2024

ՄԱԿ-ը ևս պատասխանատվություն ունի․ «Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին՝ չեղարկել աջակցությունը Ադրբեջանին՝ կլիմայական COP29 վեհաժողովն անցկացնելու հարցում։ Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որի ղեկավարը պարբերաբար ցեղասպանական գաղափարներ է հնչեցնում հայերի հասցեին՝ նրանց անվանելով «շներ», «շնագայլեր» և «ահաբեկիչներ»։ Լեմկինի ինստիտուտը հորդորում է միջազգային հանրությանը՝ մերժել ցեղասպանական գաղափարախոսությունը և դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ վեհաժողովի անցկացման հարցում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի անցկացումը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերին Բաքվում։ Նման լայնամասշտաբ միջոցառումը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, պետք է ուղղված լինի գլոբալ մակարդակի խնդրի համար լուծումներ որոնելուն։ Մինչդեռ Ադրբեջանը այն ծառայեցնում է նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Ադրբեջանն անցած տարիներին բազմիցս շահարկել է «բնապահպանական խնդիրները» (2022 թ․ վերջին, բնապահպանական պատրվակով, սկսվեց Արցախի լիակատար շրջափակումը)։ Ադրբեջանը նաև պարբերաբար կրակ է բացել է Երասխում կառուցվող գործարանի վրա՝ խոչընդոտելով շինարարական  աշխատանքները։ Այս երկիրը շարունակում է քարոզել, որ իբր Արցախում զարգացնում է կանաչ էներգետիկան և մինչև 2050 թ․ այն  դարձնելու է «ածխաթթու գազից ազատ գոտի»։

Այն միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ինչպես նաև տարբեր երկրների քաղաքական գործիչներ, որոնք հրապարակային աջակցություն են հայտնել Ադրբեջանին՝ կլիմայական վեհաժողովի անցկացման գործում և մասնակից են Ադրբեջանի «կանաչ կերպարի» գովազդին, պետք է հորդորեն Բաքվին՝ չօգտագործել կլիմայական միջոցառումն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։ Հակառակ դեպքում՝ նրանք ևս ուղիղ պատասխանատվություն են կրում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության համար։

«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի թիրախային հայտարարությունը։ ՄԱԿ-ը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի իր հովանու ներքո անցկացվող միջոցառումը չօգտագործվի որպես հերթական առիթ՝ Հայաստանին հանիրավի մեղադրանքներ ներկայացնելու համար։   

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում