2026
2024-03-11
1905 թ. փետրվարի 6-ին Բաքվում մի միջադեպով սկսվեցին բախումներ քաղաքի հայ և թաթար բնակչության միջև։ Դրանք շարունակվեցին 4 օր։ Բաքվի բախումների մասին լուրերն արագորեն տարածվեցին ամբողջ երկրամասում։ Շուտով ընդհարումներ տեղի ունեցան Նախիջեւանում, օգոստոսին՝ Շուշիում, նոյեմբերին՝ Ելիզավետպոլում, ինչպես նաև՝ Երևանում, Թիֆլիսում և այլուր։ Այս բախումներն ունեին բազմաշերտ պատճառներ՝ տնտեսական մրցակցություն, քաղաքական հակամարտություն, կրոնական անհանդուրժողականություն, մշակութային անհամաչափ զարգացում, որոնք բարենպաստ պայմաններում արտահայտվեցին ամենայն սրությամբ։ Ընդունված է հայ-թաթարական բախումների գլխավոր մեղավոր ու կազմակերպիչ համարել ցարական վարչակարգին, որը կայսրության կենտրոնում սկսված հեղափոխության պայմաններում ձգտում էր Այսրկովկասն ազգամիջյան բախումներով «զբաղեցնելով» հեռու պահել շարժման ծավալումից, մանավանդ որ Բաքվի նավթարդյունաբերության շուրջ միավորված էին հազարավոր բանվորներ։ Այնուհանդերձ, նման մասշտաբայնության բախումներ ապահովելու համար ցարական վարչակարգի ջանքերը և միջոցները գուցե բավարար չլինեին, ուստի ճիշտ կլինի այս բախումների պատճառներին հավելել նաև Օսմանյան կայսրության աջակցությունն ու հակահայկականության սաղմնավորման միտումները տարածաշրջանում։
Ոչ պակաս հետաքրքրական է այն խնդրի ուսումնասիրումը, թե ինչպես այս ընդհարումներն ազդեցին Արևելյան Այսրկովկասի մուսուլմանների շրջանում ինքնության նոր դրսևորումների առաջացման վրա։ Նախ՝ ընդհարումների ժամանակ էր, որ Այսրկովկասի մուսուլմանական իրականության մեջ ստեղծվեցին առաջին քաղաքական կազմակերպությունները՝ «Հեյրաթ», «Դիֆայի», «Մուդաֆիե», որոնց ծրագրերում և քարոզած գաղափարներում, թեև աղոտ, սակայն նկատելի են տեղայնացված ազգայնականության դրույթներ՝ ինքնավարության ստեղծում որոշակի տարածքի վրա, շարիաթի օրենքների շուրջ բոլոր մուսուլմանների միասնություն, Թուրքիայի հովանավորության տակ «մուսուլմանական ինքնավարության ստեղծում» և այլն։
Միաժամանակ բախումների ամենաթեժ օրերին Ղ․ Զ․ Թաղիևի հովանավորությամբ Ա. Մ․ Թոփչիբաշևը սկսում է մի նոր լրագրի հրատարակություն։ Այն կոչվում էր «Հեյաթ» (Կյանք), խմբագիրներն էին՝ Ա. Աղաևը և Ա. Հուսեյնզադեն՝ պանիսլամիզմի և պանթյուրքիզմի ամենամոլի ջատագովները երկրամասում։ Լրագիրը կրում էր «Թուրքերեն իսլամական լրագիր» վերտառությունը, որին տրվում է հետևյալ պարզաբանումը․ «Մենք մուսուլմաններ ենք և ցանկանում ենք մեր հավատակից եղբայրների առաջընթացը, մենք սրտանց ողջունում ենք նրանց զարգացումը անկախ այն հանգամանքից, թե նրանք աշխարհի որ անկյունում են ապրում: Մենք թուրքեր ենք և հետևաբար ցանկանում ենք զարգացում, առաջընթաց եւ ուրախություն աշխարհի բոլոր թուրքերին»։
Ակներև է, որ բախումները համերաշխություն մթնոլորտ առաջացրին մուսուլմանների շրջանում, ինչի արդյունքում տեղային ու ցեղային մասնատվածության հաղթահարման լուրջ հնարավորություն ստեղծվեց, ինչն այդ ժամանակից դադարեց լինել քաղաքական գործողությունների խոչընդոտ։ Սա խոսոտվանում է նաև Ա․Աղաևը՝ ասելով, թե ընդհարումները զարգացնում են թաթարների մեջ ազգային գիտակցությունը, որից թաթար ժողովուրդը զուրկ է եղել բոլոր ժամանակ․․․ Այդ ընդհարումների շնորհիվ է, որ Անդրկովկասի բոլոր թաթարները սկսել են հասկանալ, թե իրենք պատկանում են մի ցեղի և կապված են միմյանց հետ սերտ կապերով»։ Իհարկե, միասնության հիմնական գաղափարական գործոնը շարունակում էր մնալ կրոնը, որի հիմքով ուժեղանում էր «մենք-նրանք» տարբերակումը։ Ազգամիջյան բախումներն այդ տարբերակմանն էթնիկ թշնամության բովանդակություն տվեցին։ Մուսուլմանների կարգախոսն էր՝ «Մա՛հ անհավատներին», այսինքն՝ քրիստոնյաներին, որի տակ հասկացվում էին հայերը՝ թշնամական ընկալումից դուրս թողնելով ռուսներին ու վրացիներին։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ թշնամանքը ոչ միայն կրոնական, այլ հստակ ազգային բնույթ ուներ։ Հետևապես մուսուլմանական միջավայրում ձևավորվեց ընդհանուր թշնամու՝ հայի կերպարը, ինչը խթան դարձավ երկրամասի մուսուլմանների ինքնագիտակցության բյուրեղացման համար, որովհետև էթնիկ ինքնահաստատման տվյալ պատմական փուլում նրանց ձևավորման առանցքը սկսեց դառնալ ավելի ու ավելի ակտիվացող հակահայկականությունը։