2026

Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը 1918-1920 թթ․։ Ընդհանուր ակնարկ

2024-03-09

Այսրկովկասի ռազմաքաղաքական զարգացումները 1917-1918 թթ․ մեծապես կապված էին 1917 թ․ ներռուսաստանյան հեղափոխական ցնցումների և դրանց հետևած տարածաշրջանային ու արտատարածաշրջանային իրողությունների հետ։ Փետրվարյան հեղափոխությամբ ցարիզմի անկումը, իսկ առավել մեծ չափով Հոկտեմբերյան հեղաշրջմամբ խորհրդային իշխանության հաստատումը դարձան այն շրջադարձային կետերը, որոնք Օսմանյան կայսրության՝ դեպի Կովկաս ծավալման պայմաններում հանգեցրին նախ՝ Այսրկովկասի անկախացմանը՝ ի դեմս Այսրկովկասի Դաշնային Հանրապետության հռչակման, ապա վերջինիս մասնատմանը՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների ստեղծմամբ։ Միջէթնիկ լարվածության և ներազգային նախընտրությունների խորը տարբերություններն անհնար դարձրին Այսրկովկասի՝ որպես քաղաքական միասնական միավոր գոյատևման հնարավորությունը։ Սակայն եթե վրացական և հայկական պետությունների ստեղծումը վիճահարույց չէր նաև պատմական օրինակարգության տեսանկյունից, ապա խնդրահարույց է Արևելյան Այսրկովկասում Ադրբեջան անվամբ պետության ստեղծման և երկամյա գոյության հանգամանքը, որը պայմանականորեն կարելի է բաժանել երեք շրջափուլի՝ թուրքական վերահսկողության շրջան, անգլիական առաքելության վերահսկողության շրջան և ինքնակա գոյության փորձի շրջան։ Նման տարբաժանումը պատահական չէ և բխում է այն հարցադրումից, թե որքանով էին Ադրբեջանը և վերջինիս կառավարություններն իրապես անկախ իրենց գործողություններում։

Այս առումով մասնավորապես կարևոր է 1918 թ․ մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածը, երբ օսմանյան ռազմաքաղաքական վերնախավը փաստացի վերահսկողություն սահմանեց ոչ միայն օսմանյան բանակի կողմից գրավյալ տարածքների, այլև 1918 թ․ մայիսի 28-ին հռչակված Ադրբեջանի կառավարության վրա։ Այս ճակատում ռազմական գործողությունների նպատակակետը Բաքվի գրավումն էր, որից կախված էր ինչպես Օսմանյան կայսրության պանթյուրքիստական նպատակների իրացումը, այնպես էլ Ադրբեջանի հետագա գոյությունն առհասարակ, քանի որ Բաքվում հաստատված խորհրդային իշխանությունը երկրամասի խորհրդայնացման լուրջ սպառնալիք  կարող էր լինել, որի դեմ մուսավաթական զինված փոքրաթիվ ջոկատները հազիվ թե կարողանային պայքարել։ Հետևապես, անկախության առաջին ամիսներին Ադրբեջանի կառավարության ապագան կախված էր բացառապես Բաքվի գրավման հանգամանքից։ Սխալված չենք լինի, եթե նշենք, որ Ադրբեջանի գոյությունը բխում էր Աշխարհամարտում Օսմանյան կայսրության ռազմատակտիկական առաջնահերթություններից։

1918 թ․ սեպտեմբերի 15-ին Բաքվի գրավումով անվանական իշխանությունը անցավ Ֆ Խան Խոյսկու գլխավորած կառավարությանը, սակայն փաստացի իշխանությունը պատկանում էր Բաքվի գրավումը գլխավորած օսմանցի Նուրի փաշային։ Բաքվի գրավումը և երկրում երկիշխանության վերացումը տեղի ունեցավ ոչ թե խորհրդա-ադրբեջանական պայքարի շնորհիվ, այլ փաստացի՝ խորհրդա-թուրքական, որովհետև կռվող հիմնական ուժը օսմանյան բանակն էր, որին լոկ կցված էին կամ օժանդակում էին թաթարական (ադրբեջանական) փոքրաքանակ զինված ուժերը։ Բաքվի գրավումը ներադրբեջանական իրողություն չէր՝ քաղաքացիական պատերազմի պատկերով, այլ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում ընթացող պատերազմական գործողությունների տրամաբանության մեջ մտնող մի հանգույց՝ մի խումբ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնցից մեկն էր Ելիզավետպոլում գտնվող Ֆ․ Խան Խոյսկու կառավարությունը։ Շուտով Կովկասի հարցերով արտակարգ լիազորություններով Բաքու ուղարկվեց Ահմեդ Իզեթ փաշան, իսկ Բաքու քաղաքի պարետն էր օսմանյան բանակի սպա Նազըմ բեյը։ Թեև 1918 թ․ հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը Բաթումում նաև Ադրբեջանի հետ էր պայմանագիր կնքել, որով իրավական հիմնավորում էր տրվում Ադրբեջանի ենթադրյալ տարածքում օսմանյան բանակի գործողություններին, այնուհանդերձ Օսմանյան կառավարությունը այդպես էլ չվավերացրեց Բաթումի պայմանագիրը և չճանաչեց Ադրբեջանը որպես անկախ պետություն։

Աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտության պայմաններում, ըստ Մուդրոսի զինադադարով ձեռք բերված համաձայնության, Օսմանյան զորքերը դուրս էին բերվելու Բաքվից և Ադրբեջանի տարածքից, փոխարենը Բաքվում հաստատվելու էր անգլիական առաքելություն։ Ադրբեջանի կառավարության առջև ծառացավ մի նոր խնդիր՝ ինչպես և ինչպիսի հարաբերություններ հաստատել պատերազմում հաղթանակած Անտանտի երկրների հետ (մասնավորապես՝ Անգլիայի), որոնք չէին ճանաչում խորհրդային իշխանությունը և շարունակում էին «դաշնակցել» ոչ խորհրդային Ռուսաստանի հետ՝ չճանաչելով Այսրկովկասի անջատումը վերջինից։ Մեկ օրում շրջելով իր կողմնորոշումը՝ մուսավաթական կառավարությունը շտապեց Էնզելի, որտեղ գտնվում էր անգլիական զորքի կենտրոնը։ Գեներալ Թոմսոնի գլխավորությամբ Բաքվում հաստատվեց անգլիական գեներալ-նահանգապետություն, որը չէր ճանաչում Ադրբեջանի անկախությունը։ Բայց արդյո՞ք Անգլիայի քաղաքական նպատակների շրջանակներում Բաքվի օկուպացիան լոկ այն Ռուսաստանին հանձնելու համար էր։ Միամտություն է կարծել, թե Ադրբեջանի անկախության ճանաչման միակ խոչընդոտը Ռուսաստանի հետ նախկին դաշնակցությունն էր և նրան օգնելու բարի կամքը։ Անգլիան նպատակ ուներ Այսրկովկասը վերածել բուֆերային գոտու Ռուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև՝ սեփական ազդեցության ներքո։ Իսկ Ադրբեջանի անկախության դե ֆակտո ճանաչումը, որը տեղի ունեցավ միայն 1920 թ․ հունվարին, բխում էր բացառապես քաղաքացիական պատերազմում բոլշևիկների մոտալուտ հաղթանակի հեռանկարից, որից բխում էր Այսրկովկասի խորհրդայնացման անմիջական վտանգը։

Բաքվից անգլիական զորքի հեռանալուց հետո սկսվեց Ադրբեջանի ինքնուրույն գոյության փորձի շրջանը, երբ պետության գործառնությունը կախված չէր ո՛չ թուրքական, ո՛չ էլ անգլիական հովանավորությունից։ Սակայն երկրի ներսում սոցիալ-տնտեսական բարդ դրությունը, հարևան երկրների հետ խնդրահարույց և ոչ բարեկամական հարաբերությունները, բանակի և ազգային կառույցների կազմավորման գործում լուրջ բարդությունները թույլ չտվեցին էական դիմադրություն ցույց տալ խորհրդային Ռուսաստանին, որի օրակարգում 1920 թ․ գարնանը Ադրբեջանի խորհրդայնացումն էր։

Ամփոփելով Այսրկովկասում ռուսական հեղափոխությունների հետևանքների և Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման ու գոյության պայմանների քննությունը՝ կարելի է հստակ նկատել, որ դրանք կապված էին գերազանցապես արտաքին ազդեցությունների հետ։ Քննարկված գործոնների պարագայում կարելի՞ է արդյոք պնդել, որ Ադրբեջանը հնարավորություն ուներ՝ դրսևորելու իրական սուվերենիտետ և վարելու ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Առավել ճշմարտանման է այն ձևակերպումը, որ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումը և հարաբերականորեն «ինքնուրույն գոյությունը» մտնում էր հզոր պետությունների ծրագրերի մեջ, մասնավորապես այն պարագայում, որ մինչև 1917 թ․ հեղափոխական իրադարձությունները Արևելյան Այսրկովկասի մուսուլմանական քաղաքական հոսանքներից և ոչ մեկի ծրագիրն ու գաղափարախոսությունը չէր ենթադրում անկախ պետության ստեղծում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում