2025

Ադրբեջանն Արցախի ժառանգության հանդեպ մտածված քաղաքականություն է վարում՝ հայտարարելով օկուպանտական. Համլետ Պետրոսյան

Ադրբեջանցի ժողովրդի ինքնության, աղվանական սինդրոմի, ադրբեջանցիների կողմից հայկական ժառանգության բռնայուրացման և ոչնչացման մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է հնագետ, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի հետ։

-Պարո՛ն Պետրոսյան, ադրբեջանցի ժողովրդի ինքնության սինթեզը բավականին բարդ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիները յուրացրին ոչ միայն տարածաշրջան ներթափանցած թյուրքական ցեղերի, այլև հարևանների ազգային արժեքները։ Այս համատեքստում ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք ինքնության փնտրտուքը ավարտված է, թե՞ այն դեռ շարունակվում է։

-Իմ կարծիքով այդ գործընթացը ընթանում է, և, ըստ էության, երբ մենք խոսում ենք ադրբեջանական ինքնության մասին, պիտի նկատի ունենանք, որ նա ավելի ընդհանուր քաղաքակրթական, նոմադրական, թյուրքական ինքնության մի բաղկացուցիչն է, այսինքն՝ ընթացքը ոչ միայն այն է, ինչ տեղի է ունենում հենց  բուն Ադրբեջանում, այլ նաև, թե ի՞նչ ազդեցություն է ունենում ընդհանուր  թյուրքական աշխարհի զարգացումը Ադրբեջանի վրա։ Եվ այս տեսակետից շատ հաճախ հայագիտությունը առանձնացրել և քննարկել է ադրբեջանցիների ինքնության խնդիրները, բայց, ըստ էության, այնքան էլ հստակ չի մանրամասնվել այն ավելի ընդհանրական կոնտեքստը, որտեղ գտնվում է ադրբեջանական ժողովուրդը և ինչպիսի՞ ազդեցություններ է այն կրում։

Կարծում եմ, որ բախումը, հակադրությունը, ի վերջո, շատ ավելի քաղաքակրթական է, քան՝ կոնկրետ միայն հայերի և ադրբեջանցիների հակամարտություն։ Եվ, խոշոր հաշվով, այդ  ամենը կարծես թե սկսվել է գոնե սելջուկյան արշավանքներից ի վեր, երբ հեռավոր արևելքից եկած զանազան ռազմատենչ ցեղեր շատ ավելի կազմակերպված էին տարածքները նվաճելու, անխնա ավերելու տենդով, և, ըստ էության, այդ 100-ամյակների ընթացքում այդ առաջընթացը տեղի է ունեցել և հասել է մինչև մեր օրերը։ Եթե մենք խոշոր ետնախորքի վրա նայենք, կարծեք թե ադրբեջանական այդ ձգտումները շատ ավելի գլոբալ պրոցեսի մի դրսևորումն են ։

-Պարո՛ն Պետրոսյան, քննելով ադրբեջանական ինքության հարցը, հանդիպոմ ենք աղվանական խնդրին, այսինքն՝ աղվանական ժառանգության ամբողջական յուրացմանը։ Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞ւ է հենց  աղվանական հարցը այդպես սուր  դրված ադրբեջանցիների կողմից։

-Ակնհայտ է, որ իրենց հիմա ադրբեջանցի կոչող կամ նախկինում  թյուրքեր կամ թաթարներ կոչող հանրույթը, ի դեմս իրենց ինտելեկտուալների, գոնե 19-րդ դարի կեսերից սկսած, ակնհայտորեն գիտակցում է, որ իրենք եկվոր են: Ասենք՝ Փանախանի տոհմագրությունը գրող պատմիչները հստակ ասում են, որ նա եկել է Միջին Ասիայից, այսինքն՝ չիմանալ, թե իրենք որտեղից են ծագում, չիմանալ, որ իրենք այստեղ նոր են հայտնվել, իհարկե, համարյա թե անհնար է, բայց, քանի որ տարածքը սկսում են յուրացնել, ապա խնդիր է առաջանում, թե ինչ չափով է պատմականորեն այդ տարածքը իրենցը։ Ընդհանրապես՝ Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդների մոտ, հատկապես՝ քրիստոնյա՝ այդ թվում և հայերի մոտ, ավանդականությունը՝ առաջինը լինելու, աշխարհաստեղծման, սկզբի պատկերացումներում լինել առաջինը, շատ էական էր, որովհետև քաղաքական իրավիճակը անընդհատ փոխվում էր, երկիրը նվաճում էին տարբեր տիրապետողներ, և, կարծեք թե գոյության փիլիսոփայության հիմնական քարերից մեկը դառնում է նաև հին լինելը, հնավանդ լինելը, սկզբում այստեղ լինելը, և, այս տեսակետից, իհարկե, ադրբեջանական հանրույթը կարիք ուներ ինչ-որ մի ձև հիմնավորելու նաև իր պատմականությունը։ Դա սկսվել էր մոտավորապես 20-րդ դարի 20-30-ական թվականներին, բայց ավելի մեծ թափ ստացավ 50-ական թվականների վերջին, ինչը շաղկապված էր նաև  խորհրդային երկրի քաղաքականության հետ։

Խորհրդային Միությունում կային ոչ միայն 15 հանրապետություններ, այլև՝ բազմաթիվ ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր, ազգային օկրուգներ։ Ի վերջո, խորհրդային, (սովետական) գաղափարաբանությունը, սովետական ազգի դրսևորման գաղափարական փնտրտուքները հանգեցրին նրան, որ ավելի հարմար է՝ երկիրը բաղկացած լինի 15 տիտղոսակիր ազգերից, և, ըստ էության, մոտեցումն այնպիսին էր, որ ամեն մի հանրապետության տիղոսակիր ժողովուրդն իրավունք էր ստանում տնօրինել նաև պատմությունը։ Եվ ադրբեջանական ինտելեկտուալներն այս կամ այն չափով սկսում էին խորանալ պատմության խորքերը՝ փորձելով ադրբեջանցիներին կապել տարածքի հին ժողովուրդների հետ։ Ամենակարևոր տեսաբաններից մեկը առաջ է քաշում հենց աղվանականացման տեսությունը, որն, ըստ էության, փորձում է բուն կովկասյան Աղվանքի տարածքը մի կողմից ընդարձակել այնպես, որ այն ներառի Ադրբեջանի (այսօրվա) ողջ տարածքը։

Դրա  հիմնադիրներից մեկը Յամպոլսկին էր, ով գտնում էր, որ Ադրբեջանի տարածքը և նրա հարակից տարածքները հին աղվանական ժողովուրդների պատկանող տարածքներ են, և ադրբեջանցիներն էլ, ակնհայտորեն, այդ հին աղվանների ժառանգորդներն են։ Այս տեսակետից որդեգրվեց մի սկզբունք, որ ուղղակի կարելի է անվանել հնագույն պատմության բոլոր դրսևորումները, մշակույթը, ոչ թե բնութագրել դրանց առանձին փաստական ինքնությունը, այլ դրանք ուղղակի անվանել աղվանական-ադրբեջանական։ Սա այնպիսի իմպուլս էր, որ հետագայում արդեն սկսեցին զարգացնել նաև Զիա Բունիաթովը և ադրբեջանցի այլ մասնագետներ։ Շատ հետաքրքիր էր, որ, եթե սկզբնական շրջանում այդ գործընթացը վերագրվում էր կա՛մ անտիկ շրջանին, կա՛մ վաղ միջնադարին, ապա  հետագայում այդ ամենը սկսեց տեղափոխվել ավելի ուշ ժամանակներ՝ ընդհուպ Արցախյան ազատագրական պատերազմի առաջին տարիներին հայտարարվում էր, թե հայերը Ադրբեջանում հայտնվել են միայն 19-րդ դարում, այսինքն՝ այդ գործընթացի սկիզբը կամաց-կամաց ետ էր բերվում (խմբ ժամանակագրորեն

Այստեղ մի խնդիր կա, որ, կարծում եմ, հայագիտությունը ոչ լրիվ չափով է պարզաբանել․ դա, այսպես կոչված, Աղվանից քրիստոնեական եկեղեցու խնդիրն է։ Բոլորին հայտնի է, որ, մոտավորապես հայ Արշակունիների անկումից հետո Սասանյան Պարսկաստանը փորձում էր կովկասյան վայրի վաչկատուն ցեղերի հարձակումները կանխելու համար ավելի հզորացնել Հյուսիսային Կովկասի հետ անմիջապես հարևանություն ունեցող մարզերի ռազմունակությունը, և Արցախը, Ուտիքն անջատվում են բուն Հայքից կամ հայ մարզպանությունից և միացվում Աղվանքին, և Աղվանից եկեղեցին 5-րդ դարի վերջից հաստատվում է Արցախի և Ուտիքի տարածքում։ Ստացվում է՝ Կուրից հարավ կա հայախոս հոծ բնակչություն, կա քրիստոնեություն, այդ քրիստոնյաները հիմնականում հայեր էին, խոսում էին հայերեն, գրում էին հայերեն, բայց իրենց եկեղեցին կոչվում էր Աղվանից եկեղեցի։

Սա, այսպես կոչված, ադրբեջանցի գիտնականները դարձրեցին հիմք, որ, եթե տարածքը կոչվում է Աղվանք, այսինքն՝ եկեղեցու անվան նմանությամբ սկսվեց Աղվանք կոչվել նաև Արցախը և Ուտիքը, ապա այդ ողջ ժառանգությունը, ժողովուրդները, որ ապրել են այնտեղ, նույնպես Աղվանի ժողովուրդ են, և քանի որ ադրբեջանցիները հենց աղվանների հետնորդներն են, ապա այդ ամբողջ մշակույթը, այդ ամբողջ ժառանգությունը  կարելի է համարել աղվանական՝ ադրբեջանական։ Սա մի ուղղություն է, որ այսօր խորը հետազոտման կարիք ունի։ Միջազգային գիտաժողովներում մեկ անգամ չէ, որ զեկուցումներ եմ լսել, որտեղ հետազոտողները խոսում են աղվանական ծեսերի մասին՝ մինչև քրիստոնեությունը՝ հիմքում ունենալով Մովսես Կաղանկատվացու զանազան պատմություններն Աղվանքի ու աղվանների մասին, բայց էթնիկության խնդիրը, լեզվի խնդիրը, քրիստոնեության տարածման խնդիրերը շատ հաճախ ողղակի անտեսվում են։

-Պարո՛ն Պետրոսյան, այդ ցեղասպան քաղաքականությունն այսօր շարունակվում է ադրբեջանցիների կողմից։ Ինչպե՞ս հակազդել դրան։

-Շատ բարդ է հասկանալը, որովհետև, ըստ էության, աշխարհաքաղաքական գործընթացները շատ ավելի առաջնային են, քան մշակույթի իրավունքը, քան մշակութային պատկանելիությունը։ Միանշանակ է, որ ինչ-որ տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում, ինչ որ տեղի է ունեցել բյուզանդական քրիստոնեական կառույցների հետ, վերաբերում է նաև Արցախի ժառանգությանը։ Ադրբեջանն այդ ժառանգության հանդեպ նույնպես շատ մտածված քաղաքականություն է վարում․ այն ժառանգությունը, որ ստեղծվել է անկախության տարիներին, պաշտոնապես հայտարարվում է որպես օկուպանտական, և դրանք վերացվում են՝ առանց որևէ հետին հայացքի, առանց որևէ կասկածի։ Դրանց կարելի է միացնել Հայրենական պատերազմի հուշարձանները, որովհետև արցախյան գյուղերում, որպես կանոն, համարյա 90 տոկոսից ավելին ազատագրական պայքարի մասնակիցների հուշակոթողներ էին: Գերեզմանոցները ստեղծվել էին Հայրենական պատերազմի հուշարձաններին կից, և, այդ տեսանկյունից, երկուսն էլ ենթակա են վերացման։ Ընդամենը վերջերս, գիտեք, Քաշաթաղում ամբողջովին վերացրել են Սրբոց Համբարձման եկեղեցին։

-Պարո՛ն Պետրոսյան, մենք ամեն օր առնչվում ենք ադրբեջանցիների էքսպանսիոնիստական նկրտումներին. դրա վառ ապացույցը «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի շրջանառությունն է, որտեղ նրանք թյուրքական են ներկայացնում ոչ միայն մշակութային կոթողները, այլև եկեղեցիները։ Այս մասով ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս հակազդել, կամ, առհասարակ, պե՞տք է արդյոք հակազդել, թե՞՝ ոչ։

-Պարտությունը պատերազմում հայտնի չափով տարածվել է նաև մշակութային քաղաքականության վրա։ Ցավոք, հայաստանյան իշխանությունների այսօրվա պահվածքը այդ հարցերում բավականին զուսպ է, բավականին զգոն է։ Այդ տեսակետից, կարծեք թե, ամբողջ ծանրությունն ընկնում է մասնագիտական հանրույթների վրա։ Ես հասկանում եմ, որ վիճակը ծանր է, բայց չեմ հասկանում, թե ինչու՞ չի կարելի մշակութային եղեռնի դեպքում հայաստանյան իշխանությունները ավելի  կոնկրետ, ավելի հստակ, ավելի կտրուկ հայտարարություններ անեն։ Սա, նույնպես, ակնհայտորեն բացակայում է, չեմ ասում, թե չեն մտածում, չեմ ասում, թե չեն փորձում աջակցել, բայց այդ զգոն պահվածքը, կարծում եմ, բացարձակապես կապ չունի ռազմական ուժի հետ, դիվանագիտական ինչ-որ հարաբերությունների հետ, որովհետև մշակույթի իրավունքը, որ հաստատված է մարդու իրավունքի համընդհանուր հռչակագրով, կապ չունի քաղաքական իրավիճակի հետ։ Մարդն ունի մշակույթի իրավունք։

Երկրորդը, դա, ըստ էության, հայաստանյան այն իրողություններն են, որ հայերը իրենց պատմական հայրենիքում միշտ չէ, որ միայնակ են ապրել, բնական է, որովհետև մենք խոսում ենք 11-րդ դարի սելջուկյան արշավանքի, էլ չեմ ասում արաբական արշավանքի մասին։ Պարզ է, որ Հայաստանի տարածքում ապրել են տարբեր ժողովուրդներ, տարբեր դավանական հանրույթներ, միանշանակ է, որ նրանք, նաև ինչ-որ մի բան են ստեղծել։ Եվ մեր՝ մի քիչ  ադրբեջանցիներին նմանվող մոտեցումը՝ խոսել միայն հայկականի մասին, հայ քրիստոնեական ժառանգության մասին, նույնպես սահմանափակ մոտեցում է։

Մշակութային ժառանգությունը, ըստ էության, պատկանում է բոլորին, և այն անմիջականորեն կախված չէ նրա հնությունից, կախված չէ նրա պատկանելիությունից՝ լինի դավանական, թե էթնիկ։ Այսինքն՝ ժամանակակից հասարակությունները պարտավորվում են, համաձայն բազմաթիվ կոնվեցիաների, որոնց միացել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ հարևան երկրները, հարգել ժառանգությունն ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ այստեղ էլ հայագիտությունը բավականին խնդիրներ ունի։ Մի հասարակ օրինակ ասեմ․ monumentwatch.org կայքում մենք ներկայացնում ենք նաև իսլամական ժառանգությունը։ Այդ ժառանգությունը շատ սահմանափակ է. այն հայտնի է բավական քիչ օրինակներով։ Բայց, երբ մենք ներկայացնում ենք Արցախի մշակութային ժառանգությունն իր բազմազանության մեջ՝ մինչ քրիստոնեության ընդարձակ ժառանգությունը, քրիստոնեական ժառանգությունը, և, ի վերջո, նաև այն մահմեդական ժառանգությունը (որոշ հուշարձաններ, մոտավորապես՝ ոչ վաղ, քան 14-րդ դարի կեսերից սկսած) դրանք երևան են բերում հայ ճարտարապետական մտքի գործնեությունը նաև մահմեդական կամ իսլամական հանրույթներում։ Եվ այս տեսակետից այդ մոտեցումը, կարծում եմ, որ շատ տեղին է, և, ակնկալելի է, որ գոնե ուրիշները նույնպես նման մոտեցումներ ցուցաբերեն։

Մենք ունենք բազմաթիվ հետաքրքիր փաստեր, երբ, ասենք, հայկակական վանական համալիրները դարձել են մահմեդականների համար ուխտագնացության վայր, մատաղ անելու վայր։ Այսինքն՝ կան ինչ որ բաներ, որոնց մենք պիտի փորձենք ընդհանրական մոտենալ, որովհետև, եթե մենք ակնկալում ենք աշխարհի աջակցությունը, հատկապես՝ եվրոպական, ամերիկյան, միջազգային կառույցների և հետազոտողների աջակցությունը, մենք պետք է ինչ-որ չափով ավելի ընդարձակ տեսակետ ունենանք, օգտագործենք ժամանակի՝ այսօրվա  պահանջներին համահունչ եզրաբանություն։ Ադրբեջանը միանշանակ կրկնում է այն ամենը, ինչ ասում է Ալիևը։ Այսինքն՝ որևէ գիտնական չի կարող այլ բան ասել, քան այն, ինչը վերևից հայտարարված է։

Փառք աստծո, Հայաստանում վիճակը այդպիսին չէ, բայց շատ հաճախ մեզնից էլ են ակնկալում նման պահվածք, ինչպիսին ադրբեջանցիներինն է։ Այսինքն՝ մենք կարող եք դիմել ցանկացած ստի, մենք կարող ենք չափազանցնել մոտեցումները, մենք կարող ենք հայտարարել, ինչպես ադրբեջանցիները։ Ես կարծում եմ, որ  սա մեր ճանապարհը չի։ Մեր ճանապարհն է այդ մշակութային ժառանգությունը ներկայացնել այնպես, ինչպես կա,  եղել է։ Եվ, միանշանակ է, երբ մենք  այդ ամենը չենք փորձում բացատրել, Ադրբեջանի հայտարարությունները շատ ավելի սպառնալից են դառնում, որովհետև լավ է, վատ է Հայաստանի տարածքում էլ կան այս կամ այն չափով իսլամական (խմբ հուշարձաններ), որոնք հեչ ադրբեջանական չեն․ նրանք առաջին հերթին պարսկական են, չգիտեմ, կամ 14-15-րդ դարերի եկվոր, քոչվորների ինչ-որ դաբարան են։

Այդ ամենն իրենք օգտագործում են՝ ցույց տալով, որ, այ տեսեք, եթե այստեղ մի մզկիթ կա, ուրեմն մենք այստեղ եղել ենք, ինչ կարևոր է՝ դուք եղել եք 2000 տարի առաջ, մենք եղել ենք 200 տարի առաջ։ Սրանք հարցեր են, որոնք նախ և առաջ տեսական ընդարձակ հետազոտման կարիք ունեն, սրանք հարցեր են, որոնք աղբյուրագիտական մանրամասն հետազոտության կարիք ունեն։ Եվ այդ տեսակետից, եթե ինձ հարցնեն, մենք ավելի հաճախ գործ ենք ունենում արտաքին դրսևորումների հետ։ Բայց մենք ավելի հաճախ այսօր խնդիր ունենք վեր հանելու ավելի խորքային գործընթացներ։ Առանց նման տեսական մոտեցման, առանց համապատասխան մեթոդաբանության կիրառման՝ հնարավոր չէ։

-Եվ վերջին հարցս ձեր ասածի համատեքստում, գուցե և մի փոքր ուտոպիստական տեսեք, երբ նայում ենք եվրոպական երկրներին՝ մասնավորապես Գերմանիային, Ֆրանսիային, որոնք ժամանակին ևս եղել են թշնամական երկրներ,  այսօր կարող են և՛ մշակույթ կիսել և՛ այլն։ Ի՞նչ եք կարծում, մեր տարածաշրջանում հնարավո՞ր է՝ գա մի ժամանակաշրջան, երբ մենք ոչ թե կռվենք՝ սա իմն է, սա՝ քոնը, այլ ուղղակի պահպանենք։

-Ճիշտն ասած՝ միջազգային հանրահայտ կոնվեցիաների հիմքում հենց դա է դրված, որ աշխարհը բազմազան է, որ մշակույթները բազմազան են։ Նրանք փոխառնչվել են, և հիմնական քաղաքականությունն է մշակութային երկխոսությունը՝ մշակության ընդհանրությունների վրա։ Տեսեք, հայերը վիճում են ադրբեջանցիների հետ, թե տոլման ում է պատկանում, թառը՝ ում, գորգը՝ ում։ Կոնվենցիաների տրամաբանությունը լրիվ դրան հակառակ է։ Բայց կա իրական կյանք, իրական քաղաքականություն․ եթե Եվրոպան հնարավորություն է ունեցել ինքն իր մեջ ապրելու, Արևելքը նման հնարավորություն չի ունեցել։ Հայերը չգիտեին՝ երբ, ինչ-որ մի ժողովուրդ է հայտնվում, որտեղից է եկել։ Գանձակեցին ասում է, երբ մոնղոլները եկան, հայերն ասում էին՝ սրանք մեր փրկիչներն են։

Ծաղիկներով գնացին դիմավորելու, մինչև  ահագին չկոտորվեցին։ Այսինքն` արևելքի բաց լինելն էապես փոխել է իրավիճակը, և այսօր կարծես նույնպես այդ ամենը դեռ շարունակվում է. այնպես որ մենք կարող ենք իրար հետ հաշտ ու խաղաղ ապրել, եթե, ասենք, արտաքին որևէ ազդակ չլինի, եթե հնարավորություն ստեղծվի՝ ադրբեջանցի ժողովուրդը մի քիչ ազատ շփվի հայ ժողովրդի հետ։ Ես չեմ ասում վաղը, մյուս օրը, բայց մենք տեսնում ենք, որ, ցավոք, աշխարհաքաղաքական նման հնարավորություններ չկան, և ամեն օր մի բոթ ենք ստանում, որ վաղը ավելի վատ է լինելու։ Նման պայմաներում դժվար է մեծ ակնկալիքներ ունենալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում