2026
2024-07-02
1917 թ. հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով Անդրկովկասում շատ ավելի բարդ իրավիճակ ստեղծվեց: Երկրամասի նոր կառավարությունը՝ Անդրկովկասյան կոմիսարիատը, ի տարբերություն նախորդի՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեի, որը փորձում էր անկողմնակալ ազգային քաղաքականություն վարելու շնորհիվ կայունացնել երկրամասի ներքաղաքական կացությունը, ուժեղացնում էր վրաց-թաթարական հակահայկական գործոնը և ավելի խճճում Անդրկովկասի ազգային-սահմանային խնդիրների լուծումը:
Այդ հեղաշրջումը խարխլեց Ռուսաստանի ազգային, պետական և քաղաքական կառույցը, խափանեց պատմական և քաղաքական համակարգի շարունակականության ընթացքը[1]: Հեղաշրջումն Անդրկովկասում ընկալվեց որպես դավաճանություն՝ Փետրվարյան հեղափոխության և Ժամանակավոր կառավարության հռչակած ժողովրդավարական զարգացման հեռանկարին։ Խաղաղության մասին հրովարտակը և Գերմանիայի ու Թուրքիայի հետ անջատ բանակցությունների առաջարկն ավելի հետևողական դարձրին Անդրկովկասի ազգային, սոցիալիստական կուսակցությունների դիրքորոշման հակախորհրդային ուղղվածությունը: Վրացական մենշևիկների և ադրբեջանական մուսավաթականների համար այս հեղաշրջումն առիթ հանդիսացավ՝ իրենց ախոյանից վերջնականապես անջատվելու:
1917 թ. նոյեմբերի 18-ին Անդրկովկասյան կոմիսարիատը հրապարակեց Անդրկովկասի ժողովուրդներին ուղղված հռչակագիրը: Հռչակագրում առանձնացվում էր կարևորագույն հարցերի երեք խումբ.
ա․ սահմանադիր ժողովի ընտրությունների արդյունքների ճանաչում,
բ․ ազգային, հողային հարցի լուծում,
գ․ Թուրքիայի հետ հաշտության անհապաղ կնքում:
Անդրկովկասի կոմիսարիատը հայ բնակչության մեկուսացման քաղաքականություն էր վարում՝ վարկային ներդրումների անտեսման, շրջանցման ճանապարհով: Վրաց-թաթարական դաշինքի ճնշման բացահայտ հետևանք էր իշխանությունների հաստատած վարկերի և ֆինանսական այլ միջոցների ուղղվածությունը, որում էական դեր էր խաղում ազգային-տարածքային պատկանելիության գործոնը:
Կոմիսարիատի հոգածությունից անթաքույց դուրս էին մնում նաև երկրամասի հայկական հոգևոր հաստատություններն ու դրանց կից գործող կրթական օջախները:
Անդրկովկասի նոր իշխանության գործողությունների ծրագրում առանցքային տեղ էր զբաղեցնում զեմստվոների` տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպման խնդիրը: Այն ուղղակիորեն առնչվում էր Անդրկովկասի նոր վարչատարածքային բաժանման, էթնիկ-ազգային սահմանների տարանջատման հետ:
1917 թ. նոյեմբերի 24-ի խորհրդակցությունը որոշում է.
4․Առաջարկել ազգային խորհուրդներին հանձնաժողով ձևավորել (յուրաքանչյուրից 3-ական ներկայացուցիչ)` ճանաչված, վիճելի նահանգներում և գավառներում վարչական սահմանաբաժանումների մասին նախագիծ մշակելու նպատակով:
Դեկրետի ծանոթագրությունը պարզաբանում էր, որ վարչական սահմանների առումով անվիճելի են ճանաչվում Բաքվի, Քութաիսի և սևծովյան նահանգները, Բաթումի, Դաղստանի շրջանները, Սուխումի, Զաքաթալայի օկրուգները, Թիֆլիսի նահանգի՝ Թիֆլիսի, Սղնախի, Թելավիի, Թիոնեթի, Դուշեթի, Գորիի, Ախալցխայի գավառները, Ելիզավետպոլի նահանգի Արեշի և Նուխիի գավառներն ու Կարսի շրջանի Արդահանի և Օլթիի օկրուգները: Վիճելի էին համարվում Երևանի նահանգը, Ելիզավետպոլի նահանգի Շուշիի, Զանգեզուրի և Կարյագինոյի գավառները, Կարսի շրջանի Կարսի և Կաղզվանի գավառները, Թիֆլիսի նահանգի Ախալքալաքի և Բորչալուի գավառները: Դեկրետի հեղինակը ներքին գործերի կոմիսար Ակակի Չխենկելին էր, իսկ ապագա Վրաստանն էլ համարվում էր «համատարած վրացական բնակչությամբ շրջան»: Փաստորեն՝ անվիճելի տարածքներ էին ամրագրվում, այսպես կոչված, «վրացական» և մահմեդական գերակշիռ բնակչություն ունեցող շրջանները, իսկ բուն հայկական և մահմեդականների հետ համատեղ բնակչություն ունեցող գավառները դիտվում էին իբրև վիճելի:
Անդրկովկասի ազգային միջավայրում զեմստվոյական քաղաքականությունն, ի դեմս Կոմիսարիատի դիրքորոշման, առավելապես վերածվում էր երկրամասի վարչական սահմանաբաժանումների։ Ազգային տարանջատման հիմնահարցի և երկրամասի իշխանության՝ վրաց-մահմեդական ղեկավարության բացահայտ հակահայկական քաղաքականության պատճառով սկիզբ էր դրվում ազգամիջյան հակամարտությանը:
Վրաց-մահմեդական դաշինքը հարձակողական մարտավարություն էր որդեգրել: Երկրամասի վրացական և թաթարական շրջաններում մտցվեց զեմստվո, իսկ հայկական տարածքները համարվեցին վիճելի:
Դրությունը չփոխվեց 1918 թ. ապրիլի 9-ին Անդրկովկասի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության հռչակումից հետո: Վարչատարածքային-սահմանային հարցերի շուրջ բորբոքված կրքերն առժամանակ հանդարտվեցին։ Անհրաժեշտ էր լուծել Անդրկովկասում առկա ազգային-սահմանային վեճերն ու միջկուսակցական խորացող հակամարտությունները: Այս ամենի պատճառով 1918 թ. մայիսի վերջերին Անդրկովկասյան դաշնային հանրապետությունը փլուզվեց, և նրա փլատակների վրա ստեղծվեցին Վրաստանի, Արևելակովկասյան մուսուլմանական (ապագա Ադրբեջանի) և Հայաստանի անկախ հանրապետությունները: Առաջին իսկ օրից Հայաստանի և երկու հարևանների՝ Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների միջև տարածքային-սահմանային խնդիրներն ավելի սուր բնույթ ստացան։
Հայկական և հայաբնակ շրջանները «վիճելի» հռչակելն Անդրկովկասում ավելի սրեց ազգամիջյան հակամարտությունները։ Միջազգային դիվանագիտության ասպարեզում և Հայկական հարցի քննարկումներում շրջանառության մեջ դրվեց «վիճելի տարածքներ» հասկացությունը, որը հայ ժողովրդի համար ունեցավ ծանր հետևանքներ։ Այն իր արտահայտությունը գտավ 1918-1921 թվականներին և, ի դեմս Արցախյան հիմնահարցի, շարունակվում է նաև ներկայումս։
[1] Մանրամասն տե՛ս Մելիքյան Վ., Իշխանության հիմնահարցը Անդրկովկասում. Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունը և հայ իրականությունը (1917 թ. նոյեմբեր-1918 թ. փետրվար), Երևան, 2010: