2024
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Հայաստանում և Խորհրդային Ադրբեջանում սկսվում է մի գործընթաց, որն իրենից ենթադրում էր ադրբեջանցիների կամավոր վերաբնակեցում Խորհրդային Հայաստանից դեպի Խորհրդային Ադրբեջան։ Հետագայում դա ադրբեջանցիները շահարկում են՝ բնորոշելով որպես ադրբեջանցիների դեպորտացիա, ցեղասպանություն հայերի կողմից։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խորհրդային երկու հանրապետություններում։ Ի՞նչ կապ ուներ Ստալինի կողմից ստեղծված «Հայրենադարձության» ծրագիրն ադրբեջանցիների տեղափոխության հետ։ Թեմայի շուրջ «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ։
-Ինչո՞ւ Ստալինը Հայրենական պատերազմից հետո որոշեց մշակել «Հայրենադարձության» ծրագիր։
-Ցավոք սրտի, հայրենադարձ բառն այս դեպքում կամ Սփյուռքից Հայաստան ներգաղթի կամ տեղափոխության պարագայում չպետք է օգտագործենք։ Սա քաղաքական բառ է, որը ԽՍՀՄ-ում հատուկ պահանջ ուներ՝ ռուս-թուրքական հարաբերություններին և Մոսկվայի պայմանագրին անմիջապես հաջորդող․ հայերը պետք է մոռանային Արևմտյան Հայաստանը՝ որպես հայրենիք։ Ե՛վ Արևմտյան Հայաստանի, և՛ Կիլիկիայի տարածքից փախստական, ցեղասպանությունից փրկված, այլ երկրներում ապաստանած հայերի՝ Խորհրդային Հայաստան վերադարձն ընկալվում էր որպես հայրենադարձություն (քաղաքական իմաստով նրանք արդեն հայրենիք են եկել, ինչ այլ հայրենիքի մասին է խոսքը)։
Բայց, սա հիմա թողնենք։
Այո՛, Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ մասում, երբ որ արդեն կոտրվել էր Ֆաշիստական Գերմանիայի թափը և ակնհայտ էր, որ կոալիցիան պատերազմի ընթացքը փոխում է, Ստալինի մոտ հասունանում էին ետպատերազմյան շրջանի քաղաքական ծրագրեր։ Բայց դեռ պատերազմի տարիներին՝ 1942 թվականից, ԽՍՀՄ-ը օկուպացրել էր նախկին պատմական Ատրպատականը՝ այսօրվա Պարսկաստանի հյուսիսային հատվածը, և այդ տարածքում գործնական քաղաքականությունը դրված էր Ադրբեջանի վրա։ Ադրբեջանում այդ ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարը Բաղիրովն էր, որին Կովկասում «Տեղական Ստալին» էին կոչում, և նրանք, Բերիայի հետ, ընդհանուր ճակատով փորձում էին Ատրպատականի պատմական կամ տվյալ դեպքում՝ Իրանի Թավրիզի շրջակայքի թրքախոս բնակչությանը ներշնչել ադրբեջանական ինքնություն և անուն։ Սա մի կարևոր խնդիր էր, որովհետև այդ նույնը (խոսքը ինքնության մասին է) տեղի էր ունենում Ադրբեջանում։ Մինչև 1936 թիվը ԽՍՀՄ-ում Ադրբեջանի տարածքի բնակչությունը թուրքեր էին կոչվում։ Պաշտոնական անունը թուրքեր էր, և 1937 թվականից հետո պաշտոնապես պահանջվեց ադրբեջանցի կոչվել, և նրանք կարիք ունեին այդ տերմինի հետ վարժվել։ Ո՞վ էր ադրբեջանցին․ դա բարդ հասկացողություն էր։ Օրինակ՝ եթե նայեք 1939թ․ մարդահամարի նյութերը, գործնականում իբրև կամավոր ընտրված «ես ադրբեջանցի եմ», «լեզուս ադրբեջաներեն է» բառերը նոր էին, և ոչ մեկ այդ բառերի կարևորությունը չէր հասկանում․ բուն Խորհրդային Ադրբեջանը կարիք ուներ այդ բառերի հետ հաշտվելու։ Բայց ԽՍՀՄ քաղաքական ծրագիրը միտված էր ընդհանուր ադրբեջանական մեծ պետություն և ադրբեջանական ինքնություն ստեղծելուն, որն իրականցնում էր Բաղիրովը։
Լրացուցիչ ասեմ, որ այն, ինչ ասում եմ, այսօրվա Ադրբեջանում հրատարակված նյութերի և գրականության հիման վրա եմ ասում։ Շատ սելեկտիվ արխիվային փաստաթղթեր կան, բայց գլխավորը, որ կան այդ փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս Բաղիրովի ջանքերը։ Դա ծավալուն աշխատանք էր, և Ադրբեջանի ամբողջ մտավորականությունը լծված էր այդ խնդրին։ Ստալինի ծրագրով պետք է Իրանական Ադրբեջանը միանար Սովետական Ադրբեջանին, բոլորը դառնային ադրբեջանցի, բայց նույն ծրագրով Կարսը պետք է վերադարձնեին Հայաստանին (Կարսի կորուստը ընկալվել էր, հասկացվել էր,և Կարսը ետ է գալիս խորհրդային տարածք)։ Եվ որպեսզի հումանիստական կողմն էլ ներկայացվեր Ստալինի ծրագրում, տարբեր երկրներում ապրող հայերը պիտի վերադառնային հայրենիք, և այդ հայրենիքը հիմնականում պիտի լիներ Կարսը։ Դա շատ ծավալուն ծրագիր էր, և այդ ծրագրին լծված էին տարբեր երկրներում ԽՍՀՄ բոլոր դեսպանատները։
Պատկերացրեք՝ դեսպանատներն այդ ընթացքում պահանջում էին դիմում տվողներին դիմումում նշել` դաշնակցական են, դաշնակցական չեն և այլն։ Այսինքն՝ ընտրում էին քաղաքական կողմնորոշում ունեցող այն մարդկանց, որոնք իրենց հարմար էին համարում։ Եվ վերադառնալ ցանկացողները կամ խզում էին կապը դաշնակցության հետ և բերում էին փաստաթուղթ, որ խզել են պաշտոնապես կամ չեն եղել դաշնակցական և ապացուցում էին դա փաստաթղթերով։ Այդպիսի 300 հազար դիմում էր ընդունվել։ Եվ խոսքը գնում էր 300 հազար հայերի Հայաստան տեղափոխման մասին՝ հեռանկարում Կարսը։ 1946 թվականին հասկանալի դարձավ, որ այս ծրագիրը չի հաջողվելու․ բնականաբար, Թուրքիան աղմկեց, նրան պաշտպանեցին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն։ Պարզ էր, որ այդ շրջանում դրանք հիմնականում ԽՍՀՄ-ի դեմ էին ուղղված, բայց բոլոր դեպքերում այդ ծրագիրը՝ որպես ծրագիր, չէր կարող անհետանալ, և այն պետք է սկսվեր։
Եվ, ուրեմն, 1946 թվականից սկսվում է որոշ չափով հայերի ներգաղթ։ Նախապես ասեմ, որ այս ծրագիրը շատ արագ կանգ առավ։ 1947 թվին մի նավ պայթեց։ Այդ նավի պայթյունի մեղքը դրեցին Ամերիկայից իբրև թե եկող հայերի վրա։ Հայտարարվեց, որ այդ վերադարձող հայերի մեջ շպիոններ (խմբ՝ գործակալ) են եղել (ԽՍՀՄ-ը շպիոնամանիայի հիվանդ էր, չէ՞)։ Այս հանգամանքն օգտագործվեց, որ փակեն ծրագիրը, և մոտ 90000 մարդ եկավ, որով դադարեցվեց հայերի մուտքը։ Բայց մինչ այդ՝ բոլոր դեպքերում Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պատրաստվում էին այդ ծրագրին՝ որպես ԽՍՀՄ ընդհանուր մեծ քաղաքականության մի մաս։ Եվ, ուրեմն, եթե հայերը չեն կարող Կարս գնալ, ապա ու՞ր պիտի գնան։ Հայաստանից դիմում է հղվում, որ, եթե դուք Ղարաբաղը հնարավորություն տայիք, որ միանա Հայաստանին, մենք, գուցե, կարողանանք օգտագործել այդ տարածքը։ Դա վաղուցվա հասկանալի խնդիր էր և երկար էդպիսի գրագրությունից հետո․․․
-Միայն Արցախի մասո՞վ էր, թե՝ նաև Նախիջևանի։
-Ո՛չ, խոսքը բացառապես միայն Լեռնային Ղարաբաղի մարզի մասին էր։ Նույնիսկ ոչ թե ԼՂ-ի տարածքի մասին, այլ վարչական ինքնավար մարզի մասին էր։ Երկար բարակ քննարկումներ և այլն։ Մի խոսքով, վստահ կարելի է ասել, որ ԽՍՀՄ-ը կամ Ստալինը հանձնարարում է, որ Բաղիրովը ինչ-որ ձևով նույնպես կարծիք հայտնի և, ուրեմն, այդ Հայաստանի դիմումը և առաջարկը ուղարկում են Բաղիրովին, ասում՝ քննարկեք 2 հանրապետությունում և բերեք համատեղ դիմում։ Այդ համատեղ դիմումը, հասկանալի էր, որ ջրվելու համար էր նաև։ Բայց էստեղ մի շատ կարևոր առանցքային խնդիր կա, որին սովորաբար քիչ են անդրադառնում․ Բաղիրովը այդ ժամանակ գրում է, որ ինքը դեմ չէ, որ Ղարաբաղը Հայաստանին միանա՝ բացի Շուշիի շրջանից, բայց փոխարենը իրենք պահանջում են Վարդենիսը, Եղեգնաձորը և այլն, որոնք, իր ասելով, հիմնականում մահմեդաբնակ են։ Եվ ուզում են Հարավային Դաղստանը, որը միշտ Ադրբեջանի պատմական տարածքն է եղել։
-Այնպիսի բան էին առաջարկում, որ, բնականաբար, Խորհրդային միությունը տեղում մերժելու էր։
-Ոչ միայն։ Ամբողջ խնդիրն այն էր, որ այդպիսի պահանջներ դնողը, բնականաբար, նախապես համապատասխանեցրել էր կենտրոնական իշխանության հետ։ Դրանք հենց այնպես չեն արվում։ Դա նաև կենտրոնական իշխանության միջոցով այդ տարածքների բնակչությանը քաղաքական իրենց հավակնություններից վախեցնելու ձևերից մեկն էր, շատ տարածված ձև։ Բոլոր դեպքերում, ի վերջո, ակնհայտորեն Կենտկոմի որոշումով, բայց՝ տեղական։ Որպես նախաձեռնություն՝ Բաղիրովը և Հարությունովն՝ այդ ժամանակվա կենտկոմի երկու քարտուղարները, համատեղ դիմում են Մոսկվա, որով ասում են, որ կառուցվել է Մինգեչաուրի ջրանցքը՝ բամբակի կուրարաքսյան ցածրավայր, և բամբակի մշակության համար աշխատող ձեռք չկա։ Եվ առաջարկություն կա՝ Հայաստանում ապրող Ադրբեջանցի բնակչությանը տեղափոխել Ադրբեջան, և նրանցից ազատված տարածքներում էլ բնակեցնեն հայրենադարձ հայերին, եթե նրանք Կարս չեն գնում։ Սա իրականում ավանտյուրային մի փաստաթուղթ էր։
Փաստաթուղթը, որը եկավ հետո որպես որոշում, այդտեղ գրված էր՝ մարդկանց կամավոր տեղափոխել։ Կամավոր տեղափոխելը, ես ուզում եմ անկեղծորեն ասել, ԽՍՀՄ-ում կամավոր բառը ամենից հաճախ նշանակում է պարտադիր տեղափոխություն։ Դա բարդ պրոցես էր, այսինքն՝ չնայած ԽՍՀՄ բոլոր 52 էթնիկական տեղաշարժերի՝ բոլոր որոշումներում շատ ծանր պայմաններ են եղել։ Սա միակ որոշումն էր, որտեղ հիանալի պայմաններ էին ԽՍՀՄ-ի համար՝ այն ժամանակվա վարկերի տրամադրմամբ։ Տեղափոխությունն ամբողջովին ԽՍՀՄ պետական բյուջեի վրա էր։ Մինչև տեղափոխությունը՝ տեղում բնակարանների կառուցում, և այդ մարդկանց ապահովում բնակարաններով։ Ամբողջ գույքի և ունեցվածքի տեղափոխություն։ Եթե կոլխոզն է տեղափոխում, կոլխոզյան տրակտորներ են, էքսկավատորներ են։
-Այսինքն՝ մարդը իր ամբողջ կոլտնտեսությամբ տեղափոխվում էր Խորհրդային Հայաստանից Խորհրդային Ադրբեջան։
-Այո՛։ Կազմեց հանձնաժողով։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ առաջին փաստաթղթով գրված էր 130000 ադրբեջանցիների տեղափոխությունը։ Տեսականորեն ենթադրելի է, որ սա 1939 թ մարդահամարի ժամանակ Հայաստանում վավերացված ադրբեջանցիների թիվն է։ Կազմվեց հանձնաժողով, հանձնաժողովը Ադրբեջանից էր։ Հանձնաժողովը եկավ, ստուգեց, պարզվեց, որ Հայաստանում 100000-ից ավելի ադրբեջանցի չկա։ Սա շատ լավ նյութ է, նորից ցույց տալու, թե ինչպիսին էր ԽՍՀՄ մարդահամարների քաղաքական խոհանոցը։ Քննարկել, թե ինչո՞ւ էր այդպիսին։ Սա հիմա ես թողնում եմ։ Փաստաթուղթը փոխվեց 100000 ադրբեջանցիների կամավոր տեղափոխման մասին։ Կազմվեց փաստաթուղթ, և 1948թ սկսվեց այդ կամավոր տեղափոխությունը։ Այնտեղ գրված էր, որ 1948-49-50թթ ընթացքում յուրաքանչյուր տարում, ⅓-րդ մասով համարյա, քանակապես այդքան մարդ պետք է գնար։
Հենց սկզբի գնացողները՝ տեղահանվողներն, անակնկալի եկան։ Նրանց այնտեղ ոչ թե բնակեցում էին գյուղում, այլ ցրում էին։ Գալիս, գնացքից իջնում էին, դիմավորող չկար․ իրենց գույքով կանգնած էին արևի կամ անձրևի տակ։ Ոչ ոքի պետք չէին այդ մարդիկ։ Հետո տանում են, ոչ մի բան պատրաստ չէր՝․տուն չկար, տեղ չկար, ցրում են ազգականների մոտ, մեկին մի գյուղ են տանում, մյուսին՝ ուրիշ գյուղ։ Այդ մարդկանց կյանքը կառուցելու հետագա խնդիրը դնում են այն կոլխոզների վրա, որտեղ իրենք գնում էին։ Այդ կոլխոզները պետք է նրանց համար լրացուցիչ միջոցներ ստեղծեին։ Այսինքն՝ պետական բյուջեից տրամադրված ահռելի գումարը գնում է ուրիշ նպատակներով, կարող է նաև ուղղակի անհատական գրպաններ, իսկ այս մարդիկ մնում են բարձիթողի արված։ Իսկապես, շատ ծանր կացության մեջ էին հայտնվել։
-Տիկի՛ն Խառատյան, կարո՞ղ ենք փաստել, որ սա Խորհրդային Ադրբեջանի արդեն «անփութության» պատճառով է։
-Ո՛չ։
-Խորհրդային միությա՞ն։
-Ո՛չ, սա Խորհրդային Ադրբեջանի, ես կասեի, քաղաքականություն էր։ Ի՞նչ անփութություն։ Բառերը պետք է հենց ուղիղ նպատակով օգտագործվեն։ Անփութությունը մի բան չհասկանալն է։ Այդ բոլորը ծրագրում կա, թե ինչպես անել։
-Այսինքն՝ նրանք հատուկ կազմակերպված գրպանել են այդ գումարները և ․․․
-Այո՛, հատուկ կազմակերպված, այդ մարդկանց դրել են ուղղակի անելանելի պայմանների մեջ։ Սա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն այն է, որ նրանց պետք է բնակեցնեին Կուրարաքսյան ցածրավայրում։ Սա էր ամբողջ նպատակը։ Իսկ իրենց ուր ասես տարան, նույնիսկ՝ ԼՂ։ ԼՂ-ում՝ Մարտունիի շրջան, Մարտակերտի։ Եթե տանում էին, գոնե, ենթադրենք, Շուշիի շրջան տանեին, որը թրքաբնակ տարածք էր։ Բայց տանում էին հայաբնակ և հայկական գյուղերը։ Եվ այդ հայկական գյուղերին հետո հարկադրում են՝ ասենք մի տասը ընտանիք եկել էին, ուրեմն՝ նրանց համար ադրբեջաներեն կրթություն կազմակերպել, ուսուցիչներ․․․ Դուք դա չեք պատկերացնում գործնականում։ Ես հարցի դեռ քաղաքակրթական և արժեքային կողմին չեմ անդրադառնում․ ուղղակի՝ պարզ կենցաղային։ Թե՛ եկողներն էին շատ ծանր վիճակում, թե՛ ընդունողները։ Այսինքն՝ բոլորի կյանքը դժոխքի էին վերածել։ Հենց առաջին տարին գնացողները սկսեցին ետ փախչել Հայաստան։
-Տիկի՛ն Խառատյան, հենց այստեղ է այսպես կոչված բանալին։ Եթե նրանք ետ էին փախչում, բայց այսօր ադրբեջանցիները շահարկում են այս երևույթը, կոնկրետ, հստակ շեշտադրումով, որ եղել է դեպորտացիա, եղել է ցեղասպանություն՝ մեղադրելով ոչ միայն Խորհրդային Միությանը, այլ նաև այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը։ Այստեղ կարո՞ղ ենք մենք փաստել, որ ինչպե՞ս կարող է ցեղասպանված, ժողովուրդը, հանրույթը հետ վերադառնա ցեղասպանողի մոտ։ Ի վերջո, փաստերը կան։
-Ընդհանրապես, ծայրից ծայր այս ամբողջը՝ ծրագրված պահից սկսած, գործողությունների ընթացքից մինչև այսօրվա դրա ներկայացումը, ծայրից ծայր խիստ քաղաքականացված է։ Քացաքականացված է նախ և առաջ այն, որ Ադրբեջանը ծրագրի մեջ մտավ հակառակ նպատակով։ Այսինքն՝ ինքն ավերեց Հայաստանի ադրբեջանական համայնքը, ավերեց այդ մարդկանց ճակատագրերը, ստեղծեց պայմաններ, որ նրանք չկարողանան ․․․։
Մինչև 1954 թվականը 35000 մարդ հետ են վերադարձել, մնացած կեսի, որոնք մնացին Ադրբեջանում, կյանքի պայմանները շատ ծանր ու բարդ էին, և պատկերացրեք, որ խնդիրը հասավ նրան, որ Հայաստանը միակողմանի դադարեցրեց այդ ծրագիրը։ Եվ նամակներ էր ստանում կամ գալիս էին ադրբեջանական պատվիրակություններ՝ խնդրելով շարունակել։ Այդ նամակները կան, հրատարակված են որոշները։ Մինչև որ Հայաստանը դիմեց ԽՍՀՄ կենտրոնական իշխանությանը՝ խնդրելով դադարեցնել ծրագիրը։ Դա Հայաստանի համար աղետ էր։ Մարդիկ վերադառնում էին լրիվ մերկացած և սնանկացած, երեխաներով․ ո՛չ տուն կար, ո՛չ անասուն կար, ո՛չ պայմաններ կար, ո՛չ կոլխոզ կար։ Այդ մարդկանց պետք էր նորից վերաբնակեցնել։ Դուք պատկերացնու՞մ եք այդ ամբողջ կենցաղային և նաև բարոյական մթնոլորտը, որ առաջանում էր այս բոլորի հետևանքով։ Իհարկե, բնական է, որ 1960-ական թթ հետո համատարած սկսված ադրբեջանական կեղծարարությունը այստեղ նույնպես առիթը չի կորցրել մի մեծ չափաբաժին վերցնել կեղծիքի՝ բացի գնահատականը, որ իբրև սա ադրբեջանցիների ցեղասպանություն էր Հայաստանի կողմից։ Այդ նույն տարիներին հենց տեղի է ունենում հայկական մեծ դեպորտացիան։
Այսինքն՝ 1949թ արդեն իսկ հայերին ուղղված ԽՍՀՄ դեպորտացիոն ծրագիրը, որը տարածվում էր և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հարավի վրա։ Այդ դեպորտացիոն ծրագրում «հայ» բառը չկար, կար «նախկին թուրքահպատակներ»։ Նախկին թուրքահպատակները՝ դրանք բառի բուն իմաստով ուղղակի ցեղասպանությունից փրկվածներն էին և դաշնակնեըր։ Դաշնակներն էլ նախ և առաջ արևմտահայերն էին։ Սա, այսպես ասած, չձևակերպված ԽՍՀՄ ընկալումն էր։ Բայց դեպորտացիայի էին ենթարկվում նաև Հայաստանի արևելահայ բնակչությունից․ նրանք, որոնք քաղաքականապես հաճո չէին ԽՍՀՄ քիմքին։ Եվ, իհարկե, ոչ միայն նախկին թուրքահպատակներ աքսորվեցին, այլ՝ նաև Հայաստանի այլ բնակիչներ։ Ընդհանուր առմամբ ենթադրվում էր 13000 մարդ՝ ըստ այդ ծրագրի, բայց մոտ 20000 մարդ աքսորվեց։ Տոմսկի մարզ գնացածներին, նախկին թուրքահպատակ որոշումը հաշվի առնելով, նրանց ինքնությունն այնտեղ ձևակերպեցին որպես թուրքեր։
Այսօրվա ԽՍՀՄ ռեպրեսալոգիայի նյութերը, որ նայեք, կտեսնեք՝ ինչքան զոհեր կային՝ հատկապես թուրքեր, և այդ թուրքերը գլխավորապես, նախկին թուրքահպատակներ էին․ միայն հայեր չեն իհարկե, այնտեղ հույներ էլ կան։ Բայց մի զգալի զանգվածը հայեր են, և այսօրվա նույնիսկ ռեպրեսալոգիայում «խեղճ զոհ թուրքեր» անվան տակ փաստացի հայեր են՝ հայկական անուն-ազգանունով, և նրանց ներկայացված մեղադրանքը գրված է՝ ազգային պատկանելությունը։ Գիտեք, այս ամբողջի մեջ, փաստաթղթային կեղծիքի, մենք ընդամենը մի քանի հոդված առայժմ հրատարակեցինք այս խնդրի վերաբերյալ, որ գոնե հասկանալի դառնա։
Փաստն այն է, որ չուսումնասիրված լինելու հետևանքով այս գործոնը շարունակում է բաց մնալ։ Բայց, եթե վերադառնանք այսօրվա Ադրբեջանի խոսույթին ու քաղաքականությանը, Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների ծանր ապրումների վերաբերյալ ահռելի մենագրություններ, հոդվածներ, նյութեր, բանավոր պատմություններ են հրատարակվում։ Մարդը միշտ էլ զոհն է այս բոլոր իրավիճակներում։ Մարդիկ կոնկրետ այս իրավիճակների զոհն են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ սա ԽՍՀՄ բացառիկ, միակ էթնիկական տեղափոխությունն էր․ բացառիկ՝ բարենպաստ պայմաններով։ Սակայն ադրբեջանական կառավարության հատուկ ջանքերի շնորհիվ թե՛ լրացուցիչ բարդացրին 2 հանրապետությունների հարաբերությունները, թե՛ լրացուցիչ բարդացրին ադրբեջանցիների և հայերի միջև առանց այն էլ ոչ այնքան բարվոք հարաբերությունները, թունավորեցին թե՛ տեղում ապրող բնակչության կենցաղային պայմանները, թե՛ գնացողների կենցաղային պայմանները։
Շատ դժվար է պատկերացնել այսօրվա սերնդին, թե այդ տարիներին այս ամբողջն ինչ էր արժենում։ Բարձրաձայն խոսել չի կարելի այդ մասին, կարող են քեզ քաղաքական բռնության ենթարկել, դու պետք է ենթարկվես հրահանգներին, հրահանգները մեկը մյուսից հակասական են, փողերի յուրացումներ, փողերի լվացումներ։ Այս ծայրագույն պայմաններում այդ մարդիկ իհարկե զոհ էին։
-Այո՛, մարդկային առումով ողբերգություն էր, բայց քաղաքական առումով սա այլ տեղ է տանում։
-Բայց տեսեք՝ ինչ էր ինձ համար խնդիրը․ նույնիսկ այս պայմաններում այդ ադրբեջանցիները, որոնք այն ժամանակում ուղղակի մուսուլման էին, թուրք էին և այլն, կապ չունի նաև քրդեր կային մեջները, այդ ադրբեջանցիները գերադասեցին Հայաստան վերադառնալը, որովհետև Ադրբեջանում ուղղակիորեն ստեղծված էին նրանց համար բացարձակ անելանելի պայմաններ։ Դա նույնիսկ ռուսաստանյան Սիբիրյան աքսորները չէին, որտեղ կար կոմենդատուրա, որտեղ կար վերահսկողություն։ Այստեղ ամբողջը բարձիթողի արած միայն ադրբեջանական կամքին էր թողնված, միայն ադրբեջանական իշխանության կամքին էր թողնված, թե ինչպես դժոխքի վերածել սեփական ժողովրդին։ Եվ այդ ամենին գումարած այդ նույն բամբակի դաշտերը, որոնց համար իբրև թե այս բոլորն արվում էր։ Այդ բոլոր բամբակի դաշտերի խնամքը և հավաքը բամբակի դրվեց ու՞մ վրա՝ այդ տարածքում ապրող բնակչության դպրոցականների վրա։ Դպրոցները պլան էին կատարում բամբակ հավաքելու։ Ընդհանրապես, եթե այդ ամբողջը կոմպլեքսի մեջ նայեինք, դաժանագույն վերաբերմունք էր թե՛ սերունդների, թե՛ ազգերի, թե՛ մարդկանց կյանքերի նկատմամբ։ Եվ ես կասեի այս ծրագրի բուն հեղինակը, պատասխանատուն, իրականացնողը և ոգեշնչողը, դա իր դաժանություններով և մարդու նկատմամբ իր գերագույն արհամարհանքով շատ հայտնի Միր Ջաֆար Բաղիրովն էր։ Ծրագրի ամբողջ ընթացքը հենց ծրագրավորված էր, որ այսպիսի ավարտ ունենար։
-Եվ պատասխանատուն էլ Բաղիրովն էր։ Տիկի՛ն Խառատյան, ամբողջ այս ֆարսը նաև նրանում է, որ հետագայում Բաղիրովը կրկին նամակով դիմում է Խորհրդային Հայաստանին՝ խնդրելով շարունակել ծրագիրը։
-Ադրբեջանի համար շատ ձեռնտու ծրագիր էր․ միայն մարդիկ էին տանջվում, իսկ ադրբեջանական վերնախավը գումար էր ստանում մարդկանց տեղափոխությունից։ Շատ ձեռնտու ծրագիր էր Ադրբեջանին, և Հայաստանը ստիպված ամեն քայլ, ամեն ջանք գործադրեց՝ կանգնեցնելու այդ ծրագիրը։ Մյուս ծաղրն էլ այդ մարդկանց կյանքի հանդեպ այն է, որ գիտական համարվող վերլուծական գրականության միջոցով ներկայացվում է որպես ադրբեջանցիների դեպորտացիա։ Այն մարդկանց, որոնք փախստական ետ վերադարձան Հայաստան։ Բառի բուն իմաստով դա ադրբեջանական վերադեպորտացիա էր կամ ետ դեպորտացիա էր Ադրբեջանից Հայաստան, որովհետև մարդիկ ստիպված Ադրբեջանից փախան, ետ վերադարձան Հայաստան։ Այստեղ էլ էր շատ դժվար․ Մոսկվան հետո հրահանգում էր նրանց համար կյանքի պայմաններ ստեղծել, հայրենադարձվող հայերը մի կողմից էին գալիս, փախստական ադրբեջանցիները՝ մյուս, և նրանց համար կյանքի պայմաններ ստեղծել այն Հայաստանում, որը պատերազմում տվել էր ահռելի մեծ զոհեր և, ընդհանուր առմամբ, մեղմ ասած, կյանքի ամենածանր պայմանների մեջ էր, դժվար էր։ Գիտեք, ընդհանրապես, երբ պատերազմական շրջանն իր բոլոր ներքին ԽՍՀՄ ծրագրերում որին էլ, որ նայեք, բազմաթիվ այսպիսի նյուանսներ ունի։ Բացի արտաքին աշխարհի հետ հարաբերությունները՝ պատերազմը ցավալիորեն նոր առիթ եղավ ԽՍՀՄ-ի համար՝ ազգային հարցեր լուծելու։ Տարօրինակ էր մի բան՝ ԽՍՀՄ-Թուրքիա բարեկամություն․ կարծես թե պետք է սառած լիներ։ Պատերազմի տարիներին Թուրքիան ահռելի զորքով սահմանին կանգնած էր՝ ամեն րոպե հարձակվելու պատրաստ։
-Ամեն դեպքում բարիկադի տարբեր կողմերում էին։
-Ինչպես միշտ Թուրքիայի դեպքում լինում է։ Միայն քառասունհինգ թվի երկրորդ կեսին որոշեց, որ Գերմանիայի դեմ պատերազմ հայտարարի։ Եվ հայտնվեց հաղթողների բանակում։ Բայց այդ ընթացքում Հարավային Կովկասում ԽՍՀՄ ահռելի քանակությամբ բանակը կանգնած էր՝ ամեն րոպե սպասելով այդ հարձակմանը։ Պատերազմից հետո Թուրքիան արագ փորձեց սկսել միանալ ՆԱՏՕ-ին։ ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունները պետք է որ շատ բարդանային։ Եվ ինչո՞ւ քառասունինը թվին որոշում կայացվեց օրինակ՝ նախկին թուրքահպատակներին աքսորել այս տարածքներից։ Թուրքական պահանջն էր՝ սահմաններից 60 կմ հեռացնել իրենց հայրենիքից փախստական հայերին, որովհետև նրանք վրիժառուներ էին։ Որքան էլ հիմա Թուրքիան ասում է, որ ցեղասպանություն չի եղել, բայց վրիժառության գաղափարը նրան հետապնդող հիմնական տագնապն էր։ Այսինքն՝ այդ հրամանը ռուս-թուրքական բարեկամության պրոդուկտ պետք է լիներ։ Բայց լավ, 1949 թիվն է, մի՞թե այդ քայլով ԽՍՀՄ-ը դեռ հույս ուներ Թուրքիայի հետ վերականգնել այն հարաբերությունները, որոնք հիմա ունի կամ որոնք ստեղծվեցին ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրերով։ Տրամաբանությունից դուրս է․․․։
-Երևի առանձին ուսումնասիրությունների կարիք կա։
-Այո՛, ես կարծում եմ՝ քաղաքագիտական։ Պատմական վերլուծությունը բավական հասկանալի է․ դեպքերի ընթացքը, փաստաթղթերը։
-Անչափ շնորհակալ եմ, տիկի՛ն Խառատյան։ Կարծում եմ՝ այս թեմաները պատկանում են այն կարևոր թեմաների շարքին, որոնք անընդհատ պետք է բարձրաձայնենք՝ դրանով նաև խուսափենք ադրբեջանական պատմակեղծարարությունից։
-Անհնարին է խուսափել․ ադրբեջանցիների համար դա դարձել է կյանքի հիմնական նպատակ, ուղի, ձև։