2026
2024-06-14
19-րդ դարի կեսերից ռուսական իշխանությունները ձեռնամուխ եղան բազմատեսակ, այդ թվում, վարչատարածքային բարեփոխումների անցկացմանը: Անդրկովկասում գոյություն ունեցող վարչատնտեսական և վարչաքաղաքական համակարգերը լիովին չէին համապատասխանում ամբողջ երկրի կառավարման վարչաձևին և այդ ուղղությամբ բարեփոխումները դարձել էին առաջնային խնդիր:
Վարչատարածքային և տեղական կառավարման ուղղությամբ տարվող «բարեփոխումները» լայն թափով սկսվեցին Կովկասի փոխարքա Միխայիլ Ռոմանովի (1862-1881 թթ.) օրոք: Վերջինս Անդրկովկասի երկրամասի վարչատարածքային նոր բաժանման անհրաժեշտությունը բացատրում էր նախկին բաժանման հետևանքով կառավարման, հաղորդակցության, սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային բնագավառներում համակարգի բարդ կառուցվածքով: 1865 թ. ստեղծված Հատուկ կոմիտեն կազմեց երկրամասի վարչական բաժանումների մասին Կանոնադրությունը:
1867 թ. օգոստոսի 3-ին ստեղծվեց Ելիզավետպոլի նահանգը: Այն կազմավորվեց Թիֆլիսի և Բաքվի նահանգների մի մասի, Ելիզավետպոլի, Նուխիի և Շուշիի գավառների, ինչպես նաև Երևանի նահանգի Օրդուբադի գավառի Մեղրիի տեղամասի հաշվին: Դեռևս 1862 թ. Երևանի նահանգի Փամբակի հյուսիսային մաս կազմող Լոռու տեղամասը հանվեց Ալեքսանդրապոլի գավառի կազմից և միացվեց Թիֆլիսի նահանգին: 1863 թ. Երևանի նահանգն ուներ 421228 բնակիչ:
1867 թ. դեկտեմբերի 9-ին Ալեքսանդր II ցարը ստորագրեց «Կովկասյան և Անդրկովկասյան երկրամասի կառավարման բարեփոխման մասին» հրամանագիրը: Անդրկովկասում կազմավորվեց հինգ նահանգ՝ Թիֆլիսի, Բաքվի, Երևանի, Քութայիսի և Ելիզավետպոլի: Երևանի նահանգի գավառների թիվը մեկով պակասեց և մնաց հինգ գավառ՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի և Էջմիածնի:
Զգալիորեն հստակեցվեցին գավառների վարչական սահմանները, որոշակիորեն սահմանափակվեցին փոխարքայի լիազորությունները և գերագույն վերահսկողությունը վերապահվեց գլխավոր վարչությանը, մահմեդականներով բնակեցված շրջաններում ուժեղացավ ոստիկանական հսկողությունը և այլն:
Տնտեսության և առևտրի բնագավառներում առաջացած դժվարությունները, գավառների վրա նահանգային իշխանության պատշաճ վերահսկողության լծակների թուլացումը նահանգի վարչատարածքային նոր վերաձևումը դարձրին անխուսափելի: 1872 թ. Ռուսաստանի կառավարությունը Երևանի նահանգը վերստին վարչական բաժանման է ենթարկում: Նահանգի տարածքի վրա հիմնվեցին ևս երկու նոր գավառներ. Էջմիածնի գավառը տրոհվեց երկու գավառների՝ Էջմիածնի և Սուրմալուի, իսկ Նախիջևանի գավառը վերակազմվեց Նախիջևանի և Շարուր-Դարալագյազի գավառների: Նոր Բայազետի գավառի Ղրխբուլաղի գավառակի տարածքի որոշ մասը միացվեց Երևանի գավառին: Երևանի նահանգը բաժանվեց յոթ գավառների:
Ռուսաստանյան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանի սահմաններում իրականացված մի շարք ընդհանուր և մասնակի վարչատարածքային փոփոխությունների շղթայում սա վերջինն էր, և այս վիճակը պահպանվեց մինչև 1917 թ.։
Այնուամենայնիվ, Անդրկովկասում և նրա մաս կազմող Երևանի նահանգում վարչատարածքային փոփոխություններ անելու հարցը մնում էր օրակարգում նաև հետագա տարիներին: Այսպես, 1913 թ. մարտի 9-ին Անդրկովկասի փոխարքայության գրասենյակի տնօրենը Երևանի նահանգապետ Վլադիմիր Տիզենհաուզենին ուղարկած նամակում նշում է, որ փոխարքայության խորհուրդը քննարկել է երկրամասի նահանգների սահմանները նոր փոփոխությունների ենթարկելու հարցը և կազմել համապատասխան նախագիծ: Առաջարկվող նախագիծը կազմվել էր կամայականորեն, առանց հաշվի առնելու տեղական պայմանները, ազգային սովորույթները, առանձնահատկությունները: Ամենուր կապված սահմանային փոփոխությունների նոր նախագծի հետ, բնակչության մեջ դժգոհությունը շարունակաբար խորանում էր:
Բնակչության համատարած դժգոհությունները՝ մի կողմից, տեղական իշխանությունների փաստարկված հորդորներն ուղղված երկրամասի բարձրագույն ղեկավարությանը՝ հրաժարվել հակասություններով լեցուն և ծանր հետևանքներով հղի նախագիծը գործադրելուց՝ մյուս կողմից, սթափեցրին բարձրագույն իշխանություններին և հետ կանգնեցրին նրանց բռնած ճանապարհից: Նախագիծը մնաց որպես սոսկ փաստաթուղթ[1]:
Անդրկովկասի վարչական սահմանների փոփոխության հիմնահարցը բոլորովին դուրս չմնաց Ռուսաստանի իշխանությունների ու քաղաքական ուժերի հետաքրքրության շրջանակներից, քանզի այդ փոփոխությունները երկրամասը խաղաղեցնելու և այն կայսրությանը հիմնովին միավորելու առումով ոչինչ չտվեցին:
Այդ վարչական սահմանները միանգամայն անբավարար էին, որ շատ տեղերում այդ բաժանումները կրում էին պատահական բնույթ և չէին համապատասխանում տեղի ժողովուրդների տնտեսական և ազգագրական պահանջներին: Պատահական կամ դիտավորյալ սահմանաբաժանման անհարմարությունները շուտով իրենց զգացնել տվեցին, երբ հարց ծագեց Անդրկովկասում զեմստվային՝ տեղական ինքնակառավարման մարմին ստեղծելու մասին:
Երկրամասի բոլոր վարչատարածքային բաժանումները, որպես կանոն, արվել էին Արևելյան Հայաստանի հաշվին: Սահմանների բաժանումը կատարելիս՝ ցարական իշխանությունները ոչ միայն հաշվի չէին առել տեղագրական և տնտեսական պայմանները, այլև անգամ վարչական կառավարության հարմարությունները: Երբեմն էլ կառավարությունը, որպեսզի հայերը որևէ գավառում մեծամասնություն չկազմեն, այդ գավառից մի զուտ հայաբնակ մաս անջատել ու միացրել է հարևան թյուրքաբնակ մասի: Ինչպես, օրինակ, Ղարաբաղը, Ղազախը և Զանգեզուրն Արևելյան Հայաստանի կազմից հանելով միացվել էր Շամախու, հետագայում՝ Ելիզավետպոլի նահանգին, Բորչալուի և Ախալքալաքի գավառները տրվել էին Թիֆլիսի նահանգին, իսկ Կարսի և Կաղզվանի շրջանների վրա իրականացվում էր ռուսական կառավարության վերահսկողություն: Ահա թե ինչու հետագայում հայերը պարբերաբար երկրամասի սահմանաբաժանման հարց էին բարձրացնում:
[1] Տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 94, ց. 1, գ. 3206, Հարությունյան Հ.Մ., Երևանի նահանգի վարչաժողովրդագրական պատկերը, արհեստներն ու առևտուրը, Եր., ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2020: