2025

Ադրբեջանը վճարում է պատմագիտական կեղծ թեզեր շրջանառելու համար

Հայկական Սփյուռքի, Ադրբեջանական պատմագիտական կեղծ թեզերի դեմ պայքարի, Իտալիայում հայկական մշակույթի պահպանման մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է իտալացի հայագետ Կառլո Կոպպոլայի հետ։ Վերջինս նկատել է, որ ադրբեջանցիները տեղեկատվական հարձակումներ են իրականացնում հիմնականում ամռան ամիսներին։ Նրա խոսքով՝ անպայման պետք է արձագանքել այս տեսակ երևույթներին և Հայաստանի մասին պետք է ճիշտ տեղեկություններ տարածել։

-Պարո՛ն Կոպպոլա, եկեք զրույցը սկսենք՝ խոսելով վերջին շրջանում մեծ աղմուկ հանած իրադարձության մասին։ Խոսքը Վատիկանի պաշտոնաթերթում տպագրված հոդվածի մասին է, որտեղ Արցախի հայկական եկեղեցիները ներկայացվում էին որպես ալբանական։ Դրա առաջին արձագանքողներից մեկը Դուք էիք։ Ինչպե՞ս տեղեկացաք, ու ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը։

-Վատիկանի պաշտոնական թերթում այս հոդվածի մասին իմացա հրապարակումից մի քանի րոպե հետո, բայց այս անգամ շատ անսովոր էր, որովհետև մենք սովոր ենք, որ հայկական իրականության դեմ ադրբեջանական լրատվական պատերազմը հիմնականում սկսվում է ամռան ամսիներին, բայց այս անգամ այդ սկիզբն ինչ-որ տարօրինակ էր։ Եվ հայկական դիպլոմացիան հիմնականում աշխատում է պահպանել դիվանագիտական այդ էթիկան և միանգամից չմիջամտել այսպիսի իրադարձություններին։ Բայց, ցավոք սրտի, դիվանագիտական այս էթիկան, այս վարքագիծը չի համընկնում ադրբեջանական դիվանագիտությանը։ Եվ մենք սովոր ենք, որ ադրբեջանական դիվանագիտությունն ամեն անգամ, երբ խոսքը գնում է Հայաստանի օգտին կամ Հայաստանի վերաբերյալ ինչ-որ դրական ինֆորմացիայի (տեղեկության), անպայման բացասական միջամտում է։

Ամեն ամառ նրանք երրորդ երկրի միջոցով անպայման հարձակում են գործում Հայաստանի վրա։ Ես ինչու եմ նկատում, որովհետև այս ժամանակաշրջանում ես գրեթե միշտ լինում եմ Հայաստանում, և այս անգամ նույնպես ես Հայաստանում էի։ Փորձում եմ հասկացնել կամ ազդանշան տալ և՛ արտգործնախարարությանը, և՛ մշակույթի նախարարությանը, որ ուշադիր լինեն այս ժամանակահատվածի վրա և կարողանան ինչ-որ կերպ հասկանալ, թե ինչու է հենց այս ժամանակահատվածը թիրախավորվում։ Հատկանշականը կամ զարմանալին կամ անսովորն այս մի ակցիայում (գործողության մեջ) այն էր, որ նրանք օգտագործեցին Վատիկանի պաշտոնական թերթը։ Այն, ինչ մենք իմացանք, այն էր, որ լրագրողը մեծ գումար էր ստանալու միայն այն բանի համար, որ իր ստորագրությունը դնելու էր հոդվածի տակ, բայց հոդվածն իրականում ինքը չէր գրել։ Սա ադրբեջանական դասական վարքագիծ է։

-Այո՛, ըստ էության Ադրբեջանը վճարում է, որպեսզի պատմագիտական իր կեղծ թեզերը շրջանառի, բայց հետաքրքիրն այն է, որ այդ հոդվածում լրագրողն ասում է, որ նա ման է եկել Արցախում, այդ եկեղեցիներով և հուշակոթողներով, և իր աչքով է տեսել ու համոզվել, որ դրանք ալբանական են։

-Այսպես է, բայց այստեղ զարմանալին այն է, որ լրագրողն ադրբեջանական տեղանուններով շատ ճշգրիտ նշում է այն վայրերն ու հուշակոթողները, որոնք ինքն իբր թե այցելել է, և երկրորդը՝ հերթականությունը, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին պաշտոնական Ադրբեջանը միշտ տալիս է։ Լեզվաբանի համար (իսկ ես լեզվաբան եմ) ադրբեջանական այս ոճի գրված հոդվածներն անպայման փոքրիկ սխալներ են պարունակում՝ լեզվական առումով։ Հատկապես իտալական մամուլում, որ միանգամից նրանք բռնվում են այն փաստի վրա, որ սա ոչ թե գրել է իտալացի լրագրող, այլ սա կա՛մ թելադրվել է նրան, կա՛մ պարզապես ուղարկվել է տեքստը, և նա արտատպել է։ Եվ դրանք մանր, փոքր դետալներ են, բայց դրանք այնքան հաճախ են կրկնվում, միշտ նույն հերթականությամբ, որ աչքը միանգամից ընկալում է:

-Պարո'ն Կոպպոլա, մենք ադրբեջանական խավիարային այս դիվանագիտությանը ծանոթ էինք դեռ վաղուց, բայց 44-օրյա պատերազմից հետո նրանք ավելի ակտիվ են իրենց գործունեությունը ծավալում։ Ինչպե՞ս պետք է կանգնեցնել, դեմն առնել, հակափաստարկներ ներկայացնել։ Դուք միջազգային այլ գործընկերների հետ համագործակցու՞մ եք այդ առումով։

-Այս պահին ես ինքս փնտրում եմ մի միջոց, մեթոդ, որով ավելի ճիշտ կլինի արձագանքելու այս տեսակ երևույթներին և վստահ եմ, որ այս պայքարն անպայման պետք է մղվի հայ մտավորականության կողմից ամբողջ աշխարհում։ Եվ ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց և՛ Սփյուռքում, և՛ Սփյուռքի ընկերների շարքում, որոնք ուզում են անպայման լսելի դարձնել իրենց ձայնը։ Ես բազմաթիվ միջազգային կոնֆերանսների (համաժողովների) եմ մասնակցել նաև քովիդի շրջանում և հասկացել եմ, որ կա այս ցանկությունը, այս ձգտումը՝ անպայման արձագանքելու և Հայաստանի մասին ճիշտ տեղեկություններ տարածելու, քանի որ նկատվել է, որ Հայաստանի մշակութային ավանդույթները և մշակութային ինչ-որ բաներ փորձում են քանդել, ապատեղեկատվություն տարածել և այլն։ Սակայն Իտալիայում հավելյալ աշխատանք է պահանջվում, որովհետև չի ձևավորվել այն կորիզը, որ կկարողանա հակադարձել այս բաներին։

-Պարո՛ն Կոպպոլա, Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ Իտալիայում բավականին թույլ է այն օղակը, որ կարող է հակադարձել Ադրբեջանին, ադրբեջանական պատմական կեղծ թեզերին, որոնք շրջանառվում են Իտալիայում։ Կարո՞ղ ենք փաստել, որ ադրբեջանական լոբբին Իտալիայում շատ ավելի հզոր է, շատ ավելի մեծ գումարներ են այնտեղ ծախսվում։

-Ես չգիտեմ՝ նրանք Իտալիայո՞ւմ են ավել փող ծախսում, քան այլ երկրներում՝ իրենց լոբբիի համար, բայց կարող եմ մի բան հստակ ասել, որ Իտալիան կախվածություն ունի ադրբեջանական գազից։ Չեմ կարող ասել, որ Իտալիայի ղեկավարներն ինչ-որ հատուկ նպատակաուղղվածություն ունեն կամ հակվածություն ունեն ադրբեջանական տեղեկատվական դաշտը պաշտպանելու համար, բայց ավելի զգայուն են և լսող Ադրբեջանի դեսպանի, Ադրբեջանի նախարարների ուզածին։ Ես կարծում եմ, որ այստեղ կա ոչ թե ինչ-որ հատուկ նպատակաուղղվածություն, այլ՝ պարզապես ենթադրական քծնամոլություն, կամ ինչ-որ մեկը, ով պարզապես հաճոյանում է այդ երկրի, այդ ղեկավարության առջև, որովհետև, եթե իրոք Ադրբեջանը ծախսեր այդպիսի գումարներ և այդպիսի հետևողականություն ցուցաբերեր այս հարցում, ուրեմն պետք է նրանց անպայման ծափ տալ, որովհետև այդ աստիճանի հետևողական և պատրաստված քաղաքականություն վարելը շատ դժվար է։ Կրկնում եմ, որ սա պարզապես հաճոյանալու երևույթ է, բայց պետք է փաստեմ նաև, որ դժվար թե մասսայական կամ զանգվածային բոլոր լրագրողների կողմից լինի այս մոտեցումը։ Սա, ըստ երևույթին, մի քանի հոգու պատրաստած քաղաքականություն է, տեղեկատվական պատերազմ։

-Շնորհակալություն նախ Ձեզ, որ միանգամից արձագանքեցիք Ձեր հոդվածով, բայց կան նոր զարգացումներ՝ թեմայի հետ կապված են։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք՝ ի՞նչ է տեղի ունեցել։

-Դեսպանը բողոքում էր հանրության առջև, որ հայերը խեղճ ադրբեջանցիներին չեն թողնում ազատ շնչել, փորձում են նրանց անընդհատ ստորացնել և զավթել նրանց մշակութային ժառանգությունը։ Եվ շատ հաճախ ադրբեջանական իշխանությունների կողմից սա փորձ է, թեստ է՝ հայկական նորանշանական դեսպանների նկատմամբ, որպեսզի փորձեն հասկանալ, թե ինչպիսի հակադարձ կարող է տալ նոր դեսպանը, և ըստ դրա՝ գնահատել նրա հեղինակությունը և դերը դիվանագիտության մեջ։ Կոնկրետ դեպքում Վատիկանի նորանշանակ դեսպան Բորիս Սահակյանի նկատմամբ շատ հնարավոր է, որ դա լիներ թեստ։

-Դուք չե՞ք վախենում, Ձեզ չե՞ն թիրախավորում ադրբեջանցիները։

-Ես անձամբ ոչնչից չեմ վախենում, և ոչ թե այն բանի համար, որ ես այդքան հզոր և խիզախ եմ․ իրականում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեմ, բայց ես վստահ եմ, որ ճշմարտության կողմից եմ։ Եվ համարում եմ, որ, ով ճշմարտության կողմից և ճշմարտությամբ է հանդես գալիս, վախենալու ոչինչ չպետք է ունենա։ Եվ եթե Ադրբեջանն ինձ սպանի, վիրավորի կամ քարկոծի, ես դա կհամարեմ որպես մեդալ, որպես այն մեդալը, որ ես անցած տարի ստացա Հայաստանի նախագահի կողմից։

-Պարո՛ն Կոպպոլա, անդրադառնանք նաև Իտալիայում ապրող հայկական Սփյուռքին։ Դուք որքանո՞վ առնչություն ունեք հայկական Սփյուռքի հետ։ Դուք նաև նախագահն եք «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի։ Խնդրում եմ նաև այդ մասով մի փոքր մանրամասնեք։ Ի՞նչ գործունեություն է առհասարակ ծավալում «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնը։

-Ես նախ շատ շնորհակալ եմ այս հարցի համար։ Ես կոորդինացնում եմ «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնը՝ հիմնական նպատակ ունենալով տարածելու Հրանտ Նազարյանց պոետ, բանաստեղծ և լրագրող մարդու արվեստը, ստեղծագործութունը։ Նա երկու անգամ Նոբելյան մրցանակի է ներկայացվել գրականության ոլորտում։ Եվ, ցավոք սրտի, Հայաստանում ճանաչված չէ։ Եվ Հրանտ Նազարյանցի մշակութային ժառանգությունը տարածելը նշանակում է նաև հայկական մշակույթ տարածել աշխարհում, Իտալիայում, Միջերկրական ծովի ավազանում, ինչով ես զբաղվում եմ։ Եվ մոտ մեկ ամիս առաջ Բարի քաղաքում ստեղծվեց, հիմնվեց Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ Հյուպատոսն էլ իտալացի գործարար, ծագումով հայ, երկրորդ սերնդի իտալացի է, անունը՝ Դարիո-Ռուբեն Թեմուրյան։ Եվ այս հյուպատոսության հիմնական նպատակը ոչ թե տնտեսական կամ առևտրային էր, այլ միտված էր նախ և առաջ Իտալիայում հայկական մշակույթի տարածմանը։ Դարիո-Ռուբեն Թեմուրյանը հենց Իտալիայի սփյուռքի ժառանգ է, որոնք տեղափոխվել են ժամանակին Նոր Արաքս գյուղ՝ Բարիի շրջակայքում, և զբաղվել են գորգերի արտադրությամբ։ Իսկ Նոր Արաքս գյուղը հենց Հրանտ Նազարյանցի՝ մեծ բանաստեղծի հնարած, ստեղծած բանն էր։

Հրանտ Նազարյանցը տեղափոխվել է Իտալիա՝ Բարի քաղաք, 1913 թվականին, այսինքն՝ ցեղասպանությունից 2 տարի առաջ, բայց նա, քաջ տիրապետելով իրավիճակին և ակնկալելով, ենթադրելով այդպիսի հանգուցալուծումը, արդեն դաշտ էր պատրաստում Բարիում՝ ծանոթացնելով հայերին, տարածելով հայկական մշակույթը։ Հրանտ Նազարյանցը, գալով Բարի, իր ներկայությամբ, իր տարածած մշակույթով հարստացրեց մեր տարածաշրջանը, և նա մեր տարածաշրջանում տարածեց հայկական մշակույթը՝ ներկայացնելով այնպիսի դասականների, ինչպիսիք են՝ Սայաթ-Նովան կամ իրենից շատ կարճ ժամանակ առաջ ապրած Պետրոս Դուրյանը կամ այլ դասականներ։ Բերեց նաև իր ընկերներին, որոնց շարքում էր նաև Կոստան Զարյանը, որոնք մեծապես նպաստեցին և՛ հայկական մշակույթի զարգացմանը, և՛ մեր տարածաշրջանի հարստացմանը։

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ Դուք հետաքրքրվեցիք Հայաստանով ու հայերով։

-Իրական հրաշքը տեղի ունեցավ, երբ ես ճանաչեցի Հրանտ Նազարյանցի արվեստը, նրա ստեղծագործությունը, և այդ միջոցով նա կամուրջ դարձավ իմ և Հայաստանի հայության միջև։ Երբ հետադարձ հայացք եմ գցում, ես հենց այս պահին էլ զարմանում եմ՝ ինչպես կարող էր մարդու ստեղծագործությունն այդպես պատկերային և հզոր ձևով տարածել մշակույթը։ Իսկ դրանից հետո Հայաստանի հետ մերձեցումը իմ կենսագրության մեջ շատ ավելի ինտենսիվ դարձավ․ ես ամուսնացա հայի հետ։ Իմ երեխաները հայ-իտալացիներ են, որոնք խոսում են երկու լեզվով՝ նույն մակարդակի և՛ իտալերեն, և՛ հայերեն։ Եվ իմ ամուսնությունից երկու տարի հետո ես դիմեցի հայկական իշխանություններին՝ խնդրելով, որ տան ինձ Հայաստանի քաղաքացիություն։ Եվ հպարտությամբ նշում եմ, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ինչպես և՝ Իտալիայի քաղաքացի։

Բարի քաղաքի պատմությունը հայերի հետ կապ ունի՝ սկսած միջնադարից։ Եվ դեռ 9-րդ դարից սկսած՝ Բարի քաղաքում, որը իմ հարազատ քաղաքն է, եղել է հայկական համայնք։ Կան գրված փաստաթղթեր, որոնք հաստատ նշում և ապացուցում են այդ փաստը։ Մենք ունենք պատմական հուշարձան, իրավաբանական փաստաթղթեր, որոնք պատմում են 9-րդ դարի Բարիի հայ համայնքի մասին։ Եվ ունենք մի ստորագրություն 942 թվականի մի փաստաթղթի տակ, որը հայերեն է գրված, և այս փաստաթուղթը ձևակերպվել և ստորագրվել է 9-րդ դարի քահանայի կողմից, որը ապրում և գործում էր Բարիում՝ ապացուցելու համար իր ազգային ինքնությունը։

Պուլիայում՝ Բարի քաղաքում, գործ ունեցող հայերի ներկայությունը նոր ստեղծված բան չէ․ դա միջնադարից եկող ֆենոմեն է։ Պուլիայի բազմաթիվ եկեղեցիներ կրում են հայկական մշակույթի հետքերը։ Շատ եկեղեցիներ ապացուցում և ցույց են տալիս Հայաստանի Կիլիկիայի թագավորության մշակութային ժառանգությունը, և շատ ապացույցներ ունենք, օրինակ՝ Խաչակրաց արշավանքների, Կիլիկիայի թագավորության այլ ավանդույթների, ունենք ամուսնությունների ապացույցներ, օրինակ՝ Օշինի ամուսնությունը մեր տարածաշրջանի արքայադստեր հետ։ Հետևաբար, երբ որ գոյություն ունեն դինաստիաների ամուսնություններ, ուրեմն դրանք անպայման հենվում են մշակութային հողի վրա․ դրանք պարզապես տեղի չեն ունենում։ Եվ կա մասունք՝ Սուրբ Նիկողայոսի թևի ոսկորը, որը հայկական կաթողիկոսարանի թանգարանի ցուցադրման էքսպոնատ (ցուցանմուշ) է։ Եվ այս ամենը ցույց է տալիս, թե որքան ամուր են եղել մշակութային կապերը Բարիի (այս դեպքում՝ ոչ թե ամբողջ Իտալիայի) և Հայաստանի միջև։ Երկու թագավորների դուստրերը Հայաստանի՝ Օշին Առաջինի և հաջորդի, եղել էին Պուլիայի թագուհիներ։ Սա ապացուցում է այս երկու տարածաշրջանների՝ Հայաստան և Պուլիա մերձությունը նախկինում՝ անցյալում՝ անտիկ ժամանակաշրջաններում, որն ավելի ուժեղ է եղել, քան՝ այսօր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում