2026
2024-03-09
1917 թ․ Փետրվարյան հեղափոխությունը և Հոկտեմբերյան հեղաշրջումը դարձան այն շրջադարձային կետերը##, որոնք պայմանավորեցին Այսրկովկասի զարգացումները՝ հանգեցնելով նախ երկրամասի անջատմանը Ռուսաստանից, և ապա երեք անկախ պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առաջացմանը։
Փետրվարյան հեղափոխությունն աշխուժացրեց ազգային շարժումները նախկին Ռուսական կայսրության տարածքում։ Այս գործընթացից անմասն չէին նաև Արևելյան Այսրկովկասի մուսուլմանները։ Միապետության տապալումը հարմար հնարավորություն էր թվում մուսուլմաններին դաշնային հիմքերով պետության ստեղծման և մուսուլմաններով բնակեցված շրջաններում ինքնավարությունների ստեղծման համար։ Հենց այս մոտեցումն էր ընկած 1917 թ․ մայիսին հրավիրված մուսուլմանների համառուսաստանյան համագումարի որոշումների հիմքում։ Ինչպես նկատում ենք, Ռուսաստանի իսլամական համայնքում, այդ թվում նաև Այսրկովկասում բաց անջատողականություն կամ անկախականություն դեռևս չկա։ Իրավիճակը փոխվեց, երբ տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղաշրջումը։ Այդ իրադարձությունից հետո Այսրկովկասի քաղաքական կյանքին բնորոշ էր խմբավորումն ըստ կուսակցությունների և ըստ ազգությունների, որը գնալով խորանում էր՝ տեղիք տալով հակասությունների և շահերի բախման։
Երկրամասում մուսուլմանների շրջանում անջատողականության բորբոքումը անխզելիորեն կապված էր ինչպես Հոկտեմբերյան հեղաշրջմամբ նախկին կայսրության փլուզման, այլնպես էլ Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ 1917 թ. հոկտեմբերի 26-ին խորհուրդների համառուսաստանյան երկրորդ համագումարն ընդունեց Խաղաղության մասին դեկրետը, որով Ռուսաստանը դադարեցնում էր իր մասնակցությունը Առաջին աշխարհամարտին։ Կովկասյան ռազմաճակատում զինադադար կնքվեց 1917 թ․ դեկտեմբերի 5-ին։ Ռազմաճակատային գիծը սկսեց արագորեն քայքայվել։ Կովկասի հետագա ճակատագիրը կախված էր Բրեստ-Լիտովսկի պայմանագրից, որը կնքվեց 1918 թ․ մարտի 3-ին Ռուսաստանի և Քառյակ միության երկրների, այդ թվում` Օսմանյան կայսրության հետ։ Պայմանագրով փաստացի Արևմտյան Հայաստանի տարածքներից բացի, նաև Կարսը, Արդահանը և Բաթումն էին վերադարձվում Օսմանյան կայսրությանը։ Հետևապես Օսմանյան կայսրության և Այսրկովկասի միջև Տրապիզոնում ընթացող բանակցություններում օսմանյան կողմը ձգտում էր ստիպել Այսրկովկասյան պատվիրակությանը կա՛մ լինելով Ռուսաստանի մաս՝ ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, կա՛մ պարզ տրամաբանությամբ՝ հռչակել իր անկախությունը։
Փաստորեն, Օսմանյան կայսրության քաղաքականությունն Այսրկովկասի նկատմամբ հանգում էր վերջինիս անջատմանը Ռուսաստանից, ինչը կարձակեր օսմանցիների ձեռքերը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական գործողություններում։ Օսմանյան ճնշմամբ 1918 թ․ ապրիլի 9-ին Այսրկովկասը հռչակեց իր անկախությունը Ռուսաստանից։ Մինչ այդ օսմանյան զորքերը սկսել էին իրենց արշավանքը։ Այս արշավանքի նպատակն էր ետ գրավել Արևմտյան Հայաստանի տարածքները, այնուհետև ներխուժել Արևելյան Հայաստան և շարժվել դեպի Այսրկովկասի մուսուլմաններով բնակեցված տարածքները։ Դրանով օսմանները կիրագործեին իրենց պանթյուրքական ծրագրերը Այսրկովկասում։ Այդ ծրագրում, իհարկե, որոշակի տեղ էր հատկացված նաև Արևելյան Այսրկովկասի մուսուլմաններին։ Օսմանցիների համար էական էր նաև Բաքվի նավթին տիրելը։ Այս հեռանկարը խիստ ոգևորում էր երկրամասի մուսուլմանների առաջնորդներին, որոնք իրենց հերթին նպաստում էին ինչպես Այսրկովկասի Դաշնային Հանրապետության, այնպես էլ Այսրկովկասյան Սեյմի պառակտմանը։ Անջատողական քաղաքականություն էր վարում նաև Վրաստանը, որի հովանավորությունը ստանձնելու հայտ էր ներկայացրել Գերմանիան։ Այս պայմաններում Այսրկովկասի Դաշնային Հանրապետության դե ֆակտո գոյությունն իսկ դարձավ անհնար։ 1918 թ․ մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը, և նույն օրերին կնքված վրաց-գերմանական պայմանագրերով՝ նրա նկատմամբ իրավապես հաստատվեց գերմանական պրոտեկտորատ։
Հաջորդ օրը` մայիսի 27-ին, ստեղծվեց Մուսուլմանական ժամանակավոր ազգային խորհուրդը, որը գլխավորում էր Մ․ Է․ Ռասուլզադեն, իսկ խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարն էր Ֆ․ Խան Խոյսկին։ Մայիսի 28-ին Ազգային խորհրդի առաջին նիստում ընդունվեց Ադրբեջանի անկախության հռչակագիրը` բաղկացած հետևյալ 6 կետերից․
1․ Այս պահից Ադրբեջանի ժողովուրդները հանդիսանում են սուվերեն իրավունքների կրող, և Ադրբեջանը՝ կազմված Արևելյան և Հարավային Այսրկովկասից, լիիրավ և անկախ պետություն է։
2․ Անկախ Ադրբեջանի քաղաքական կառույցը Ժողովրդական Հանրապետությունն է։
3․ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել միջազգային հանրության բոլոր անդամների և հատկապես առանձին ժողովուրդների և պետությունների հետ։
4․ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունն իր սահմաններում երաշխավորում է բոլոր քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական իրավունքները՝ առանց ազգության, կրոնի, սոցիալական կարգավիճակի կամ սեռի խտրության։
5․ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունն իր տարածքում բնակվող բոլոր ազգություններին ազատ զարգացման լայն հնարավորություններ կտրամադրի։
6․ Մինչև Սահմանադիր ժողովի գումարումը ամբողջ Ադրբեջանի վարչակազմը կառավարում է ժողովրդական քվեարկությամբ ընտրված Ազգային խորհուրդը և Ազգային խորհրդին պատասխանատու ժամանակավոր կառավարությունը։
Փաստաթղթի տակ ստորագրել էին Հ․ բեկ Աղաևը, Ֆ․ խան Խոյսկին, Ն․ բեկ Ուսուբբեկովը, Ջ․ բեկ Հաջինսկին, Շ․ բեկ Ռուստամբեկովը, Ն․ բեկ Նարիմանբեկովը, Ջ․ բեկ Եգանովը, Մ․ Մահմուդովը։ Ավելի ուշ Ֆ․ խան Խոյսկին հայտարարեց ժամանակավոր կառավարության կազմը։
Այս նոր պետությունը Ռուսական հեղափոխության բերած անիշխանության և օսմանյան ծավալապաշտության համատեղ հետևանքն էր։ «Ադրբեջան» անվանումն իսկ ցույց է տալիս, թե ինչ նպատակ էին հետապնդում։ Իրանի հյուսիսային պատմական Ատրպատական-Ադրբեջան նահանգի անվան տարածումը Բաքվի և Ելիզավետպոլի նախկին նահանգների տարածքի վրա թեև զուրկ էր «պատմական» օրինակարգությունից, սակայն թույլ էր տալիս Օսմանյան կայսրությանն իրականացնել մասշտաբային աշխարհաքաղաքական մանևր, այն է՝ Ադրբեջանների միավորման կարգախոսի տակ գրավել Պարսկաստանի հյուսիս-արևմուտքը, վերահսկողություն հաստատել ողջ Իրանի նկատմամբ։ Պատմական օրինակարգության ապահովման տեսանկյունից աշխարհագրական և էթնոգրաֆիական լուրջ վերապահումով կարելի էր նորաստեղծ այդ պետությունն անվանել Առան-Շիրվանի Հանրապետություն, սակայն այս անվանումը կենթադրեր առավել համեստ սահմաններ, քան մուսավաթական կառավարության հավակնություններն էին։