2026

Գաղտնի փաստաթղթեր՝ նոր մեկնաբանություններ․ «Գեղարդ» հիմնադրամի գիտաշխատողները՝ Թբիլիսիում ընթացող գիտաժողովում

2024-10-04

Թբիլիսիում այս օրերին ընթանում է «Ազգային-ազատագրական և հակասովետական ցույցերը Կովկասում և Արևելյան Կենտրոնական Եվրոպայում» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված 1924 թվականին Վրաստանում տեղի ունեցած ապստամբության 100-ամյակին։

Բացման խոսքով ելույթ ունեցան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիան և Լեհաստանից Յ․ Միերոշևսկու անվան երկխոսության կենտրոնի փոխտնօրեն, պատմաբան Լուկաշ Ադամսկին։ Գիտաժողովին մասնակցում են տարբեր երկրների հեղինակավոր գիտնականներ։ Հայաստանը ներկայացնում են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․ դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․ դոցենտ Գոռ Մարգարյանը, ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և այլք։

Համատեղ զեկույցով հանդես եկան «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբաններ Գոռ Մարգարյանն ու Տիրուհի Բայբուրդյանը։ «1920-1930-ական թվականներին հակասովետական ցույցերն Ադրբեջանում» թեմայի շրջանակներում Գոռ Մարգարյանը ներկայացրեց սովետական շրջանի գաղտնի փաստաթղթերը՝ կապված Ադրբեջանում հակասովետական ելույթների հետ, որոնք պայմանավորված էին թուրքական գաղտնի գործոնով։ Գ․ Մարգարյանի դիտարկմամբ` Ադրբեջանում ինքնության և ինքնորոշման որոնման ընթացքում հակասովետական անկարգություններին տրվեց նոր՝ ազգայնական երանգ։ Պայքարի առանցքը դարձավ նորաստեղծ ազգայնականությունը, որտեղ ադրբեջանական հասարակության շերտերն ու զանգվածներն սկսեցին վերակրթվել։ Արդյունքում՝ թյուրք կոմունիստը կամ թյուրքական կոմսոմոլի անդամը վերափոխվեց ադրբեջանցու։

Գիտաժողովի մասնակիցները հակասովետական անկարգություններն ու ցույցերը մեկնաբանեցին տարբեր տեսանկյուններից՝ համալրված հետաքրքիր փաստերով։

Հարկ է նշել՝ Ադրբեջանից Բաքվի պետական համալսարանը ներկայացնող պատմաբան Լալա Ալիևան վերջին պահին հրաժարվել էր մասնակցել միջազգային գիտաժողովին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում