2026
2024-02-29
Այսօր Ադրբեջանում հայատյացության քարոզչությունը իրականացվում է ոչ միայն հանրության շրջանում, սոցցանցերում հակահայկական գրառումներ անելով ու անհիմն հոդվածներ տպագրելով, այլ նաև այն ցայտուն արտացոլված է դպրոցական դասագրքերում՝ հայերի նկատմամբ ատելություն սերմանող ու հայերին նվաստացուցիչ որակավորումներ հնչեցնող պատմվածքներում։ Դասագրքերում ներկայացվում են իրենց «մարտնչելու խորհրդանիշ» համարվող կացնով հային սպանելու պատկերներ, հայ հերոսները, մասնավորապես Անդրանիկ Օզանյանը ներկայացվում է որպես ավազակային խմբի ղեկավար։
Ոչ միայն պատմության, այլ նաև գրականության դասագրքերում կան հայերի մասին պատմվածքներ, որտեղ հայի կերպարը նույնացվում է գող, խաբեբա, ստոր ավազակի հետ։ Մասնավորապես, Ադրբեջանի 5-րդ դասարանի գրականության դասագրքում Էյվազ Զեյնալովի «Գողը»[1] պատմվածքում խոսվում է հայերի «շողոքորթությունից, երկերեսանիությունից, դավաճանությունից և անմարդկային համարվող գողությունից»։ Պատմվածքում նշվում է, որ հայերը գողացել են ադրբեջանցիների անունները, երաժշտությունը, երաժշտական գործիքները, գորգերը, հուշարձանները, ուտեստները և որ ամենագլխավորն է՝ տարածքները։ Նաև պատմվածքի հերոսը պատմում է իր տատիկի պատմությունը հայի գողության մասին, թե ինչպես է հարևան Սիրանույշն իրենց տնից գողանում հին երկաթե դրամներով լի տուփ։
Վերոնշյալ գրքում կա նաև «Քաջ մարտիկը» վերնագրով մի հերոսի պատմություն, որտեղ պատմվում է, թե ինչպես է ոմն Իբրահիմով անունով զինվորը ներխուժում հայկական դիրք ու «սատանան անիծի», «ետդարձի ճանապարհ չկա, միայն առաջ» ասելով սպանում դիմացը դուրս եկող հայ զինվորներին[2]։
Ադրբեջանցի դպրոցահասակ երեխաների շրջանում ատելություն սերմանող մյուս պատմությունը արտացոլված է 6-րդ դասարանի գրականության դասագրքում։ Էլի Սեմեդլիի՝ «Արյունոտ մանուշակը»[3] վերնագրով պատմվածքում լավ խոսքեր ասող ու գլխավոր հերոսի՝ Զերիֆի երեսին ժպտացող ազգությամբ հայ Սիրանույշ մորաքույրը երազում խեղդում էր նրան։ Սուրեն քեռիի ձեռքի սուր թրից կաթ-կաթ արյուն էր հոսում։ Նրանց աղջիկները՝ Սուսանն ու Ռոզան, ձեռքերն ու փեշերը քարերով լի, բոլորը լցրել էին քնած Զերիֆի գլխին։ Իբր նրան անվանել էին թուրք ու ասել, որ դու մեր թշնամին ես։ Պատմվածքի վերջում հայերը դաժանաբար սպանել էին մանկահասակ աղջնակին՝ Զերիֆին, որի ձեռքում կային արյունոտ մանուշակներ (նկար 1)։
Հայատյացության դրսևորման վառ օրինակ է նաև 7-րդ դասարանի գրականության դասագրքի «Վերջին փամփուշտը»[4] պատմվածքը, որտեղ ներկայացված է թևը կտրած, շեղաչք Հակոբ անունով հայի կերպարը, որը մարդկանց խոշտանգումների միջոցով սպանելու համար մեծ համբավ էր ձեռք բերել։ Եվ երբ Էլիֆ անունով վիրավոր ադրբեջանցին նրա վրա կրակեց՝ նա գետնին ընկավ ինչպես արմատից կտրված ծառը։ Այս քայլով Էլիֆը փրկեց իր հայրենակիցներին, որոնց Հակոբը խոշտանգելով պետք է սպաներ և հետմահու ստացավ Ազգային հերոսի կոչում։
9-րդ դասարանի գրականության դասագրքում տեղ է գտել «Վրեժ»-ը պատմվածքը[5], որտեղ խոսվում է Լևոն անունով մի գող ավազակի մասին, որը մտնելով Խազանգյուլ անունով կնոջ տուն՝ պահանջում է ոսկյա զարդեր, այլապես կսպանի նրա նորածին երեխային։ Ի վերջո տանտիրուհին մտքում Ալլահին աղոթելով կարողանում է շատ դժվարությամբ դանակով հարվածել թշնամու մեջքին, որը կենդանու նման բղավելով ընկնում է գետնին։
Հակահայկականության քարոզչությունը վառ արտացոլված է նաև ադրբեջաներենի ընթերցանության 4-րդ դասարանի գրքում։ Այստեղ խոսվում է, որ ստախոս Սուրեն Դիլանյան անունով մի հայ զինվոր ասում է, որ թուրքերը մեր թշնամիներն են և եթե մինչև հիմա դուռ-դռան վրա են ապրել ու մի սեղանից հաց են կիսել, ապա հիմա չեն կիսում, չեն ուզում միմյանց հետ կողք-կողքի ապրել։ Իսկ մանկահասակ աղջիկը իբր պաշտպանելու համար գետնին ընկած պապիկին հայ զինվորից, կացնով հարվածում է նրա գլխին (նկար 2)։
5-րդ դասարանի պատմության դասագրքում խոսվում է Անդրանիկ Օզանյանի մասին, որը հորջորջվում է որպես ահաբեկչական խմբերի նենգ առաջնորդ Անդրանիկ։ Դասագրքում պատմվում է, թե ինչպես են «հայկական ահաբեկչության խմբերի անդամները՝ դաշնակները դաժանաբար սպանում անզեն բնակչությանը՝ ծերերին, կանանց ու երեխաներին։ Իսկ իրենք՝ ադրբեջանցիները, հայերի 5000 հոգանոց զորքին կոտորելուց հետո Զաբըխի հովիտը սկսեցին անվանել «Արյունոտ հովիտ»»[6]։
Եվ վերջապես, հայատյացության քարոզչությունն իր գագաթնակետին է հասել 9-րդ դասարանի պատմության դասագրքում։ Դասագրքում ներկայացված է ստալինյան «անձի պաշտամունքի» գաղափարով տոգորված Ալիևների հաղթանակի պատմությունը 1990-ական թվականներից մինչև օրս։
Դասագրքի՝ «Հայաստանի քաղաքական պարտությունը» ենթավերնագրով հատվածում, տեղ է գտել «հաղթանակած Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի սպառնալիքներ պարունակող ելույթի տեքստը», որում մասնավորապես նշվում է․ «Գիտեն (հայերը, -հեղ․), թե մեր հեռահար հրթիռների ու անօդաչու մարտական սարքերի ուժը ինչից է բաղկացած։ Կարելի է ասել, մենք դրանք չենք օգտագործում։ Բայց եթե օգտագործենք, օկուպացված տարածքներում թշնամու քարը քարի վրա չենք թողնի։ Թող նրանք այս մասին իմանան և հերթական անգամ իրեն խայտառակող Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խոսելիս թող մտածի և մեր համբերության հետ չխաղա»[7]։
Դասագրքում նաև ներկայացված է Խոջալուի հնարված «ցեղասպանության» ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իբրև թե դիմում-կոչը ուղղված հայերին․ «Դուք՝ հայերդ, թշնամուն սպանելիս փափկասրտություն չպետք է ցույց տաք։ Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի կոչվածներին չեք ջարդել ու նրանցից ազատվել և քանի դեռ այնտեղ մեր քաղաքակրթությունը չեք հաստատել, չպետք է խղճաք ձեր թշնամուն»[8]։ Բացի ատելություն քարոզելուց դասագրքում ներկայացվում է, թե ինչպես են հայերը պետական մակարդակով «ցեղասպանական» կոչեր հնչեցնում։
Այս բոլոր հորինված պատմվածքները վկայում են, որ Ադրբեջանական Հանրապետության առաջնային նպատակներից է նույնիսկ նախադպրոցական տարիքից սկսած հայերի ցեղասպան կերպարի ներկայացումն ու հայերի նկատմամբ վրեժխնդրության և ատելության սերմանումը։
[1] https://www.trims.edu.az/, էջ 182—185։
[2] Նույն տեղում, էջ 79-81։
[3] https://www.trims.edu.az/, էջ 146-150։
[4] https://www.trims.edu.az/, էջ 78-81։
[5] https://www.trims.edu.az/, էջ 139-143։
[6] https://www.trims.edu.az/, էջ 135-136։
[7] https://www.trims.edu.az/, էջ 41։
[8] https://www.trims.edu.az/, էջ 13։