2026
2024-03-01
Արտաքին դրական կերպարի ստեղծումը կարևոր նպատակ է պետությունների համար։ Սեփական անվտանգությունը և «տեղն արևի տակ» ապահովելու համար պետությունները կիրառում են զանազան ռազմավարություններ և գործիքներ։ Փափուկ ուժի միջոցով քաղաքականության առաջմղումը նպատակ ունի պետությունների շուրջ դրական կերպար ձևավորել։
Այս առումով բացառություն չի նաև Ադրբեջանը։ Արտաքին դրական կերպարի ձևավորման նպատակով Ադրբեջանը մշակում և կիրառում է մի շարք քաղաքականություններ։ Առաջին հերթին, Ադրբեջանն ձգտում է առաջ մղել հանդուրժող և բազմամշակութային երկրի կերպարը։ Վերջին 10-15 տարիներին Բաքուն ձգտում է անցկացնել մարզական և մշակութային խոշոր միջոցառումներ, որը պետք է հայտնի և տեսանելի դարձնի աշխարհին Ադրբեջանը և ցույց տա նաև պետության հնարավորությունները։ Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է ներգրավվել նաև կլիմայական խնդիրների մեջ։
2024 թվականի նոյեմբերին Բաքուն կհյուրընկալի ՄԱԿ Կլիմայի փոփոխության համաժողովը։ Ներկայում նավթագազային արդյունաբերությամբ զբաղվող երկրները ձգտում են նաև ներկայանալ որպես կլիմայի դեմ պայքարի ջանքերի առաջամարտիկ։
Ներգրավվելով համամոլորակային մասշտաբի սպառնալիքի դեմ պայքարի օրակարգին՝ Ադրբեջանը ձգտում է մի շարք նպատակների հասնել, այդ թվում՝ շեղել իր հանդեպ հնչող քննադատությունները մարդու իրավունքների համատարած խախտումների մեղադրանքներից։
Բուն կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելու որոշումը քննադատության թեմա է դարձել մի շարք պատճառներով։
Նախ, երկրորդ տարին անընդմեջ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համաժողովն անցկացվում է «նավթագազային երկրում»։ Մի կողմից հանձն առնելով պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ՝ մյուս կողմից Ադրբեջանը խոստանում է ավելացնել նավթի ու գազի արդյունահանման ծավալները մի շարք երկրներում առկա պահանջարկը բավարարելու համար։ Կլիմայի հարցերով զբաղվող գիտնականները նշում են, որ նավթի ու բնական գազի արդյունահանումը կլիմայի փոփոխության առանցքային պատճառներից մեկն է։
Քննադատության երկրորդ թեման այն է, որ Ալիևի վարչակարգը համաժողովն օգտագործում է մարդու իրավունքների և ազատությունների դեմ լայնամասշտաբ խախտումների հարցը երկրորդ պլան նպատակով։ Իրավապաշտպան կառույցներն անհասկանալի են համարում կլիմայական համաժողովը «մարդու իրավունքները ոտնահարող նավթա-ավտոկրատ երկրում» անցկացնելու որոշումը։
Քննադատության մեկ այլ հարց էր կազմակերպչական կոմիտեի կազմը։ Կլիմայական համաժողովի կազմկոմիտեն բաղկացած էր 28 հոգուց՝ բոլորը տղամարդիկ։ Կլիմայական հարցերով զբաղվող խմբերից մեկը նման ներկայացվածությունը որակել է հետադիմական՝ նշելով, որ կլիմայական խնդիրները վերաբերում են ամբողջ մարդկությանը, այլ ոչ թե դրա կեսին։ Նշվում է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ 2023 թ․ Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպված համաժողովի կազմկոմիտեի կեսից ավելին կանայք են եղել։ Քննադատությունից հետո Ադրբեջանը կազմկոմիտեում ավելացրեց 12 կանանց։
Ադրբեջանը կլիմայական թեման օգտագործել և օգտագործում է նաև Արցախում իր ռազմականացված և հանցավոր քաղաքականության համատեքստում։ Մասնավորապես, ադրբեջանական քարոզչությունը պարբերաբար պատմում է «ազատագրված տարածքներում» կանաչ էներգետիկայի զարգացման մտադրության մասին՝ ներգրավելով նաև միջազգային ընկերությունների։ Ըստ ադրբեջանական ծրագրի՝ մինչև 2050 թվականը Լեռնային Ղարաբաղը պետք է ամբողջությամբ «ածխաթթու գազից ազատ գոտի լինի»։ Հատկանշական է, որ 2022 թ․ դեկտեմբերին Ադրբեջանը հենց բնապահպանական պատրվակն օգտագործեց Արցախի շրջափակման համար։ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստները» պահանջում էին դադարեցնել հանքարդյունաբերական աշխատանքներն Արցախում։ Ի դեպ, նույն ժամանակաշրջանում Ադրբեջանում ձերբակալվում էին ակտիվիստներ, որոնք բողոքում էին շրջակա միջավայրի աղտոտման դեմ։