2025
Ովքե՞ր են ազարիները, ո՞րն է նրանց լեզուն, ո՞րն՝ արեալը, ի՞նչ կապ ունեն այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիներն Իրանական Ատրպատականում ապրող ադրբեջանցիների հետ։ Այս մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է իրանագետ Հասմիկ Կիրակոսյանի հետ։ Ըստ Հասմիկ Կիրակոսյանի՝ Իրանական Ադրբեջանի բնակիչները՝ ատրպատականցիները, իրանական քաղաքական և մշակութային ինքնության կրողներն են, իսկ ադրբեջանցիներն օգտագործում են իրանական մշակույթը՝ սեփական մշակույթ ստեղծելու համար։ Ադրբեջանական ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է իրանական մշակույթը յուրացնելու, հայկական մշակույթը խեղաթյուրելու և յուրացնելու կետերի վրա։
-Տիկի՛ն Կիրակոսյան, Իրանի հյուսիսարևմտյան տարածքների անունը պատմությունից մեզ հայտնի է որպես Ատրպատական, այդպես էր, համենայն դեպս, հիշատակվում հայկական աղբյուրներում։ Ե՞րբ շրջանառության մեջ մտավ Իրանական Ադրբեջան կամ Ազարբայջան անունը։
-Շատ կարևոր հարց եք առաջ քաշում, որովհետև, իրոք, այսօր այդ երկրանվան հետ կապված ունենք շփոթի, նույնիսկ՝ դիտավորյալ ստեղծված խառնաշփոթի պատկեր։ Ինչպե՞ս առաջացավ․ ես, որպես իմ խոսքի մեկնակետ, կվերցնեմ Ազարբայջան ձևը կամ Ազերբաջան, ինչպես այսօր հայտնի է նաև հարևան հանրապետության անվանումը․ ինչպե՞ս շրջանառության մեջ մտավ։ Եթե ճիշտ ժամանակագրորեն խոսենք այդ մասին, շրջանառումը սկսվեց վաղ իսլամական շրջանից, երբ արաբագիր հեղինակներն սկսեցին իրենց աշխարհագրական և պատմական երկերում խոսել այդ երկրամասի մասին։ Եվ թերևս նշեմ առաջին՝ ամենավաղ հիշատակությունը․ դա ութերորդ դարի արաբագիր հեղինակ Իբն ալ Մուկաֆֆաան էր, որն իր երկում խոսեց Ազերբայջան տարածքի մասին՝ անվանելով Ֆահլայի կամ Փահլայի տարածք, իսկ լեզուն՝ ֆահլավի կամ փահլավի։ Ես չեմ ուզում մանրամասնություններ ասել փահլավի կամ ֆահլավի ձևերի մասին, որը, միանշանակ, նշանակում է իրանական, այլ պարզապես ուզում եմ ասել, որ Իբն Մուկաֆֆաան բավական հղվող հեղինակ էր և հետագայում բոլոր մնացած աղբյուրներում էլ տեսնում ենք, որ արդեն այդ երկրամասն, այսինքն՝ այսօր Իրանի հյուսիսարևմտյան տարածքներն անվանվեցին Ազարբայջան։
-Խոսքը չորս նահանգների մասի՞ն է Իրանի հյուսիսում։
-Իրանի հյուսիսային տարածքն է այսօր, որոնք ընդգրկում են երեք նահանգները՝ դա Արևելյան, Արևմտյան Ատրպատականներն են և Արդաբիլի նահանգը։ Այսինքն՝ այդ տարածքներն սկսեցին անվանվել Ազերբայջան, և, որպես այդպիսին, ստեղծվեց ավանդույթ՝ դրանք արաբականացված արտասանությամբ անվանելու Ազարբայջան։ Եվ շատ հետաքրքիր է, որ արդեն մեկ-երկու դար հետո էլ հանդիպում ենք աղբյուրներում այլ վկայություններ այն մասին, որ Ազարբայջանի լեզուն էլ ազարին է, Ալ Ազարիա կոչվող լեզուն է, որը միանշանակ իրանական լեզու է, քանզի, բացի աղբյուրագիտական հիշատակություններից, այդ լեզվով վկայություններ ունենք։ Կան չափածո ստեղծագործություններ, որոնք վկայվել են ազարի իրանական լեզվով, որը իրականում այսօր լեզու ենք անվանում պայմանականորեն․ ինքը բարբառների հավաքածու է։ Այսինքն՝ այդ տարածքներում խոսվող լեզու, որտեղ նույնիսկ կարող էր մի քաղաքից մյուսի միջև լինեին միջբարբառային որոշակի տարբերություններ, և, փաստորեն, այդ ժամանակաշրջանից սկսած, օգտագործվել «Ազարբայջան» տերմինը կամ Ազերբաջան՝ ինչպես թուրքական արտասանությամբ այժմ օգտագործվում է, որին զուգահեռ՝ մենք կարող ենք արդեն անդրադառնալ հայկական աղբյուրներին։
Հայկական աղբյուրները, հենց այդ նույն ժամանակաշրջանից սկսած, մշտապես, երբ խոսել են, դրանք պատմագիտական երկեր են և այլն։ Երբ խոսվում է Ատրպատականի մասին, օգտագործվում է ոչ թե Ազարբաջան ձևն արաբականացված, այլ օգտագործվում է միջին իրանական՝ առանց փոփոխության մաքուր արտասանությունը՝ [Ատրպատական], միջին իրանականը՝ [Ատուրպատական] ձևը։ Եվ, փաստորեն, այդ երկրանվան նման գործածությունը շարունակաբար էր․ հայկական աղբյուրներում հայ մատենագրությունը տալիս է միայն Ատրպատական ձևը, որը, շարունակաբար սկսած, հենց նույն՝ վաղ իսլամական շրջանից, հայկական մեր ժամանակագրությամբ՝ ութերորդ դարից սկսած, օգտագործվում է Ատրպատական ձևով։ Ինչպես Եղիշե վարդապետը, այնուհետև կարող ենք խոսել Թովմա Արծրունու մասին, կարող ենք խոսել Հովհաննես Դրասխանակերտցու մասին, կարող ենք խոսել Կիրակոս Գանձակեցու մասին, ի վերջո, կարող ենք ասել, որ նույնիսկ վաղ, արդի շրջանի հայ գեղարվեստական գրականությունը, հայ բանաստեղծությունը նույնպես, երբ օգտագործում էր այդ երկրանունն, անպայման օգտագործում էր Ատրպատական ձևը, ինչպես օրինակ՝ Գրիգորիս Աղթամարցին իր ստեղծագործություններում նշում է Խորասանը, Ատրպատականը և այլն։ Ես ուզում եմ փաստել այն հանգամանքը, որ եթե վերցնենք իսլամական ավանդույթը և մեր՝ հայկական ավանդույթը ( ինչու չէ, նաև վրացական աղբյուրագիտական տվյալներն են այդ հնարավորությունը տալիս մեզ ասելու, որտեղ ավանդված է այդ երկրանունը։ Եվ եթե իսլամական աղբյուրներում դա Ազարբաջան ձևն էր կամ Ազերբաջան ձևն էր, ապա հայկական ավանդույթը միանշանակ պահպանում է Ատրպատական անվանումը, Ատրպատական երկրանունը։ Այժմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չօգտագործել մեր հայկականը․ դա կլինի ակադեմիական գրականության մեջ, դա կլինի հրապարակախոսական եզրույթում և նույնիսկ, ինչու չէ, ոչ հայերեն ակադեմիական մեր աշխատանքներում, ինչու չօգտագործել Իրանական Ատրպատական անվանումը, որն ավանդվել է հայկական մեր մատենագրության միջոցով, ինչո՞ւ չօգտագործել Ատրպատական անվանումը՝ խուսափեով Ադրբեջան ձևից։
-Իսկ տեղի աղբյուրները՝ պարսկական աղբյուրներն, Ատրպատակա՞ն են կոչում այդ երկրամասը։
-Ցավալիորեն ո՛չ․ պարսկական աղբյուրներն արդեն, նույնիսկ պարսկախոս աղբյուրները հետագայում հետևել են այդ արաբագիր աղբյուրների շրջանառության մեջ դրած, արաբականացված տարբերակին և օգտագործում են, և այսօր էլ գիտենք, որ պարսկերենում, փաստորեն, օգտագործվում է հենց Ազարբայջան անվանումը, այսինքն՝ Իրանի հյուսիս-արևմուտքում մենք ունենք երկու նահանգներ՝ Ազերբայջան անունով։ Բայց գուցե և մտածե՞նք այդ մասին, թե ինչո՞ւ նույն պարսկերենը չվերադառնա իր իրանական արմատներին և օգտագործի նորից Ատրպատական ձևը, որովհետև դա հենց իրանական մաքուր ձևն է, որը, փառք Աստծո, պահպանվել է հայերենի և հայ մատենագրության միջոցով։ Եվ, բնականաբար, եթե օգտագործում ենք «Ատրպատական» տերմինը՝ որպես երկրանուն, բնակիչներին պետք է անվանենք ատրպատականցիներ, իսկ լեզուն էլ Ատրպատականի թյուրքերեն։ Այն լեզուն, որով այսօր խոսում են այդ տարածքում, այդ թյուրքերեն բարբառը, թյուրքերեն լեզուն, որը համընկնում է Ադրբեջանի Հանրապետությունում օգտագործվող թյուրքերենի հետ, օգտագործել «Ատրպատականի թյուրքերեն» ձևով, որը շատ ավելի տիպիկ կարտացոլի, որովհետև մենք այստեղ լեզվանվան խառնաշփոթի հետ էլ գործ ունենք, որը կրկին ունի որոշակի նպատակներ։
-Տիկի՛ն Կիրակոսյան, մինչ այս լեզվանվան խառնաշփոթին անդրադառնալը, եկեք հասկանանք՝ ովքե՞ր էին ատրպատականցիներն ու իրենք ի՞նչ կապ ունեն այսօրվա ադրբեջանցիների հետ։ Ու, առհասարակ, իրենք իրենց նույնականացնու՞մ են այսօրվա ադրբեջանցիների հետ, թե՝ չէ։
-Մի փոքր խորքից սկսելու համար նորից պետք է ասենք, որ այստեղ տեղի է ունեցել հատուկ անունների նույնականացում, որպեսզի տեղի ունենա նաև այս մշակութային ինքնության յուրացման գործընթացը, որ տեղի է ունեցել և այսօր էլ շարունակաբար տեղի է ունենում։ Ովքե՞ր էին ատրպատականցիները։ Ատրպատականցիները Ատրպատականի իրանական բնակիչներն էին, որոնք ունեին իրենց իրանական լեզուն, խոսում էին իրենց իրանական լեզվով և որոշակի պատմական դեպքերի բերումով՝ 11-րդ դարից սկսվեց մի գործընթաց, այնուհետև անցավ մեծ փուլ՝ գալով երկլեզվության շրջան, և միայն այսօր կարող ենք ասել, որ բավականին ընդլայնված կերպով այդ բնակչությունը խոսում է թյուրքերենով, այսինքն՝ թյուրքերենը դարձել է այն մեկնակետը, որ այս իրանցի բնակիչներին, այսինքն՝ ատրպատականցիներին, համարեն թյուրքեր, որոնք նույնանուն են Ադրբեջանի բնակիչների հետ։ Ընդ որում՝ այստեղ էլ շատ մեծ խնդիր կա և բավականին խոսելիք կա՝ կապված հենց ադրբեջանցիների, այսինքն՝ հարևան հանրապետության բնակիչների ինքնության հետ, թե նրանք քանի՞ տոկոսով են էթնիկապես թյուրքեր։ Չենք կարող բացառել, որ Ատրպատականում կամ Ադրբեջանում թյուրքեր չկան, այսինքն՝ դրանք միանշանակ մեկ էթնիկ պատկեր ունեցող տարածքներ են, բայց էթնիկական փոփոխություն Ատրպատականի տարածքում հատկապես, երբ որ եկել են այդ թյուրքական հոսանքները, էթնիկապես ժողովրդական պատկերը չի փոխվել, այլ տեղի է ունեցել լեզվի փոփոխություն։
Ո՞ր լեզուն էր, որ կոչվում էր ազարի, և ինչպես պատահեց, որ այսօր նույնիսկ ակադեմիական գրականության մեջ՝ միջազգային, Եվրոպայում տպագրվող, նույնիսկ այլ երկրներում տպագրվող գրականության մեջ, դուք կարող եք հանդիպել, որ Ադրբեջանի լեզուն անվանում են ազերի, և ինչպե՞ս կարող է պատահել, որ այդ խառնաշփոթն է ստեղծվել, և այսօր, եթե նույնիսկ Ադրբեջանում այն անվանում են Ազերբաջան դիլի, ապա կարող ենք հանդիպել ակադեմիական գրականության մեջ, որ լեզուն անվանում են ազերի։ Այսինքն՝ տեղի է ունեցել այսպիսի մի գործընթաց, որը պետք է վերջապես կանգնեցել, պետք է խոսել այդ մասին, որովհետև ադրբեջանցիների մոտ կան կեղծ տեսություններ, երբեմն՝ նաև ծիծաղաշարժության հասցնող տեսություններ․ այդ տեսություններն այն մասին են, որ գոյություն է ունեցել «ազ» անունով մի թյուրքական էթնոս, իսկ «ազեր»՝ դա նշանակում է «մարդ այդ էթնոսից», և իր լեզուն էլ եղել է ազերի, և դա հենց թյուրքական լեզուն է և այլն։ Մինչդեռ, ինչպես ես ասացի, որ դեռ 12-րդ դարից արդեն արաբագիր հեղինակները նշում էին, որ, այո՛, Ազերբաջանի լեզուն ազարին է, իսկ ազարին ի՞նչ էր, ազարին իրանական լեզու էր, որով մեզ ավանդվել են չափածո ստեղծագործություններ, այսինքն՝ այսօր մենք սեղանին ունենք դրված, այդ լեզվով գրված բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք գրված են իրանական լեզվով, որոնք ազարի են և որևէ կապ չունեն թյուրքերենի հետ։ Այսինքն՝ տեղի ունեցավ լեզվի փոփոխություն, երբ թյուրքերենը սկսեց դանդաղորեն իր տեղը հարթել Ատրպատականի տարածքում։ Ատրպատականցիներն սկզբում սկսեցին կիրառել երկլեզվությունը, այնուհետև՝ ավելի շատ օգտագործել թյուրքերենը և այլն։ Տեղի ունեցավ նաև լեզվանվան յուրացում, և այսօր ունենք այն պատկերը, որ ակադեմիական գրականության մեջ կարող ենք հանդիպել, որ Ադրբեջանում խոսվող թյուրքերենն անվանվում է ազերի՝ առանց մեկնաբանության և այլն։
-Այսօր ադրբեջաներենն անցել է լատինատառին, իսկ Ատրպատականում ի՞նչ պատկեր է, գրո՞ւմ են լատինատառ, թե՞․․․
-Չէ, իհարկե, լատինատառ չեն գրում․ արաբատառ են գրում։ Ազերի լեզուն, ինչպես իրենք անվանում են, դա թյուրքերենն է, որը, եթե գրվում է Ատրպատականում, ապա գրվում է արաբատառ, ինչպես՝ պարսկերենը։ Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, որ Ադրբեջանն իրենց կեղծ թեզերով համարում է այդ երկրամասը Հարավային Ադրբեջան, ինչպես հայտնի իրենց Արևմտյան Ադրբեջանի թեզը գիտենք, նույն կերպ՝ Հարավային Ադրբեջան։ Այս թեզի գործածությունն Ադրբեջանը սկսել է շատ ավելի վաղուց․ այն որ ատրպատականցիների հետ նրանք մեկ հանրույթ են, այսինքն՝ մեկ Ադրբեջան է։ Նրանք կեղծ թեզերով ապացուցում են, որ մշակութապես նույն ժողովուրդն են, որովհետև խոսում են նույն լեզվով և այլն, բայց այստեղ գոյություն ունի շատ կարևոր մի հանգամանք․ դա քաղաքական ինքնությունն է։
Իրանի Ատրպատականի բնակիչներն, այսինքն՝ ատրպատականցիները, չնայած խոսում են նույն՝ թյուրքերեն լեզվով, ինչով որ խոսում են Ադրբեջանի Հանրապետության բնակիչները, բայց, միևնույն է, իրենք ունեն հստակ քաղաքական ինքնություն, և նրանց քաղաքական ինքնությունն իրանական քաղաքական ինքնությունն է ։Այսինքն՝ ազդել մարդու վրա, փոխել այդ քաղաքական ինքնությունը, հատկապես Իրանի պարագայում, կարելի է համարյա ասել՝ անհնարին մի բան է, և դրա համար մշտապես այս խնդրի շուրջ, երբ որ Իրանից կարծիքներ են հնչում, որ եթե ունենք ինքնության խնդիր, ապա դա նշանակում է, որ նույն ադրբեջանցիները, որոնք ապրում են Արաքսից հյուսիս՝ այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունում՝ երբեմնի Առանի և Շիրվանի տարածքում, դրանք բոլորը ատրպատականցիներ են, և բոլորը պատկանում են իրանական մշակույթին, իրանական պետությանը և ոչ թե առանձին ադրբեջանական ինքնություն ունեցող ժողովուրդ և նույնիսկ՝ պետական կազմավորում։ Այսինքն՝ այստեղ, երբ որ խոսում ենք այդ մասին, մշտապես պետք է հիշենք, որ իրանցիները՝ ատրպատականցիները, հստակ ունեն իրանական քաղաքական ինքնություն։
-Այսինքն՝ իրենք իրանական քաղաքական ինքնության կրո՞ղն են։
-Իրենք պատկանում են Իրանական պետությանը, նրանք տեսնում են իրենց Իրանի մեջ, Իրանի հետ, որովհետև չունեն այդ քաղաքակրթության հետ մշակութային խնդիր, այսինքն՝ մշակութային ինքնության խնդիր այդ երկրի հետ, և նրանք անցել են պարզապես թյուրքալեզվության, այսինքն՝ միակ տարբերությունը, որ այստեղ գոյություն ունի, դա լեզուն է, իսկ մշակութապես նրանք իրանական են։
-Եթե վերադառնանք լեզվին, այդ լեզվային փոփոխությունը տեղի ունեցավ Ղաջարական դինաստիայի հաստատվելու՞ց հետո, թե՞ ավելի վաղ՝ 11-12-րդ դարերից, երբ թյուրքական ցեղերի ներհոսքը տեղի ունեցավ տարածաշրջան։
-Այդ ընթացքն այդքան էլ սահուն և մեկ բառով նկարագրելի գործընթաց չէ։ Փոքր ժամանակաշրջան չէ, որ մենք նկարագրենք, որ տեղի է ունեցել հենց այս ժամանակաշրջանում։ Լեզվի փոփոխությունը մի դարաշրջան է անցել, մի ժամանակաշրջան է անցել, որը սկսել է 11-րդ դարից, երբ օղուզական ցեղերը սկսեցին ներթափանցել թե՛ Հյուսիսարևմտյան Իրանի տարածքները և թե՛ նաև բարձրացան Արաքսից հյուսիս և այսպես տեղավորվեցին Առանում և Շիրվանում։ Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ նրանց այդ արեալը բնակեցնելու պրոցեսը․ սկզբում տեղի ունեցավ, բնականաբար, գյուղական հատվածներում՝ առևտրական, հողագործական, գյուղատնտեսական հարաբերությունների մեջ մտան տեղի բնակչության հետ և այլն, որը բերեց նրան, որ արդեն 16-րդ դարում մի շատ ավելի կարևոր գործընթաց տեղի ունեցավ՝ Սեֆյան դինաստիայի հաղթանակը Իրանում, որի առաջին միապետները իշխանության գալու համար օգտվեցին թյուրքական ցեղերի ծառայությունից և օգտագործեցին այդ թյուրքական կոնգլոմերատը, հատկապես՝ զինվորական առումով, որպեսզի գան իշխանության և իրենց իշխանությունը պահպանեն։ Եվ նրանց տալով որոշակի առավելություններ՝ իրավիճակը հասավ նրան՝ թյուրքալեզվությունը սկսեց շատ ավելի հանգիստ տարածվել։
Այսինքն՝ այս գործընթացը թյուրքալեզվության տարածման պատմականորեն որոշակի ժամանակաշրջաններ հաղթահարած փուլ է, հաղթահարած երևույթ է և միանգամից շատ հեշտությամբ տեղի չի ունեցել, և իրանական լեզվով այդ վկայությունները, որոնք գալիս են մինչև արդեն 16-րդ դար, իսկ հետո այդ վկայությունները փոխարինվում է այսպես բանավոր բարբառներով, որոնք գոյություն են ունեցել մինչև այժմ, իհարկե, դրանք շատ-շատ քիչ են, այսպես ասած, այս իրանական բարբառի շարունակությունն են համարվում, խոսվում են Իրանում, բայց դրանք միանշանակ ապացույց են այն մասին, որ պարզապես լեզվային առումով կարող ենք նաև ասել, որ թյուրքերենի հաղթանակ է տեղի ունեցել ընդամենը, բայց մշակութային առումով այդ հաղթանակը չի գրանցվել։
-Տիկի՛ն Կիրակոսյան, թյուրքական ցեղերը քոչվոր կենսակերպ ունեին, ատրպատականցիներն ավելի՞ նստակյաց էին, չունե՞ին այդ քոչվորական ապրելակերպը։
-Այո՛, ատրպատականցիները նստակյաց էին, և այդ քոչվորությունը ևս մի հանգամանք էր, որ հեշտությամբ տարածվեց, որովհետև նրանք անընդհատ փնտրում էին նոր տարածքներ՝ հաստատվելու, իրենց գործը՝ անասնապահությունը, զարգացնելու և այլնի համար։ Եվ քանի որ իրենք անընդհատ գտնվում էին շարժի մեջ, և իրենց հետ նաև տարածում էին իրենց լեզուն, իսկ մշակութապես, այո՛, նրանք մնացին իրանցիներ, քանի որ լեզվի փոփոխությունը դա դեռ չի նշանակում մշակույթի փոփոխություն։
-Մենք գիտենք, որ, հիմնականում, Առաջին համաշխարհային պատերազմից հետո է, որ առաջ բերվեց այս երկու երկրամասի միասնական գաղափարախոսությունը։ Դրանից առաջ կայի՞ն նմանատիպ ինչ-որ օրինակներ, թե՞՝ ո՛չ։
-Երևի թե մենք պետք է 20-րդ դարասկիզբը համարենք նաև այն ժամանակաշրջանը, որ, բացի քաղաքական, ծավալապաշտական առումներով, այս երկրանունը Ազերբեջան անունով սկսեց օգտագործվել հարևան հանրապետության կողմից։ Դա նաև այն ժամանակաշրջանն էր, երբ իրանցիների մոտ էլ հարց առաջացավ, թե ինչո՞ւ են օգտագործում անվանումը, որ պետք է անդրադառնալ խնդրին՝ ինչու է այդ թյուրքականությունը, շեշտադրվելով, այդ երկրանունն օգտգործվում, լեզվանունը օգտագործվում, և, բնականաբար, այս ժամանակահատվածում մենք տեսնում ենք նաև իրանցի գիտնականների արձագանքը խնդրին։ Եվ, բնականաբար, պատկերը պարզ էր իրենց համար, և այդ ժամանակաշրջանից սկսած՝ մենք հանդիպում ենք իրանցի մտավորականների աշխատանքներին, նրանց ձայնն ենք լսում, որ տեղի է ունենում հատուկ քաղաքական գործընթաց, և այդ քաղաքական գործընթացը չէր սահմանափակվելու միայն Ազերբաջանի Հանրապետության ստեղծմամբ, այլ դա պետք է տարածվեր Իրանական Ատրպատականի վրա՝ այդ թյուրքական աշխարհը ստեղծելու ծրագրի մեջ։ Եվ այստեղ մի շատ հետաքրքիր բան էլ պետք է նշեմ, երևի կհետաքրքրի նաև մեր լսարանին, այն մասին, որ Ադրբեջանի կողմից ադրբեջանական մշակութաստեղծման գործընթաց է տեղի ունենում։
-Տիկի՛ն Կիրակոսյան, մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիներն օգտագործում են իրանական մշակույթը՝ սեփական մշակույթը ստեղծելու համար։ Ի՞նչ մեխանիզմներ են նրանք օգտագործում։
-Շատ կարևոր հարց է, որովհետև այդ գործընթացը, որը սկսել է շատ վաղուց՝ սովետական, խորհրդային տարիներին, մինչև այսօր դա շարունակվում է, և նկատում ենք, որ ձնագնդի պես գլորվում և ավելի ու ավելի մեծանում է։ Այո՛, ու այդ գործընթացում այնքան հակասություններ կան, որ երբեմն նույնիսկ անհրաժեշտություն չենք տեսնում խոսել այդ մասին, բայց նրանք շարունակաբար այդ գործընթացը շարունակում են,։ Եվ օրինակ՝ հենց դրանցից մեկն ասեմ, որ վերջերս նկատեցի․ Ադրբեջանի լեզվի և բարբառների մասին մի գիրք էր, որի հեղինակը ադրբեջանցի գիտնական Շիրալիևն էր, և գրվել է 1980-ական թվականներին։ Ի՞նչ է ասում հեղինակը․ այ, այս մեր խոսակցության համատեքստում է, և ուզում եմ գրքից օրինակ բերել։ Նախաբանում, որտեղ գրում է այսպիսի մի արտահայտություն, որ ադրբեջաներեն լեզուն (ռուսերեն է այդ գիրքը)՝ գրական լեզուն, ձևավորվել է 12-13-րդ դարերում։ Ինչի՞ հիման վրա է 12-13-րդ դարերում ձևավորվել ադրբեջանական գրական լեզուն, երբ, մասնավորապես, որպես իրենց գրավոր մշակույթի կարևոր կռվաններ, նրանք բերում են պարսկախոս իրանցի հեղինակներին։ Ինչպես հայտնի է, գիտենք Խաքանի Շիրվանին, ամենահայտնի կեղծարարության ենթարկված հեղինակներից Նիզամի Գյանջևին, այսինքն՝ նրանք բերում են և՛ կռվանը, որ գրավոր մշակույթը, այսպես ասած, ձևավորվել է 12-րդ դարում, և՛ որպես օրինակներ, օգտագործում են իրանական մշակույթի ներկայացուցիչներին, իրանցի բանաստեղծներին՝ իրենց պարսկալեզու ստեղծագործություններում։
Մյուս կողմից խոսում են այն մասին, որ 12-րդ դարում ձևավորվել է ոչ միայն ադրբեջանական գրական մշակույթը, նաև՝ ադրբեջաներեն գրական լեզուն, այսինքն՝ ինքնին արդեն հակասություն է առաջանում այստեղ։ Եվ մի հետաքրքիր միտք էլ է արտահայտում հեղինակն առ այն, որ ոչ ադրբեջանցիներ ապրել են դրանից էլ շատ ավելի վաղուց այս տարածքներում․ ի նկատի ունի թե՛ Ատրպատականում, թե՛ Առանում և թե՛ Շիրվանում, 5-րդ դարից սկսած, հայկական աղբյուրները վկայել են ադրբեջանցիների մասին։ Իհարկե, բնականաբար, էլի հակասություններ են առաջանում․ չկա որևէ աղբյուր ադրբեջաներեն լեզվով և, բնականաբար, հայկական կամ իրանական աղբյուրները չեն խոսել ադրբեջանցիների մասին, բայց արդեն իսկ հեղինակը փաստում է, որ գոյություն ունեն այդ ժամանակաշրջանից վկայված հայկական աղբյուրներ։ Այսինքն՝ եթե շատ-շատ մանրամասնենք, թե ինչպիսի կեղծարարություններով, ինչպիսի մեխանիզմներով են նրանք փորձում այդ մշակութային իրենց ինքնությունը ստեղծել, դրա շուրջ համախմբել իրենց ժողովրդին, որպեսզի չառաջանա բացը, որ գոյություն ունի այսօր իրենց այդ ինքնության խնդիրների մեջ, բնականաբար, դա բավականին մեծ թեմա է, և յուրաքանչյուրը՝ այդ մեխանիզմներից, այդ օգտագործված փաստերից, մենք կարող ենք առանձին քննարկել, բայց իրականում, եթե շատ ամփոփ ասենք, ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է իրանական մշակույթը յուրացնելու, հայկական մշակույթը խեղաթյուրելու և յուրացնելու կետերի վրա։