2024

Երևանի նահանգի ստեղծումը

Անդրկովկասի վարչատարածքային կառուցվածքը նոր վերաձևման ենթարկվեց 19-րդ կեսերին: Այդ փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Երևանի նահանգը, որի ստեղծման ակտիվ ջատագովներից էր Կովկասի փոխարքա, գեներալ Միխայիլ Վորոնցովը: Նման որոշման համար կարևոր էր հայրենիքում բնիկ ժողովրդի՝ հայության՝ համեմատաբար խաղաղ ու հանգիստ ապրելու հանգամանքը: Ռուսական իշխանությունները, որոնց Արևելյան Հայաստանում անհանգստացնում էր մահմեդական բնակչության առկայությունը, նպատակ ունեին ամրապնդելու և մեծացնելու հայ բնակչության թիվը: Նրանք վախենում էին, որ Պարսկաստանում և Օսմանյան կայսրությունում առկա հակառուսական տրամադրությունները կարող են տարածվել Հայաստանի մահմեդական բնակչության շրջանում ևս: Ցարական իշխանությունները կարևորում էին հայ բնակչության իրավունքների ընդլայնումը և օրինականացումը: Հատկանշական է, որ ցարական կառավարությունն այս քաղաքականությունն իրականացնում էր դեռս Երևանի և Նախիջևանի խանությունները Ռուսաստանին միացնելու շրջանից: Գեներալ Իվան Պասկևիչը ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Դիբիչին ուղարկած զեկուցագրում հետևյալ կերպ էր բացատրում Երևանի և Նախիջևանի խանությունները պարսկահայ գաղթականներով բնակեցնելու անհրաժեշտությունը. «Մեր սահմանի ամայի հողերի բնակեցումը հնազանդ, աշխատասեր և հավատով մեզ նվիրված ժողովրդով կարող է մեծ օգուտ բերել»:

Հաջորդ պատճառը՝ կարևոր էր Անդրկովկասում թուլացնել Թիֆլիսի նահանգի ազդեցությունը: Անհրաժեշտ էր Անդրկովկասի արդյունաբերության մեջ, բանկային համակարգում և առևտրական հարաբերություններում կարևոր դեր խաղացող հայության և հայ մտավորականության համախմբումը: Նշանակալից էր հայերի և վրացիների շրջանում մեծ հեղինակություն վայելող հայազգի գեներալ Վասիլ Բեհբութովին 1847 թ. Անդրկովկասի քաղաքացիական կառավարման վարչության պետ նշանակելը:

Երևանի նահանգի ստեղծումը կարող էր մեծապես նպաստել Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների հետ Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Կովկասի փոխարքա Մ. Վորոնցովը Նիկոլայ Առաջին կայսրին 1849 թ. փետրվարի 5-ին ուղարկած զեկուցագրում առաջարկում է նախկին Հայկական մարզի տարածքներում ստեղծել Երևանի առանձին նահանգ: Մ. Վորոնցովը վստահեցնում էր, որ Նախիջևանի, Օրդուբադի և Նոր Բայազետի վերամիավորումը Երևանի և Ալեքսանդրապոլի գավառների հետ հնարավորություն կտա ստեղծելու բարեբեր ու ծաղկող մի նահանգ: «Բնակչությունը,- գրում է նա,- որ մեծամասամբ կազմված է հայերից և անմիջականորեն կապված են նույն շահերով, մեծ էներգիայով կձգտեն զարգացնել արդյունաբերությունն ու առևտուրը և մեծացնել երկրամասի հարստությունը»:

Փոխարքան զեկուցագրին կցված տեղեկագրում ներկայացնում է Երևանի նահանգի վարչատարածքային պատկերը, առաջարկում է փոխարքային իրավունք վերապահել՝ անհրաժեշտության դեպքում Երևանի նահանգի վարչատարածքային կառուցվածքում փոփոխություններ կատարելու:

Հատկանշական է, որ փոխարքան առաջարկում էր Ալեքսանդրապոլի գավառի կազմից հանել Ախալքալաքի տեղամասը և միացնել Քութայիսի նահանգին:

Անդրկովկասի երկրամասում գործող բոլոր օրենքներն ու օրինագծերն ամբողջ ուժով տարածվելու էին նաև Երևանի նահանգի վրա:

Նիկոլայ Առաջինը 1849 թ. հունիսի 9-ին ստորագրեց Երևանի նահանգ հիմնելու մասին հրաման: Ըստ այդմ ՝

  1. Նոր հիմնադրվող նահանգի կազմում ընդգրկել Երևանի, Նախիջևանի և Ալեքսանդրապոլի գավառները ( վերջինս՝ առանց Ախալքալաքի շրջանի), իսկ Շամախիի նահանգի Շուշիի գավառից՝ Մեղրիի շրջանը և Կապան գյուղը:
  2. Նահանգային քաղաք նշանակել Երևանը, և նոր նահանգն անվանակոչել Երևանի նահանգ: Այն բաժանել հինգ գավառների.

ա) Երևանի՝ կազմում ունենալով ներկա Երևանի գավառը՝ բացի Գյոկչայի շրջանից. գավառային քաղաք թողնել Երևանը:

բ) Նոր Բայազետի՝ ընդգրկելով Գյոկչայի շրջանը և Գյոկչա լճի շրջակա բնակավայրերը, վարչական կենտրոն դարձնել Կավար (Գավառ) գյուղը, որը կբարձրանա քաղաքի աստիճանի՝ Նոր Բայազետ անվանակոչվելու շնորհիվ:

գ) Նախիջևանի՝ Նախիջևանի ներկայիս տարածքի վրա՝ բացի Օրդուբադի շրջանից. գավառային քաղաք թողնել Նախիջևանը:

դ) Օրդուբադի՝ կազմավորել Օրդուբադի շրջանից և Նախիջևանի գավառի մի մասից, ինչպես նաև՝ Շուշիի գավառից անցած Մեղրիի շրջանից և Կապան գյուղից:

ե) Ալեքսանդրապոլի՝ Շորագյալի և Փամբակի շրջաններից և Ալեքսանդրապոլի գավառի առկա տարածքից: Վարչական կենտրոն դարձնել Ալեքսանդրապոլ քաղաքը: Գավառի կազմից հանել Ախալքալաքի շրջանը, միացնել Ախալցխայի գավառին և մտցնել Քութայիսի նահանգի կազմի մեջ:

Ցարական հրամանագիրն ուժի մեջ մտավ 1850 թ. հունվարի 1-ից:

Երևանի նահանգը հյուսիսային կողմից սահմանակից էր Քութայիսի և Թիֆլիսի, արևելքից՝ Բաքվի նահանգներին, իսկ հարավից՝ Պարսկաստանի Ղարադաղի, Մարաղայի, Մակվի խանություններին, արևմուտքից՝ Օսմանյան կայսրության Կարսի փաշայությանը: Երևանի նահանգի վարչական կառուցվածքն առաջին անգամ փոփոխության ենթարկվեց նահանգի հիմնադրումից տասը տարի անց՝ 1859 թ., երբ ստեղծվեց Էջմիածնի գավառը: Այս բաժանումով Երևանի նահանգի գավառների թիվն ավելացավ ևս մեկով և հասավ վեցի:

Երևանի նահանգը զբաղեցնում էր 26.799 քառ. վերստ (1 վերստը հավասար է 1066,78 մ):