2026
2024-03-11
Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության գրեթե 2 տարիների ընթացքում այդ պետության տարածքում բնակվող այլէթնիկ խմբերի նկատմամբ տարված քաղաքականությունը դժվար է բնորոշել որպես ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքականություն՝ ի հակադրություն թե՛ այդ պետության ղեկավարների, թե՛ հետխորհրդային Ադրբեջանում այն հռչակումներին, թե իբր 1918-1920 թթ․ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը Արևելքի առաջին և միակ ժողովրդավարական պետությունն էր։ Թեև Ադրբեջանի անկախության հռչակագրի 4-րդ կետը սահմանում էր, որ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունն իր սահմաններում երաշխավորում է բոլոր քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական իրավունքները՝ առանց ազգության, կրոնի, սոցիալական կարգավիճակի կամ սեռի խտրության, այնուհանդերձ սվինների վրա հիմնված խիստ հարաբերական անկախության ողջ շրջանում ադրբեջանական իշխանությունները չխորշեցին դիմել զանգվածային ջարդերի և ավերումների գերազանցապես այլէթնիկ, մասնավորապես՝ քրիստոնյա բնակչության նկատմամբ։
Այս քաղաքականության լավագույն ցուցիչը ժողովրդագրական տվյալներն են։
Թեև Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության տարածքն ու սահմաններն իր գոյության ընթացքում հստակ և ճանաչված չեն եղել, այնուհանդերձ փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչության էթնիկ կազմի վերաբերյալ կարելի է որոշակի համեմատություն անցկացնել հիմնվելով նախահեղափոխական շրջանի վերջին և խորհրդային առաջին վիճակագրական տվյալների վրա, քանի որ Ադրբեջանի անկախության շրջանում՝ 1918-1920 թթ․, մարդահամար կամ այլ վիճակագրական միջոցառում չի անցկացվել։
Այսպես, 1917 թ․ հրատարակված Կովկասյան օրացույցում ներկայացված են 1916 թ․ վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում և Բաքվի քաղաքային վարչությունում գերակայում էին մի քանի էթնիկ խմբեր՝ մուսուլմաններ (սունի և շիա) 1 658 467, ռուսներ՝ 214 211, հայեր՝ 538 946, կովկասյան լեռնականներ՝ 72 336, արձանագրված են նաև քրդեր, վրացիներ, հրեաներ, եվրոպական և ասիական այլ ժողովուրդներ։ Սակայն ամենամեծ էթնիկ հանրույթը լինելու հայտ ներկայացնող մուսուլմաններին չպետք է դիտարկել որպես միասեռ զանգված։ Մուսուլման ընդհանրական անվան տակ հաշվառված էին նաև կովկասյան և իրանական ծագման ժողովուրդներ, որոնց մի մասը փոխառել էր բանավոր թյուրքերեն տեղական խոսվածքը։ Մեծ տեսակարար կշիռ ունեին հիմնականում Ապշերոնյան թերակղզում բնակվող թաթերն ու Բաքվի նահանգի հարավում բնակվող թալիշները։ Սակայն ադրբեջանական ազգայնականության թիրախում առաջին հերթին հայությունն էր, որի հետ միջէթնիկ հարաբերությունների լարվածությունն արդեն մեկ անգամ դարասկզբին՝ 1905-1906 թթ․, վերածվել էր ռազմական առճակատման, իսկ 1917-1918 թթ․ երկրամասային իրողություններում հայերի ու մուսուլմանների քաղաքական առաջնահերությունների տրամագծորեն հակադիր լինելը է՛լ ավելի էր խորացնում միջէթնիկ թշնամանքը։
Հայության առաջին խոշորամասշտաբ կոտորածը տեղի ունեցավ Բաքվում 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ին, երբ քաղաքը գրավվեց օսմանյան բանակի և վերջինիս կցված թաթարական (ադրբեջանական) զինված ջոկատների կողմից։ Բաքվի հայ բնակչությունը՝ առանց սոցիալական կարգավիճակի, սեռի կամ տարիքային խտրության թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական հրամանատարության կազմակերպմամբ և հրահրմամբ ենթարկվեց կոտորածի։ Բաքվի գրավման նախօրեին քաղաքում բնակվում էին 88 673 հայեր, որոնցից սեպտեմբերյան իրադարձությունների արդյունքում փախստական դարձան 31 293 հազարը, իսկ շուրջ 30 հազարը ենթարկվեց ուղղակի սպանդի կամ դարձավ այլատեսակ բռնության զոհ։
Սակայն հայ բնակչության ջարդերը միայն Բաքվով չսահմանափակվեցին։ Դրանք տարածվեցին նաև գավառներում։ Եթե Նուխի ուեզդում 1916 թ․ դրությամբ բնակվում էին 17 751, իսկ քաղաքում 8009 հայեր, ընդհանուր 25 760, ապա 1921 է դրությամբ արձանագրվել է, որ ավելի քան 18 հազար հայեր սպանվել, կամ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։ Եթե Արեշում 1916 թ․ դրությամբ բնակվում էին 19 161 հայեր, ապա 1918 թ․ Արեշը ևս գրեթե հայաթափվեց։ 1921 թ․ դրությամբ այստեղ հաշվառվել են մի դեպքում 359, մեկ այլ պարագայում ընդամենը 26 հայեր։ Եթե Ելիզավետպոլի ու Շամախիի ուեզդներում միասին 1916 թ․ հայ բնակչությունը 91 064 էր, ապա 1921 թ․ դրությամբ 46 411։ Հայկական ջարդեր տեղի են ունեցել Շուշիում 1920 թ․ մարտին, ինչպես նաև Նախիջևանում 1919-1920 թթ․ ընթացքում։ Փաստ այն է, որ բոլոր այն հայաբնակ շրջանները, լինեին դրանք քաղաքներ, գավառներ, գյուղեր թե գյուղախմբեր, ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո ենթարկվում էին ջարդի կամ հայտնվում էին ջարդի սպառնալիք տակ։
Հայերից բացի ադրբեջանական քաղաքականությունից տուժել են նաև Մուղանում բնակվող ռուսները։ 1917 թ․ փետրվարյան հեղափոխությունից հետո Մուղանը հայտնվեց միջէթնիկ լարվածության կիզակետում, որտեղ այնուհետև սկսեցին բախվել բոլշևիկների, սպիտակբանակայինների, հասարակ ռուս բնակչության, տեղի թալիշների և ադրբեջանական իշխանությունների շահերը։ 1917-1918 թթ․ ընթացքում տեղի մուսուլման բնակչության կողմից Լենքորանի հյուսիսային շրջանի ռուսական գյուղերը գրեթե ոչնչացվեցին, իսկ հարավային շրջանները դիմեցին պաշտպանության։ Ըստ ականատեսների վկայության՝ շուրջ 50 գյուղեր ավերածությունների ենթարկվեցին, ավելի քան 30 հազար մարդ ստիպված եղավ հեռանալ Բաքու կամ Աստրախան։ Լենքորան քաղաքում և ուեզդում 1915 թ․ բնակվում էին 18 080 ռուսներ, իսկ արդեն 1921 թ․դրությամբ ռուսների թվաքանակն ընդամենը էր 8224։ Հայերից և ռուսներից բացի բավականին տուժել են նաև հիմնականում Նիժ և Վարդաշեն գյուղերում բնակվող ուդիները։
Ինչ վերաբերում է որևէ օրենսդրական կարգավորման այլէթնիկ խմբերի հարցում, ապա այդպիսիք պարզապես բացակայում են։ Միայն դրվագը, որտեղ խոսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընտրության կարևորության մասին, 1918 թ․ նոյեմբերի 20-ի որոշումն է Ադրբեջանի խորհրդարանի վերաբերյալ, որում ասվում է, որ խորհրդարանի կազմում լինելու են նաև ազգային փոքրամասնությունների իրավասու ազգային մարմինների կողմից պատվիրակված ներակայցուցիչներ։ Արդյունքում Ադրբեջանի խորհրդարանում 1918 թ․ դեկտեմբերին 120 պատգամավորական մանդատից 80-ը բաժին հասան մուսուլմաններին, 21-ը հայերին, 10-ը ռուսներին, մեկական մանդատ հրեաներին, վրացիներին, լեհերին, գերմանացիներին։ Սակայն ադրբեջանական խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ոչ թե ադրբեջանական ժողովրդավարության ցուցիչն էր, այլ Բաքվի նկատմամբ 1918 թ․ նոյեմբերի վերջից վերահսկողություն սահմանած անգլիական առաքելության պահանջը։