2026
2024-06-21
1917 թ. ամռանն Անդրկովկասի ազգային տարածքային տարանջատման հիմնահարցը կրկին դարձավ տեղի քաղաքական ուժերի և տեղական կենտրոնական իշխանությունների լայն քննարկման առարկա: Երկրամասում տեղական կառավարման մարմինների (զեմստվոներ) խնդրին նվիրված Անդրկովկասյան հատուկ կոմիտեի խորհրդակցությունում քննարկվեցին նաև Երևանի, Թիֆլիսի, Ելիզավետպոլի նահանգների ու Կարսի մարզի վարչատարածքային սահմանաբաժանման հարցերը:
Անդրկովկասի սահմանաբաժանման թեման օրակարգային դարձավ նաև Պետրոգրադում միաժամանակ հրավիրված երկու խորհրդակցություններում, որոնք նվիրված էին Սահմանադիր ժողովի ընտրությունների կանոնակարգերի մշակմանը և ազգային որոշ շրջաններում տեղական զեմստվոներ հիմնելու հարցերին:
Որոշվեց՝ տարբեր երկրամասերում կատարել վարչատարածքային փոփոխություններ և ստեղծել նոր նահանգներ ու գավառներ:
Անդրկովկասի վարչատարածքային նոր բաժանումների հարցը միայն հայկական խնդիր չէր, այլ կրում էր ընդհանուր տեղական բնույթ։
Օգտվելով Անդրկովկասի՝ գրեթե բոլոր ազգությունների ներկայացուցիչների Պետրոգրադում գտնվելու հանգամանքից՝ քննարկվեց երկրամասում վարչական փոփոխություններ իրականացնելու հարցը: Հանձնաժողովականների մեծամասնությունն առաջարկեց՝ Պետրոգրադում գտնվող Անդրկովկասի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմել նախագիծ, և այն ներկայացնել Անդրկովկասի հատուկ կոմիտեի (ОЗАКОМ) և Կովկասի ժողովրդավարական կազմակերպությունների քննարկմանը:
Հայ պատվիրակներն ունեին երկրամասի վարչական փոփոխության վերաբերյալ Ավետիք Շահխաթունյանի կողմից նախապես մշակված «Անդրկովկասի վարչական սահմանաբաժանման նախագիծ»-ը, որի տեքստը հրատարակվել է 1918 թ. Թիֆլիսում՝ «Административный передел Закавказского края» խորագրով:
Ըստ Ավ. Շահխաթունյանի նախագծի՝ Ելիզավետպոլի տարածքը բաժանվելու էր երկու առանձին նահանգների՝ Ելիզավետպոլի (Նուխի, Ելիզավետպոլ, Բարդա, Կարյագինո, Արեշ, Ղազախ գավառներով) և Գանձակի (Քարվանսարա, Գանձակ, Շուշիի, Զանգեզուր գավառներով)։ Վերջինս զբաղեցնելու էր նախկին նահանգի լեռնային մասը, որը գլխավորապես բնակեցված էր հայերով:
Գանձակի նահանգի ընդհանուր բնակչությունը կազմում էր 529 000 մարդ, որից հայեր՝ 366 000 (69,2 %), մուսուլմաններ՝ 134 000 (28,3 %) և այլ ազգությունների ներկայացուցիչներ՝ 29 000 (2,5 %):
Ելիզավետպոլի նահանգի ընդհանուր բնակչությունը կազմում էր 751 000 մարդ, որից հայերը՝ 53 000 (7,1 %), մուսուլմանները՝ 663 000 (88,2 %) և այլք՝ 35 000 (4,7 %):
Նախագծում առաջարկվում էր հիմնականում հայ բնակչություն ունեցող Լոռին անջատել Բորչալուի գավառից, իսկ Ախալքալաքի շրջանը՝ հանել Թիֆլիսի նահանգի կազմից։ Նախատեսվում էր նշված տարածքների և Ալեքսանդրապոլի, Կարսի, Կաղզվանի, Կողբի գավառների միավորումով ստեղծել նոր նահանգ՝ Ալեքսանդրապոլ վարչական կենտրոնով: Ալեքսանդրապոլի ապագա նահանգն (Ալեքսանդրապոլ, Ախալքալաք, Լոռի, Կարս, Կաղզվան գավառներով) ունենալու էր 709 000 բնակչություն, որից հայեր՝ 464 000 (65,4 %), մահմեդականներ՝ 121 000 (17,1 %) և այլք՝ 124 000 (17,5 %):
Էջմիածնի, Երևանի, Նոր Բայազետի, Շարուրի, Նախիջևանի և Սուրմալուի գավառների վարչական վերաձևումների հենքի վրա պետք է ստեղծվեր Երևանի նահանգը։
Երևանի նահանգի ընդհանուր բնակչությունը կազմելու էր 856 459 մարդ, որից հայեր՝ 459 000 (53,6 %) մուսուլմաններ՝ 371 000 (43,3 %) և այլք՝ 26 000 (3,1 %):
Այսպիսով` ըստ նախագծի` Արևելյան Հայաստանում նախատեսվում էր ստեղծել երեք նահանգներ՝ Գանձակի, Երևանի և Ալեքսանդրապոլի, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմելու էր 2 մլն. 93 հազար մարդ, այդ թվում հայեր՝ 1 մլն. 289 հազար կամ 61,5 %-ը:
Նախագծի հեղինակ Ավետիք Շահխաթունյանը վարչատարածքային բաժանման հիմքում դրել էր էթնիկական սկզբունքը՝ խնդիր ունենալով ազգագրական հատկանիշներով վերամիավորել տարանջատված տարածքները: Անտեսված չէր նաև տնտեսական և աշխարհագրական գործոնների նշանակությունը:
Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները համաձայնության եկան առաջարկվող նոր սահմանաբաժանման շուրջ, իսկ թաթարները, թեև սկզբունքորեն համաձայնեցին, բայց, երբ ծանոթացան Գանձակի և Երևանի նահանգներում նախատեսվող փոփոխություններին, հայտարարեցին, թե իրենք լիազորված չեն վերջնական համաձայնություն տալու:
Այնուամենայնիվ՝ նախագիծը Պետրոգրադում ընդունվեց և մասնակի փոփոխություններով ներկայացվեց Անդրկովկասի հատուկ կոմիտեի հաստատմանը։ Խնդրին լուծում տալու նպատակով Թիֆլիսում կազմվեց մասնագիտական առանձին հանձնաժողով՝ Նոյ Ժորդանիայի նախագահությամբ: Անդրկովկասյան հատուկ կոմիտեի հրավիրած խորհրդակցության ընթացքում վրացական ազգային-դեմոկրատները շեշտում էին, որ չի կարելի փոխել 1783 թ. Գեորգիևսկի պայմանագիրը և Վրաստանից անջատել Բորչալուի և Ախալքալաքի շրջանները։
Փաստորեն՝ սահմանների խնդիրն այդ ժամանակ քննարկվում էր ոչ թե վարչական, այլ՝ առավելապես պետական-տարածքային հարթության մեջ։
Վերջին անգամ Անդրկովկասի վարչական բաժանման հարցը քննարկվեց 1917 թ. հոկտեմբերի 14–15-ին կայացած Անդրկովկասյան հատուկ կոմիտեի ընդլայնված նիստում։ Այստեղ հայկական կողմի ներկայացրած սահմանափոխության նախագիծը վրաց-թաթարական տանդեմի կողմից մերժվեց՝ հայերի և մահմեդականների միջև եղած անհանդուրժողականության պատճառաբանությամբ, որն, ըստ էության, վարչական վերաբաժանման դեմ արհեստականորեն ստեղծված երկարաժամկետ զենք էր:
Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի վերջերին տեղի ունեցած բոլշևիկյան հեղաշրջման պատճառով Անդրկովկասում շատ ավելի բարդ իրավիճակ ստեղծվեց: