2026
2024-03-07
Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, որում երևում է՝ Ադրբեջանը Ստեփանակերտում ոչնչացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը, որը գտնվում է Վերածնունդի հրապարակում։
Վերջին ավելի քան երեք տարիներին հարյուրավոր փաստեր ու վկայություններ կան Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, աղավաղման և յուրացման փորձերի վերաբերյալ։
Այժմ հերթը հասել է խորհրդարանի և Ազատամարտիկների միության շենքերին, որոնք հիմնահատակ քանդվում են։
Հարկ է նշել, որ հայկականության ժառանգության և հետքի ոչնչացումից բացի Արցախի խորհրդարանի շենքի քանդումը նաև ժողովրդավարության խորհրդանիշի ոչնչացում է, վրեժխնդրության դրսևորում։
1988 թ․ փետրվարի 20-ին ժողովրդի ներկայացուցիչները ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում կայացրին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու պահանջով պատմական որոշումը։ 1991 թ․ դեկտեմբերի 28-ին կայացան Արցախի Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները։
Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմինը՝ խորհրդարանը, մշտապես ընտրվել է մրցակցային ընտրությունների միջոցով։ Պատահական չէր, որ ժողովրդավարության միջազգային վարկանիշերում, որոնցում ներառված էր նաև Արցախը, այն մշտապես զգալի առաջ է եղել Ադրբեջանից։
Ադրբեջանն իր քայլն արդարացնում է այն բանով, որ իբր իրավունք ունի քանդելու «օկուպանտական» կառույցները, իսկ խորհրդարանի շենքը ճարտարապետական ոչ մի արժեք չի ներկայացնում։
Մինչդեռ ոչնչացման գործողությունը խորհրդանշական հարված է ժողովրդավարությունը մարմնավորող օբյեկտին՝ հասցված ագրեսիվ ավտորիտարիզմի կողմից։ Այժմ, երբ ժողովրդավարական հասարակություններում տագնապ է հնչեցվում աշխարհում ժողովրդավարության նահանջի, ժողովրդավարության նկատմամբ ոտնձգությունների և ավտորիտար շրջադարձի միտումների մասին, Արցախի խորհրդարանի շենքի ոչնչացումը այդ միտման ցցուն դրսևորում է և պետք է համապատասխան արձագանքի արժանանա։