2025

Սուրբ Բարդուղիմեոս առաքյալն ու ադրբեջանական հավակնությունները

Ադրբեջանցիները վերջերս շրջանառում են այն թեզը, թե իբր հայկական եկեղեցու հիմնադիր առաքյալներից Բարդուղիմեոսը քարոզել և սպանվել է Բաքվում։ Որպես այդ ամենի հիմնավորում՝ նրանք պնդում են, որ Բաքուն նախկին Ալբանուպոլիս քաղաքն է։ Եվ այդ իսկ պատճառով Բարդուղիմեոսը համարվում է Բաքվի և, առհասարակ, Ադրբեջանի ժողովրդի հովանավորյալը։ Ինչի՞ մասին է խոսքն առհասարակ, ի՞նչ են փաստում աղբյուրները, որտե՞ղ է գործել և մահացել Բարդուղիմեոսը։ Այս մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է ֆրանսահայ պատմաբան Մաքսիմ Եվադյանի հետ։ Եվադյանի խոսքով՝ բոլոր աղբյուրները փաստում են, որ Ալբանուպոլիս քաղաքը գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա, որը Բաքվից շատ հեռու էր։

-Պարո՛ն Եվադյան, պատմությունից մեզ հայտնի է, որ Բարդուղիմեոս առաքյալն ապրել և գործել է Մեծ Հայքում առհասարակ, ի՞նչ փաստեր ունեք Դուք, ի՞նչ աղբյուրներ կան նրա վերաբերյալ, և ի՞նչ են փաստում դրանք։

 -Բավական աղբյուրներ կան, բայց հարցը լուծելու համար պետք է փորձենք ավելի շատ օտար աղբյուրներ ուսումնասիրել․ ամենահին աղբյուրները՝ հասկանալու, թե այս թվին՝ չորրորդ դարում, հինգերորդ, վեցերորդ դարերում ինչ կարող ենք կարդալ ամենահին աղբյուրների մեջ ։

-Ո՞ր աղբյուրներն են դրանք հիմնականում։

-Տարբեր։ Երեք կետ պետք է տեսնենք միասին։ Առաջինը պետք է փորձենք հասկանալ այս ամենահին աղբյուրներն ինչ են ասում մեզ։ Հետո պետք է փորձենք հասկանալ՝ այս քաղաքը որտեղ է, և ամենահին աղբյուրներն այս քաղաքի մասին ինչ են ասում մեզ։

-Ո՞ր քաղաքի մասին է խոսքը։

-Ալբանուպոլիս։

-Այս քաղաքը ադրբեջանցիները հիմնականում նույնականացնում են Բաքվի հետ։

-Այո՛, բայց ուզում եմ ասել, որ այս քաղաքն է, որ ամենաառաջին աղբյուրները ասում են, թե այստեղ է, որ առաքյալը մահացել է։ Հետո պետք է փորձենք հասկանալ, թե այս քաղաքը մոտավորապես որտեղ է և ինչ կապ ունի Մետաքսի ճանապարհի հետ, որովհետև, պետք է հասկանաք, որ շատ կարևոր ճանապարհի վրա է, և այդ ճանապարհը լավ ճանաչված է և հաստատ այդ ճամփան մինչև Բաքու երբեք չի հասել։ Սկսենք ամենահին ձեռագրերից։ «Գործք առաքելոց»-ի Երկրորդ գլխի մեջ հոգեգալուստի ժամանակ ցանկ կա, և այդ ցանկը մեզ ցույց է տալիս այն բոլոր երկրները, որտեղ հրեաներ էին ապրում, և այդ հրեաներն իրենց երկրներից դեպի Երուսաղեմ էին եկել։ Բայց ամենահին ձեռագրերի մեջ մի օրինակ կա, որտեղ գրված է Կապադովկիա, Հայաստան։ Դա ամենահին տարբերակն է։ Եվ դա մեզ ցույց է տալիս, որ Քրիստոսի ժամանակ Հայաստանում հրեաներ կային։ Եվ սա շատ կարևոր փաստ է՝ Ավետարանների վերջին գլխում Քրիստոսն ի՞նչ է ասում իր առաքյալներին։ Ասում է՝ գնացեք ամեն երկիր, քարոզեք այն բաները, որ ձեզ սովորեցրել եմ, և սկսեք հրեաներից։ Եվ եթե Բարդուղիմեոսը եկավ Հայաստան, ուրեմն Հայասանում հրեաներ կային։ Եվ մի կարևոր աղբյուր կա՝ «Գործք Անդրեոս»-ի։ Այս գործի Երկրորդ գլխի մեջ կա մի ցանկ, որտեղ ամեն առաքյալի մի երկիր է կցված։ Եվ այս առաջին աղբյուրի մեջ, որը գրված է հունարեն, Բարդուղիմեոսին կցված տարածքի անունը գրված է Ալբանուպոլիս։ Սա կարևոր փաստ է։ Նույն ժամանակ տարբեր գրողներ սկսեցին պատրաստել Առաքելոցների ցանկը, և ամեն առաքյալի մասին տեղեկություն տվեցին, թե ինչ եղավ, որտեղ քարոզեց և որտեղ մահացավ։ Եվ այս աղբյուրները, որ շատ տարածված են և մի քանի տարբեր ձեռագիր ունեն, շատ կարևոր փաստ են։ Եվ, եթե հունական ցանկներից սկսենք, ապա, օրինակի համար, ամենահինն Էպիֆանոսի ցանկն է։ Այդ ցանկի մեջ կկարդանք․ «Բարդուղիմեոսը խաչված է Ալբանուպոլիս Մեծ Հայքից»։ Առաջին փաստը սա է։ Ուրիշ ձեռագիր ունենք՝ Էպիֆանի, որ ավելի ընդլայնված է, բայց երեք կարևոր բառերը նույն ձևով են գտնվում՝ Բարդուղիմեոսը գնացել է Ալբանուպոլիս, և այս քաղաքը Մեծ Հայքում է։ Հետո մի ուրիշ օրինակ ասեմ․ հունական մեկ այլ գրող կա, և նա էլ հինգերորդ դարում ցանկ կազմեց և նույնպես ասում էր, որ Բարդուղիմեոսը գնացել է Հնդկաստան, քարոզել է, հետո եկել է Հայաստան և մահացել Ալան քաղաքում։ Հետո, եթե լատինական ցանկերը վերցնենք (գրողի անունը չունենք, որովհետև թարգմանված են հուներեն։ Բայց հինգերորդ և վեցերորդ դարերում գոնե երկու կարևոր ցանկեր ունենք), ամենահին ցանկում նույնպես գրված է, որ Բարդուղիմեոսը եկել է Ալբիպոլիս Մեծ Հայքից, և այնտեղ նրան սպանել են։ Մի օրինակ էլ տամ՝ առաքյալների Ժամագրքի մեջ, որ լատիներեն է, կարող ենք կարդալ, թե Բարդուղիմեոսը եկավ և արամեական լեզվով քարոզեց Հայաստանում, և այնտեղ սպանեցին նրան։ Քաղաքը չկա, բայց պատմությունը նույնն է։ Մի երկու օրինակ բերեմ հայկական աղբյուրներից՝ թարգմանված հունարեն։ Հայկական աղբյուրներում նույնպես կարդում ենք, որ Բարդուղիմեոսը նահատակվեց Հայաստանում, և երկու տարբերակ կա՝ Արաբիա քաղաքի մեջ կամ Ալբանուպոլիս քաղաքի մեջ։ Երկու ուրիշ ցանկեր էլ են գտնվում հայկական աղբյուրում, որ նույն բանն են ասում։ Հետո, եթե ասորական աղբյուրները վերցնենք, ցանկ ունենք, որ մոտավորապես նույն թվականին են թարգմանվել և նույն պատմությունն են մեզ պատմում՝ Բարդուղիմեոսը եկավ Արաբիոն կամ Ալբանուպոլիս՝ Հայաստանից։ Տարբերակ էլ կա, որտեղ գրված է՝ Արաբիոն Հայաստանից։ Այս բոլոր աղբյուրները, որ նայում ենք, իհարկե, տարբերություն կա ձեռագրերի մեջ, բայց ամենակարևորը՝ միտքը նույնն է։ Բարդուղիմեոսը եկավ մի քաղաք, որի անունը մոտավորապես Ալբանո, Ալբանուպոլիս է, և այնտեղ սպանեցին նրան։

-Հիմա հասկանանք՝ որտե՞ղ է այդ քաղաքը, ի՞նչ եզրահանգման եք եկել այդ ուսումնասիրությունների արդյունքում։

-Այո՛։ Սա հասկանալու համար պետք է գնանք մինչև ամենահին աղբյուրը, և ամենահին աղբյուրն, այսօրվա դրությամբ, Կլավդիոս Պտղոմեոսն է, որ երրորդ դարում (խմբ․՝ նկատի ունի հույն նշանավոր աշխարհագետ Կլավդիոս Պտղոմեոսին, 2-րդ դար) աշխարհացույց գրեց (խմբ․՝ աշխատությունը կոչվում է «Աշխարհագրություն»՝ կազմված 8 հատորից), և այս աշխարհացույցը կարևոր է, որովհետև մի քանի հարյուր տարի հետո Անանիա Շիրակացին թարգմանեց հայերեն և մի քանի բաներ ավելացրեց։ Բայց ետ գնանք հունական ձեռագրերը նայելու։ Մոտավորապես 10-15 ձեռագրեր կան, որ ցանկը շատ հայտնի է։ Եվ մի ցանկ կա, որտեղ թվարկում է տեղանուններ, և այդ տեղանունները Մետաքսի ճանապարհի վրա են։ Սա Մետաքսի ճանապարհի ուղեցույցն է, և Քրիստոսից առաջ առաջին դարում առաջացավ այս Մետաքսի ճանապարհը։ Երբ որ այս քարտեզը նայում ենք, երկու կարևոր ճանապարհ ենք տեսնում՝ առաջինը՝ Պարթևական կայսրությունով գնում էր դեպի Միջերկրական ծով, և երկրորդը՝ Կասպից ծովով իջնում էր մինչև Հայաստան և Հայաստանից դեպի Հռոմեական կայսրություն։ Եվ այս ճանապարհը լավ ճանաչված է։ Գիտենք, որ Տիգրան Մեծի ժամանակ սկսեցին օգնել, որ այս ճանապարհները զարգացնեն, որովհետև իր համար (խմբ․՝ նկատի ունի Տիգրան Երկրորդին) կարևոր էր․ նա ուզում էր շատ մետաքս տեղափոխեին այս ճանապարհով, քանի որ դրա համար նրան վճարում էին Եվ այս ճանապարհն Ալբանուպոլիս քաղաքով էր անցնում։ Թուլեմոսի ցանկում տեսնում ենք Մետաքսի ճանապարհին Հայաստանի առաջին կետը Արաքսն է, և հետո մի քաղաք կա, որ չեմ կարող հաստատ ասել, թե որն է, բայց մյուս կետը Քուրն է, և Քուրից հետո՝ Ալբան՝ Ալբանուպոլիս քաղաքը, և վերջին կետը Ալբան գետն է, որը Կովկասից գալիս էր մինչև Կասպից ծով։ Եվ այս ճանապարհը շրջանցում էր Կասպից ծովը։ Բայց այս ճանապարհը երբեք մինչև Բաքու չի հասել, որովհետև Կասպից ծովի վերևից էր անցնում ճանապարհը։ Սրա համար է, որ շատ սիրուն ձևով կարող ենք ասել, որ Բաքուն չի կարող լինել Ալբան կամ Ալբանուպոլիս։ Ալբանուպոլիսը այդ ճանապարհի վրա է, բայց մինչև հիմա պեղումներ չկան արված։

-Բայց այդ ճանապարհի հատվածի վրա է՝ Արաքս, Քուր, Կասպից ծովի վերևի հատվածում։

-Այո՛, և Կովկասի մոտ։

-Այսինքն՝ այս ամբողջ ուսումնասիրությունները փաստում են, որ այսօր շրջանառվող Բաքվի թեզը իրականության հետ ոչ մի աղերս չունի։

-Կարող ենք ասել, որ այս թեզը օդի մեջ է պատրաստված, որովհետև ոչ մի փաստ չկա դրա վերաբերյալ։

-Եվ այսպես, եթե ամփոփելու լինենք, կարող ենք գալ այն եզրահանգման, որ գրեթե բոլոր աղբյուրները նույն բանն են փաստում, և հակասություններ չկան այս հարցում։

-Այո՛, ասում են, որ Բարդուղիմեոսը եկել է Հայաստան, քարոզել է, հետո իր ճամփան շարունակել, այնուհետև Ալբանուպոլիսում սպանել են նրան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում