2026

Երևան քաղաքի բնակչությունը 1829-1917 թվականներին

2024-06-25

Մահմեդական (սելջուկ-թյուրքեր, թաթար-մոնղոլներ, թուրքմենական ցեղեր, օսմանյան թուրքեր, պարսիկներ) երկարատև տիրապետությունը իր ազդեցությունն է թողել ինչպես ողջ Հայաստանի, այնպես էլ Երևանի էթնոժողովրդագրական պատկերի վրա:

Այս շրջանում հայ ազգաբնակչության բնականոն վերարտադրության համար սոցիալական առողջ միջավայրն ու արտաքին բարենպաստ պայմանները բացակայում էին։ Այնուամենայնիվ՝ հայերը շարունակում էին կազմել ազգաբնակչության մեծամասնությունը:

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալը Երևանի նահանգի բնակչության համար կայուն աճի խթան հանդիսացավ․ ստեղծվեցին խաղաղ ապրելու և վերարտադրվելու աննախադեպ պայմաններ: Դրանով հանդերձ՝ Երևանի նահանգային, գավառային, ոստիկանական և իշխանության այլ մարմիններում էթնիկ առումով հայերը փոքր տոկոս են կազմել:

Ռուսական տիրապետության սկզբնական շրջանում Երևանի բնակչության թվաքանակը և ազգային կազմը պայմանավորված էին նախորդ շրջանում տեղի ունեցած իրողություններով: 1830-ական թվականների սկզբներից սկսվեց հայերի թվաքանակի մշտական աճը: Իսկ վիճակագրական նյութերում «մահմեդական» կամ «թաթար» կոչվող բնակչության թիվը սկսեց նվազել: Ֆրանսիական ծագմամբ ազգագրագետ, պատմաբան և պետական գործիչ Իվան Շոպենը, որը Ռուսաստանի ցարական կառավարության հանձնարարությամբ կատարել է վիճակագրական հետազոտություններ, իր՝ «Исторический памятник состояния Армянской области в эпоху ее присоединения к Российской Империи» (1852 г.) արժեքավոր աշխատության մեջ, խոսելով Երևան քաղաքի մահմեդականների մասին, ի տարբերություն հայերի, չի գործածել «բնիկ» բառը:

Ռուսական տիրապետության տարիներին Երևանում հայտնվեցին նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ռուսներ:

Պարսկական տիրապետության վերջին տարիներին Երևանի բնակչությունը եղել է մոտ 12000 մարդ: 1829-1832 թթ. կամերալ ցուցակագրման տվյալների հիման վրա տեղեկություններ է հաղորդել Իվան Շոպենը, որը ղեկավարել է Երևանում անցկացվող աշխարհագիրը: Ըստ նրա՝ քաղաքն ուներ 11463 բնակիչ, որից հայեր էին 6125-ը, թաթարներ՝ 5338-ը:

Անդրկովկասի նահանգների բնակչության հաշվառումները մոտավոր են եղել: Բանն այն է, որ բնակչության մի զգալի մասը, գլխավորապես մահմեդականները, քոչվոր կյանք են վարել և երբեմն դուրս են մնացել հաշվառումից, իսկ նստակյաց բնակչությունը գիտակցաբար՝ բանակում չծառայելու, հարկման չենթարկվելու և համանման այլ գործոններով պայմանավորված, խուսափել է ճիշտ պատասխաններ տալուց: Հաշվառումից դուրս են մնացել նաև արտագնա աշխատանքի մեկնածները և փախուստի մեջ գտնվողները: Եթե այս բոլորին գումարենք այդ հաշվառումների տևական լինելը, բնակչության տեղաշարժերի հաճախականությունը, ապա կարելի է փաստել, որ դրանք շատ դեպքերում թերի են:

19-րդ 50-60-ական թվականներին Երևանի բնակչության թվաքանակի աճի հիմնական աղբյուրը հանդիսացել է բնական վերարտադրությունը:

1870-ական թվականների երկրորդ կեսից սկսած՝ բնակչության թվաքանակի աճի տեսակարար կշռում բնական վերարտադրությունն իր տեղը զիջել է մեխանիկական տեղաշարժերին՝ պայմանավորված արևմտահայ, մասամբ՝ պարսկահայ փախստականների հոսքով, ինչպես նաև ռուսական կայսրության այլ նահանգներից հայ և այլազգի բնակչության կամավոր ու հարկադիր ներհոսքով: Արևմտյան Հայաստանից, ավելի նվազ չափով՝ Պարսկաստանից, փախստականների հոսքը դեպի Երևան շարունակվել է 1880-1890-ական թվականներին։

Երևան քաղաքի բնակչության թվաքանակի նվազումը պայմանավորված էր Առաջին աշխարհամարտով, իսկ հետագա տարիների աճը՝ Արևմտյան Հայաստանում ցեղասպանության հետևանքով սկսված արևմտահայերի հոսքով:

1915 թ. քաղաքի 51286 բնակիչներից միայն 22000-ն էին հիմնական բնակիչներ:

1897 թ. Համառուսական առաջին մարդահամարի տվյալներով՝ Երևանի 29006 բնակիչներից 12529-ը հայեր էին, 12216-ը՝ մահմեդականներ (իսլամ), 2929-ը՝ ուղղափառներ, 1032-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ: 1897 թ. մարդահամարն ուշագրավ է նրանով, որ ոչ թե ազգությունն էր նշվում, այլ՝ կրոնը: Հայ լուսավորչականը (առաքելական) և հայ կաթոլիկը ներառվել են նույն խմբում, սուննին և շիան՝ իսլամ, ռուսը, վրացին, հույնը՝ պրավոսլավ, այսինքն՝ ուղղափառ և այլն: Այս վերջին խմբում ներառված են բողոքականները, աղանդավորները, եզդիները:

1914 թ. Երևան քաղաքի բնակչության ընդհանուր թիվը 29366 մարդ էր, որից հայեր էին՝ 15531-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում