2024
Հեղինակ
Բայբուրդյան Տիրուհի
Կազմակերպություն
Խորհրդային պատմաբան, արևելագետ Իլյա Պետրուշևսկին գիտական հանրությանը հայտնի է Իրանի միջնադարյան պատմության, Իլխանության շրջանի սոցիալ-տնտեսական հարցերի, ինչպես նաև աղբյուրագիտական ուսումնասիրություններով:
Մյուս կողմից, սակայն պակաս հայտնի է Ի. Պետրուշևսկիի գործունեության մյուս՝ «ստվերային» կողմը, որտեղ գիտակ արևելագետը լծվում է պատմական կեղծարարության գործին՝ հմտորեն գործածելով արևելագիտական և պատմագիական իր լայն գիտելիքները և աղբյուների ու արևելյան լեզուների իմացությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խորհրդային Ադրբեջան պետության և «ադրբեջանցի ժողովրդի» համար պատմության փաստացի հորինվածքին և շարադրմանը, ինչին և անդրադառնալու ենք ներկայացվող թեմայի շրջանակում:
Ուշագրավ է, որ Պետրուշևսկիի վերը նշված գործունեությունը «համընկնելու էր» մի կարևոր պատմափուլի հետ, երբ անհրաժեշտություն էր առաջացել ստեղծել ԽՍՀՄ հերոս ժողովրդի կերպար՝ հայրենասիրական հերոսական անցյալով։ Խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին, ինչն էլ հրաշալի օգտագործում է Պետրուշևսկին այդ ժամանակաշրջանի իր աշխատություններում[1]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ղեկավարությունը մեծ աշխատանք էր տանում նաև գաղափարական դաշտում՝ ստեղծվում էր խորհրդային հերոս, միասնական ժողովուրդների կերպարը։ Այս գործին էր լծվել խորհրդային մտավորականությունը։ Եվ այս հարցում կարևոր դերակատարում է ունենում նաև արևելագետ Իլյա Պետրուշևսկին։ Վերջինս զուգահեռաբար այդ գործը ծառայեցնում էր Ադրբեջանի «հերոսական և հայրենասեր ժողովրդի» կերպարի ստեղծման համար։ Հենց այս շրջանից սկսած գիտական աշխատություններում Ի․ Պետրուշևսկիի ձեռամբ գիտական շրջանառություն մեջ է դրվում «ադրբեջանցի ժողովուրդ» կրկնվող բառակապակցությունը: Սկսած Ի. Պետրուշևսկիի այդ ժամանակաշրջանի աշխատությունների անվանումներից, սկիզբ է դրվում միտումնավոր արված մի շփոթի՝ Ազարբայջան-Ադրբեջան տոպոնիմ-պոլիտոնիմի հետ կապված, երբ իրանական Ազարբայջանին վերագրվող պատմական անցքերը, փաստերը և պատմությունը շփոթի միջոցով տարածվելու, «լղոզվելու» էր Ադրբեջան պետության պատմության շաղախին:
Եվ այսպես, անդրադառնալով ԽՍՀՄ ժողովուրդների հերոսական անցյալին՝ Պետրուշևսկին շեշտում է ադրբեջանցիների անցյալի հերոսների ու հերոսական պատմությունների մասին դրվագները, ներկայիս Ադրբեջանի պատմությանն է վերագրում Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում նախկինում ձևավորված պետություններն ու իշխանությունները և ավելին, ադրբեջանական է ներկայացնում այն պետությունները և իշխանությունները, որոնք առաջացել են իրանական Ազարբայջանի տարածքում[2]։ Ադրբեջանականացվելուց չի խուսափում հատկապես Շիրվանշահերի պետությունը։ Ադրբեջանական է ներկայացվում նաև Թավրիզ, Արդաբիլ ու Շամախի իրանական քաղաքները[3]։
Պետրուշևսկին՝ խորհրդային մարդու գովքի ներքո ստեղծում է նաև ադրբեջանցի հերոսին։ Նա «Ադրբեջանի պատմությունը» աշխատության հենց նախաբանում[4] ներկայացնում է խորհրդային ադրբեջանցուն՝ նույն ինքը խորհրդային հերոսին։ Նկարագրելով խորհրդային մարդու հայրենասիրական կերպարը՝ Պետրուշևսկին զուգահեռաբար ստեղծում է նաև միջնադարյան ադրբեջանցուն։ Եվ այսպես, որպես ադրբեջանական հերոս է ներկայացվում շիրվանշահ Իբրահիմը[5]։ Խորհրդային պատմաբանը նշում է, որ հայրենասեր շիրվանշահի մեծ ծրագիրն էր ազատագրել Ադրբեջանը օտար տիրապետությունից և միավորել ողջ Ադրբեջանը (խոսքը գնում է իրանական Ազարբայջանի և իբրև թե Ադրբեջանի մյուս հատվածի՝ Շիրվանի միավորման մասին)[6]։ Պետրուշևսկին ադրբեջանցիների անցյալի հերոսների շարքին է դասում նաև 7-րդ դարի կեսերին Դավթակ Քերթողի կողմից հիշատակվող Ջևանշիր մեծ իշխանին[7], խուռամիների (խուռամդինների) հակամուսուլմանական, հակաարաբական ապստամբության առաջնորդ իրանցի Բաբեքին՝ ներկայացնելով որպես գյուղացիական ապստամբության ադրբեջանցի առաջնորդ Բաբեկ[8]։ Պետրուշևսկին ավելի հեռուն է գնում և նշում, որ ադրբեջանցի Բաբեկի կերպարը արտացոլվել է Սասունցի Դավիթ էպոսում[9]։ Բազում հայտնի իրանագետներ, արևելագետներ և պատմաբաններ[10], ինչպես և «Encyclopaedia Iranica» հեղինակավոր հանրագիտարանում[11] վաղուց ի վեր ապացուցված է Բաբեկի իրանական ծագում ունենալու, իրանցի լինելու փաստը:
Ադրբեջանականացվելուց չեն խուսափում նաև պարսիկ պոետներ Խաղանի Շիրվանին և Նիզամի Գյանջևին[12]։ Եվ որպեսզի հարցեր չառաջանան, թե այդ դեպքում ինչու պոետները չէին ստեղծագործում ադրբեջաներեն (Պետրուշևսկին նշում էր, որ ադրբեջաներենը հնագույն լեզու է), այլ գրում էին պարսկերեն, պատմաբանը նոր հնարքների է դիմում․ նա նշում է, որ շիրվանշահերը և այլ ավատատերեր ստիպում էին ադրբեջանցի պոետներին գրել ժողովրդին օտար պարսկերեն լեզվով[13], քանի որ իրենք խոսում էին պարսկերեն։ Որպես ասածի հիմնավորում նա բերում է մի անհեթեթ օրինակ՝ համամետելով այս երևույթը հայկական միջավայրում գրաբարի կիրառության հետ՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում գրաբաը ևս լայնորեն կիրառելի չէր հասարակություն շրջանում, այնպես ինչպես ադրբեջաներենը։ Գիտնականը միտումնավոր չի նշում գրաբարի և միջին հայերենի նույն լեզուն լինելու հանգամանքի մասին։
Շարունակելով տվյալ ժամանակահատվածի Ի․ Պետրուշևսկիի աշխատությունների ուսումնասիրությունը՝ մենք տեսնում ենք, թե ինչպես ադրբեջանական ժողովրդի հերոսական կերպար[14] ստեղծելու համար օգտագործվում են նաև հարևան ժողովուրդների պատմությունը․ խոսելով հայ ու վրացի ժողովրդների մասին՝ զուգահեռաբար նշվում էր նաև «ադրբեջանցի» ժողովուրդը[15]։ Օրինակ՝ «Շատ ծանր էր մոնղոլական լուծը ինչպես այլ ժողովուրդների (հայեր վրացիներ, ռուսներ), այնպես էլ ադրբեջանցիների համար, բայց մոնղոլական այդ ծանր լուծը չկարողացավ կոտրել ադրբեջանցիների կամքը և չստիպեց նրանց հրաժարվել պայքարից[16]»։ Մեկ այլ օրինակ՝ «Չնայած հետապնդումներին, ադրբեջանցիները չընդհատեցին պայքարը արաբական ֆեոդալների դեմ, այդ պայքարը զգալի էր հատկապես 785 թ․, երբ ադրբեջանցիներն ու հայերը ապստամբություն բարձրացրին խալիֆայի դեմ»[17]։
Եվ այսպես, քայլ առ քայլ քարոզելով հայրենասիրական թեզեր, Պետրուշևսկին հորինում էր ադրբեջանցի ժողովուրդ տերմինը․ «Այսօր, երբ սովետական ժողովուրդը հերոսաբար պաշտպանում է իր ազատությունը և պատիվը հիտլերյան թալանչիներից և մարդակերներից՝ սովետական պատմաբանների նպատակն է անդրադառնալ Սովետական Միության ժողովուրդների հերոսական անցյալին, այդ թվում՝ ադրբեջանական ժողովրդի»։
Ուշագրավ է, որ այսօր ադրբեջանցի գիտնականները, իրենց պատմությունը ներկայացնելուց հղում են անում Պետրուշևսկիի հենց այս շրջանի աշխատություններին։
Հավելենք, որ Պետրուշևսկին, այսօրվա Ադրբեջանի տարածքում ապրող ժողովուրդներին պարզապես անվանում է ադրբեջանցիներ, իսկ այդ հարցում հենց իրենք՝ այսօրվա Ադրբեջանում ապրող ժողովուրդներն, անգամ միակարծիք չէին։ Դեռ 1920-ականններին այսօրվա Ադրբեջանի Հանրապետության տարածքում ապրող թյուրքախոսները իրենց անվանում էին թուրք կամ Ադրբեջանի թուրք կամ պարզապես մուսուլման։ Այստեղ ուշագրավ է նշել, որ մուսավաթական Ադրբեջանի վերնախավը թյուրքական գաղափարախոսության կրողն էր, և այն ավելի ազդեցիկ դարձավ հատկապես այն բանից հետո, երբ 1918 թ․ օսմանցի Նուրի փաշան, ով ղեկավարում էր Կովկասյան իսլամական բանակը, գրավեց Բաքու քաղաքը[18]։ Մուսավաթական Ադրբեջանը, «հողի վրա զգալով» օսմանցի թուրքերի օգնությունը, ավելի ոգևորվեց թյուրքականության գաղափարախոսությամբ։ Հասկանալի պատճառներով Խորհրդային Միությանը պետք չէր թյուրքական ինքնությամբ Ադրբեջան, և սկսվեց ադրբեջանականության գաղափարախոսության տարածումը[19]։
Արդյունքում, եթե 1926 թ. մարդահամարում Խորհրդային Ադրբեջանի բնակչության մեծամասնությունն ինքն իրեն անվանվում էր «թուրք», ապա 1939 թ. մարդահամարում ստեղծվում է նոր միասնական էթնոհորոնիմ[20]՝ «ադրբեջանցի»[21]։
[1] Петрушевский И. П., Из героической борьбы азербайджанского народа, Баку 1941; Նույնի, Великий патриот Ширваншах Ибрагим, Баку, 1942; Նույնի, Государства Азербайджана, Баку, 1949․
[2] Петрушевский И.П., Государства Азербайджана в 15 веке… Из героической борьбы азербайджанского народа в XIII-XIV веках, Баку 1941․
[3] Петрушевский И.П., նշվ․ աշխ․, էջ 21։
[4] Петрушевский И.П., История Азербйджана, краткий очерк, Баку, 1941, стр․ 5․
[5] Петрушевский И.П., Великий патриот Ширваншах Ибрагим, Баку, 1942, стр․ 33․
[6] Նույն տեղում։
[7] Петрушевский И.П., История Азербайджана, краткий очерк, стр․ 54․
[8] Петрушевский И.П., Великий патриот Ширваншах Ибрагим, Баку, 2011, стр. 5․
[9] Петрушевский И.П., История Азербайджана, стр․ 74․
[10] Bahramian Ali, Hirtenstein Stephen, Gholami Rahim. "Bābak Khurram-Dīn". In Madelung, Wilferd; Daftary Farhad (eds.). Encyclopaedia Islamica Online, 2013, Brill Online. ISSN 1875-9831; Bosworth C. E., "Azerbaijan IV. Islamic History to 1941". Encyclopaedia Iranica. Vol. III, 1987, Fasc. 2-3. pp. 224-231․
[11] https://www.iranicaonline.org/articles/babak-korrami
[12] Петрушевский И.П., История Азербайджана, краткий очерк, Баку 1941, стр. 50.
[13] Петрушевский И.П., նշվ․ աշխ․, էջ 91։
[14] Петрушевский И.П., Из героической борьбы азербайджанского народа в XIII-XIV веках, Баку, 1941, стр. 27․
[15] Петрушевский И.П., Великий патриот Ширваншах Ибрагим, Баку, 1942, стр․ 24․
[16] Петрушевский И.П., Из героической борьбы азербайджанского народа в XIII-XIV веках, Баку, 1941, стр. 52․
[17] Петрушевский И.П., История Азербайджана, краткий очерк, Баку, 1941, стр․ 58.
[18] Մելիքյան Վ., Պայքար Բաքվի համար (1917 թ. նոյեմբեր - 1918 թ. ապրիլ), Երևան, 2018, էջ 97։
[19] Առհասարակ ադրբեջանականության գաղափարախոսության կրողն ու ջատագովը հետագայում դարձավ Հեյդար Ալիևը։ Նա երկրի մտավորականներին համոզում էր, որ պետք է Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառել ադրբեջանցի եզրույթը, և ոչ թե նշել Ադրբեջանի թուրք, կովկասյան թաթարներ կամ այլ անվանումները, որը կիրառելի էին նախկինում։
[20] Որոշակի տեղանվան հետ հարաբերակից բնակիչների հավաքական անվանում։
[21] Գեղամյան Վ․, էլբակյան Է․, ժամանակակից Ադրբեջան, Երևան, 2019, էջ 25։
[22] https://commons.wikimedia.org/wiki/File
[23] https://commons.wikimedia.org/wiki/File:Uzeir_Hajibeyov