2024
Այսօր «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը։
Այն 2024 թվականին հիմնադրամի կազմակերպած թվով երկրորդ գիտաժողովն է, որն առանձնացավ իր արդիականությամբ և կարևորությամբ՝ վերհանելով պատմամշակութային ժառանգության հետ կապված հիմնախնդիրները։
Միջոցառման բացմանը մասնակիցներին և հյուրերին ողջունեցին հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը։
Անդրադառնալով գիտաժողովի խորագրին՝ Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ այսօր տարածաշրջանում իրականացվում է պատմական իրադարձությունների, փաստերի կեղծման, ձևախեղման կազմակերպված քաղաքականություն։ Ադրբեջանն, ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային տարիներին՝ մինչ այժմ, պետական մակարդակով առանձնահատուկ թիրախավորում է հայկական պատմամշակութային ժառանգությունը։
Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ գիտաժողովի նպատակներից մեկն է ակադեմիական հաստատությունների, բուհական կառույցների և մշակութապահպան միջազգային կազմակերպությունների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել տեղի ունեցող այդ երևույթների վրա։
«Ադրբեջանը պետք է հետևի իր իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներին, հռչակագրերին և դրանցից բխող պարտավորություններին․ այն է՝ պահպանել իր վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության իսկությունն ու անխաթարությունն՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից»,- նշեց Ռոբերտ Ղազարյանը։
Քարտեզագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանն իր հերթին ընդգծեց, որ 2020 թվականից սկսած՝ ավերումները շարունակվում են նոր թափով, և Արցախի հուշարձանների ճակատագիրը չի կարող տարբեր լինել Նախիջևանի հուշարձաններից, եթե, իհարկե, արևմտյան երկրները լուրջ քայլեր չձեռնարկեն՝ Ադրբեջանի այս արարքները կանխելու և կասեցնելու ուղղությամբ։
Գիտաժողովին մասնակցում էին ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան գիտական կենտրոնների ու բուհերի ներկայացուցիչներ։ Զեկուցումներով հանդես եկան ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, քարտեզագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, Վրաստանի Կ. Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի հետազոտողներ Մանուչար Գունցաձեն և Թամազ Գոգոլաձեն, Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի բաժնի գիտաշխատող Միխայիլ Իլչենկոն, Լեհաստանի Պոզնանի Միցկևիչի անվան համալսարանի մարդաբանության բաժնի վարիչ Ադամ Պոմիչենսկին, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի Դաշնային հետազոտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Շահբան Խապիզովը, գորգագետ Աշխունջ Պողոսյանը և այլք։
Գիտաժողովը ևս մեկ հնարավորություն էր արտասահմանյան գործընկերների ուշադրությունը հրավիրելու հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին՝ հիմնավորված ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական մշակութային վանդալիզմը։
Գիտաժողովի վերջում մասնակիցները կարևորեցին ձեռք բերված հետադարձ կապը՝ քննարկելով հետագա համագործակցության ուղիներն ու հնարավորություները։
Գիտաժողովի ավարտին մասնակիցներն ընդունեցին հայտարարություն։