2026
2024-03-06
1947-1950 թթ․ սկսվեց ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայկական ԽՍՀ-ից դեպի Ադրբեջանական ԽՍՀ։ Այսօր ադրբեջանցի պատմագիրներն այդ միգրացիոն գործընթացը որակում են բռնի տեղահանություն, այնինչ իրականության մեջ փաստերն այլ բան են ապացուցում․
այդ երևույթը կամավոր վերաբնակեցում էր,
կամավոր վերաբնակեցման առաջարկը եղել է Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Մ․ Ջ․ Բաղիրովի կողմից։
Խորհրդային Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Գ․ Հարությունյանը 1945 թ․ նոյեմբերի 14-ին նամակով դիմում է Ստալինին՝ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանին վերամիավորելու խնդրանքով, քանի որ սփյուռքից մեծ ներգաղթ էր լինելու և հայրենադարձների համար անհրաժեշտ էր լինելու տուն և հող, իսկ Խորհրդային Հայաստանը փոքր էր մեծ ներգաղթի ծրագիրն իրականություն դարձնելու համար։
Ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու համար Մոսկվա են հրավիրվում Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի ղեկավարները։ Մոսկվայում Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Բաղիրովը չի համաձայնվում Ղարաբաղի և Նախիջևանի վերամիավորմանը Հայաստանին և որպես հարցի լուծում առաջարկում է․ «Ես Հայաստանից կտանեմ 120․000 ադրբեջանցի, դուք ընդունեք ձեր 100․000 հային»։ Եվ քանի որ այդ ժամանակ Ադրբեջանի բամբակագործական շրջաններում բանվորական ուժի պակաս կար, որոշվեց, որ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիները կվերաբնակեցվեն հենց այդ շրջաններում։ Այս գործընթացը խորհրդային երկու հանրապետությունների համար էլ շահեկան էր․ Խորհրդային Ադրբեջանի բամբակագործական շրջանում ավելանում էր բնակչությունը, հետևաբար նաև կաճեր բամբակի արտադրությունը, իսկ Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիների հեռանալու արդյունքում ազատվող կացարաններն ու հողատարածությունները կարելի կլիներ օգտագործել Հայաստան ժամանող սփյուռքահայությանը տեղավորելու համար։
Այսպիսով, ադրբեջանցիների վերաբնակեցումը կրում էր խիստ կամավորական բնույթ։ Վերաբնակեցման մանրամասները սահմանվել են ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի թիվ 754 որոշմամբ, որի համաձայն՝ վերաբնակիչներին պետք է հատկացվեր իրենց կոլտնտեսության շարժական գույքի մի մասը և ապահովվեր դրանց անվճար փոխադրումը բնակության նոր վայր։ Հայաստանի տարածքում մնացած շարժական գույքի արժեքը պետք է վճարվեր ադրբեջանցիների նոր բնակեցման վայրի կոլտնտեսություններին։ Վերաբնակիչներին տրամադրվել են որոշակի արտոնություններ, ինչպես նաև անվերադարձ դրամական նպաստներ՝ յուրաքանչյուր ընտանիքի համար 1000 ռուբլի և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 300 ռուբլի: Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը պարտավորվել է օգնություն տրամադրել հեռացողներին իրենց տների վաճառքի հարցում։
Նախատեսված էր մոտ 100 հազար մարդ երեք փուլով վերաբնակեցնել Ադրբեջանական ԽՍՀ Կուր-Արաքսի հարթավայրում, որից 1948 թվականին՝ 10 հազար, 1949 թվականին՝ 40 հազար, 1950 թվականին՝ 50 հազար։ Սակայն նախատեսված հարյուր հազարից միայն 53 հազար մարդ է վերաբնակեցվել Կուր-Արաքսի հարթավայրում։
Բացի այդ, կան տեղեկություններ, որ վերաբնակիչները 1949 թ․ վերջից զանգվածաբար վերադարձել են նորից իրենց նախկին բնակավայրեր՝ այն է Հայկական ԽՍՀ՝ ստեղծելով բազմաթիվ խնդիրներ Խորհրդային Հայաստանի կառավարության համար։
Այսօր Ադրբեջանում չեն խոսում, որ Խորհրդային Հայաստանից հեռացածներից շատերը նորից վերադարձել են Հայաստան։ Ադրբեջանցիների Խորհրդային Հայաստան վերադարձի մասին գրել է նաև Լոուրենս Բրոերսը «Հայաստան և Ադրբեջան. մրցակցության անատոմիա» աշխատությունում։ Ադրբեջանցիների վերադարձի մասին ապացույցներից մեկն էլ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր վերաբնակեցման վարչություն 1950 թ․ նոյեմբերի 20-ի նամակն է, որն ուղղված էր Հանրապետության Կոմկուսի Կենտկոմի քարտուղարին ու Մինիստրների խորհրդի նախագահին։ Նամակում նշվում էր, որ տեղի է ունենում Քուր-արաքսյան ցածրավայրի վերաբնակեցվածների ինքնակամ զանգվածային վերադարձ դեպի Հայաստանի շրջաններ։ Պատճառները տարբեր էին՝ կլիմայական անբարենպաստ պայմանները, բնակության նոր վայրերում պատշաճ ուշադրություն չի դարձվել նրանց տնտեսական կարգավորմանն ու ամրապնդմանը։ Ընդ որում, վերադարձողները գալիս էին առանց որևէ միջոցի։ 1952 թ․ հունվարի 1-ի դրությամբ Հայաստան է ետ վերադրաձել մոտ 500 ադրբեջանցի ընտանիք։
Ուշագրավ է, որ Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհուրդը, հաշվի չառնելով, որ բնակչության որոշ հատված հետ է վերադառնում, նորից է դիմում Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանից 3800 տնտեսություն տեղափոխելու միջնորդությամբ։ Հայկական կողմը համաձայնություն չի տալիս՝ նշելով, որ ադրբեջանցի քիչ ընտանիքներ են ցանկություն հայտնել վերաբնակվել և բացի այդ, վերաբնակեցվածներից ավելի քան 500 տնտեսություն վերադարձել է Հայաստան։
Այս աղաղակող փաստերն անկյունում թողնելով՝ այսօր ադրբեջանցիները պնդում են, որ այդ իրադարձությունները Խորհրդային Հայաստանի կողմից կազմակերպված բռնարարք էր, տեղահանություն։ Մինչդեռ անգամ խորհրդային ադրբեջանցի հեղինակներ Մ. Ալլահվերդիևի և Ա. Ալեսգարովի գնահատմամբ՝ վերաբնակեցման պատճառը Կուր-Արաքսի հարթավայրում ոռոգելի հողատարածքների զգալի ընդլայնումն էր և նոր աշխատուժի կարիքը։