2026

Ադրբեջանն Արցախում համակարգված ոչնչացնում է Հայրենական պատերազմի հերոսների հուշարձանները

2024-03-01

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից և Հյուսիսային Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 88696 մարդ, որոնցից 40 000-ը զոհվել է: ԼՂԻՄ-ից ռազմաճակատ զորակոչվել է 45056 հայ, բնակչության 1/3-ը, զոհվել է 22000-ը (1939 թ. դրությամբ մարզում ապրում էր 150800 մարդ, որից հայեր՝ 132800), իսկ Հյուսիսային Արցախից՝ 43640 հայ (հայ ազգաբնակչության 31,2 %), որոնցից զոհվել է 18000-ը (41 %): Այն երկու, մի շարք շրջաններում երեք, նույնիսկ 6 անգամ գերազանցում էր ռազմաճակատ զորակոչված ադրբեջանցիների թիվը: Այսինքն՝ ադրբեջանաբնակ շրջանների բնակչության ընդամենը 1/19-ն է միայն զորակոչվել բանակ:

Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է 29 արցախցի հայ (երեքը խորհրդա-ֆիննական պատերազմում), 7-ը՝ Փառքի շքանշանի երեք աստիճանների լրիվ ասպետ, ավելի քան 30․000-ը պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով, իսկ նրանցից 12-ը՝ Լենինի շքանշանով և այլն:

Պատերազմի առաջին փուլում Ստեփանակերտում կազմավորվել և լրահամալրվել է 402-րդ ադրբեջանական հրաձգային դիվիզիան, որի շարքերում ծառայել է 3334 հայ, ասել է թե՝ անձնակազմի 30 տոկոսը (1941 թ. նոյեմբերի 17-ի դրությամբ): Հայերով համալրված էին նաև ադրբեջանական մյուս դիվիզիաները: Դա պայմանավորված էր նախ՝ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների խտրական և հայ բնակչության հաշվին սեփական ժողովրդի գենոֆոնդի պահպանման քաղաքականությամբ, մյուս կողմից էլ՝ հայերի շնորհիվ ադրբեջանական դիվիզիաների մարտունակությունը պահպանելու և ադրբեջանցիների բարեհուսությունը ամրապնդելու չհայտարարված մտահոգությամբ:

Արցախցիները պաշտպանության ֆոնդ են հանձնել 42 մլն ռուբլի, 6 կգ ոսկի, 600 կգ արծաթ, ռազմաճակատ է ուղարկվել 22 հազ. ծանրոց, 72 հազ. կտոր տաք հագուստ, 7620 լիտր թթի օղի և թթի սպիրտ:

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից և Հյուսիսային Արցախից Հայրենական մեծ պատերազմի ընթացքում և հետո մարշալի զինվորական կոչում ստացել են 3, գեներալ-գնդապետի՝ 3, գեներալ-լեյտենանտի՝ 6, գեներալ-մայորի՝ 17, ծովակալի՝ 1, փոխծովակալի՝ 1, դեր-ծովակալի՝ 1 հոգի:  

Ընդհանրապես, Արցախյան հողը ծնել է 3 մարշալ, 24 գեներալ, 22 ծովակալ, 1000-ից ավելի գնդապետ, փոխգնդապետ, մայոր և այլ սպայական կոչումով ու պատասխանատու պաշտոններ վարող քաջորդիներ: 

Հետաքրքիր է, որ հայրենական մեծ պատերազմի առաջին երեք տարիներին (1944 թ. սեպտեմբերի դրությամբ) Կարմիր բանակում դասալիքների թիվը կազմել է 1.210.224 զինվոր: Այդ թվում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դասալիքները 15084, իսկ Հայկական ԽՍՀ-ից՝ 2520 (ГАРФ. Ф.Р. – 9478. Оп. 1. Д. 137. л 1-2, 15-16) https://www.kremnik.ru/node/459494

 Հայրենական մեծ պատերազմում հայ և ադրբեջանցի ժողովուրդների մասնակցության և վաստակի որոշ փաստերի համեմատական ​​վերլուծություն

Խորհրդային միության հերոսներ՝ հայեր-106, ադրբեջանիցիներ՝ 43 (այդ թվում՝ լեզգիները, ավարները, թալիշները, լեռնային հրեաները և Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող այլ ժողովուրդները)

Ինչպես են այս երկու ժողովուրդները կռվել պատերազմում և ինչ կոչումների ու պարգևների են արժանացել՝

  • Կոչումները՝ մարշալներ՝ հայեր-4 հոգի, ադրբեջանցիներ-0
  • Գեներալ գնդապետներ՝ հայեր՝ 8 հոգի, ադրբեջանցիներ՝ 0
  • Գեներալ-լեյտենանտներ՝ հայեր՝ 31 հոգի, ադրբեջանցիներ-0
  • Գեներալ-մայորներ՝ հայեր՝ 109 մարդ, ադրբեջանցիներ-1 (Ազի Ասլանով՝ ազգությամբ)
  • Նավատորմի ծովակալ՝ հայեր՝ 1, ադրբեջանցիներ-0
  • Փոխծովակալներ՝ հայեր՝ 4, ադրբեջանցիներ՝ 0
  • դեր-ծովակալներ՝ հայեր՝ 5, ադրբեջանցիներ -0

Խորհրդային Միության կրկնակի հերոսներ.

Հայեր՝ Հովհաննես Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան

Ադրբեջանցիներ՝ Ազի Ասլանով (ազգությամբ թալիշ), Իսսա Պլիև (ազգությամբ օս): Նրանց ադրբեջանցիները վերագրում են իրենց, քանի որ ծնվել են Ադրբեջանում:

Բացի այդ, Խորհրդային Միության ազգությամբ հայ 34 (երեսունչորս) հերոսների ադրբեջանցի պատմաբանները վերագրում են իրենց միայն այն հիմքով, որ նրանք ծնվել են Ադրբեջանական ԽՍՀ տարածքում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում (ԼՂԻՄ):

Միևնույն ժամանակ, այսօր Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված կերպով ոչնչացնում են Արցախի (Ղարաբաղի) հայկական գյուղերում Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորների հուշարձանները։ Ավերվել են մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի տուն-թանգարանները հայրենի Չարդախլու գյուղում, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանֆերյանց) տուն-թանգարանը հայրենի Մեծ Թաղեր գյուղում (Մեծ Թաղլար), ոչնչացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս գնդապետ-օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրին հայրենի քաղաքում՝ Շուշիում և այլն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում