2026
2024-06-25
Եվրոպացի գեղանկարիչների արվեստում բազմաթիվ են հայերի և հայկական գորգերի պատկերումները: Սակայն, հարկ է նշել, որ այդ բազմաթիվ ստեղծագործություններում առկա հայկական գորգերի կամ հայերի պատկերումները հաճախ համացանցում, գորգագիտական կամ արվեստագիտական պորտալներում, նաև ալբոմ-կատալոգներում կամ թանգարանային ցուցադրություններում ի հայտ են գալիս որպես թուրքական, երբեմն՝ անգամ ադրբեջանական պիտակի ներքո: Սույն հոդվածում, ի թիվս այլ ստեղծագործությունների, կանդրադառնանք նաև այդ իրողություններին: Արվեստագետների կամ նրանց ստեղծագործությունների հիմնական մասը, որոնց կանդրադառնանք այս հոդվածում, հայտնի չեն արվեստասերների և մասնագետների լայն շրջանակներին, հաճախ նրանց վերաբերյալ մասնագիտական գրականությունը խիստ սուղ է։ Սակայն, նրանց ստեղծագործությունները ներկայումս բավականին թանկ վաճառվում են Սոթբիսի և այլ հեղինակավոր աճուրդի տներում, զարդարում են եվրոպական և ամերիկյան տարբեր թանգարանների և մասնավոր հավաքորդների հավաքածուները:
1.Ակիլլե դե Դոմենիչիսը (1851-1917 թթ․) իտալացի նկարիչ է, որի «Հարեմ» կտավում պատկերված է հայտնի «Լոտտո» տիպի հայկական գորգը[1]: Նա ծնվել է Իտալիայի Տիվոլի բնակավայրում: Գեղանկարչության սկզբնական գիտելիքները ստացել է հորից, որն ինքնուս գեղանկարիչ էր, ապա՝ տեղափոխվել Հռոմ, որտեղ Ֆիլիպպո Պրոսպերիի ղեկավարությամբ մասնակցել է Գեղարվեստի Ակադեմիայի դասընթացներին՝ մասնագիտանալով բնապատկերի և ժանրային գեղանկարչության մեջ: Գեղանկարիչը բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել Իտալիայի տարբեր քաղաքներում: 1881 թվականին Դե Դոմենիչիսը անդամակցել է Հռոմում գործող Società degli Acquerellisti միությանը և իր աշխատանքներով մասնակցել միության ամենամյա ցուցահանդեսներին[2]:
Վերադառնալով գեղանկարչի վերոնշյալ «Հարեմ» (1880 թ.) նկարին՝ նշենք, որ այն այդ ժամանակաշրջանում տարածված օրիենտալիզմի ոճով, ջրաներկով և բարձր վարպետությամբ կատարած աշխատանքներից մեկն է, որում պատկերված են երկու կին՝ տիրուհին և սպասուհին հարեմում։ Արևելյան ինտերիերում տիրուհին նստած է թախտին, որի վրա փռված է հայկական շքեղ «Լոտտո» տիպի գորգը: Ստեղծագործությունը պահպանվում է Լոնդոնի Լեսթերի պատկերասրահում: Նկարիչը կարողացել է ամենայն ճշգրտությամբ և մանրամասնությամբ վերարտադրել զարդանախշերը, գունաշարը, որն այդքան բնորոշ է այդ գորգերին՝ կարմիր ֆոնի վրա ոսկեգույն-դեղին զարդանախշերով՝ խաչաստղավոր հորինվածքի առանձնահատուկ դրսևորմամբ (նկ. 1):

Ակիլլե դե Դոմենիչիս (1851 – 1917), «Հարեմ», 1880, թուղթ, ջրաներկ, Լոնդոն, Լեսթեր: Նկարի աղբյուրը՝ https://cdn.shopify.com/s/files/1/0895/0864/products/pnh35 1372_1024x1024.jpg?v=1584889550

Հատված Ա. դե Դոմենիչիսի «Հարեմ» նկարից:
Այս տիպի գորգերի անվանումն առաջացել է Վերածննդի ժամանակաշրջանի վենետիկցի վարպետ Լորենցո Լոտտոյի (1480-1556 թթ․) անունից: Նա իր աշխատանքներում հաճախակի պատկերել է հայկական «խաչագորգի» մի տիպ, որը հետագայում իր անունով սկսեց կոչվել «Լոտտո» գորգ: Այդ տիպի գորգերի գեղազարդման համակարգի առանձնահատկություններին մանրամասնորեն անդրադարձ է կատարել Վ. Գանցհորնը[3]՝ նշելով, որ 15-րդ դարի վերջին քառորդում Հանս Մեմլինգի հեղինակած Մարիամի պատկերը ցույց է տալիս հայկական գորգերում առկա մեկ ուրիշ արաբեսկային ծաղկածուի նախատիպի առաջացման մասին, որն իր դրսևորումն ու զարգացումն է գտել «Լոտտո» գորգերում։ Վերջինիս կարմրադեղին գունաշարն ասես գորգարտադրողների պատասխանն էր եվրոպական եկեղեցիներում կարմրադեղին թավիշների և զարբաբների ի հայտ եկած նորաձևությանը՝ XV-XVII դարերում[4]: Հարկ է նշել, որ «Լոտտո» տիպի գորգերի պատկերումներին եվրոպական վերածննդի արվեստում մանրամասնորեն անդրադարձել է Դ. Յանգ Քիմը, սակայն այդ ծավալուն հոդվածում «Լոտտո» տիպի գորգերը ներկայացված են որպես թուրքական՝ “Turkish “Lotto” rug” ձևակերպմամբ[5], ինչի պատճառը թերևս այն է, որ տվյալ ժամանակաշրջանում Հայաստանի մի մասը գտնվում էր Օսմանյան տերության գերիշխանության տակ, և այն բոլոր գորգերը, որոնք ծագում էին այդ տարածքներից, համարվում էին թուրքական կամ օսմանյան՝ առանց ճշգրտելու վերջիններիս իրական կերտողների ազգային պատկանելությունը: Սակայն, հարկ է հավելել, որ վերոնշյալ հեղինակի ուսումնասիրության մեջ օգտագործված բավականին ընդարձակ գրականության ցանկում բացակայում է Վ. Գանցհորնի գերմաներեն լայնածավալ և ֆունդամենտալ ուսումնասիրության հղումը, որում առնվազն երեք տասնյակ էջեր նվիրված են խնդրո առարկա գորգերին, ինչը մտորումների տեղիք է տալիս: «Լոտտո» տիպի գորգերը՝ որպես թուրքական, ներկայացված են նաև Մետրոպոլիտան թանգարանի Իսլամական արվեստի հավաքածուի կայքում[6]:

Հայկական «Լոտտո» գորգի հատված, Վ. Գանցհորն, Քրիստոնեա-արևելյան գորգը, Երևան, 2013, էջ 273, նկ. 390, «Լոտտո» ծաղկածու:
2.Ադոլֆ Ալեքսանդր Լըսրելը (1839-1929 թթ․) ֆրանսիացի գեղանկարիչ է, ծնվել է Ֆրանսիայի Ժենե համայնքում: Պատանի տարիքից նա երազում էր դառնալ նկարիչ և 1861 թ. մեկնում է Փարիզ՝ Գեղարվեստի ակադեմիայում սովորելու: Քսաներկու տարեկանում աշակերտում է Ժան Լեոն Ժերոմին (1824 -1904 թթ․), և, ինչպես շատ սկսնակ նկարիչներ, ցանկություն ուներ գնալ իր վարպետի հետքերով, ով հայտնի էր Հին Հունաստանի, Հին Հռոմի վերաբերյալ իր պատմական գեղանկարներով։ Բայց 1861 թվականին Արևելք կատարած այցելություններից հետո, Ժերոմը տարված էր տարաշխարհիկ տեսարանների ու օրիենտալիստական ոճի պատկերների կերտմամբ[7]: Եվ զարմանալի չէ, որ հետագայում Լըսրելի արվեստում իրենց կարևոր տեղն են զբաղեցնում, ի թիվս ճշգրտորեն վերարտադրված ինտերիերի մանրամասների, նաև արևելյան, հայկական գորգերը: Այնուհետև երիտասարդ Լըսրելը տարվում է Լուի Էրնեստ Մեյսոնեի (1815-1891 թթ․) ստեղծագործություններով, որի մանրակրկիտ կերպով իրականացրած պատմական սյուժեներով կտավները դարձան պատմանկարչության լավագույն նմուշներ: Նրան աշակերտելուց հետո Լըսրելը տարիներ անց տարվեց պատմանկարչությամբ՝ խորապես ազդվելով իր երկրորդ վարպետի աշխատանքներից: Եվ 1865 թ. նա առաջին անգամ ներկայացավ Սալոնին իր աշխատանքներով՝ հիմք դնելով բավականին հաջողակ ստեղծագործական հետագա իր գործունեությանը: Նրա ստեղծագործությունները մեծ ճանաչում վայելեցին Լոնդոնում, ԱՄՆ-ում և սկսած 1880-ական թվականներից՝ հաճախակի հայտնվեցին Նյու Յորքի ամերիկյան գեղարվեստական ցուցասրահների և Լոնդոնի Arthur Tooth and Sons պատկերասրահի աճուրդների կատալոգներում: 1907 թ. նա վերադառնում է իր հայրենի քաղաք Ժենե, որտեղ էլ բնակվում է մինչ իր մահկանացուն կնքելը՝ 1929 թ.՝ ապրելով շուրջ 90 տարի[8]:

«Խնձորեսկ» տիպի գորգ, նկարի աղբյուրը՝ https://www.wikiwand.com/hy/%D5%80%D5%A1% D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5 %B6_%D5%A3%D5%B8%D6%80%D5%A3#Media/ %D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5% D6%80:Armenian_Dragon_Rug_Vishapagorg_Kazak _242x138_1880_Chondoresk_Karabagh_Kar997.jpg

Մեզ հետաքրքրող պատմական ժանրի ստեղծագործություններին նա հիմնականում անդրադարձել է 1880-ական թվականներին՝ կենտրոնանալով հատկապես Լյուդովիկոս XIII-ի (1610-1643 թթ․) ժամանակաշրջանի իրողությունների պատկերմանը: Նրա կտավներում ի հայտ էին գալիս ազնվազարմ պարոնները, որոնք տարված էին ինտելեկտուալ զբաղմունքներով՝ նկարների հավաքածուներ դիտելով, շախմատախաղով, երաժշտական երեկույթներին մասնակցությամբ՝ տան ինտերիերում: Լըսրելի այս ոճի ստեղծագործություններն ուսումնասիրելով՝ կարելի է փաստել, որ պատմական ժանրի ստեղծագործություններում նա, XVII դարի հոլանդական վարպետների նմանությամբ, իր ուշադրությունը կենտրոնացնում էր նաև դեկորների, տեքստիլի, հագուստի, գորգերի և ինտերիերի այլ մանրամասների հարազատորեն վերարտադրման վրա:

Հատված Լըսրելի կտավից
Պատմական ժանրային ստեղծագործությունների շարքին են պատկանում նրա երկու կտավները, որոնցում շատ վառ կերպով ի հայտ են եկել հայկական «Խնձորեսկ» տիպի գորգերի պատկերումներ: Անդրադառնանք դրանցից մեկին՝ «Խմբի երաժշտական փորձը» ստեղծագործությանը, որը վաճառվել է Սոթբիսի աճուրդում[9]: Այն յուղաներկ է՝ տախտակի (պանելի) վրա արված՝ 70,5-90 սմ․ գնվել է մասնավոր հավաքածուի համար[10]:
Ստեղծագործության մեջ պատկերված է խմբի երաժշտական փորձը: Նկարչի պատմական ոճով ստեղծագործությունների շարքում հաճախ են հանդիպում երաժշտական թեմայով սյուժեներ: Մեծ քառակուսի սեղանի շուրջը հավաքված են յոթ տղամարդ և մեկ կին, որոնք նվագում են երաժշտական տարբեր գործիքներ՝ միաժամանակ նայելով իրենց առջև դրված նոտաներին: Ի դեպ, Լըսրելի այս ոճի ստեղծագործություններում հազվադեպ են կանանց պատկերները, իսկ այս կտավում կենտրոնական կերպարներից է երգչուհին, ում նվագակցում են երաժիշտները: Ոճական և թեմատիկ առումով ստեղծագործությունը հիշեցնում է XVII դարի հոլանդացի վարպետների ժանրային ստեղծագործությունները: Կտավում մեծ վարպետությամբ վերարտադրված են հագուստների, դեկորների մանրամասները՝ վերածնելով XVII դարի ֆրանսիական բարձրաշխարհիկ միջավայրը: Սեղանի սփռոցի բաց կապտավուն և ոսկեգույն զարդանախշերը ներդաշնակ են երգչուհու հագուստի գուներանգներին և պատին փակցված գոբելենին: Կտավի ամենավառ հնչերանգը գորգն է, որն, ինչպես նշվեց, հայկական «Խնձորեսկ» տիպի վիշապագորգ է, որի հարուստ և գունեղ զարդանախշերն իրենց վրա են սևեռում դիտողի ուշադրությունը (նկ. 2):
«Խնձորեսկ» տիպի գորգերը համարվում են ցեղատոհմային ծագում ունեցող վահանավոր վաղագույն հորինվածքներից մեկը՝ իրենց վառ արտահայտված տոտեմական-տիեզերածնական պատկերացումների հետ կապված զարդանախշերով[11]: Նման գորգերի խորհրդաբանությունը կապված է մասնավորապես արևի և արևարգել վիշապի հնագույն պատկերացումների հետ, որի սիմվոլիկ պատկերումներն էլ առկա են այս տիպի գորգերում: Ինչպես նշում է Վ. Թեմուրճյանը. «Արևը՝ որպես շարժվող մի անիվ, ներկայացված է թևերը կեռված խաչի ձևով, իսկ արևի շարժումը խափանող վիշապները՝ ֆանտաստիկ գազանների սխեմաներով»[12]: Նկարում պատկերված գորգը միանգամայն նույնական է այս տիպի հայկական գորգերին՝ հորինվածքի կենտրոնում ունենալով վերոնշյալ բնութագրական կեռխաչը և ոճավորված ութ վիշապների կամ օձերի պատկերումները: Չնայած գորգի՝ հենց այդ կենտրոնական զարդամոտիվի մի մասը փակված է նկարչի պատկերած երաժշտական գործիքով՝ այդուհանդերձ՝ միանգամայն տեսանելի են թե՛ կենտրոնական կեռխաչի մի մասը, թե՛ ոճավորված վիշապներից մի քանիսի խիստ ռեալիստական պատկերումները (նկ. 2):
Հարկ է նշել, որ ադրբեջանցի ուսումնասիրողները, մասնավորապես Թելման Իբրահիմովը, անդրադառնալով վերոնշյալ «Խնձորեսկ» տիպի գորգերին, նշում է, որ դրանք ադրբեջանական գորգեր են, կոչվում են «Մալիբեյլի», և նրանց հայկական «Խնձորեսկ» անվանումը տարածվել է հայերի կողմից Ղարաբաղի գրավումից հետո։ Իսկ մինչ 1990-ական թվականները, իբրև որևէ աղբյուր չկա, որում հիշատակված լինի, թե այդ գորգերը կոչվել են «Խնձորեսկ»: Ըստ Իբրահիմովի՝ «Հայկական գորգագործական միությունը» տարածել է այս գորգերի անվանումը Եվրոպայում և Ամերիկայում, և որ գորգերի ցուցահանդեսները, կատալոգների կազմումը և պատճենների վաճառքը միտված էին այս գորգերի՝ ադրբեջանական «Մալիբեյլի» անվանման փոխարեն հայկական «Խնձորեսկ» անհիմնավորելի անվանման տարածմանը: Այնուհետև նա նշում է, որ Խնձորեսկ բնակավայրը ամենևին էլ Ղարաբաղի տարածքում չի գտնվում, այլ՝ Հայաստանի, և երբևէ որևէ կապ չի ունեցել Ղարաբաղի և այնտեղ գործված գորգերի հետ[13]: Ադրբեջանցի ուսումնաիրողի առաջ քաշած այս կեղծ թեզերի սպառիչ պատասխանը կարող ենք գտնել հոդվածագրից շատ ավելի վաղ 2004 թ. հրապարակված Վահրամ Թաթիկյանի հայտնի ուսումնասիրության մեջ, որին նա հավանաբար տեղյակ էլ չի եղել: Վ․ Թաթիկյանը նշում է, որ «Խնձորեսկ» տիպի գորգերի տարածման աշխարհագրությունը շատ կարևոր է՝ Սյունիքի ու Արցախի գորգագործական դպրոցների դարավոր կապերը քննելու տեսանկյունից: Փորձելով պարզել, թե որտեղից է ծագում «Խնձորեսկ» անունը, նա անդրադառնում է Աբրահամ Կրետացու՝ 1735 թվականին հաղորդած մի տեղեկության, որտեղ կաթողիկոսը Տուզախի, Դիզակի և Հադրութի կողքին՝ իբրև գորգագործական կենտրոն, հիշատակում է Խնձորեսկը՝ թողնելով իր այցելության ժամանակ այնտեղ տիրող տխուր իրավիճակի նկարագրությունը. «Նախ կային Եճ (500) տուն ի Խնձորեկ գեղն, բայց այժմ սակավացեալք էին՝ զի բազում սպանեալք էին ի թուրքաց... և ի գյուղս այս պատվական՝ շատ խալի ու խալիչայ գործէին յառաջ, բայց այժմ նվազեցան յոյժ, և հազիվ թե ոմանք պառավոնք սակավ գտանին գործողը»:
Այս տեղեկությունը, ըստ Վ. Թաթիկյանի, արժեքավոր է մի քանի առումներով․ Խնձորեսկը հիշատակված է Ղարաբաղի այլ բնակավայրերի հետ միասին, և դա հասկանալի է, քանի որ այն գտնվում է հայկական երկու հինավուրց նահանգների՝ Արցախի ու Սյունիքի սահմանագծին, և 1735 թվականը՝ 18-րդ դարի սկիզբը, պատկանում է մի ժամանակաշրջանի, որով այժմ թվագրվում է դասական վիշապագորգերի արտադրության մայրամուտը, իսկ Ա. Կրետացին պարզ գրում է, որ նախկինում նշանավոր գորգագործական կենտրոնը կորցրել էր իր երբեմնի նշանակությունը: Մնացել էր այդտեղ գործված գորգերի հիշատակը, և ոմանք (գորգի առևտրականները) գործողներ փնտրելիս հազիվ մի քանի պառավ են գտել: Այս ամենով հանդերձ՝ ըստ Վ. Թաթիկյանի, «փնտրել» նշանակում է ձևավորել նոր պահանջարկ, որը, 19-րդ դարի 30-ական թվականներից սկսած, ապահովեց Զանզեզուրի, ինչպես նաև Ղարաբաղի գորգագործության նոր վերելքը։ Արդյունքում՝, «Խնձորեսկ» տիպի գորգեր գործվել են Սյունիքի բոլոր բնակավայրերում, Արցախում, Գուգարքում[14]:
Հասմիկ Հմայակյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
[1] Gallet V․, Harem, Paris, 2016, p. 102.
[2] https://www.pontiart.com/achille-de-dominicis-biografia (04.03.2024)․
[3] Գանցհորն Վ., Քրիստոնեա-արևելյան գորգը, Երևան, 2013, էջ 269-290:
[4] Գանցհորն Վ., էջ 269-270:
[5] Young Kim D., Lotto's Carpets: Materiality․ Textiles, and Composition in Renaissance Painting, The Art Bulletin, 98:2, 2016: Տե՛ս, օրինակ, p. 183, pic. 2. http://dx.doi.org/10.1080/00043079.2016.1108151 (04.03.2024):
[6] https://www.metmuseum.org/art/collection/search/445297 (04. 04. 24):
[7] Dorkin M., Four Orientalist Masterpieces by Jean-Léon Gérôme (1824 - 1904), Simon C. Dickinson Ltd., 2019, London, New York, p. 6.
[8] https://rehs.com/eng/default-19th20th-century-artist-bio-page/?fl_builder&artist_no=405&sold=12 (04.04.2024):
[9] Նկարի հղումը տե՛ս https://www.artrenewal.org/artworks/the-practice-recital/adolphe-alexandre-lesrel/48309 (08.04.2024):
[10] http://www.sothebys.com/en/auctions/ecatalogue/2012/19th-century-paintings-n08847/lot.60.html (08.04.2024):
[11] Թաթիկյան Վ., Արցախի տոհմագորգերը, Երևան, 2004, էջ 21:
[12] Թեմուրճյան Վ., Գորգագործությունը Հայաստանում, Երևան, 1955, էջ 89, նկ. 11, պատկեր 6: Պողոսյան Ա., Վիշապագորգերի ծագումնաբանութեան ու տարածման արեալների հարցի շուրջ, Հանդէս ամսօրեայ, 2004, թիվ 1-12, էջ 367-415:
[13] Ibrahimov T., The earliest Karabakh Carpet “Malybeyli” with the date 1813, file:///D:/System/Desktop/rob/The_earliest_Karabakh_Carpet_Malybeyli_w.pdf(10.05.24):
[14] Թաթիկյան Վ., Արցախի տոհմագորգերը, Երևան, էջ 20-21: