2024

Ռուսաստանի վարչական քաղաքականությունը Անդրկովկասում և Արևելյան Հայաստանը 1828-1849 թթ.

Անդրկովկասի և Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացումով՝ վերջինիս արտաքին քաղաքականությունը թևակոխեց որակական նոր փուլ: Կայսրության շահերը պահանջում էին իրականացնել պետության հիմքերի ամրապնդման միջոցառումներ: Անհրաժեշտ էր վերջ տալ Ռուսաստանի հանդեպ տեղի մահմեդական բնակչության թշնամանքին ու ատելությանը: Պարսկա-թուրքական դարավոր տիրապետությունը տեղի քրիստոնյա ժողովուրդներին, ազգային ու կրոնական բռնաճնշումներից բացի, վարժեցրել էր մուսուլման ժողովուրդների ազգային կենսակերպին, գոյաձևին, բարքերին ու սովորույթներին: Ռուսական իշխանությունները գիտակցում էին ստեղծված վիճակն արագ հաղթահարելու անհրաժեշտությունը: Ռուսաստանի պաշտոնական շրջանակների տեսակետն էր Անդրկովկասը Ռուսաստանին կապել քաղաքացիական և քաղաքական թելերով, և ստիպել տեղի բնակիչներին խոսել ռուսերեն, մտածել և զգալ ռուսական ոգով: Ցարական կառավարությունը կենսագործեց նախկինում փորձարկված և բազմիցս կենսունակությունն ապացուցած ուղին՝ Անդրկովկասը ենթարկելով տարածքային վերաձևման՝ ստեղծելով վարչատարածքային նոր համակարգ:

Երևանի և Նախիջևանի խանություններում ռուսական իշխանությունները մասնակի փոփոխություններ սկսում են իրականացնել այս խանությունների ռազմակալման հետ միաժամանակ: Արևելյան Հայաստանում Ռուսաստանն առաջին անգամ իշխանության վարչական մարմին ստեղծել է 1827 թ. հոկտեմբերի 6-ին, երբ գեներալ Իվան Պասկևիչի հրամանով ստեղծվեց Երևանի ժամանակավոր վարչությունը: Արդեն 1828 թ. մարտի 21-ին Նիկոլայ Առաջին կայսրը Սենատի անունից հրովարտակ արձակեց, որով Երևանի, Նախիջևանի խանություններից և Օրդուբադի օկրուգից ստեղծվեց Հայկական մարզը: Վերջինս բաժանվում էր երկու՝ Երևանի ու Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի: Հայկական մարզի փաստացի տարածքը կազմում էր 30 հազար քառ. վերստ (մեկ վերստը հավասար է 1066,78 մ): Նորաստեղծ մարզի կառավարումը հանձնարարվեց բարձրաստիճան զինվորականներից կազմված մարզային վարչությանը, որի ղեկավարումը ստանձնեց գեներալ Ալեքսանդր Ճավճավաձեն, իսկ 1830-1838 թթ. մարզային վարչության պետն էր իշխան Վասիլ Բեհբութովը: Վաչության կազմում ընդգրկվեցին երկու ռուս բարձրաստիճան զինվորականներ, մեկ հայ և մեկ մահմեդական։ Մարզային վարչության կոլեգիայի հայ ներկայացուցիչը եղել է Ներսես Աշտարակեցին: 1833 թ. Երևանի գավառը բաժանվեց չորս օկրուգների (շրջանների)՝ Երևանի, Շարուրի, Սարդարաբադի և Սուրմալուի, իսկ Նախիջևանի գավառը՝ Նախիջևանի և Շարուր-Դարալագյազի: Երևանը համարվեց Հայկական մարզի վարչական կենտրոն: Նորաստեղծ վարչական կառույցներում ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում ռուսական քաղաքացիական կամ զինվորական աստիճանավորները, թեև առանձին դեպքերում նշանակվել են նաև հայեր:

Ռուսական պետության համար քաղաքական առումով շահեկան չէր, որ իր հարավային նորահաստատված և «փխրուն» սահմանը բնակեցված լիներ էթնիկական միատարր կազմ ունեցող մեծաթիվ բնակչությամբ, որն, անշուշտ, հակառուսական անջատողական տրամադրություններ սնուցող գործոն էր: Կարևոր էր հայերի և մուսուլմանների անհնազանդության և ապակենտրոն ձգտումների դեպքում հակակշիռ ստեղծելու մեխանիզմը։ Ոչ պակաս գործոն էր տեղի մուսուլման բնակչության համակրանքին արժանանալն, ու իր կողմը գրավելը:

Երկրամասում վարչատարածքային վերաձևումներ կատարելու գաղափարն անմիջական արձագանք ստացավ ռուսական կառավարության կողմից, երբ 1837 թ. Նիկոլայ Առաջինը այցելեց Անդրկովկաս և Արևելյան Հայաստան՝ արժանանալով տեղի բնակչության անհյուրընկալ վերաբերմունքին:

1840 թ. ապրիլի 10-ին կայսրը վավերացրեց «Անդրկովկասի կառավարման կանոնադրությունը»: Կառավարությունը ձեռնամուխ եղավ դրա կենսագործմանը: Անդրկովկասը ենթարկվեց վարչական նոր բաժանման: Հայկական մարզը վերացվեց, և նրա տարածքւմ ստեղծվեցին վարչական երկու միավորներ՝ Երևանի և Նախիջևանի գավառները, իսկ Օրդուբադը ստացավ գավառային ենթակայության՝ քաղաքի կարգավիճակ: Անդրկովկասում ստեղծվեցին երկու խոշոր վարչատարածքային միավորներ՝ Կասպիական մարզը՝ Շամախի, և Վրացա-Իմերեթական նահանգը՝ Թիֆլիս կենտրոններով: 11 գավառից բաղկացած Վրացա-Իմերեթական նահանգի մեջ ներառվեցին նաև Արևելյան Հայաստանի երեք՝ Երևանի, Նախիջևանի և Ալեքսանդրապոլի գավառները (վերջինն իր մեջ ընդգրկում էր նաև Բորչալուի շրջանի հարավային մասը և Շորագյալ-Փամբակի ամբողջ շրջանը, իսկ 1840 թ.՝ նաև Ախալքալաքի շրջանը):

Վարչատարածքային բոլոր բաժանումների հիմքում ընկած էր քաղաքական գործոնը: Ազգային առանձնահատկությունների, էթնոդավանաբանական, տնտեսական և ժողովրդագրական գործոնների հետ իշխանությունները հաշվի չէին նստում: Ոտնահարվեցին արևելահայերի և Անդրկովկասի հայության ազգային արժանապատվությունը, կրոնական զգացմունքները, խաթարվեց նրա ազգային-մշակութային ժառանգության շարունակականությունը:

Վարչատարածքային վերաձևումներից դժգոհելու առիթ չունեցան Կովկասի թաթարները: Կասպիական մարզին բռնակցվեցին Սյունիքն ու Արցախը: Անդրկովկասի երկրամասը կամայականորեն վերաձևելով՝ ցարական կառավարությունը հաշվի չէր առնում տեղական բնակչության ոչ մի սովորույթ․ աշխատում էր ժողովրդներին լարել իրար դեմ՝ նրանց դյուրին կառավարելու համար։

Վարչատարածքային այս փոփոխությունները խորը լարվածություն առաջացրին հայերի, վրացիների և թաթարների շրջանում։

Վարչական այս համակարգը երկրամասի տնտեսության զարգացման համար դժվարություններ ու բարդություններ ստեղծեց:

Նման տնտեսական և քաղաքական կացությունը չէր բխում նաև Ռուսական կայսրության շահերից, քանի որ հակապետական տրամադրություններն էին բորբոքվում: Ցարական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկրամասը վարչական նոր վերաձևման ենթարկելուն։

Վարչական այս նոր փոփոխությունների նպատակն էր ուժեղացնել վարչական, դատական ու ոստիկանական ապարատի ճնշումները: 1846 թ. դեկտեմբերի 14-ին Վրացա-իմերեթական նահանգը բաժանվեց երկու նահանգի՝ Թիֆլիսի և Քութայիսի: Ախալցխայի գավառն անցավ Քութայիսի նահանգին: Կասպիական մարզը ևս բաժանվեց երկու նահանգի՝ Շամախիի և Դերբենդի: Արևելյան Հայաստանի մեծ մասը՝ Երևանի, Նախիջևանի և Ալեքսանդրապոլի գավառները (վերջինիս կազմում՝ նաև Ախալքալաքի շրջանը), ինչպես նաև Ղազախի և Շամշադինի շրջանները, որոնք գտնվում էին Շամախիի նահանգի Ելիզավետպոլի գավառի կազմում, միացվեցին Թիֆլիսի նահանգին: Անդրկովկասի երկրամասի վարչական սահմանաբաժան այս քարտեզն անփոփոխ մնաց մինչև XIX դ. 40-ական թվականների վերջը:

Շամախիի նահանգի (Շամախի վարչական կենտրոնով) կազմում էին Բաքվի, Լենքորանի, Շամախիի, Նուխիի և Շուշիի գավառները: Տարիներ անց միայն ռուսական իշխանություններն սկսեցին գործնական քայլեր կատարել՝ վարչական կառուցվածքն ըստ հիմնական ազգությունների տեղաբաշխվածության ու խտության համապատասխան փոփոխության ենթարկելու ուղղությամբ։

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվեց՝ նրա տարածքային ամբողջականությունն անդամահատելով: Նրան չտրվեց անգամ առանձին վարչական միավոր ունենալու հնարավորություն: Հաշվի առնելով այս ամենը՝ Ռուսաստանի կառավարությունը Թիֆլիսի նահանգի կազմից առանձնացրեց Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի գավառները և 1849 թ. հիմնեց Երևանի նահանգը:

 Ցարական Ռուսաստանի տիրապետությունն Անդրկովկասում ու Արևելյան Հայաստանում, ըստ էության, ունեցավ առաջադիմական նշանակություն: Ցարական կառավարությունն Անդրկովկասում և Արևելյան Հայաստանում վարչատարածքային բաժանումներ անցկացնելիս և սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարելիս առաջնորդվում էր գերազանցապես մեծապետական շահերով, հաշվի չէր առնում այնտեղ ապրող բնիկ ժողովրդների պատմական, տարածքային, քաղաքական, էթնիկ իրավունքները, հոգևոր-մշակութային առանձնահատկությունները։ Այս խնդիրները հետագայում ազգամիջյան ընդհարումների պատճառ դարձան, և դրա հետևանքները, ցավոք, պահպանվում են մինչ օրս:

Վարչատարածքային այս բաժանումներից ամենաշատը տուժեցին Հայաստանն ու հայ ժողովուրդը: