2026
2024-03-11
2024թ․ մարտի 6-ին Բեռլինում նախատեսված էր անցկացնել «Արցախի մշակութային ժառանգությունը» գրքի շնորհանդեսը և քննարկումը։ Միջոցառման կազմակերպիչներն են Արտաքին քաղաքականության գերմանական միությունը (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS)։ Սակայն Ադրբեջանի իշխանությունների ճնշմամբ՝ միջոցառման հրապարակային շնորհանդեսը չեղարկվեց և այն անկացվեց միայն առցանց տարբերակով։
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանն աընդունելի է համարել գրքի հրապարակային շնորհանդեսի չեղարկումը։ «Ցավով եմ գրում, որ ներկա աշխարհաքաղաքական անկայունությունը ազդում է նաև ակադեմիական ազատության ու բարեվարքության վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ․ Պետրոսյանը։
Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի (Zentralrat der Armenier in Deutschland e.V.) նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը նշել է, որ, եթե Ադրբեջանի նման բռնապետությանը հաջողվում է սպառնալիքներով կանխել գիտական միջոցառումը, որի կազմակերպիչները DGAP-ը և KAS-ն են, ապա վաղուց ժամանակն է, որ Գերմանիայի նման ժողովրդավարությունը պաշտպանի իրեն»։
Մարդու իրավունքների միջազգային հասարակությունը (IGHR) ևս դատապարտել է Գերմանիայում հավաքների և արտահայտվելու ազատության վրա քաղաքական ազդեցությունը, որն ուղեկցվում է ահաբեկումներով և սպառնալիքներով` նշելով, որ գիտական այս սիմպոզիումն ատելության թվային քարոզարշավի զոհ դարձավ։ «Արդյո՞ք Եվրոպայի էներգետիկ գործընկերությունն Ադրբեջանի հետ ավելի կարևոր է, քան մեր ազատությունը»,- հարցադրում է անում IGHR-ն։
Նշենք, որ գրքի առցանց միջոցառմանը զուգահեռ՝ հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա DGAP շենքի դիմաց (Բեռլինում), որի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գերմանացի գիտնական Թեսա Հովմանը, ով ևս ներկա է եղել ակցիային։
Հավելենք, որ գիրքը լույս է ընծայվել Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությամբ, որտեղ ընդգրկված հոդվածներն առնչվում են Արցախի պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի միջազգային, քաղաքագիտական և իրավագիտական հարցերին։ Գիրքն առցանց կարելի է ներբեռնել այստեղ։