեր կարծիքով հայկակա՞ն են, թե՝ ոչ, իրենք ասացին՝ գիտեք, դեռ Էջմիածինը չենք ուսումնասիրել։ Հետո մենք տեսանք, որ նաև «Էջմիածինը ուսումնասիրեցին» և հիմա հայտարարում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղվանական, այսինքն՝ ադրբեջանական հոգևոր եկեղեցական կենտրոն է։
-Պարո՛ն Մելքոնյան, Խորհրդային Միությունում ինչպե՞ս էր գրվում պատմությունը, չէ՞ որ կար նաև «պատվեր իջեցնելու» ավանդույթը։ Մենք գիտենք բազմաթիվ ականավոր գիտնականների, որոնք նրբորեն «պատվեր տանելու» գիծն էին առաջ տանում։ Օրինակ՝ Պետրուշևսկիին, ով ունի արժեքավոր աշխատություններ, ում ես ուսումնասիրել եմ, կարողացավ ադրբեջանցի ժողովրդին մեծ նվեր անել։
-Ինչպես ասացի, Բորիս Պիոտրովսկիի օրինակով։ Բոլոր դեպքերում պատմական ճշմարտությունը գիտեին, և ինչ-որ ձևով պետք էր այն շրջանցել, բայց գոնե ճշմարտության համար մի քանի հատիկ թողնել։ Նույնը նաև, ասենք, Պետրուշևսկիի օրինակն էր։ Նույնը կարող եմ ասել Դիակոնովի մասին, որը գրել էր «Հայ ժողովրդի նախապատմությունը» (խմբ․՝ խոսքը վերաբերում է И. М. Дьяконов, Предыстория армянского народа աշխատությանը)։ Այսինքն՝ մի կողմից նա մեր վաղագույն շրջանի պատմությունն օտարում է մեզնից, բայց մյուս կողմից, եթե դա համարում է հայոց նախապատմություն, ուղղակիորեն հասկացնում է, որ դրա անմիջական ժառանգորդը հայ ժողովուրդն է, ոչ թե հենց կրողն է, այլ ժառանգորդն է։ Այսինքն՝ փորձում էին գտնել միջին տարբերակը։ Երբ որ իմ գիտական ղեկավար, ակադեմիկոս Սուրեն Երեմյանի մոտ տեսնում ես ինչ-որ խոտորումներ, զարմանում ես, ասում ես՝ հայրենասեր մարդ է եղել, ինչու՞ պետք է նման տարբերակով տուրք տար կեղծիքների, զգում ես, որ դա ուղղակի դիվանագիտություն է եղել, որովհետև ժամանակն է այդպիսին եղել, մթնոլորտն է այդպիսին եղել, այսինքն՝ պատմականության դիրքերից, երբ փորձում ես տվյալ ժամանակաշրջանի դեպքերը վերլուծել, պիտի հասկանաս ժամանակի շունչը, և հնարավորության սահմաններում ականավոր գիտնականները, այնուամենայնիվ, ճշմարտությունն ասելու ենթատեքստ կարողանում էին գտնել, բայց կային նաև համարձակ գիտնականներ, որոնք ճշմարտությունն ամբողջապես ասում էին, բայց նրանց, ինչպես ժողովուրդն է ասում, տեղ չէին տալիս, և նրանք, անպայմանորեն, դուրս էին մնում ընդհանուր շրջագծից։
-Այս երևույթն ադրբեջանցիները լայնորեն շրջանառում են։ Գիտական հոդվածներում հիմնական հղումներն արվում են խորհրդային պատմաբանների այն աշխատությունների վրա, որոնք ձեռնտու են իրենց։ Պատերազմից հետո ադրբեջանական պատմության կեղծ թեզերն սկսեցին ավելի լայն շրջանառվել, ի՞նչ եք կարծում, պատճառը պատերազմում պարտությո՞ւնն էր, թե՞, այնուամենայնիվ, խորքային այլ պատճառներ էլ կային։
-Եթե նկատի ունեք այս վերջին պատերազմը 2020 թվականի, ասեմ, որ Ադրբեջանի հռետորաբանությունն արմատապես փոխվեց․ շատ զգուշավոր էին հայր Ալիևի ժամանակ, երբ որ խնդրողի դերում էին՝ ընդհուպ մինչև զինադադար կնքելու առումով պատրաստ էին ամեն մի միջամտություն ապահովել, միայն թե զինադադար կնքվեր, և համացանցում կան նյութեր, թե ինչպես է Հեյդար Ալիևը խնդրում Լևոն Տեր-Պետրոսյանին, որ դադարեցնեն առաջխաղացումը, իսկ հետո արդեն կամաց֊-կամաց իրավիճակը փոխվեց, իսկ 2020 թվականի իրենց հաջողությունից հետո հռետորաբանությունն արմատապես փոխվեց և ոչ միայն սահմանափակվեց Արցախով, այլև օրակարգ բերեցին երկչոտությամբ հնչող, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ այդ վարկածը, որն արդեն ներկայացրին որպես հայեցակարգային մոտեցում ադրբեջանական պատմագրության դիրքերից։
Եվ տեսեք՝ ինչ հետաքրքրական է․ ստացվեց այնպես, որ ճակատագրի բերումով Թուրքիայի օժանդակությամբ 1921 թվականի մարտի 16-ի՝ Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրով, Թուրքիայի ճնշման ներքո Նախիջևանը՝ հայկական պատմական Նախիջևանը հայտնվեց Ադրբեջանի կազմում, այսինքն՝ Թուրքիան հրաժարվում էր 3-րդ կետով Նախիջևանից՝ հօգուտ Ադրբեջանի, պայմանով, որ Ադրբեջանը 3-րդ կողմին զիջելու իրավունք չունի, և ստացվեց այնպես, որ Զանգեզուրի հարցում խորհրդային ղեկավարությունը, հասկանալով Զանգեզուրի ռազմավարական նշանակությունը պանթուրքիզմի դեմ պայքարում, Զանգեզուրը թողեց Հայաստանին՝ նաև հաշվի նստելով իրողության հետ, որ Գարեգին Նժդեհն այն զենքի շնորհիվ կարողացել էր պահպանել, և ստացվեց այնպես, որ Հայաստանից դեպի արևմուտք ընկած Նախիջևանի տարածքը «ադրբեջանական» է, և Ադրբեջանի մեջտեղում Հայաստանն է, ուրեմն՝ Նախիջևանն իրենցով անելու համար պետք էր նաև «Զանգեզուրը թուրքացնել» և սկսեցին «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ այս կեղծ թեզը մեջտեղ բերել, որի հարցում, կարող եմ վստահաբար ասել, որ երկչոտությամբ միայն գիտական որոշ շրջանակներ էին հորջորջում, բայց հետո դարձավ պետական քաղաքականություն, հատկապես 2020 թվի սեպտեմբերյան-նոյեմբերյան իրադարձություններից հետո։
Հիմա բացահայտորեն դրա մասին արդեն սկսել են խոսել, և դա դարձել է արդեն պետական քաղաքականություն ու պետական գաղափարախոսություն։ Հաղթանակի էյֆորիան Ադրբեջանին բերեց հանգեցրեց նրան, որ Ադրբեջանի Պատմության ինստիտուտի նախկին տնօրեն Յաղուբ Մամեդովը մի օր հայտարարեց, որ ներկայիս Վրաստանի հարավը՝ ադրբեջանական է, այդ թվում նաև՝ Թիֆլիսը։
Սա մեծ աղմուկ բարձրացրեց Վրաստանում, և Վրաստանի պատմության ինստիտուտի տնօրեն, իմ կոլեգա Գիեորգի Ճեիշվիլին 2 մասից բաղկացած ընդարձակ հոդված գրեց, որտեղ ցույց էր տալիս Դավիթ Գարեջիի վրացական լինելու հանգամանքը, վանական համալիրը, որը ոչ մի աղվանական տեսության հետ որևէ կապ չունի, և, բնականաբար, նաև այն տարածքների, որոնց մասին քիչ առաջ ասացի, ադրբեջանցիները համարում են իրենցը՝ հաշվի առնելով, որ այնտեղ այսօր բնակչության մի զգալի մասը ադրբեջանցիներ են, այսինքն՝ էյֆորիայի պայմաններում նրանք արդեն չափի զգացումը կորցրին և մտան նաև Վրաստանի տարածք։ Մինչ այդ նրանք յուրացրել էին արդեն Հյուսիսային Կովկասի իրական աղվանների պատմությունը, խոսքը դաղստանյան ժողովուրդների մասին է։ Այդ յուրացնելուց բացի նրանք անցան դեպի հարավ․ Իրանի սեփականությունը, պատմամշակութային ժառանգությունն սկսեցին յուրացնել և գողացան Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ատրպատական նահանգի անունը, բերեցին դրեցին ներկայիս Ադրբեջանի տարածքի վրա, այդ թվում՝ ընդգրկելով նաև Շիրվանը, որը որևէ կապ չուներ թուրքալեզու ժողովուրդների հետ։
Ավելին ասեմ՝ սկսեցին յուրացնել նաև թուրքալեզու ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը։ Վերցնենք թուրքմենների պատմությունը․ Կարա և Ակ-կոյունլունների թուրքմենական ցեղերի պատմությունն այսօր իրենք ներկայացնում են որպես Ադրբեջանի պատմության մաս, էլ չեմ ասում Սեֆյան Իրանի ամբողջ պատմությունը՝ հաշվի առնելով, որ Սեֆյանները եղել են թյուրքախոս, որովհետև դարաշրջանն էր այդպիսին դարձել թուրքական հեղեղի պայմաններում և, շիա լինելով հանդերձ, այդ թուրքալեզու զանգվածը՝ Շահ Իսմայիլից սկսած, պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, որոնք սուննի մահմեդականներ էին։ Ուրեմն յուրացրին նաև Սեֆյան պետության պատմությունը, այնուհետև անցան Ավշարների պատմությանը, պարզվեց, որ Նադիր շահն էլ է ադրբեջանցի, անցան առաջ՝ Ղաջարների պատմությունը յուրացրին։ Այս ամբողջի մասին ես Մոսկվայում մի քանի ամիս առաջ կոնֆերանսում բացահայտորեն հայտարարեցի 3 ադրբեջանցի պատմաբանների ներկայության պայմաններում, իհարկե, դժգոհեցին, բայց ասելու բան չունեին, որ ասի՝ դուք սկսել եք յուրացնել ոչ միայն Հայաստանի, այլև ձեր բոլոր հարևանների, ընդհուպ մինչև շիա համարվող պարսիկների և թուրքալեզու թուրքմենների պատմությունը․ դա երիտասարդ ազգերին բնորոշ երևույթ է, և շատ ուշ պատմության ասպարեզ իջնելով՝ դուք սկսեցիք յուրացնել ձեր ամբողջ տարածաշրջանի ժողովուրդների պատմությունն ու մշակույթը։
Պարո՛ն Մելքոնյան, նշեցիք, որ ադրբեջանցիները յուրացրին Վրաստանի, Դաղստանի, Հայաստանի, Իրանի ժողովուրդների պատմությունը, բայց մեր հարևանների մոտ մենք չենք տեսնում դժգոհության մեծ ալիքներ, ինչպես Հայաստանի դեպքում է։ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը ի՞նչ վտանգներ կարող է հետագայում առաջացնել Հայաստանի համար։
-Ուրեմն այն, ինչ-որ Ադրբեջանն անում է, ուղղակիորեն սովորել է իր ավագ եղբորից։ Խոսքը Թուրքիայի մասին է։ Տեսեք, թուրքական-սուլթանական քարտեզներում մինչև 19-րդ դարի վերջը որքան ուզես կարելի է գտնել Էրմենիստան տեղանունը, բայց այնքան ժամանակ, քանի դեռ հայություն կար այդ տարածաշրջանում, և իրենք որևէ վտանգ չէին տեսնում։ Հետո Հայկական հարցը միջազգայնացվեց։ Սկսեցին զգուշանալ։ 1915–ը իրականացրին, հայերին ֆիզիկապես բնաջնջեցին՝ հայրենիքից զրկելու նպատակով, նաև հայրենազրկեցին, որից հետո հանկարծ չքացավ քարտեզների վրայից Էրմենիստան բառը։ Էրմենիստանից՝ Հայաստանից, դեպի արևմուտք ընկած տարածքը՝ Փոքր Ասիայի տարածքը, բնականաբար, կոչվում էր Անատոլիա․ բյուզանդական ժամանակներից հույները արևելքին անվանում էին Անատոլիա, հիմա Անատոլիայից դեպի արևելք ընկած տարածքը, որ Հայաստան էր, Էրմենիստան էր, իրենց բառով ի՞նչ պետք է կոչեին, արհեստականորեն անունը դրեցին Արևելյան Արևելք, այսինքն՝ Դողու Անադոլու։ Ծիծաղելի է․ այնքան ճչում է սուտը․ ինչպես կարող է լինել Արևելք և Արևելյան Արևելք։ Ես կատակով երբեմն ուսանողներին ասում եմ՝ խոսքն, ըստ էության, Ճապոնիայի մասին է, որտեղից արևը դուրս է գալիս, ուրեմն այդ նույն կեղծիքը շատ «վարպետորեն», (վարպետորեն բառը չակերտների մեջ եմ դնում), որովհետև շատ կոշտ ու կոպիտ տարբերակով են ադրբեջանցիներն անում, որոշեցին, որ եթե Հայաստանի արևմտյան հատվածը՝ Արևմտյան Հայաստանը, որը ենթարկվել է ցեղասպանության, հայրենազրկման, եթե կոչվում է՝ ըստ թուրքերի Դողու Անադոլու՝ Արևելյան Անատոլիա, ուրեմն մնացած Արևելյան Հայաստանն էլ պիտի կոչվի Արևմտյան Ադրբեջան։ Ուրեմն ստացվում է, որ հայերը անհայրենիք ժողովուրդ են եղել։
Ստացվում է, որ մենք, ըստ երևույթին, վաղագույն ժամանակներից օդապարիկի վրա ենք ապրել, հայրենիք չունենալով, հանկարծ այդ օդապարիկը ծակվել է, վերևից իջել ենք այս տարածաշրջան և ունեցել ենք հայրենիք՝ շնորհիվ Ռուսաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության։ Ծիծաղելի է նաև, երբ Ալիևի շուրթերից գործածվում է Զանգեզուր բառը, դա մեր Ձագիձոր գավառի անունն է։ Թող մարդիկ իմանան, որ շատերը խուսափում են․ միայն Սյունիք բառն են գործածում՝ ենթադրելով, որ Զանգեզուր բառը, ըստ երևույթին, հայերեն չէ և այն ժողովրդական բացատրության հետ են համեմատում՝ ասելով, թե թշնամին ներխուժել էր Գորիսի տարածաշրջան և զանգը իզուր էր արդեն խփում Տաթևի վանքում։ Դա, իհարկե, ժողովրդական բացատրությունն է, բայց իրականում Ձագի ձորն է։ Գորիսի տարածաշրջանի անունն է պատմական Զանգեզուր, որը, թուրքերը ձ չունենալով, Զանգեզուր ձևով հնչեցրին, և հիմա պարզվեց, որ կա նաև Արևմտյան Զանգեզուր, կա Արևելյան Զանգեզուր։ Արևելյան Զանգեզուրը իրենց ձեռքին է, հիմա պայքարում են Արևմտյան Զանգեզուրի համար։
Գիտե՞ք ինչ կա, քաղաքակիրթ աշխարհը այս ամեն ինչը գիտի, բայց, ցավալիորեն, լայն հասարակությանը սրանք ծանոթ երևույթներ չեն,և, կարծում եմ, որ այ նման հաղորդումների շնորհիվ մենք պետք է մարդկանց բացատրենք, թե ինչ է նշանակում կեղծարարությունը և ինչ քաղաքական ու ռազմաքաղաքական նպատակներ են դրա հետևում թաքնված։ Անկասկած, Ադրբեջանի նպատակը Սյունիքի միջանցքը վերացնելն է, և Սյունիքով դուրս գալը դեպի Նախիջևան և դրանով միանալը Թուրքիային։
-Պարո՛ն Մելքոնյան, երբ որ Ադրբեջանը խոսում է «Արևմտյան Ադրբեջան» թեզի մասին, նա չի սահմանափակվում միայն Սյունիքի մարզով․ «Արևմտյան Ադրբեջան» թեզի օրակարգում են նաև Հայաստանի մնացած մարզերը, արդյո՞ք այս կեղծ թեզերը նրանց թաքնված երազանքները չէին, որոնք, ի վերջո, կարող են այսօր բարձրաձայնել։
-Այո՛, դրանք երազանքներ էին, որոնք 2020 թվականի պատերազմից հետո, 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո, թվացին արդեն հնարավոր։ Այսինքն՝ այդ երազը դառնում է իրականություն, և նրանք մտածում են, որ եթե Հայաստանն այսօր, ըստ երևույթին, բավական տկար, թույլ վիճակում է գտնվում, ինչը պետք է խանգարի իրենց այս պատմական շանսից, հնարավորությունից չօգտվելը, և կան քաղաքական ուժեր այսօր, որոնք բացահայտորեն խոսում են այն մասին, որ այս պահը չպետք է բաց թողնել և երևի նման հնարավորություն հազիվ թե նորից ունենա Ադրբեջանը՝ իր երազանքը կյանքի կոչելու համար։ Անկասկած, այս ամբողջը պայմանավորված է 2020 թվականի պատերազմով, որից հետո աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում։ Բայց ես խորապես համոզված եմ, որ այս ամենը այս վիճակով չի մնալու, որովհետև պատմության անիվը նաև պտտվելու է մեր օգտին։ Անհնարին բան գոյություն չունի։ Գիտե՞ք ինչ կա, այսպիսի խոսքեր կան, չէ․՞ ցավալիորեն դրա հեղինակը Մուստաֆա Քեմալն է։ Ասում է՝ անհուսալի վիճակներ չկան, կան անհուսալի մարդիկ։ Մենք պետք է այնպես անենք, որ անհուսալի վիճակից դուրս գանք և հուսալի մարդիկ ունենանք, որ մեր հայրենիքը պաշտպանելու կարողունակությունը նորից վերադառնա մեզ։
-Պարո՛ն Մելքոնյան, գիտական հանրույթը ինչպե՞ս է ընկալում Ադրբեջանի այս խոսույթը, հատկապես, տարածաշրջանային հարցերով զբաղվող մասնագետները ինչպե՞ս են արձագանքում։ Խոսքը հայերի մասին չէ, այլ՝ միջազգային ձեր գործընկերների։
-Շատ տեղին հարց է։ Այ տեսեք, անցյալ տարի ես մասնակցեցի մի գիտաժողովի, որը նվիրված էր դպրոցական դասագրքերում պատմության կեղծարարությանը։ Մոսկվայում Համաշխարհային պատմության ինստիտուտում, որի ղեկավարը ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանն է, ես ելույթ ունեցա Հայաստանի և Ադրբեջանի դպրոցական դասագրքերում թույլ տված պատմական կեղծիքների վերաբերյալ թեմայով, որտեղ ցույց տվեցի, որ ադրբեջանցիները ոչ միայն կեղծում են մեր պատմությունը, այլև՝ բոլոր հարևանների, այդ թվում՝ նաև ռուսների, և իրենց դպրոցական դասագրքերում, օրինակ՝ 6-րդ դասարանի դասագրքում, գրված է, որ աշխարհում առաջին ցեղասպանությունը իրականացրած երկիրը Ռուսաստանն է՝ նկատի ունենալով 10-րդ դարի սկզբին Կիևյան Ռուսիայի իշխանների արշավանքները՝ սկսած Օլեգից մինչև Իգոր և Սվյատոսլավ, որոնք ներխուժել են ներկայիս Ադրբեջանի տարածք, որը Շիրվան պատմական տարածքն է և ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ։ Բնականաբար, բայց դասագրքերում ֆիքսել են, որ առաջին ցեղասպանություն իրականացնողն աշխարհում Ռուսաստանն է եղել։ Երբ այս փաստերը ես հրապարակեցի, ուղղակի զարմացան ռուս պատմաբանները, և հետո ներկայացրի, թե ինչպես են կեղծում բոլոր հարևանների և, հատկապես, հայության պատմությունը։ Ռուսները մոտեցան և առաջարկեցին ինձ տպագրել հոդված իրենց ամենահեղինակավոր սկոպուսային ամսագրում։
Սուր քննադատություն պարունակող այդ հոդվածը տպագրվեց, և այսօր ներկայացված է լայն ընթերցողների դատին և որևէ առարկություն դեռ նույնիսկ Ադրբեջանի կողմից չի եղել, և դա շատ ուրախալի փաստ է։ Դրանից հետո մենք նաև Արցախին նվիրված մեկ այլ հոդված տպեցինք «Օրիենտալ ստադիս» ամսագրում՝ Կարեն Խաչատրյանի հետ միասին՝ ցույց տալով, թե Արցախը խորհրդային տարիներին իրականության մեջ ոչ միայն զուտ վարչական միավոր է եղել, այլ նաև, պատմաիրավական հիմք ունենալով հանդերձ, պետականության որոշակի գործառույթներ է ունեցել, ունեցել է սեփական սահմանադրություն, իրավունքներ, որոնք որ Ադրբեջանին այսպես սանձարձակ պահելու հնարավորությունից զրկել են, ինչի շնորհիվ Արցախը եկել, հասել է մինչև 20-րդ դարի 80-ական թվականները, մինչև Արցախյան շարժումը։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, Եվրոպային, այնտեղ, ովքեր որ կովկասագիտությամբ զբաղվում են, հրաշալի գիտեն, որ պատմության թատերաբեմ թուրքերը շատ ուշ են իջել այս տարածաշրջանում, որևէ կապ չունեն այս տարածաշրջանի հնագույն, վաղագույն պատմամշակութային ժառանգության հետ։ Այ վերջերս դուք էլ ներկա էիք, հիշում եք լեհերի պատվիրակությունից մեկը ելույթ ունեցավ, ասաց՝ ես իմ դասախոսությունների ժամանակ միշտ ասում եմ, երբ որ լեհերս գոյություն չունեինք, ընդհանրապես երկրագնդի երեսին հայերն ու վրացիները հզոր քաղաքակրթություն էին ստեղծել։
Ինչու՞ հանկարծ Ադրբեջանի անունը չտվեց այդ լեհ պատմաբանը։ Բնականաբար, Ադրբեջանի մասին խոսելը այդ վաղագույն շրջանում ծիծաղելի է։ Իրենք էլ շատ լավ գիտեն, բայց ժողովրդի մի հատվածը, որը որ գրաճանաչ չէ, սկսում է դրան հավատալ։ Կեղծիքների արդյունքում նրանք իրենց հանրության, կոպիտ ասած, խելքը կերել են և հավատացրել, որ իրենք այս տարածաշրջանի հնագույն բնակիչներն են, և ներկայիս Հայաստանի տարածքը, իբր թե «Արևմտյան Ադրբեջան» է։
-Հայատյացությունը այսօր շատ ուժգին է Ադրբեջանում։ Պարո՛ն Մելքոնյան, հետագայում ինչպե՞ս եք տեսնում ադրբեջանցիների պատմագիտական այս կեղծ թեզերը, նոր թափով կշրջանառվե՞ն, թե՞, այնուամենայնիվ, ադրբեջանցիները կսկսեն հետ նահանջել, կհանդարտվեն, կփորձեն, ինչպես իրենք են երբեմն հայտարարում, (գոնե քաղաքական վերնախավը թոզ է փչում Արևմուտքի աչքին) հարևանների հետ խաղաղ ապրել, քայլ կանե՞ն դեպի այդ խաղաղության կոնցեպտի իրականցումը։ Կգա՞ այդ օրը, թե՞ կարծում եք սա այն տարածաշրջանն է, որ երբեք չի խաղաղվի։
-Վերջին միտքը․ ըստ երևույթին, դա է ճիշտը․ տոտալիտար համակարգի պայմաններում, երբ որ միապետություն է Ադրբեջանում։ Հիմա մեր հարևան հանրապետությունում ընտանիքի անդամներին կարելի է ամենաբարձր պաշտոններ տալ․ առաջին փոխնախագահի պաշտոնը տրամադրել կնոջը, նման պայմաններում, ըստ երևույթին, մտածել, որ ադրբեջանական հասարակությունը կառողջանա, հնարավոր չէ։ Համենայն դեպս, բերեք ընդունենք, որ դրսում, կան ինչ-որ ուժեր ադրբեջանական, որոնք ընդդիմություն են, փնովում են իշխանություններին, որ պատերազմի ավարտից հետո դարձյալ խոսեն Հայաստանի հետ ռազմաշաշունչ ոգով, միայն բումերանգի նման կարող է հարվածել Ադրբեջանին, բայց դրանք շատ քիչ են։ Ներսում էլ, ովքեր փորձում են ձայն բարձրացնել, հայտնվում են բանտերում, և, գաղտնիք չեմ ասի, եթե պնդեմ, որ 100-ավոր մարդիկ այսօր՝ որպես քաղաքական բանտարկյալներ, գտնվում են բանտերում, նաև՝ Արցախի ղեկավարները, որոնք ևս քաղաքական հողի վրա ձերբակալվածներ են, բանտարկյալներ են։ Այնպես որ, ակնկալել որևէ բան, հնարավոր չէ, եթե այդ հասարակությունը իր մեջ ուժ չգտնի առողջանալու և այդ համակարգը տապալի և ժողովրդավարության ճանապարհն ընտրի։