2025

Ադրբեջանական կողմը բազմամշակութային քաղաքականություն վարելու իմիտացիա է ստեղծում․ Ռուբեն Հովսեփյան

Արցախում հայկական ժառանգության պահպանման, տարածաշրջանում իսլամական ժառանգության, Ադրբեջանի կողմից այլ ազգերի մշակույթի յուրացման ու ոչնչացման մասին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը զրուցել է հնագետ, մշակութաբան Ռուբեն Հովսեփյանի հետ։

-Պարո՛ն Հովսեփյան, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի հայկական ժառանգությունը․ անգամ միջազգային բազմաթիվ դերակատարներ են տեսնում այդ վտանգը ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Վատիկան Ադրբեջանին կոչ են անում պահպանել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Ի՞նչ պատկեր է այսօր Արցախում։

-2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախը ամբողջապես հայաթափվեց, Ադրբեջանը կիրառեց մի քանի գործիքակազմ․

  1. Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, քրիստոնեական մշակութային ժառանգությունը հայտարարվել է աղվանական։ Սա արվել էր դեռևս խորհրդային տարիներին, բայց, սկսած 2000-ականներից, և, հատկապես, 2020 թվականից հետո, ոչ միայն առաջ տարվեց այդ թեզը, այլև հայտարարվեց, որ Ադրբեջանի ուդիական համայնքը քրիստոնեական, «աղվանական» ժառանգության ժառանգն է, սեփականատերը: Սրանով ադրբեջանական կողմը սկսեց գործուն քայլեր ձեռնարկել այդ ժառանգությունը՝ քրիստոնեական, հայկական, յուրացնելու։ Որո՞նք են այստեղ ռիսկերը։ Բացի նրանից, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե քրիստոնեական ժառանգությունն իրենն է, նրանք նաև նշում են, որ հայերը վերջին 30 տարիներին, անգամ՝ խորհրդային տարիներին (ինչը զարմանլի է, քանի որ խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ը ամբողջապես Ադրբեջանի տարածքում էր), հայկականացրել են այդ ժառանգությունը։ Ի՞նչ են հասկանում նրանք՝ հայկականացնել ասելով․ իբր ավելացրել են հայկական արձանագրություններ, հայերեն գրություններով քարեր, խաչքարեր, և ադրբեջանական կողմը հայտարարում է, որ, ըստ իրենց մեկնաբանության, տարածքների ազատագրումից հետո իրենց առաջնային նպատակը հուշարձանները նախնական տեսքի բերելն է։ Այստեղ ամբողջ ռիսկն այն է, որ, եթե իրենք սկսեն աշխատանքներ իրագործել վանքերի, եկեղեցիների, անգամ՝ փոքր կառույցների վրա, վստահաբար հայերեն արձանագրությունները, խաչքարերը ոչնչացվելու են։ Ցուցումները գալիս են վերևից ՝ Իլհամ Ալիևի կողմից, որը, երբ 2021 թվականին այցելել էր օկուպացրած Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ, այցելել էր նաև այնտեղի եկեղեցի, ցույց էր տվել հայերեն արձանագրությունները՝ հայտարարելով, որ դա կեղծ է, որ հայերն են այն ավելացրել և պետք է նախնական տեսքի բերել։ Ահա թե ինչ է սպասվում պատմական ժառանգությանը։
  2. 1994 թվականից հետո Արցախում կառուցված հարյուրավոր խաչքարերը, եկեղեցիներն ու մատուռներն են, որոնք ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ ոչնչացնելու է։ Լավագույն օրինակն այն է, երբ 2020 թվականի դեկտեմբերին «Կոմերսանտ» թերթի ռուս լրագրողներն այցելել էին Թալիշ և հարցրել, թե ինչ է սպասվում գյուղում գտնվող հայկական հուշարձանին, ադրբեջանցիները հայտարարել էին՝ ինչը պատմական է, կմնա, ինչը նոր կառուցված է, ոչնչացվելու է։ Մենք այս գիծը շատ լավ տեսնում ենք վերջին 4 տարիներին․ բազմաթիվ կոթողներ քանդվել են, ոչնչացվել։
  3. Արցախի էթնոդավանական, պատմական միջավայրի իսլամացումն է։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ այդ տարածքներն առաջին հերթին իսլամական ժառանգության մասն են։ Դա արվում է արհեստականորեն, քանի որ Իլհամ Ալիևն այս վերջին տարիներին Արցախի տարածքում նոր մզկիթներ է կառուցում․ ոչ թե Վարանդայի, Ջրականի տարածքներում, որտեղ վերաբնակեցրել են ադրբեջանցիներին, այլ՝ Քարինտակում, Հադրութում, Մատաղիսում։ Այսինքն՝ բացահայտ հայական միջավայր ունեցող բնակավայրերում, որտեղ պատմականորեն այլ ազգեր գրեթե չեն ապրել։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ինքնության փոփոխություն է տեղի ունենում և կարևորվում է Ալիևի դերը՝ որպես մեկենասի, շինարարի, վերականգնողի․ սա ցուցադրական է արվում։

Գլոբալ առումով՝ հիմնականում կառանձնացնեի այս երեք կետերը ։

- Ադրբեջանի այս տարվա բյուջեով նախատեսված է 6 միլիարդի ներդրում Արցախում։ Պարզ է, որ այս գումարի մի մասով ոչնչացնելու են Արցախի հայկական մշակութային ժառանգության կոթողները, մի մասով այլ տեսքի են բերելու մշակութային հուշարձանները։ Նախապես հայտարարվել էր, որ Գանձասարն իր «նախնական» տեսքին պետք է բերեն՝ աղվանակացնեն։ Հակազդելու ի՞նչ մեխանիզմներ ունենք։

-Հակազդելու առաջին քայլերից մեկը մշտական մոնիթորինգի իրականցումն է, փաստերի ձեռքբերումն ու հանրահռչակումը․ այսինքն՝ որպեսզի անընդհատ խոսվի այս ամենի մասին։ Սա որոշակի առումով կարող է ադրբեջանական կողմին կանգնեցնել․ կարճաժամկետ, բայց կարող է էֆեկտ տալ։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, խնդիրն այն է, որ նրանք հաճախ չունեն պարտադրող գործառույթ։ Օրինակ՝ ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուշարձաններին վերաբերող տարբեր կոնվենցիաներ, բանաձևեր են ընդունում, բայց պարտադրելու, ստիպելու գործառույթ կարծես չունեն․ զորք չեն կարող ուղարկել Ադրբեջան ու ստիպել, որպեսզի ինչ-որ բան չարվի։ Դրա համար այդ հարցը բաց է մնում։ Համենայն դեպս՝ գոնե անընդհատ մշտադիտարկումը, նյութի վերհանումը, ներկայացումն արդեն կարևոր է, ինչն արվում է։ Միջազգային կառույցների առումով պետք է աշխատանքներ տարվեն, բայց պետք չէ չափից ավել հույսեր ակնկալել՝ իմանալով նրանց գործառույթները։

-Մենք անընդհատ խոսում ենք Արցախում հայկական մշակութային ժառանգության մասին՝ աչքի առաջև ունենալով բոլորիս հայտնի Գանձասարը, Դադիվանքը, Տիգրանակերտը, Ամարասը, բայց Արցախում կան բազմաթիվ այլ հուշարձաններ, հուշակոթողներ, թանգարանային նմուշներ, գրադարաններ, որոնց ճակատագիրն անհայտ է ու վտանգված։ Ունե՞ք արձանագրած փաստեր, ի՞նչ վիճակում են դրանք։

-Մշտադիտակումն իրականցվում է մի քանի կառույցների կողմից։ Կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը նպատակ չունի այդ ամենը պահպանելու։ Ինչ ճակատագիր է սպառնում դրանց՝ մեկ բառով դժվար է ասել, որովհետև կարծես թե կիրառվում են տարբեր մեխանիզմներ։ Օրինակ՝ Շուշիի պարագայում մենք տեսնում ենք, որ թանգարանային նյութերը, որոնք մնացել են քաղաքում, անհետացել են կամ թալանվել, կամ ադրբեջանական կողմը այդ ամենը դուրս է բերել, բայց ինչպես է ներկայացնելու, ինչ է անելու՝ մենք չգիտենք։ Այն, ինչ հիմա մնացել է օկուպացված Արցախում, դժվար է ասել՝ ինչ ճակատագիր կունենա։ Համենայն դեպս՝ տեսնելով, թե ինչ է կատարվում վերջին 4 տարիներին, բնականաբար, լավ կանխատեսումներ չունենք։ Շատ բարդ է, քանի որ ադրբեջանական կողմը խորամանակ քաղաքականություն է վարում։ Միանշանակ չի ցանկանում ցույց տալ, որ իր նպատակն Արցախի հայկական պատկանելիության փոփոխությունն է կամ՝ դրա ոչնչացումը։ Գուցե ոչնչացնեն, գուցե ցույց տան որպես աղվանական կամ՝ հենց հայկական, որ ասեն՝ տեսեք՝ մենք պահել ենք հայկականը։

Մշտադիտարկման մեր թիմը վերջին մի քանի ամիսներին արձանագրել է, որ ադրբեջանական կողմը խնդիրներ է դրել, թե իրենք իբր բազմամշակութային քաղաքականություն են վարում, հանդուրժողական են հայկական ժառանգության նկատմամբ։ Մենք տեսնում ենք՝ ադրբեջանցի տարբեր բլոգերներ, երբ շրջում են Ադրբեջանի հայաբնակ (խմբ․՝ նախկին) տարածքներում, նկարահանում են հայկական գերեզմանոցները՝ 19 րդ դարի կամ խորհրդային շրջանի, խոսքը միջնադարի մասին չէ, և ցուցադրում են՝ ասելով՝ տեսեք դրանք կանգուն են, մենք հանդուրժող ենք։ Հասկանում ես, որ դրանք ընտրողաբար են անում։ Բայց ինչո՞ւ այս օրինակը բերեցի, որովհետև իրենք տարբեր գործիքակազմ են օգտագործում այս հարցում։

-Ի՞նչ եք կարծում՝ Արցախը կարժանանա՞ Արևմտյան Հայաստանի ճակատագրին։

- Համենայն դեպս, այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, մենք տեսնում ենք, որ արագ տեմպերով տարածքի հայկական պատկանելիության գործընթացի փոփոխություն է տեղի ունենում, և ադրբեջանական ինքնության տարածում է տեղի ունենում։ Արևմտյան Հայաստանում մենք տեսնում ենք, որ վերջին հարյուրամյակում ոչնչացվել է հայկական ժառանգության զգալի մասը։ Ադրբեջանական կողմը հնարավոր է Արցախում ամբողջությամբ չքանդի (խմբ․՝ նկատի ունի հայկական հուշարձանները), բայց փոխելու է պատկերը։ Գուցե Արևմտյան Հայաստանի ճակատագրին արժանանա, բայց այլ գործիքակազմ է կիրառվելու։

-Պարո՛ն Հովսեփյան, առաջին հարցին պատասխանելիս Դուք նշեցիք, որ Ադրբեջանը գնում է Արցախը իսլամականացնելու ճանապարհով, բայց ինչպես նկատում ենք, խոսքը ոչ միայն Արցախին է վերաբերում, այլ՝ ամբողջ տարածաշրջանին։ Այսինքն՝ գրպանում են նաև իսլամական ողջ ժառանգությունը։ Ինչպե՞ս են հաջողում նրանք։

 -Ո՞րն է այստեղ խնդիրը, եթե դիտարկենք Արցախը, ապա Արցախի մշակութային ժառանգության մոտ մեկ տոկոսը կազմում է իսլամական ժառանգությունը։ Ինչը մշտապես հայտնի է եղել, նաև հետազոտվել է հայ հետազոտողների կողմից։ Եվ հիշենք ուղղակի, որ խորհրդային տարիներին Ադրբեջանի ակադեմիական միտքը Արցախի իսլամական ժառանգությամբ գրեթե չի զբաղվել։ Հետազոտվել են երևի մի քանի հուշարձաններ ու Շուշիի մի քանի մզկիթներ։ Փաստենք մի քանի կարևոր բան ևս (քանի որ ադրբեջանական կողմը այդ նարատիվները փորձում է առաջ տանել), մինչև 17-րդ դարը պատմական Արցախի տարածքում մզկիթներ չեն եղել։ Բնականաբար, այս մզկիթների կառուցումը ներկայիս ադրբեջանական հանրույթի հետ կապ չունի։ Արցախի իսլամական երկրորդ կարևոր բաղադրիչը մահմեդական դամբարաններն են, որոնց զգալի մասը 13-րդ դարի վերջի-14-րդ դարի սկզբի են, և կառուցվել են հիմնականում Արցախի հարթավայրային տարածքներում։ Դա կապված էր մոնղոլական կայսրության, մոնղոլական վերնախավի հետ։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը, սկսած խորհրդայի տարիներից, երբ սկսեց ձևավորել ադրբեջանական ճարտարապետությունը, պատմագրությունը, փորձում էր տարածքի իսլամական ամբողջ ժառանգությունը ադրբեջանականացնել։ Լավագույն օրինակը Նիզամին է, ով հայտարարվեց ադրբեջանական բանաստեղծ։

Երկրորդ կետով ադրբեջանական պատմագրությունը փորձում է ադրբեջանականացնել Անդրկովկասում առկա մահմեդական իշխանությունների պատմությունը։ Դրանով ցույց է տալիս, հիմնավորում իր նկրտումները՝ այս կամ այն տարածքում։ Եվ իրենց ինքնության համար սա առանցքային է։ Արցախի պարագայում իրենք հիմք են վերցնում Ղարաբաղի խանությունը՝ որպես իրենց պետության կարևորագույն հիմնասյուն։

Ինչ վերաբերում է Իրանի հյուսիսային հատվածներին, ապա դեռևս խորհրդային ժամանակներից իրենց մոտ դրսևորվեց այն միտումը, որ կա երկու Ադրբեջան՝ Հյուսիսային և Հարավային։ Ե՛վ պատմության առումով, և՛ մշակութային առումով այն նույնն է։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, նրանք նույն տրամաբանությամբ են առաջնորդվում․ վերցնում են Երևանի խանությունը, Նախիջևանի և ներկայացնում որպես իրենց պատմության մի մաս։

-Պարո՛ն Հովսեփյան, պատերազմից հետո այդ հավակնությունների ծիրում հայտնվեց Երևանի Կապույտ մզկիթը։ Մենք հակադարձում ենք, իրանական կողմից կա՞ն հակադարձումներ։

-Իրանական կողմի մասով չեմ կարող հստակ ասել․ զուտ դրա մասնագետը չեմ, բայց, բնականաբար, հայկական ակադեմիական միտքն այս ամենին արձագանքել է։ Իսլամական հուշարձանները լավ հետազոտված են, համարակալված։ Եվ, այս առումով, փաստերով ներկայացվում է։ Կարող ենք փաստել, որ հայ գիտական միտքը ավելի լավ գիտի, ծանոթ է իսլամական ժառանգությանը, քան ադրբեջանցիները, քանի որ վերջիններս սովետական տարիներին այդ թեմաներով չեն զբաղվել, բացառությամբ՝ Շուշիի մզկիթների ու մի քանի հայտնի դամբարանների։

-Տեսեք, հետաքրքիր տենդենց կա, որ ակտիվացել է Արևմտյան Ադրբեջան թեզի շրջանառության հետ։ ՀՀ տարածքում գտնվող Հայկական եկեղեցիները ներկայացնում են որպես թյուրքական։ Այս առումով կարելի՞ է ասել, որ ամբողջ տարածաշրջանն է վտանգված։

-Եթե վերցնենք ՀՀ տարածքի մշակութային ժառանգությունը, իհարկե, մտահոգիչ է․ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի» հանրույթ, և դա ոչ թե ինչ-որ սիրողական մակարդակով է, այլ առաջին դեմքի կողմից է հովանավորվում։ Եվ մենք տեսնում ենք, որ եթե նախկինում՝ 2000-ականներին, նման հասարական կազմակերպությանը այդքան էլ չէին կարևորում, ապա հիմա առաջնային դեր է ստացել։ Ինչ վերաբերում է մշակութային ժառանգությանը, ապա սա զավթողական քաղաքականության, տարածքային նկրտումներ ունենալու լրջագույն ազդակ է։ Մշակութային ժառանգության հետ կապված իրենց մոտ շատ տարբեր դիսկուրսներ կան։ Քարոզչական նպատակով հրատարակվում էր մեծ քանակությամբ բրոշյուրներ, գրքեր և այլն։ Մեր մշակութային ժառանգությունը հայտարարվում է աղվանական, (ալբանական), որոշ դեպքերում՝ ադրբեջանական, թյուրքական։ Այստեղ մենք տեսնում ենք, որ նրանք շատ տարբեր են ներկայացնում։ Եթե նրանց ակադեմիական միտքը վերցնենք, ապա փորձում են ավելի շատ աղվանական (ալբանական) ներկայացնել։ Բոլոր առումներով մենք կարող ենք տեսնել, որ իրենք ինքնության փնտրտուքի մեջ են և ինչ-որ առումով խճճվել են։ Եթե վերադառնանք իսլամական ժառանգությանը, երբ խոսում էին Արցախի տարածքում իսլամական դամբարաններից, գոնե մինչև 60-ական թթ․ խոսում էին քրիստոնեական մշակութային ազդեցությունից, քրիստոնեական միջավայրից՝ չեզոք․ երբեմն նշում էին հայկական ազդեցությունը։ 80-ական թթ․ այդ ամբողջը չկա։ Եթե կա, ապա աղվանական ազդեցությունն է, սիրողական բրոշյուրներում քարոզչական նպատակներով փոխվել է և թյուրքական։

-Պարո՛ն Հովսեփյան, իսկ միջազգային գիտական հանրույթը ինչպիսի՞ վերաբերմունք ունի ադրբեջանական այս մտացածին երևույթների մասին ։

-Համենայն դեպս, միջազգային գիտական հանրույթը, ով տեղյակ է տարածաշրջանից, ով զբաղվում է այդ ամենով, բնականաբար, նրանց ասել, թե Էջմիածնի Մայր տաճարը աղվանական է կամ թյուրքական, այդքան էլ չի ստացվի։ Այսինքն՝ ադրբեջանական կողմն էլ հասկանում է՝ որ հանրույթին ինչ ներկայացնել։ Այստեղ պետք է տարանջատել՝ քարոզչական, ներքին լսարանի, միջազգային գիտաժողովներում իրենց կողմից տարածվող թեզերը, որոնք, բնականաբար, քարոզչական բնույթ են կրում։

Հարցազրույցը վարեց Տիրուհի Բայբուրդյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում