2025
16-րդ դարից հետո Արևելյան Հայաստանում ժողովրդագրական պատկերի փոփոխության, հայերի տեղահանության և դեպի Հարավային Կովկաս թյուրքական ցեղերի ներհոսքի մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է պատմաբան Անդրանիկ Եսայանի հետ։ Ըստ Եսայանի՝ Արևելյան Հայաստանի շրջաններում դեռևս Կարա-կոյունլուների և Ակ-կոյունլուների տիրապետության շրջանից թյուրքական որոշ ցեղերի ներկայացուցիչներ կային, բայց թյուրքական ցեղերի նոր ներհոսքը սկսվեց 16-17-րդ դարերի թուրք-պարսկական երկարատև պատերազմների ընթացքում։ Սա պայմանավորված էր նաև Սեֆյան Իրանի վարած քաղաքականությամբ, որովհետև մի շարք թյուրքական ցեղեր Փոքր Ասիայից տեղափոխվեցին Սեֆյան Պարսկաստան և միացան Սեֆյան շահերին: Սեֆյանները մշտապես այս կամ այն տարածքները՝ որպես ժառանգական սեփականություն, տալիս էին թյուրքական ցեղերի առաջնորդներին՝ իբրև ժառանգական տիրույթներ՝ օլքաններ։
-Պարո՛ն Եսայան, 16-րդ դարում ժողովրդագրական ինչպիսի՞ պատկեր ունեինք։ Եվ, այնուհետև, թուրք-պարսկական պատերազմներից հետո ժողովրդագրական պատկերի ինչպիսի՞ փոփոխություն տեղի ունեցավ։
-Նախ սկսենք 16-րդ դարից։ Մենք գիտենք, որ 16-րդ դարում երևան եկավ Սեֆյան Իրանը, որը նոր կազմավորվեց, և սկսվեց բավականին երկար առճակատում մահմեդական երկու խոշոր պետությունների միջև՝ Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան կայսրության։ Այս երկարատև պատերազմները մեծամասամբ ընթանում էին Հայաստանի տարածքում և, բնականաբար, իրենց բացասական հետևանքներն էին ունենում այդ տարածքների վրա։ Կոնկրետ հյուսիսարևելյան Հայաստանում կարևորագույն նշանակություն ուներ Գանձակ քաղաքը, և, քանի որ վերջինս համարվում էր այդ տարածաշրջանի կենտրոնն, անընդհատ բախումներն ընթանում էին այդ քաղաքին տիրելու համար։
1590 թվականին օսմանցիներին հաջողվում է գրավել Գանձակը, և երկար ժամանակ՝ ավելի քան 10 տարի, այդ տարածքն ընկնում է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Սակայն Օսմանյան կայսրությունն այդ շրջաններում կիրառում է բավականին կոշտ հարկային քաղաքականություն։ Մենք հստակ տվյալներ ունենք Առաքել Դավրիժեցու մոտ, որ տեղական մանր ֆեոդալները, նույնիսկ հոգևոր գործիչներն իրենց հայացքն ուղղել էին դեպի գահ բարձրացած շահ Աբբասը և նրա մոտ էին գնում օգնության խնդրանքով, որպեսզի օսմանցիներին դուրս շպրտեն այդ տարածքներից և վերանվաճեն այդ շրջանները։ Վարչական այդ բաժանմամբ հյուսիսարևելյան Հայաստանը և Արցախը՝ այսինքն՝ Արաքսից մինչև Կովկասյան լեռները մի կողմից, մյուս կողմից՝ Քարթլիի՝ Վրաստանի սահմանը, կազմում էին վարչական մեկ միավոր, որը, այսպես ասած՝ Գանձակ, (Գյանջա)-Ղարաբաղի բեկլարբեկությունն էր։
-Այսինքն՝ տեղի բնակչությունն ավելի բարեհաճ էր Սեֆյան Իրանի նկատմամբ, քան Օսմանյան կայսրությա՞ն։
-Այո՛, մենք կարող ենք այդպես ասել, որովհետև հստակ տվյալներ ունենք, որ գնացել են, ապավինել են շահ Աբբասին։ Դա կարելի է պայմանավորել Օսմանյան հարկային մեթոդների կոշտությամբ։ Նրանք այդ շրջաններում բավականին կոշտ հարկային քաղաքականություն են իրականացրել, և, բնականաբար, ներկայիս տերմինաբանությամբ, դեմոկրատ Սեֆյան Պարսկաստանն ավելի տանելի էր, քան Օսմանյան կայսրության գերիշխանությունը։
-Պարո՛ն Եսայան, Տավուշի շրջանում տեղի բնակչությունը կազմված էր ավելի շատ հայերի՞ց, թյուրքակա՞ն ցեղերից, թե՞՝ այլ ցեղերից։ Ինչպիսի՞ն էր ժողովրդագրական պատկերը այդ ժամանակաշրջանում։
-Ժողովրդագրական պատկերի վերհանման տեսակետից առաջին հերթին պետք է նայենք հայկական սկզբնաղբյուրները։ Ցավոք, քանի որ եզերական գավառներ են, այսինքն՝ Հայաստանի հյուսիսարևելյան հատվածի ծայրամասային գավառներն են, այդտեղ մեր պատմիչներն այդքան էլ շռայլ չեն հիշատակությունների առումով, փոխարենը՝ այստեղ գրչագրված, ընդօրինակված ձեռագրերի հիշատակարաններն են պատկերացում տալիս։ Հիմնականում այդ շրջաններն ամբողջությամբ հայաբնակ են եղել։ Եվ, որպես կանոն, այդ շրջաններից որևէ մեկն ունենա խառը բնակչություն, ինձ չի հանդիպել։ Այսինքն՝ այդ ձեռագիր հիշատակարանների միջոցով կարող ենք մոտավոր պատկեր կազմել, և հենց դրա օգնությամբ արդեն հստակ պատկերը երևում է, որ նույն Տավուշ գավառի լեռնային շրջաններում հիմնականում կենտրոնացած է հայ բնակչությունը, իսկ հարթավայրային շրջաններն, ըստ երևույթին, մի կողմից կարող ենք ասել, որ լքված են եղել, որովհետև հիմնական զորաշարժի, բանակների երթուղին անցնում էր այդ տեղով։ Այսինքն՝ Գանձակից դեպի Թիֆլիս գնացող ճանապարհին ընկած էին հարթավայրային այդ շրջանները, և բնակավայրերի մի մասը, ըստ էության, դադարել է գոյություն ունենալ, և փոխարենը արդեն ստեղծվել են պայմաններ, որպեսզի մահմեդական բնակչությունն այդտեղ կենտրոնանա։
-Պարո՛ն Եսայան, տեսեք, գաղտնիք չէ, որ պատերազմներն իրենց հետ բերում են նաև տեղի ժողովուրդների տեղահանություն։ Դուք ինքներդ եք նշում՝ այն հատվածներում, որտեղ այդ հիմնական զորախմբերն անցնում են, գրեթե դատարկ են։ Ինչպե՞ս տեղի ունեցավ թյուրքական ցեղերի ներհոսքն այդ շրջաններ, ո՞ր ժամանակից,ու տարբերակո՞ւմ ենք, թե հիմնականում որ ցեղերը եկան։ Արդյո՞ք սա կապ ունի նաև Օսմանյան կայսրության այդ տարածքների նվաճման հետ։
-Այդ տարածքների որոշակի թյուրքական բնակչություն, ըստ էության, կար դեռևս Ակ-կոյունլուների և Կարա-կոյունլուների շրջանից, բայց նոր ներհոսքն արդեն հենց այդ երկարատև պատերազմնների շրջանն էր։ Դա մի կողմից պայմանավորված էր Սեֆյան Իրանի առանձնահատկություններով, որովհետև մի շարք ցեղեր թյուրքական հողերից, Փոքր Ասիայից տեղափոխվեցին Սեֆյան Պարսկաստան և միացան Սեֆյան շահերին, իսկ Սեֆյանները, որպես կանոն, այս կամ այն տարածքները՝ որպես ժառանգական սեփականություն, տալիս էին թյուրքական ցեղերի առաջնորդներին՝ որպես տիրույթներ, այպես ասած՝ օլքաններ։
Գանձակ-Ղարաբաղի բեկլարբեկությունը մշտապես հանձնված էր ղաջարական հայտնի ցեղի մի ճյուղի։ Նրանք ժառանգաբար զբաղեցնում էին բեկլարբեկի պաշտոնը։ Իսկ առանձին շրջանները՝ Գարդմանի, Զակամի, Տավուշի, հետագայում արդեն Աղստևի հովիտն էլ կարող ենք ներառել, բաժանվեցին ազդեցությամբ ավելի փոքր ցեղերի՝ էմիրների։
Այստեղ՝ Տավուշում և Զակամում, հաստատվեցին Զուլքադար հայտնի և բավականին մեծ ցեղի ճյուղերը ՝ Շամսադինլուները և Զուլքադարները։ Այնտեղ կային նաև Հաջիլու, Թատլու մանր ցեղախմբերը, որոնք ընդգրկված էին Զուլքադարների կամ Շամսադինլուների կազմի մեջ։ Իսկ արդեն Աղստևի հովիտը հանձնվեց Ղազախլու ցեղին և, ի միջի այլոց, շատ հետաքրքիր հիշատակություններ կան Իսքյանդար Մունշիի մոտ։ Այս ցեղապետերը, հենց Մունշին էլ ակնարկում էր, որ պետք է հավատարիմ լինեին, բայց, այսպես ասած, Ղազախլու ցեղի պարագայում, մենք տեսնում ենք, որ 1588-1589 թվականներին՝ օսմանյան զորքերի արշավանքի ժամանակ, նրանք անցել են օսմանյան զորքի կողմը։ Այսինքն՝ դավաճանել են, ստացել են փաշայի տիտղոս, բայց այս ցեղի պարագայում, դա հետագայում որևէ հետևանքներ չունեցավ։
Շահ Աբբասին ներկայանալուց հետո, երբ շահ Աբբասը վերանվաճում էր այս շրջանները, նա ներում ստացավ և այսպես ասած՝ ավելի լայն լիազորություններով օժտվեց, Ախալցխա բերդի տերը դարձավ և այլն։ Սակայն, ինչպես Մունշին է հիշատակում, այդ ուրացողությունն այդ ցեղի միջից չէր վերացել, և գալիս է մի պահ, երբ 1614 թվականին վերջնականապես շահ Աբբասը որոշում է, որ պետք է Ղազախլուներից ազատվել, և այսպես ասած՝ աքսորել Իրանի խորքերը, բայց հետագա հիշատակությունները մեզ հակառակն են ցույց տալիս, որ այդ շրջանները, համենայն դեպս 17-րդ դարում և հետագայում, եղել են նույն Ղազախլու ցեղերի ցեղապետերի տիրապետության տակ։ Հետագայում մենք տեսնում ենք, որ նրանք 1720-ական թվականներին կրկին օժանդակել են օսմանցիներին և այլն։ Այսինքն՝ ամեն կերպ նրանք կարողացել են իրենց դիրքերը պահպանել և մնալ այդտեղ։
-Պարո՛ն Եսայան, նաև հետաքրքիր է՝ երբ թյուրքական ցեղին նվիրատրում էին տարածքներ՝ բնակատեղիներ, տեղի բնակչությունը մնու՞մ էր այնտեղ, թե՞ հեռանում էր։ Այսինքն, եթե ենթադրենք Շամսադինլու ցեղին ինչ-որ հողակտոր էր հատկացվում կամ բնակատեղի, նույն այդ տեղում գտնվող հայերն ապրու՞մ էին նրանց հետ, թե՞ հեռանում էին։
-Կարելի է ասել՝ որտեղ արդեն կար հայկական բնակչություն, շարունակում էին ապրել, բայց պետք է հաշվի առնել, որ այդտեղի բնակչությունն ստիպված պետք է արդեն ունենար երկրորդ տերը, այսինքն՝ մյուս կողմից էլ պետք է ենթարկվեր այդ մանր ցեղախմբի և դրա ցեղապետի կամայականություններին։ Հստակ տեղեկություններ կան, որ, օրինակ՝ այդ ցեղապետերն ավելի շատ ձգտում էին այնպիսի տարածքներ ստանալ, որտեղ իրենք լայն ինքնավարություն կունենային, այսինքն՝ ծայրամասում, և կարողանային ամեն ինչ իրենց հայեցողությամբ տնօրինել։
Հաճախ նրանք ձգտում էին, որպեսզի ծայրամասերում այդպիսի օլքա ստանային․ դա իրենից ենթադրում էր հարստություն և այլն, և այլն։ Մենք գիտենք, որ Սեֆյան Իրանի հարկային համակարգն այդքան կատարյալ չի եղել և անհամեմատելի էր Օսմանյան Թուրքիայի հետ, և այդտեղ ժողովրդին կեղեքելը շատ հեշտ էր։ Այսինքն՝ այդ ցեղապետերը կեղեքում էին ժողովրդին, և հետագայում՝ արդեն 1645 թվականին, օրինակ՝ Տավուշից ունենք հիշատակարան, երբ գրիչը բողոքում է կրոնական հալածանքների դեմ և կարծես թե պատերազմներ չկան, որևէ այդպիսի բուռն իրադարձություն չկա, բայց գրիչը ասում է, որ մահմեդականները ստիպում են անցնել իրենց հավատին, ուրանալ քրիստոնեությունը։
Հետևաբար՝ կարելի է կարծել, որ բնակչության մի մասն էլ արդեն հավատափող պետք է լիներ, որովհետև նույն՝ ավելի վառ օրինակները կան արդեն Արարատյան նահանգում, Երևանի շրջակայքում՝ այսպես կոչված իմամ Ջաֆարի օրենքի տրամաբանությամբ։ Այսինքն՝ շահագրգռվածություն էլ կար, երբ որ հայերը ընդունում էին իսլամ, այսինքն՝ այդ իսլամացածն ինքնըստինքյան ժառանգում էր այդ տոհմի ամբողջ ունեցվածքը։ Եվ այդտեղից կարող ենք ենթադրել, որ այդ գործընթացները Տավուշում էլ են եղել։
-Պարո՛ն Եսայան, եթե տվյալ թյուրքական ցեղը գալիս էր, հիմնվում էր նոր բնակավայրում, հիմնականում տեղանունները կոչում էին իրենց ցեղի անունով․ օրինակ՝ Բահարլու ցեղը եկավ, թաղամասը կամ բնակատեղին կոչվե՞ց Բահարլու, թյուրքականացվու՞մ էին բնակավայրերը։ Այդ անունների հետ կապված ի՞նչ կարող եք ասել։
-Այդ ցեղերի պարագայում՝ հիմնվելը մի քիչ ամպագոռգոռ կլինի, որովհետև նրանք, ըստ էության, քոչվոր ցեղեր են։ Նույն Շամսադինլուներին մենք, օրինակ՝ 1590 թվականի տվյալներով, տեսնում ենք Գանձակի շրջակայքում։ Այնտեղ նրանք հաշվառված են որպես քոչվոր ցեղ։ Հետագայում արդեն գալիս են դեպի Տավուշի շրջան, Զակամի շրջան։ Բայց այդ տարածքները պատկանում էին նրանց, բայց նրանք, այսպես ասած, ամբողջությամբ չէին յուրացվել, նստակեցության չէին անցել այս տարածքներում։ Նույն Շամսադինլուներն օլքա ունեին, օրինակ՝ Շիրվանում։ Այսինքն՝ նրանք անընդհատ տեղից տեղ էին տեղափոխվում։ Ուղղակի այդ տարածքներն իրենց պատկանում էին ժառանգաբար ։
-Երբ շահ Աբբասի ժամանակ տեղի ունեցավ մեծ տեղահանություն, ժողովրդի բռնի տեղահանություն։ Տավուշի, Գարդմանի, Գանձակի շրջաններում այդ տեղահանությունն ինչպիսի՞ն էր, արդյո՞ք դա ևս զանգվածային բնույթ էր կրում։
-Այսպես ասած՝ մինչև վերջերս, ավանդույթի ուժով, ընդունված էր Գանձակի շրջակայքն՝ ընդուպ մինչև Տավուշը, ներառել շահ Աբբասի կողմից ամայացված, տեղահանության ենթարկված գավառների, շրջանների շարքում։ Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, համենայն դեպս, Տավուշից, Գարդմանից, եթե նույնիսկ տեղահանվել են, դրանք չնչին տոկոս են կազմել։ Մենք տեսանք, որ այդ շրջանի ավագանին դիմել էր շահ Աբբասին, որպեսզի օգնի, և հետագայում շահ Աբբասն այստեղ վարձահատույց եղավ։
Արդեն 1600-ականների առաջին տասնամյակում մենք ունենք օրինակ, որ Միափոր գավառում, Գետիկի ավազանում, Տավուշում, Աղստևի հովտում, բարձրադիր այդ գոտիներում առաջացել են հայկական մելիքություններ։ Այդ մելիքությունները կոմպակտ բնակեցված էին հայերով, և այդտեղ ներքին կյանքը տնօրինվում էր մելիքի կողմից և նույն այդ բռնագաղթի՝ 1604 թվականի՝ այսպես կոչված Մեծ սյուրգունի տարիներին։ Մենք այդ շրջաններից ունենք բազմաթիվ հիշատակարաններ, որոնք որևէ տեղեկություն չեն հաղորդում բնակչության բռնագաղթի մասին։ Եթե համեմատելու լինենք նույն տարիներին, օրինակ՝ Կենտրոնական Հայաստանից՝ Արարատյան գավառից, բերված ձեռագիր հիշատակարնների հետ, որպես կանոն՝ մեր գրիչներն էլ ավելի ճոխ և վառ գույներով են ներկայացնում այդ աղետը։ Եթե այդպիսի բան լիներ, մենք հստակ տեղեկություններ կունենայինք։ Կարող ենք փաստել, որ այդ շրջանից զանգվածային տեղափոխություններ տեղի չեն ունեցել։
Մենք գիտենք, որ Ամիրգունա խանը պետք է պաշարեր Երևանի բերդը։ Մի զորագունդ Ամիրգունա խանի գլխավորությամբ գնում է Գանձակի շրջակայք, բայց նշում է՝ որպեսզի չթողնի, որ Երևանի կայազորը գա Երևանին օգնության։ Այսինքն՝ ինքը չուներ որևէ բնակչության գաղթեցնելու նպատակադրում, և այդ գործը նա հաջողությամբ գլուխ է բերում։ Գանձակի շրջակայքից ունենք տեղեկություն, որ որոշ գերեվարություն է եղել, բայց դա այն տրամաբանությունը չէր, որն իրենից ենթադրում էր Երևանի շրջակայքի տեղահանություն։ Այսինքն՝ դրանք՝ արշավող զորքերը, սովորաբար այդ տարածքից գերի էին վերցնում, որպեսզի ծանր աշխատանքներում ներգրավվեին այդ մարդկանց, բայց համակարգված՝ ո՛չ։
Դա ապացուցվում է նաև Տավուշի և Գարդմանի վիմագրերով, որ այս տարածքները բնակեցված են եղել։ Նույն 1608 թվականին ներկայիս Տավուշի Բերդ քաղաքը հիշատակվում է մի ձեռագրում, և այնտեղ մենք իմանում ենք, որ կա հենց Տավուշի մելիքությունը։ Նույնը Միափոր գավառի օրինակով․ Զաքարիա Քանաքեռցու մոտ պահպանվել է, որ երբ շահ Աբբասն անցնում էր այդ տարածքով, կերպարանափոխված անցնում է մեկի տուն և, քանի որ լավ ընդունելության է արժանանում, այդ տարածքները տալիս է մի հայ հովվի, որը արդեն այլևս մելիք էր։ Մենք տեսնում ենք 1709 թվականի հիշատակություն, որ Գետիկի ավազանում կա հայկական մելիքություն։ Այսինքն՝ 1610-ական թվականներին Գետիկի ավազանը հայաթափված չէր, բռնագաղթի չէր ենթարկվել։ Փոխարենն՝ այդտեղ ստեղծվել էր մելիքություն։ Այդ մելիքությունը հիշատակում են նաև ավելի քան հարյուր տարի հետո։
Առաջին վկայությունը Քանաքեռցու մոտ է, երբ շահ Աբբասն էր եկել 1610-ական թվականներին և անցնում էր Վրաստան։ Այդտեղ հայ մելիք է նշանակում։ Հետո մենք արդեն ձեռագիր հիշատակարաններից ունենք, որ 1709 թվականին հիշատակվում է Միափոր գավառի՝ այդ դեպքում արդեն անվանումը փոխված Ղարաղայի երկրի մելիքը ։
-Իսկ հետագայում ի՞նչ հիշատակություններ կան այդ տեղանքի մասին։ Ինչու՞ եմ հարցնում, քանի որ այդ բնակավարի շուրջ ադրբեջանցիները շահարկումներ են անում՝ համարելով այն ադրբեջանական բնակչություն ունեցող ադրբեջանական հող։
-Հետագա տարիներին մենք գիտենք, որ 1700-ական թվականներից Սեֆյան Իրանը սկսում է թուլանալ։ Եվ քանի երկիրը թուլանում էր այդ ծայրամասերում, արդեն խժդժություն էր սկսվում։ Սա մի կողմից լավ առիթ էր, որպեսզի լեռնական լեզգիները սկսեն իրենց արշավանքները, որը նաև գրգռվում էր Օսմանյան Թուրքիայի կողմից, քանի որ նրանք նպատակադրվել էին գրավել այս շրջանները։
Լեզգիները մի քանի ավերիչ արշավանքներ են իրականացնում, մարդագողության շատ դեպքեր, հայկական բնակավայրերի մի մասը ավերվում է, և նույնիսկ ունենք տեղեկություն, որ լեզգիների՝ այդ համատարած արշավանքի շրջանում արդեն այդտեղ հաստատված թյուրքական բնակչությունը ոգևորվել էր և սկսել հայկական բնակավայրերի վրա հարձակումներ գործել։ Եվ արդեն 1725 թվականին Օսմանյան Թուրքիան կարողանում է գրավել ամբողջ Գանձակ-Ղարաբաղի բեկլարբեկությունը։
Նախքան այդ՝ գրավել էր Թիֆլիսը, Երևանի բեկլարբեկությունը, և այստեղ թուրքերը կրկին իրենց կոշտ հարկային մեթոդներն են սկսում գործի դնել և իրականացնում են աշխարհագիր՝ 1727 թվականի Օսմանյան աշխարհագիրը, որի տվյալները ցույց են տալիս, որ Ձեր նշած նույն Գետիկի ավազանը՝ ներկայիս Ճամբարակի տարածաշրջանն, ամբողջովին հայաբնակ է։ Այսինքն՝ մենք ունենք այդտեղ հստակ նշված բնակեցված 10 գյուղ, որոնք ունեն բացառապես հայկական բնակչություն։
Որևէ թյուրքական բնակչություն այդտեղ չի եղել, և եթե հաշվի առնենք, որ այդտեղ կար հայկական մելիքություն, լրիվ բնական է ու նորմալ է հայերի այդտեղ բնակվելը։ Հետագայում՝ արդեն Նադիր շահից հետո, սկսվեցին գահակալական կռիվներ, և ամբողջ Հարավային Կովկասում առաջացան մի շարք կիսանկախ խանություններ։ Հենց այդ անիշխանության տարիներին շարունակվում են նաև լեզգիների արշավանքները, և դրա վերջնակետը կարելի է ասել Աղա Մահմուդ խանի արշավանքներ են, որը, ինչպես գիտենք, շատ ծանր հետևանքներ ունեցավ․ հատկապես Արևելյան Հայաստանի բնակչության մեծամասնությունը մի կերպ փախավ Թիֆլիս, մի մասը կոտորվեց։ Եվ կարող ենք ենթադրել, որ Գետիկի ավազանի բնակչությունը հենց այդ տարիներին էլ վերջնականապես հեռացել է, հայաթափվել է։ Արդեն հետագայում՝ ռուսական տիրապետության շրջանում, սկսել են երբեմնի հայկական բնակավայրերը անցնել արդեն նստակեցության անցնող մահմեդական բնակչությանը։
-Պարո՛ն Եսայան, շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։