2025
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի, Ժամանակավոր կառավարության, ինչպես նաև այդ նոր պայմաններում Հայկական հարցի լուծման ճանապարհին կուսակցությունների դիրքորոշման մասին Գեղարդ հիմնադրամը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանի հետ։ Բոլշևիկյան հեղաշրջումից հետո Ստեփան Շահումյանն անմիջապես նախաձեռնում է Անդրկովկասի խորհրդայնացման ծրագիրը։ Մելիքյանի դիտարկմամբ՝ Շահումյանի ծրագիրը տվյալ ժամանակահատվածում ուներ ազգային ուղղվածություն, քանի որ կար Արևմտյան Հայաստանի խնդիրը, իսկ Շահումյանի ծրագրի մեջ էր մտնում նաև Արևմտյան Հայաստանի խորհրդայնացումը։ Մելիքյանը հավելում է, որ Շահումյանի ազգային ծրագրի շուրջ սկզբում համախմբված են եղել գրեթե բոլոր կուսակցություններն ու նշանավոր անհատները, սակայն հետագայում կուսակցություններից յուրաքանչյուրն այլ մոտեցում է ցուցաբերել ծրագրի նկատմամբ։
-Ի՞նչ իրավիճակ էր ստեղծվել Հայաստանում 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո։ Արդյո՞ք Հայաստանում և, առհասարակ, Անդրկովկասում խանդավառությամբ ընդունեցին հեղափոխության գաղափարը։
- Փետրվարյան հեղափոխությունը ջերմորեն ընդունվեց Անդրկովկասում, որովհետև տասնյակ տարիներ, հատկապես կուսակցությունները, որոնք գործում էին անլեգալ պայմաններում, ի վերջո ազատություն ստացան։ Ռուսաստանում հռչակվեցին դեմոկրատական ազատություններ՝ խոսքի, մամուլի, հանրահավաքների, խղճի, և դա հնարավորություն տվեց շատ կարճ ժամանամիջոցում ակտիվ, աննախադեպ հասարակական կյանքի վերելքի։ Կուսակցությունները ընդհատակից դուրս եկան, հրավիրվեցին տասնյակ համագումարներ՝ սկսած աշակերտական, ուսանողական, ուսուցչական, կովկասյան բանակի, գյուղացիական։ Իր նշանակությամբ բացառիկ էր Էջմիածնի եկեղեցական համագումարը, որն առաջին ու վերջինն էր՝ որպես այդպիսին։
Ինչպես գիտեք, Մայր Աթոռը առաջնորդվում էր Սինոդի որոշումներով, և այս անգամ հենց դեմոկրատական հեղափոխության ազատությունների ալիքի վրա հրավիրվեց համագումար։ Փետրվարյան հեղափոխության գլխավոր արդյունքը հայ իրականության համար երկու ազգային խորհուրդների ձևավորումն էր և ազգային զորամասերի ստեղծումը։ Ի տարբերություն մյուս ծայրագավառների՝ հայ իրականության մեջ ձևավորվեցին երկու ազգային խորհուրդներ՝ արևմտահայ և արևելահայ, ինչը բացատրվում էր ճակատագրով երկատված Հայաստանի հանգամանքով։ Եվ պարզ է, որ Ռուսական նախկին կայսրության տարբեր շրջաններում նմանատիպ խորհուրդներ ստեղծվեցին, բայց մեր ազգային խորհուրդների նշանակությունն այն է, որ դրանք, փաստորեն, պատրաստի հիմք հանդիսացան ապագա հանրապետության քաղաքական դաշտի ձևավորման համար։ Գաղտնիք չէ, որ դրանց հիմքի վրա ձևավորվեցին Հայաստանի կառավարությունը և Ազգային խորհուրդը (խմբ․՝ նկատի ունի օրենսդիր մարմին հանդիսացող Հայաստանի խորհուրդը)։
Ազգային զորամասերի ստեղծումը նույնպես շատ հետաքրքիր էր, որովհետև Ժամանակավոր կառավարությունը հենվում էր հենց կովկասյան ռազմաճակատում հայկական զորամասերի աջակցության վրա, քանի որ, պարզ է, որ հենց հայերը պետք է պաշտպանեին իրենց հայրենիքն արդեն իսկ դասալքվող, կազմալուծվող ճակատի պայմաններում։ Ավելացնեմ, որ մուսուլմանական գնդեր այդպես էլ չստեղծվեցին, վրացական գնդերը շատ թույլ էին և հենց կովկասյան բանակի գեներալներն էին զեկուցում Ժամանակավոր կառավարությանը, որ ճակատում ամենամարտունակ ու ամենավստահելի ուժը հայերն են և իրենց խմբերը։ Այդ զորամասերի հիմքի վրա (ի դեպ, գործը նախաձեռնվեց 1917 թ. մայիսից) բոլշևիկյան հեղաշրջումից հետո 1917 թ.-ի դեկտեմբերին արդեն ձևավորվեց Հայկական կորպուսը։ Մի խոսքով՝ պետականության հիմքերի վրա մենք ունեինք պատրաստի միջուկներ՝ ազգային կազմակերպություն և ազգային զորամասեր, որոնք այդ անցումը կարողացան շատ հեշտ ապահովել։
- Պարո՛ն Մելիքյան, բոլշևիկյան իշխանությանը այլընտրանք կա՞ր, թե՝ ոչ։
- Իշխանության այլընտրանքի հարցը 1917-1918 թթ թերևս Անդրկովկասում ամենակենտրոնական խնդիրն էր։ Փետրվարյան հեղափոխության այդ 8 ամիսների ընթացքում (խմբ՝ նկատի ունի 1917 թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո մինչև Բոլշևիկյան հեղաշրջում ընկած ութ ամիսները) այդպիսի խնդիր չկար։ Երեք ժողովուրդներն էլ՝ հայերը, վրացիները և Կովկասի թաթարներ, պատրաստ էին այդ ժողովրդավարական-դեմոկրատական Ռուսաստանի Դաշնային Հանրապետության կազմում շարունակել իրենց ազգային կեցությունը։ Իրադրությունը կտրուկ փոխվեց Բոլշևիկյան հեղաշրջումից հետո, երբ Անդրկովկասյան կոմիսարիատը այլևս չընդունեց խորհրդային իշխանությունը, և սկսվեց երկրամասը Ռուսաստանից անջատելու գործընթացը՝ մի քանի փուլերով։ Առաջամարտիկներն այդ գործում վրաց մենշևիկներն էին, որոնց համար ոչ մի նշանակություն չուներ, թե ինչպիսի բնույթ ունի Ռուսաստանը՝ ցարական, ժամանակավոր դեմոկրատական կառավարություն էր, թե, ասենք, միապետություն։
Դա հարմար առիթ էր, որպեսզի Վրաստանը մեկընդմիշտ պոկվի իր համար ատելի Ռուսաստանից, որի սկիզբը դրվել էր դեռևս 1783 թվականին՝ Գեորգիևյան պայմանագրի խախտումով, երբ Ռուսաստանը 1801թ․ փաստորեն անեքսիայի ենթարկեց՝ գրավեց Արևելյան Վրաստանը, և վերջ տվեց Քարթլի-Կախեթի, այսինքն՝ վրացական թագավորությանը։ Հայերը պետականություն չունեին և ջերմորեն ընդունեցին այդ միավորումը, որն իներցիայով շարունակվում է նաև այժմ՝ 1917թ Բոլշևիկյան հեղաշրջումից հետո։ Ինչու՞, որովհետև, ի տարբերություն մեր հարևանների, մենք ունեինք Արևմտյան Հայաստանի խնդիր։
Որքան էլ որ այդ բանակը (խմբ․՝ նկատի ունի ռուսական կովկասյան բանակը) դասալքում էր, բայց Կովկասյան ռազմաճակատում դեռևս կանգնած էին ռուսական զորամասեր, այժմ՝ արդեն բոլշևիկ դարձած։ Եվ ահա դեռևս Փետրվարյան հեղափոխության իրականության մեջ 1917թ․ մարտին Բաքվում ստեղծվեց խորհրդային իշխանության մարմին՝ Բաքվի խորհուրդը, որտեղ գերակշռում էին առայժմ էսէռները և մենշևիկները, սակայն նախագահը բոլշևիկ-մարքսիստ Ստեփան Շահումյանն էր, որն անմիջապես՝ հեղաշրջումից հետո, նախաձեռնեց Անդրկովկասի խորհրդայնացման ծրագիրը։
Սա շատ բարդ և հակասական հարց է՝ և՛ գիտական, և՛ քաղաքական առումով, որովհետև եթե միանշանակ դիտարկենք Շահումյանին՝ որպես մարքսիստ-բոլշևիկ՝ Լենինի աջ թևը Կովկասում, ապա պարզ է, որ այդ՝ Անդրկովկասի խորհրդայնացման գործընթացը խորթ, նույնիսկ՝ թշնամական երևույթ էր Անդրկովկասի կուսակցությունների հանրության համար։ Սակայն իրադարձությունները և դեպքերի ընթացքը միանգամայն պարզորոշ վկայում են, որ Շահումյանի ծրագիրն ուներ ազգային ուղղվածություն՝ կոնկրետ այս ժամանակահատվածում։
Փորձեմ հիմնավորել ասածս։ Առաջին հեթին Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումից հետո, որը չճանաչեց Խորհրդային Ռուսաստանը, և դրանով սեպ խրեց նաև երկու Հայաստանների միջև՝ Արևելյան և Արևմտյան։ Վտանգվում էր Արևմտյան Հայաստանի կարգավիճակը, մանավանդ որ, արդեն ցարական Ռուսաստանի բացակայության պայմաններում սպասվում էր թուրքական նոր արշավանք դեպի Անդրկովկաս, որը վերջ կտար երկրամասի՝ թերևս անկայուն, բայց ինքնուրույն կարգավիճակին։
Ժամանակավոր կառավարությունը ստեղծել էր Արևմտյան Հայաստանի գեներալ-կոմիսարություն, որը ցարականից տարբերվում էր նրանով, որ այստեղ ռազմաքաղաքացիական իշխանություն էր ստեղծվել։ Դարձյալ ռուս գեներալ Ավերյանովը ուներ քաղաքացիական գծով տեղակալ՝ հայազգի դաշնակցական Հակոբ Զավրյանը։ Այսինքն՝ հույս կար, որ Արևմտյան Հայաստանը ինքնավարություն կստանա։ Բայց միևնույն ժամանակ սա կապվում է հենց իշխանության հիմնահարցի հետ։ Ունենալով մենշևիկների և մուսավաթականների նման հարևաններ նույն կառավարության կազմում, այդ ծրագիրը հնարավոր չէր իրականացնել։
Դեռևս Փետրվարյան հեղափոխության ժամանակ Ժորդանիան, մյուս մենշևիկ առաջնորդները բացահայտ հայտարարում էին մեր գործիչներին, որ, միևնույն է, Արևմտյան Հայաստանը անցնելու է Թուրքիային, կարիք չկա այնտեղ ֆինանսներ և միջոցներ ծախսել։ Այսինքն՝ քաղաքական առումով նրանք պատրաստ էին հանձնել Արևմտյան Հայաստանը Թուրքիային` իրենց ազգային շահերը առաջ տանելու նպատակով։
Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել Բաքվի նահանգում և Բաքվում, որ հայությունը, որ դեռևս 19-րդ դարի վերջից հսկայան ֆինանսական, սոցիալ-տնտեսական, մշակութային ներուժ էր ներկայացնում այդտեղ, այժմ այդ խնդիրը իներցիայով շարունակվում էր։ Այսինքն՝ Բաքվի, Թիֆլիսի, կարելի է ասել տերերը, քաղաքական, մշակութային և հատկապես տնտեսական, ֆինանսական առումով հայ ձեռնարկատեր-նավթարդյունաբերողներն էին։
Հիմա՝ ժողովրդավարության պայմաններում, որքան էլ դա տարօրինակ է, բայց յուրաքանչյուրը՝ թե՛ վրացիները՝ Թիֆլիսում, թե՛ թաթարները՝ Բաքվում, ուզում են իրենց դիրքերն ամրապնդել։ Առավել ևս թաթարները, որոնք արդեն 1917թ․ ամռանից, երբ Մոսկվայի և Կազանի մուսուլմանական առաջին համագումարներում հնչեց «Ադրբեջան» եզրույթը, պատրաստվում էին այստեղ ձևավորել մուսուլմանական պետություն և Բաքուն վերածել այդ պետության մայրաքաղաքի։ Ավելացնեմ, որ 1917թ մարդահամարի տվյալներով Բաքվում թաթարների թիվը կազմում էր ընդամենը 9000-10000 բնակիչ։ Հայերը 25000 էին, ռուսները՝ 29000 և այդպես շարունակ։ Որպեսզի հայկական գործոնի դերը ամրապնդվեր և ավելի ուժեղանար, միակ ելքը, մեր խորին համոզմամբ, հենց Շահումյանի ծրագրի, այսինքն՝ խորհրդայնացման առաջարկն էր։ Բաքվում կենտրոնացել էր մոտավորպես 25000 հայկական զինուժ։
- Այսինքն, երբ որ ասում ենք խորհրդայնացվելու էր, Արևմտյան Հայաստանի գավառնե՞րն էլ հետը միասին պետք է խորհրդայնացվեին։
- Հիմա գալիս եմ դրան․ հետաքրքիր հանգամանք նշեմ, որ Շահումյանի ծրագրի իրականացմանը լծվել էին հայ քաղաքական դաշտի՝ միանգամայն տարբեր բևեռներում կանգնած անձնավորություններ։ Սա էլ է հիմնավորում նրա ծրագրի, պլանի ազգային բնույթը։ Նրա հետ տեղում համագործակցում են Դաշնակցություն կուսակցությունը՝ հիմնադիր Ռոստոմի գլխավորությամբ։
Բաքվում էր արդեն գեներալ Հակոբ Բագրատունին։ Որպեսզի հասկանալի լինի մեր հանրությանը, թե ով է Բագրատունին, նշեմ, որ 1917թ սեպտեմբերին Կերենսկու հրամանով Բագրատունին նշանակվել էր Պետրոգրադի ռազմական օկրուգի պարետ՝ սպասվող բոլշևիկյան հեղաշրջումը ճնշելու նպատակով։ Բոլշևիկյան հեղաշրջման հաջողությունից հետո, պարզ էր, որ ցարական գեներալ Հակոբ Բագրատունին այլևս չէր կարող այնտեղ մնալ, և նա ապաստան է գտնում Բաքվում՝ Բաքվի խորհրդի տանիքի տակ՝ Ստեփան Շահումյանի կողքին։ Այսինքն՝ Բոլշևիկյան հեղափոխությունը ճնշող անձնավորությունը հիմա համագործակցում է Կովկասի թիվ մեկ բոլշևիկ Շահումյանի հետ՝ հասկանալով, որ նրա՝ այդ պահին Անդրկովկասի խորհրդայնացման ծրագիրը հայամետ քաղաքականություն է։
Միևնույն ժամանակ նրա հետ համագործակցում էր Արամ Մանուկյանը (Երևանից հեռախոսային կապի մեջ էր), և բազմաթիվ այլ ազգային գործիչներ։ Թիֆլիսում սկսվեցին գաղտնի խորհրդակցություններ Դանուշ Շահվերդյանի բնակարանում, որը նույնպես բոլշևիկ էր, և որոշեց այդ ծրագիրն իրականացնել։ Այսինքն՝ դրա հիմքը ո՞րն էր, որ հնարավորություն կտար այն իրականացնել, որովհետև կան նաև կարծքիներ, որ դա հնարավոր չէր։ Միանգամայն հնարավոր էր։ Հիմա ես դա էլ կհիմնավորեմ։ Բաքվում կենտրոնացված էր շուրջ 25000 հայկական զինուժ՝ Բաքվի խորհրդի ենթակա զինուժը՝ գումարած դաշնակցության ենթակա ազգային զորամասերը՝ Համազասպի, Եղիշե Պահլավունու, նաև ցարական գեներալներ՝ Հովսեփյանի, Վահրամովի և այլոց հրամանատարությամբ։
Բացի այդ՝ Բագրատունին, Պետրոգրադից Բաքու ժամանելով, իր հետ այդ ամբողջ ճանապարհին Ռուսաստանի տարբեր քաղաքներից, հայկական համայնքներից, արևմտյան ու թուրքական ճակատներից դասալքված հայ զինվորներին բոլորին կենտրոնացրեց Բաքվում՝ հենց այդ ծրագիրը իրականացնելու համար։ Եվ դա զինված ուժ էր, որից սարսափում էին ոչ միայն վրաց մենշևիկները, այլև՝ Բաքվի թաթարները։ Գլխավոր առաջնային խնդիրը որն էր, նախ՝ ճնշել Անդրկովկասյան երկաթուղու երկայնքով սկսված հակառուսական, հակահայկական բռնությունները։ Մի փոքր դա բացատրեմ, որպեսզի պարզ լինի։ 1917թ Բոլշևիկյան հեղաշրջումից հետո այսպես ասած ապագա Ադրբեջանի, այսինքն՝ Արևելյան Անդրկովկասի տարածքում սկսեցին սոցիալական լուրջ ընդվզումներ։
Թաթարները զինված պայքար սկսեցին իրենց կալվածատերերի դեմ՝ օգտվելով հեղաշրջման լոզունգներից (հողը՝ գյուղացիներին և այլն)։ Դրանք աստիճանաբար վերածվեցին տեղի բնակչության դեմ ազգային պայքարի։ Այսինքն` սկզբում եղան հրեական ջարդեր, հետո, քանի որ կային տասնյակ գերմանական գյուղեր, սկսվեցին գերմանացիների դեմ հալածանքներ, հետո վերածվեցին հակառուսական ու հակահայկական ելույթների։ Նախաձեռնությունը պատկանում էր դարձյալ վրաց մենշևիկներին, որոնք հիմնավորում էին այդ ելույթները նրանով, որ Կովկասյան ճակատից փախչող, դավաճան ռուսական զորքը իր հետ տանում էր նաև զենքը և զինամթերքը։ Այսինքն՝ պահանջում էին, որպեսզի այդ զինամթերքը թողնեն Կովկասում, որպեսզի իրենք ապագայում կարողանային դիմագրավել թուրքական սպասվող արշավանքին։ Պարզ էր, որ այդ հարցում ամենաշատը շահագրգռված էին հայկական ուժերը՝ Դաշնակցությունը։ Ասեմ, որ Դաշնակցությունը լռելյայն համաձայնում էր այդ գործողություններին, սակայն մասնակցություն չի ունեցել։ Սա փաստ է։
Ռուսական խաղաղ, անզեն զինվորների կոտորածները իրականացրել են թաթարական ավազակախմբերը՝ տասնյակ երկաթուղային կայարաններում։ Ամենասոսկալի՝ գագաթնակետը այդ երևույթների՝ Շամխորի կայարանում 1918թ հունվարի 9-ին տեղի ունեցած ջարդն էր, երբ զոհվեցին անմեղ, անզեն 2000-ից ավել ռուս զինվորներ։ Այս երևույթը ավելի էր սրում Խորհրդային իշխանության կենտրոնի և Անդկովկասյան կոմիսարիատի իշխանության միջև հարաբերությունները։ Այսինքն՝ դրանք վերածվում էին բացահայտ թշնամական հարաբերությունների։ Եվ միակ ելքը այս հանգամանքներում դարձյալ Անդրկովկասի խորհրդայնացումն էր՝ հայամետ այդ քաղաքականությունը։
Երկրորդ հատվածը․ այս բռնությունները ճնշելուց հետո Շահումյանը ծրագրում էր այդ զինուժը տեղափոխել Երևանի նահանգ, ճնշել այստեղ արդեն սկսված էլի հակահայկական խռովությունները, որոնք հիմք էին նախապատրաստում թուրքական արշավանքի համար։ Այնուհետև այդ զինուժը ուղղել Արևմտյան Հայաստան՝ Կովկասյան ճակատ, և այնտեղի բոլշևիկացած զորամասերի հետ միասին, փատորեն, պահպանել Արևմտյան Հայաստանը՝ ապագա Ռուսաստանի, թեկուզև՝ Խորհրդային Ռուսաստանի կազմում։
- Պարո՛ն Մելիքյան, ճի՞շտ եմ հասկանում, որ, եթե իրագործվեր Շահումյանի ծրագիրը, ապա Արևմտյան Հայաստանի երեք շրջանները և Արևելյան Հայաստանը միասին կլինեին Խորհրդային Ռուսաստանի կազմում (ճիշտ է՝ անկախ չէին լինի, անկախ պետություն չէինք ունենա, բայց կունենայինք ամբողջական Հայաստան):
- Այո՛, միանգամայն ճիշտ է։ Իհարկե, այն ժամանակ՝ հատկապես 1917թ նոյեմբեր և 1918թ հունվար-փետրվար ամիսներին, հայկական քաղաքական կուսակցությունները, մասնավորապես՝ ամենաազդեցիկ Դաշնակցություն կուսակցությունը, անկախության խնդիր չէր բարձրացնում՝ ի տարբերություն վրաց մենշևիկների, որոնք Բոլշևիկյան հեղաշրջումից հետո հետևողական գնում էին այդ քաղաքականության իրականացմանը։
Օրինակ՝ 1917թ նոյեմբերին միայն, երբ Թիֆլիսում ձևավորվեց վրաց ազգային խորհուրդը, շատ ուշացած, համագումարի դահլիճում արդեն ծածնվում էին վրացական ազգային դրոշները։ Մեր քաղաքական դաշտում այդ կարծիքը երբեք չի հնչել․ կա ընդամենը Խատիսյանի մի մասնավոր զրույցի ժամանակ արված արտահայտություն, երբ նա իր գործընկերներին ասում է, որ Փետրվարյան հեղափոխությունից հետո, պարզ է, որ գնում ենք դեպի անկախություն, բայց ծրագրային իմաստով այս խնդիրը երբեք չի ակտիվացվել։ Այսինքն՝ ունենալով Արևմտյան Հայաստան՝ Դաշնակցությունը չէր կարող կտրուկ պոկվել Ռուսաստանից, որը գրավել և առայժմ պաշտպանում էր այդ Արևմտյան Հայաստանը։
- Իսկ թաթարները ունեի՞ն անկախություն ունենալու ձգտում։
- Ո՛չ, մինչև վերջին օրը՝ մայիսի 27-ը, թաթարական միջավայրում անգամ ազգային խորհուրդ չէր ձևավորվել։ Այն ձևավորվեց թուրքական հրամանատարության հորդորով և խորհրդով՝ մայիսի 27-ին, որպեսզի հաջորդ օրը թաթարները հայտարարեն, հռչակեն իրենց անկախությունը՝ մայիսի 28-ին։
Նշեմ, որ Բաթումի բանակցությունների վերջին փուլում՝ մայիսի 11-ից սկսած, անկախ Հայաստան ստեղծելու գաղափար ընդհանրապես չէր քննարկվում։ Կովկասում լինելու էին Վրաստան և Ադրբեջան։ Եվ միայն Մայիսյան հերոսամարտերից հետո՝ հատկապես, անգամ Ղարաքիլիսայի պարտությունից հետո, բայց հաղթական՝ կարելի է ասել դիմադրությունից հետո, թուրքական հրամանատարությունը հատկապես հայերի հանդեպ լոյալ, չափավոր թևը Վեհիբ փաշայի գլխավորությամբ, համաձայնեցին, որ կարող է ստեղծվել այդ հանրապետությունը։
Մի բան էլ բացահայտեմ, որ հանրապետության ձևավորումից հետո անգամ, երբ քննարկումները դեռ շարունակվում էին և, ի դեպ ասեմ, թուրքական բանակը մինչև 1918թ․ օգոստոս դեռ Հայաստանում էր, Խալիլ բեյը օրինակ՝ մեր գործիչներին ասում էր, որ շատ չոգևորվեք, որովհետև դա ստեղծում ենք ընդամենը 10 տարով։ Երևի գիտական առումով տեղին չէ, բայց մեկ անգամ մեր բախտը բերեց, որովհետև Քառյակ դաշինքը և Թուրքիան՝ Օսմանյան կայսրությունը, Համաշխարհային պատերազմում պարտություն կրեցին։ Այսինքն՝ Բաքուն սեպտեմբերին գրավելուց հետո թուրքերը անպայման վերադառնալու էին և վերջ տային նաև այդ 12000 քառակուսի կմ տարածք ունեցող Հայաստանին։
Այս առումով՝ Շահումյանի ծրագիրը ևս շատ կարևոր էր։ Եվ վերջին՝ կուլմինացիոն պահը ես չընդգծեցի։ Նախ բացառիկ էր քաղաքական տարբեր բևեռներում մեր գործիչների և ուժերի համագործակցությունը։ Այդպիսի երևույթ երբեք չի եղել և դժվարանում եմ ասել, որ մոտ ապագայում կլինի, բայց պատմության դասը հենց դա է թելադրում, որ ազգային շահի համար պետք է միավորվեն բոլոր ուժերը, այն, ինչ արեցին վրաց մենշևիկները։ Լինելով սոցիալիստներ՝ նրանք անընդհատ առաջ էին տանում ազգային գիծը՝ իրենց քաղաքականության մեջ։
Մեր կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը, հավատալով Փետրվարյան հեղափոխության այդ ժողովրդավարական արժեքներին և հավատարիմ մնալով դրանց, կարելի է ասել, գերի մնաց այդ արժեքներին, ինչը թաթարներն ու մենշևիկները չէին իրականացնում։ Եվ շարունակում էին հատկապես այն կարգախոսը, որ Կովկասի երեք ազգերը պետք է համերաշխ, ժողովրդավարական սկզբունքներով շարունակեն իրենց ճանապարհը։ Բայց ստացվեց, որ նրանք այդ արանքում կարողացան իրենց խնդիրները հիմնականում լուծել։
- Եվ մենք մնացինք ձեռնունայն, ինչպես միշտ։
- Այո՛, հայկական պատմական տարածքների հաշվին ձևավորեցին իրենց պետությունները՝ Վրաստան և Ադրբեջան։ Ի դեպ, ասեմ, որ ի տարբերություն նրանց անկախությունների հռչակման, Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ հռչակագիր չընդունեց։ Մենք չունեցանք դեկլարացիա։ Նրանք ունեցան։ Մերը ուներ կոչի բնույթ և շատ անորոշ էր։
Վրաստանը հստակ տարածք էր նշում հռչակագրում։ Ադրբեջանը նշում էր, որ իրենք տեր են Հարավային և Արևելյան Անդրկովկասին, այսինքն՝ ամբողջ Ելիզավետպոլի նահանգը՝ Գանձակ, Ղարաբաղ և այլն։ Մեր՝ Ազգային խորհրդի կոչում նշվում էր, որ Հայոց ազգային խորհուրդը, ելնելով իրավիճակից, ժամանակավորապես վերցնում է հայկական գավառների վրա ժամանակավոր իշխանություն։ Ո՞ր գավառների։ Այո՛, ցավալի երևույթ է, բայց այդ փաստը ընդգծելու համար նշեմ նաև, որ հայկական կառավարությունը Երևան ժամանեց միայն հուլիսի 19-ին։ Այսինքն՝ Հանրապետությունը հռչակվել է մայիսի 28-ին, իրավական առումով՝ 30-ին, բայց Երևան ժամանեցին միայն հուլիսի 19-ին։
- Պարո՛ն Մելիքյան, հետաքրքիր մի հարց առաջացավ․ ճիշտ է, պատմությունը եթեներ չի սիրում, բայց, եթե, այնուամենայնիվ, դաշնակցականներն էլ համախմբված լինեին, կարո՞ղ էինք ընդդիմանալ և չանկախանալ, այսինքն՝ մնալ Խորհրդային Ռուսաստանի ներքո և ունենալ ամբողջական Հայաստան։
- Հենց մեր զրույցի իմաստն էլ դա է, որ կարող էինք։ Բայց այնպես չստացվի, որ ասենք՝ հայ բոլշևիկները և Շահումյանը այդ հարցում անվերապահորեն ճշմարիտ էին, և Դաշնակցությունը՝ սխալ։ Ո՛չ։ Գլխավոր հակասությունը հենց այդտեղ է, որ այդ երկու ուժերը մինչև վերջ իրար չէին վստահում։ Կուլմինացիան Բաքվի պաշտպանությունն էր 1918թ մարտի 30-ից ապրիլի 1-ը, երբ այդ բոլոր՝ հայկական ուժերը ջախջախեցին մուսավաթական խռովությունը, որը նպատակ ուներ Բաքուն դարձնել Ադրբեջանի մայրաքաղաք և հայկական տարրն ընդհանրապես վտարել Բաքվից ու Բաքվի տարածքից։ Բաքվի առաջին հզոր հաղթանակից հետո ապրիլի 1-ին ձևավորվեց Բաքվի կոմունան, այսինքն՝ զուտ Բոլշևիկյան իշխանություն, և տարբեր հանգամանքներում Դաշնակցության և Շահումյանի համագործակցությունը արդեն սկսեց ճաքեր տալ։
Օրինակ՝ Շահումյանը առաջարկում էր, որ ազգային զորամասերը՝ Դաշնակցությանը ենթակա, միավորվեն Բաքվի խորհրդի (կոմունայի) գվարդիային։ Դաշնակցությունը հրաժարվեց դրանից։ Այսինքն՝ չկարողացավ մինչև վերջ ընկալել այդ խորհրդայնացման ծրագրի հայամետ հեռանկարը։ Պարզ է, որ Շահումյանն էլ մինչև վերջ՝ որպես մարքսիստ, չէր վստահում Դաշնակցությանը, բայց փաստը այն է, որ մի պահ այդ համագործակցությունը արդյունք տվեց, և դա պետք էր շարունակել։ Ցավոք, քաղաքական գաղափարական հակասությունների պատճառով այն ընթացք չունեցավ։ Իսկ դա մենք կարող էինք ինքնուրույն հասցնել հաջողության, որովհետև ամենահզոր մարտական զինյալ ուժը և քաղաքական ուժերը հենց հայերինն էին։ Արտաքին հանգամանքն այն էր, որ 1918թ հունվար-փետրվարից, հատկապես՝ փետրվարին, երբ ձևավորվեց Անդրկովկասյան սեյմը, վրաց մենշևիկները բացահայտ որդեգրեցին գերմանաթուրքական քաղաքական կողմնորոշում։ Թաթարների հարցը պարզ էր, բայց ավելացնեմ, որ Դաշնակցությունը, սեյմի դաշնակցական ֆրակցիան (խմբակցությունը) նույնպես որդեգրեց թուրքական կողմնորոշում։ Դրա ապացույցը Տրապիզոնի՝ մեկ ամիս տևած անպտուղ բանակցություններն են։ 1918թ մարտի 1-ից ապրիլի 1-ը Սեյմի պատվիրակությունը՝ երեք խմբակցություններով, մասնակցում էր թուրքական հրամանատարության հետ բանակցությունների։ Եվ արդյունքում ի՞նչ ստացվեց․ մենք բանակցում ենք, իսկ թուրքերը գրավում են Արևմտյան Հայաստանը։
Այդպես հասան Կարս և գրավեցին Կարսը՝ ապրիլի 9-ին։ Այսինքն՝ նրանց քաղաքական կողմնորոշումը հստակ էր։ Իսկ մենք այդ ընթացքում որդեգրեցինք թուրքական, հետո փորձեցինք գերմանական, հետո (մեր հանրությունը ամենքիչն է տեղյակ դրանից) մեր գործիչները դիմեցին Խորհրդային Ռուսաստանի առաջնորդներին՝ օգնության խնդրանքով։ Այսինքն՝ հստակ քաղաքական գիծ չկար։ Միակ հստակ գիծը հենց նոյեմբերին խորհրդայնացման իրականացումն էր։ Ձեր ասած եթեները չի սիրում պատմությունը, պարզ է, որ 1917թ․ և 1918թ․ գարնանը ոչ ոք չգիտեր, որ Ադրբեջանը խորհրդայնացվելու է։ Դա չկար, դրա մասին չենք կարող խոսել, բայց ծրագիրն այնքան իրական էր և հայամետ, որ դրան պետք էր անվերապահորեն աջակցել։
Ասածս ամրապնդեմ նրանով, որ արևմտահայ բազմաթիվ անվանի գործիչներ՝ Արշակ Չոպանյան, Զապել Եսայան, Անդրանիկը և մյուսները՝ տասնյակ հարյուրավոր մարդիկ, աջակցում էին Շահումյանի ծրագրին։ Զապել Եսայանն ասում էր, որ Շահումյանը և իր Բաքվի ընկերները նման չեն Պետրոգրադի բոլշևիկներին։ Նրանք ազգային գիծ են տանում։ Եվ էլի ծրագիրը այնքան լուրջ էր և իրականանալի, որ Կոմիսարիատի վերջին նիստերը նվիրվեցին հենց այդ խնդրին։ Վրաց մենշևիկները Շահումյանին մեղադրում էին բոնապարտիզմի մեջ և ասում էին, որ Շահումյանը չափն անցել է, որոշել է ծովից ծով մեծ Հայաստան ստեղծել։ Այսինքն՝ նրանք զգում էին այդ վտանգը։ Եվ Շահումյանին հռչակեցին օրենքից դուրս։ Դրանից հետո էր, որ նա նորից վերադարձավ Բաքու և իրականացրեց ազգային գործիչների հետ Բաքվի պաշտպանությունը։