2025

Արցախն ու Ուտիքը աղվանականացնելը հակագիտական է․ Ալեքսան Հակոբյան

Աղվանքի, Աղվանքի ժառանգորդների, Բուն Աղվանքի, և աղվանական առեղծվածի մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի հետ։

-Գիտականները միակարծիք են, որ Աղվանք անունը վերաբերել է Կուր գետից հյուսիս ընկած տարածքին, իսկ Կուր գետից հարավ Աղվանք չի եղել,- ասում է Ալեքսան Հակոբյանը և հավելում, որ հակառակ տեսակետը պնդում են միայն ադրբեջանցիները, ինչը միջազգային գիտական հանրույթը չի ընդունում, ավելին՝ դատապարտում է հայկական մշակույթը աղվանականացնելու ադրբաջանական թեզերը։ Ինչ վերաբերում է աղվանական էթնոսին, ապա Հակոբյանը պնդում է, որ Աղվանքում ապրող ժողովուրդները միասնական էթնոս չդարձան աղվան անվան տակ, այլ մնացին մետաէթնոսի մակարդակում․ այսինքն՝ Աղվանքում ապրող տարբեր ժողովուրդները միավորվեցին, հասան մետաէթնոսի մակարդակի, որը էթնոսի նախօրյակն է (ի դեպ, նրանց միասնական զարգացման համար մեծ դեր է խաղացել Տիգրան Մեծը)։ Պատմական գիտությունների դոկտորը նշում է նաև, որ  Աղվանքի ժողովուրդները դարեր շարունակ Հայաստանի հետ սերտ դաշնակիցներ են եղել։

- Որտեղի՞ց է ծագել Աղվանք անունը և ի սկզբանե ո՞ր տարածքին է այն  վերագրվել։

- Աղվանք անունը վերաբերել է Կուր գետից հյուսիս ընկած տարածքին` մինչև Կովկասյան լեռներ և մի  քիչ էլ ավելի վեր՝ մինչև միջին Դաղստան՝ ամբողջությամբ ընդգրկելով Հարավային Դաղստանը։ Կուր գետից հարավ Աղվանք չի եղել։ Ճիշտ է, միջնադարում ծագել են այդպիսի մոտեցումներ, որ գուցե այդ անունը նախապես վերաբերել է նաև Կուր գետից հարավ ընկած տարածքին, բայց այսօրվա գիտությունը համարում է, որ Կուրից հարավ Աղվանք, ուղղակի, չի եղել։ Կուր գետից հյուսիս Աղվանք կոչվել է ինչ-որ պատճառով․ կան տարբեր մոտեցումներ։

Վերջնական, ընդհանուր տեսակետ դեռևս չկա, բայց ամենից հավանական մոտեցումն այն է, որ Աղվանք, Առան անուններն ունեն իրենց տարբերակները՝ Առան, Ռան, Ալբան, Առա։ Ըստ երևույթին՝ այդ տարբերակները վերաբերել են ինչ-որ մի վերացական հասկացության, ասենք՝ դաշտի, ցածրադիր տարածքի, փակ տարածքի, կամ, ընդհակառակը, գուցե լեռնային տարածքի․ հաստատապես չգիտենք: Բայց հաստաատ է, որ այդ բոլոր անունները, որոնք թվարկեցի, տարբեր լեզուներով վերաբերել են միևնույն հասկացությանը՝ Աղվանքին։

Եթե թվարկեմ, առաջին հիշատակությունը Հերոդոտոսի հիշատակությունն է՝ մ․թ․ա․ 5-րդ դարում, որը թվարկում է Պարսկաստան տերության վարչական միավորները՝ սատրապությունները։ Նա 20 սատրապություն է թվարկում, բայց գուցե դրանք եղել են քիչ ավելի շատ։ Նա (խմբ Հերդոտոսը) ասում է, որ 18-րդ սատրապության մեջ ապրում էին մակեններ, սասվերներ և ալառոդներ։ Ալառոդներ բառի երկրորդ մասը՝ «ռոդ»-ը, գետ է նշանակում և ալան, որը նույն Առանն է՝ ամենայն հավանականությամբ կապված է մեզ ավելի ուշ ժամանակից ծանոթ Աղուայի հետ (աղուա՝ Աղվանք, ալբայի հետ՝ ալբա՝ Ալբան, Առայի հետ՝ Առան․ դրանից ծագած՝ ռանը, և այդպես շարունակ)։

Այսպիսով` մենք կարող ենք ասել, որ վաղ անտիկ շրջանում՝ 5-րդ դարից սկսած, մենք գործ ունենք Աղվանքի ինչ-ինչ հիշատակության հետ։ Բայց ճշգրիտ ի՞նչ է նշանակում «Ալա», «Ռոդ», մենք այսօր չենք շտապում կարծիք հայտնել։ Հետագայում՝ ավելի ուշ անտիկ աղբյուրներում, տարածված էր Ալվան տարբերակը, որը հիշատակվում է մ․թ․ա․ 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի հետ կապված։

Հայտնի է, որ Դարեհ 3-րդ արքան մարտնչել է Ալեքսանդրի (խմբ ՝ Մակեդոնացու) դեմ՝ Գավգամելայի ճակատամարտում, և հավաքել բազմացեղ զորք։ Դրանց մեջ էին նաև ալբանները կամ աղվանները, որոնք ենթարկվում էին Մարաստանի սատրապին։ Այնուհետև, Պոմպեոսի արշավանքների հետ կապված, մ․թ․ա․ առաջին դարում էլի հիշատակվում էին ալբանները։ Հիշատակվում են շատ հստակ՝ Կուր գետից հյուսիս։ Ի դեպ, ավելի վաղ շրջանում ևս խոսքը վերաբերում էր Կուր գետից հյուսիս ընկած տարածքին․ օրինակ՝ 18-րդ սատրապության տարածքը քարտեզագրվում է՝ սկսած Կենտրոնական Վիրքից՝ Վրաստանից, և հասնում է Կասպից ծով․ ընդ որում՝ նորից Կուր գետից հյուսիս, որովհետև Կուր գետից հարավ արդեն 13-րդ սատրապությունն էր։

Էլի ուսումնասիրություններ կան․ հայտնի է, որ մ․թ․ա․ 3-րդ դարում ծովից ուսումնասիրություն է կատարել ծովակալ Պատրոկլեսը։ Նա ևս ալբաններին հիշատակում է Կուր գետից հյուսիս՝ մինչև Դերբենդի անցքը։ Դերբենդի անցքը հետագայում՝ դասական անտիկ շրջանում, եղել է Աղվանքի հյուսիսային սահմանը՝ հյուսիսարևելյան սահմանակետը։

- Պարո՛ն Հակոբյան, բայց ովքե՞ր են աղվանները։ Մենք գիտենք, որ Ստրաբոնը առանձնացնում էր 26 ցեղերի, բայց ընդհանուր էթնոս կա՞ր աղվան անունով, թե՞, այնուամենայնիվ, նրանք առանձին անուններով հանդես եկան հետագայում։

- Իրոք, մենք գիտենք, որ առաջին լուրջ հիշատակության մեջ Ստրաբոնը նշում է 26 ցեղերի։ Ստրաբոնը ասում է այսպես՝ «Այժմ թագավորությունը մեկն է, և նրանց մեկ թագավոր է իշխում, (նրանց՝ նկատի ունի ալբաններին), բայց դրանից առաջ նրանք 26 ցեղեր էին, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր լեզուն, իր թագավորիկը։ Իսկ լեզուները շատ էին, որովհետև իրենք դժվար էին իրար հետ առնչվում»։

Ըստ երևույթին՝ նկատի ունի, որ ցեղերի միջև կապերը շատ սերտ չէին, և լեզվային մասով էլ ցեղերը բավականին հեռացել էին իրարից։ Ըստ այօրվա գիտնականների՝ հիմքում եղել է մեկ լեզու․ դա լեզգիական լեզվախմբի մայր լեզուն է, որից բաժանվել են տարբեր լեզուներ, և առաջացել են այդ աղվանից՝ աղվանական 26 լեզուները։ Ցեղերն  իրենց լեզուներով ու թագավորիկներով միավորվեցին մ․թ․ա․ առաջին դարի սկզբում։

Ստրաբոնի տեղեկություններից մենք վերծանում ենք հետևյալ պատկերը, որ աղվանների՝ այդ 26 ցեղերի միացումը մեկ թագավորության մեջ, տեղի ունեցավ, պայմանական ասած, գրեթե Պոմպեոսի  լեգեոնների աչքի առջև։ Պոմպեոսի արշավանքները տեղի են ունեցել մ․թ․ա․ 66, 65, 64 թվականներին։ Այսօր՝ վերջին ուսումնասիրությունների արդյունքում, մենք կարող ենք Աղվանից միասնական թագավորության առաջացումը կապել Տիգրան Մեծի գործունեության հետ։ Այսինքն՝ հայ թագավորը՝ այն ժամանակ արքայից արքան, մեծ դեր է կատարել աղվանների միավորման հարցում։ Օրինակ՝ եթե կովկասյան պաշտպանական գծի պաշտպանության հարցում պետք է մասնակից լինեին նաև տեղի ժողովուրդները, տեղի ցեղերը, ապա Իրանը կարող էր աշխատել, ենթադրենք, Աղվանքի դեպքում՝ 26 ցեղային թագավորիկների հետ, բայց Տիգրան Մեծի համար դա ավելի դժվար էր։ Եվ Տիգրան Մեծի համար ավելի հեշտ կլիներ, եթե դրանք միավորված լինեին, այսինքն՝ ինքը գործ ունենար մեկ սուբյեկտի հետ, ոչ թե՝ 26։ Եվ, ըստ երևույթին, Տիգրանը, լավ իմաստով, հրահրել է, որպեսզի այդ արքայիկները միավորվեն։ Միավորվել են, առաջացել է միասնական թագավորություն, և այդ թագավորությունը բավականին ուժեղ էր, բավականին մեծ զորք ուներ․ ոչ Հայաստանի չափ, բայց Վիրքին չէր զիջում։

Կան ուրիշ տեսակետներ․ մասնավորապես՝ այս վերջերս ադրբեջանցիներն են առաջ տանում այդ տեսակետը, որ իբրև թե 4-րդ դարից՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից, աղվաններն արդեն միասնական երկիր էին, միասնական ժողովուրդ էին, սակայն դա հնարավոր չէ աղբյուրագիտորեն ապացուցել։ Ադրբեջանցիները հենվում են հիմնականում հնագիտական պեղումների վրա՝ ասելով, որ բավականին բարձր քաղաքակրթական մակարդկի հետ գործ ունենք, բայց ինքնին այդ նյութը (նյութը, որ գտնվում է Բուն Աղվանքի տարածքում) մի մեծ բան չէ։

Երկրորդ՝ այդ նույն մշակութային մակարդակի էին նաև բազմաթիվ ուրիշ ցեղային միավորումներ, որոնք նույնպես, դեռ մինչև մ․թ․ա․ առաջին դարը, միասնական թագավորություն չէին դարձել։ Այսինքն՝ մենք կարող ենք ապացուցված համարել, որ աղվանների միավորումը մեկ թագավորության մեջ տեղի ունեցավ մ․թ․ա․ առաջին դարի սկզբին։

Հիմա՝ ինչ վերաբերում է միասնական էթնոսին, պարզ է, որ ցեղերը միասնական էթնոս չէին։ Արդյո՞ք նրանք դարձան միասնական էթնոս․ դրսի աղբյուրները նրանց կոչում են աղվաններ։ Ինչ-որ տեղ կարելի է մտածել, որ եթե միասնական անվանում կա, ապա դա կարող է միասնական էթնոսի գոյության փաստ համարվել, բայց այդպես չէ։ Մենք մի քանի ժամանակագրական շրջանների համար, աղբյուրների համադրությամբ, տեսնում ենք, որ միասնական էթնոս չկա։

Մասնավորապես՝ մ․ թ․ երրորդ դարում Աղվանքը ինչ-որ ձևով կորցրեց իր ամբողջ արևելյան կեսը՝ ծովափնյա շրջանները դուրս եկան Աղվանքի թագավորությունից։ Եվ դրանից հետո նրանք դադարեցին աղվան կոչվել։ Այսինքն՝ դրանից առաջ անտիկ աղբյուրները՝ և՛ աշխարհագրարական, և՛ պատմական, մինչև երկրորդ դարը, ծովից նկարագրությամբ, ցամաքից նկարագրությամբ, այդ տարածքի բնակչությանը կոչում էին աղվաններ։ Եվ երրորդ դարից սկսած՝ անջատված մասը այլևս Աղվանք չի կոչվում։ Դա նշանակում էր, որ այնտեղ աղվան էթնոս չկար։ Աղվանք կոչվում էին նրանք այն պատճառով, որ գտնվում էին Աղվանից թագավորության մեջ։

Մոտավորապես նույն եզրակացության գալիս ենք 5-րդ դարի երկրորդ կեսի  կտրվածքի համար։ Խորենացու տեղեկություններով՝ այդ ժամանակ այդ տարածքի վրա պարսիկները՝ Հայաստանը գրաված, նվաճած, նաև Վիրքն ու Աղվանքը նվաճած Սասանյանները, ստեղծում են մարզպանություն և միացնում են Բուն Աղվանքը հայկական շրջանների հետ (բուն Աղվանքը՝ Կուր գետից հյուսիս և հայոց արևելից տարածքը՝ Արցախը և Ուտիքը՝ Կուրից հարավ): Անունը ինչ-որ չափով տարածվում է նաև Արցախի և Ուտիքի վրա։ Առահասարակ, այդպես է, երբ որ նոր վարչական շրջան էր ստեղծվում, անունը տարածվում էր նաև նրա վրա։

Խորենացին, արդեն, Աղվանք անունը բացատրում է երկու ձևով։ Հայկական լեզվամտածողության, լեզվատարածական հիմքի վրա․ Առան  անունով ստեղծվել էր մի լեգենդ, որ կար մի Առան՝ Հայկ նահապետի սերունդներից, և նրանից ծագել էին Առանի իշխանական տները։ Այսինքն՝ հայկական հողի վրա է բացատրվում Առան անունը, ոչ թե աղվանական։ Չնայած Բուն Աղվանքի մասին Խորենացին նույնպես լավ գիտեր, Աղվան անունը նույնպես բացատրում է հայկական հիմքի վրա․ «աղու» նշանակում է քաղցր, մեղմ։ Այդպիսին էր Առանի հոր՝ Սիսակի մականունը։ Սիսակը Սյունիքի էպոնիմն էր՝ նահապետն էր։ Այսինքն՝ և՛ Աղվանք անունը, և՛ Առան անունը Խորենացին բացատրում է հայկական հողի վրա․ դա կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե ինքը (խմբ՝ Խորենացին), լավ իմանալով Աղվանք երկիրը՝ Կուր գետից հյուսիսը, չգիտի աղվան ժողովուրդ։ Այսինքն՝ դա տարածքի անվանում է, բայց՝ ո՛չ ժողովրդի։ Ժողովուրդը ինչպես էր կոչվում այն ժամանակ՝ մենք կարող ենք ենթադրություններ անել և անում ենք։

Պարզ է, որ կազմավորված աղվան ժողովուրդ չկար, և աղվանը շարունակում էր մնալ հավաքական անվանում, ինչպես մ․թ․ա․ չորրորդ դարում, առաջին դարում, մեր թվարկության երրորդ դարում, այնպես էլ հինգերորդ դարում աղվանը հավաքական էր։ Մենք այդպիսի բան նկատում ենք նաև 7-րդ դարում։

9-րդ դարի ընթացքում նոր աղվանական ցեղային համախմբից ձևավորվում է  միասնական ժողովուրդ, բայց՝ ոչ ամբողջի վրա, այլ միայն քրիստոնյա մնացած աղվանների հատվածի վրա․ մնացածը մահմեդականություն էին ընդունել և զարգանում էին մահմեդական անվանումներով՝ որպես փոքր ժողովուրդներ։ Մինչև այսօր էլ դրանք կան՝ լեզգիներ, թափասարանցիներ, ռութուլներ, աղուններ և այլն։ Իսկ արևմտյան հատվածում քրիստոնյա այդ ցեղերը հանդես են գալիս որպես միասնական ժողովուրդ․ դա աղբյուրներով արձանագրվում է, և այդ ժողովուրդը կոչվում էր ուդի։

Ուդիներն ավելի ուշ գրական հողի վրա ընդունում էին և պնդում էին իրենց կապը աղվանների հետ, երբեմն կոչվում էին մենք՝ ուդիներս, աղվաններս։ Նրանք այդպես հանդես են գալիս արաբական խալիֆայության թուլացման շրջանում։ Ա՛յ, այդ թուլացման շրջանում տեղի ունեցան էթնիկական մի շարք գործընթացներ․ մոտավորապես՝ լեզգիների հզորացումը, երբ լեզգի փոքր ժողովրդից ձևավորվեց ավելի մեծ լեզգի ժողովուրդ։ Եվ հենց այդ ժամանակ, փաստորեն, ուդի ժողովուրդը, կարելի է ասել, ձևավորվեց կամ ձևավորման փուլն ավարտեց։ Մինչև այդ՝ աղվանները շարունակում էին մնալ ցեղային հանրույթ։ Մենք այստեղ վերջակետ չենք դնում, ստորակետ ենք դնում և անպայման նշում ենք այսօրվա գիտական մոտեցումը, որը հետևյալն է՝ չդառնալով միասնական էթնոս՝ աղվանական այդ ցեղային համախումբը, այնուամենայնիվ, դարձավ մետաէթնոս։

Մետաէթնոսը, դա էթնոսի նախօրյակն է, երբ որ հավաքական ընդհանրությունը ձեռք է բերում էթնոսին բնորոշ ինչ-ինչ գծեր՝ ոչ բոլորը, մասնավորապես՝ ինքնանունը, ինքնանվանումը, էթնոնիմը՝ ոչ, միասնական լեզուն՝ ոչ։ Կարող ենք ասել, որ աղվանները ինչ-որ մի պահի ձևավորվել են որպես մետաէթնիկ ընդհանրություն, բայց այդպես էլ չեն դարձել էթնոս՝ աղվաններ անվան տակ, այլ իրենց ցեղային զարգացման արդյունքում աղվանական այդ մետաէթնոսից ձևավորվել են արևելքում մահմեդական փոքր ազգությունները, ինչպես արդեն թվարկեցի, իսկ արևմուտքում՝ ուդիներ։ Քրիստոնեական ուդիներ՝ քրիստոնեական հիմքի վրա, ինչ-որ չափով՝ նաև ճնշումների ազդեցությամբ, քանի որ արտաքին ճնշումները նպաստում են ներսում էթնիկական կապերի ամրացմանը։ Ինչ-որ չափով՝ նաև նոր թագավորության ձևավորմամբ, որովհետև 9-րդ դարի վերջում ձևավորվեց Աղվանից երկրորդ թագավորությունը՝ Համամ Բագրատունու գլխավորությամբ։

Ի դեպ, Համամ Բագրատունին, ով ուդիների համար ստեղծեց այդ թագավորությունը, հայ էր, հայկական ծագում ուներ, Տարոնի Բագրատունիներից էր, որոնք 8-րդ դարից տեղափոխվել էին այդ շրջանները և Աղվանից իշխան էին դարձել (աղվանից իշխանը, դա ինստիտուտ էր, որը բնորոշում էր  քրիստոնյա բնակչության ինքնավարությունը ոչ քրիստոնյա տերությունների առջև․ մի դեպքում՝ զրադաշտական Սասանյանների առջև, մի դեպքում՝ մահմեդական խալիֆայության)։ Այդ ինստիտուտը հետագայում վերածվեց թագավորի ինստիտուտի, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում Բագրատունյաց իշխանի ինստիտուտը՝ հայոց իշխանաց իշխանը, վերածեցին թագավորների։

- Պարո՛ն Հակոբյան, առհասարակ, Աղվանքում ապրող ժողովուրդները, երկրորդ թագավորությունից սկսած, հայերի հետ որպես դաշնակի՞ց էին հանդես գալիս, թե՞ հակառակորդ։

- Ե՛վ առաջին, և՛ երկրորդ թագավորության ժամանակ, որը առաջացավ 894 թվականին, աղվանները հանդես էին գալիս որպես Հայաստանի ամենասերտ դաշնակիցներ։ Հայաստանը շատ վաղուց պարտականություններ ուներ և իրավունքներ ուներ Վիրքի և Աղվանքի վրա, նաև՝ Արևմտյան Վրաստանի` Լազիկայի վրա։ Մասնավորապես՝ քրիստոնեության ընդունումը տեղի ուեցավ այնպես, որ հայոց թագավորը, հայոց քահանայապետը՝ Գրիգոր Լուսավորիչ, հրավիրեցին Աղվանքի թագավորին, Վիրքի թագավորին և Լազիկայի թագավորին, որպեսզի միասնաբար մկրտվեն Կեսարիայից վերադարձած Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Եվ այդպես էլ եղավ։

- Ձեր խոսքից ստացվում է, որ աշխարհաքաղաքական պրոցեսների արդյունքում Աղվանքի ուդիները քրիստոնեացան։ Այսօր ադրբեջանցիները խոսում են աղվանականացման մասին՝ իրենց համարելով աղվանական ժողովրդի հետնորդները, ժառանգները, և դրա արդյունքում՝ հայկական եկեղեցիները, մշակույթը փորձում են աղվանականացնել։ Ինչպե՞ս են հաջողում նրանք Արցախի հայկական եկեղեցիները ներկայացնել որպես ուդիական։

- Դե, ադրբեջանցիները խեղաթյուրում են պատմությունը, մշակույթը։ Հորինված բաներ են մեջտեղ բերում, փորձում են համոզել համաշխարհային պատմագրությանը, որը չի ստացվում, բարեբախտաբար։ Դրա անունը «Բունիաթով Զինա» (խմբ՝ նկատի ունի ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովին) ենք դրել՝ դեռևս տասնամյակներ առաջ։

Բունիաթով Զինան չի անցնում, բարեբախտաբար, բայց, իհարկե, իրենք փորձում են։ Գոնե իրենց տարածքում փորձում են անցկացնել իրենց ստերը, եթե աշխարհում չեն կարող անցկացնել։ Այնպես որ՝ ուդիները, որոնք հայոց դավանության հետևորդն են, բավականին արագ թողեցին իրենց գրավոր լեզուն և անցան գրավոր հայալեզվության։ Բանավոր պահպանեցին իրենց լեզուն և մինչև հիմա էլ պահպանում են, այդ թվում՝ Հայաստանում եղած ուդիները, որոնք ուդիերեն էլ խոսում են, մենք էլ իրենց հետ բարեկամություն ենք անում։ Ինչպես նաև Ադրբեջանում, Ռուսաստանում, Ղազախստանում տեղավորված ուդիները պահպանում են իրենց լեզուն, բայց գրավորը հայերենն է։

Ճիշտ է, վերջերս մոգոնել են, հորինել են ռուսական տառերով գիր, որը ուղղակի չի օգտագործվում։ Այս ամենը կապված է սկզբի իմ ասած էթնիկական բաժանումների հետ։ Այսինքն, եթե մենք գիտենք, որ աղվանները և նրանց հետնորդ ուդիները տարածված են եղել Կուր գետից հյուսիս։ Դա նշանակում է, որ Կուր գետից հյուսիս քրիստոնեական մշակույթը, որը՝ գրավորը, հայալեզու է (այսինքն՝ գրված արձանագրությունները հայալեզու են), դա ուդիական է ու աղվանական է:

Հայերը նույնպես տարածված են եղել Կուր գետից հյուսիս․ 19-րդ դարում հատուկ նկարագրվում են և՛ հայկական գյուղերը, և՛ ուդիական։ Այսինքն՝ մենք հստակորեն գիտենք՝ ինչն է հայկական, ինչը՝ ուդիական։ Բայց Կուր գետից հարավ ուդիներ եղել են միայն ներթափանցումների ձևով, այսինքն՝ փոքր խմբեր, փոքր ընտանիքներ 18-19-րդ դարերում անցել են Կուր գետից հարավ, ինչպես որ հայերը անցել են հյուսիս, և այդքանով ստեղծել են ինչ- որ բան, որը կարելի է կոչել ուդիական։ Բայց դա ամենևին չի վերաբերում էն հսկայածավալ հայակական հուշարձաններին, որը մենք ունենք Ուտիքում և Արցախում՝ Կուր գետից հարավ։

Սա հայկական մշակույթ է, ընդ որում՝ հայկական մշակույթի շատ բարձր զարգացած հատվածն է․ Արցախի ճարտարապետությունը հրաշք է։ «Գանձասարը 13-րդ դարի հայ ճարտարապետության հանրագիտարան է»,- դա Յակոբսոնի խոսքն է։ Բայց ադրբեջանցիները խեղաթյուրում են, և դրա դեմ պետք է պայքարել՝ ոչ այնքան գրչով, մենք դա անում ենք, ոչ այնքան իրավաբանությամբ, դա ևս անում ենք։ Բազմաթիվ համաշխարհային կենտրոններ շատ կարևոր վճիռներ են կայացրել՝ անթույլատրելի համարելով այդ աղվանականացումը։

20 թվականի պատերազմից հետո (խմբ՝ նկատի ունի 2020 թ Արցախյան 44-օրյա պատերազմը) 2 փաստաթուղթ լույս տեսավ Եվրոպայում, որով ուղղակի արգելում էին աղվանականացումը։ Բայց ներսում իրենք անում են՝ առավել ևս հիմա, երբ որ Արցախին էլ կարողացան տիրանալ ամենավատ եղանակով։ Դրա դեմ հնարավոր է պայքարել միայն զենքով, բայց այսօր այդ զենքով պայքարելու հնարավորությունները պակասել են։ Ադրբեջանցիները բարբաջում են այդ մասին, հայ հասարակությունն էլ պարտավոր է դիմանալ այդ բարբաջանքին՝ ամենևին չընկնելով հոռետեսության գիրկը։

Եվ իմանալով, որ հուշարձանները, ինքնին, ներքուստ պայքարելու հնարավորություն ունեն և իրենց ինքնությունը պահպահնելու են, թույլ են տալու մեզ խոսել նրանց հայկականության մասին, ճիշտ այնպես, ինչպես մնացած տարածքներում։ Օրինակ՝ Արևմտյան Հայաստանում մենք խոսում ենք հայկական հուշարձանների մասին, թուրքերը հաշտվում են դրա հետ։ Հիմա մենք պետք է անցնենք մի ռեժիմի, երբ սկսենք նույնը անել Արցախի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում