2026

Պատմական Աղվանքի ժառանգությունը և ադրբեջանական հավակնությունները

2024-02-16

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետությունը սկսեց մեծ ուշադրություն դարձնել Աղվանքի պատմությանը։ Հիմնական նպատակն է բռնայուրացնել տարածաշրջանի քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը։ Այդ քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս Խորհրդային Ադրբեջանի պատմագիտության շրջանակներում 1950-1960-ական թվականներին։ Այն հատկապես լայն թափ ստացավ 2020 թվականից և շարունակվում է մինչ օրս՝ առաջ բերելով ալիևյան վարչակարգի կողմից ստեղծված նոր «գիտական հանրույթ», որը սկսեց «վերակենդանացնել» աղվանական ժառանգության մասին ադրբեջանական կեղծ և հակագիտական թեզերը։

Մասնավորապես, Ադրբեջանի վարչակարգը և ադրբեջանական գիտական հանրույթն ակտիվորեն առաջ են քաշում այն տեսությունը, որ Ադրբեջանն Աղվանքի ժառանգն է, և հայկական եկեղեցիներն ու վանքերն աղվանական են։ Տեսությունը նոր արդիականություն է ձեռք բերել նաև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների գրավումից և հատկապես՝ 2023 թվականի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի հետևանքով Արցախի ամբողջ տարածքի բռնի հայաթափումից հետո։ Այս գիտա-քաղաքական կեղծ տեսությունը կյանքի կոչելու համար Ադրբեջանի կառավարությունը ծառայեցնում է նաև Ադրբեջանում ազգային փոքրամասնություն կազմող ուդիներին։ Վերջիններս պատմական Աղվանքի ժառանգության իրական ներկայացուցիչներն են։ Սակայն այսօր էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով նրանց թիվը Ադրբեջանում մնացել է ընդամենը մի քանի հազար։ Նրանք դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են եղել։ Շատ առումներով իրենց հայ են համարել։ Այսօր, նրանք ոչ միայն ստիպված են հրաժարվել իրենց ինքնության մասը կազմող հայադավանությունից, այլ նաև պարտադրված են ծառայել ադրբեջանական իշխանությունների կողմից առաջ քաշվող հակահայկական քաղաքականությանը։ Ադրբեջանում պատանդի կարգավիճակում հայտնված ուդի ժողովրդի մտավորականությունը ստիպված է նաև հանդես գալ կեղծ ու սուտ հայտարարություններով, որոնցով Արցախում, Ուտիքում, Հայաստանի Հանրապետությունում և նույնիսկ Արևմտյան Հայաստանում ադրբեջանցիների ու թուրքերի կողմից դեռևս չոչնչացված հայկական եկեղեցիները հորջորջվում են «աղվանա­կան»:

Վերջիններիս միջոցով փորձ է արվում իրենց վերահսկողության տակ հայտնված Արցախի հայկական եկեղեցիները հայտարարել աղվանական։ Բացի այդ նման նկրտումներ կան նաև Հայաստանի Հանրապետության տարածքի եկեղեցիների առումով։ Այնինչ պատմական Աղվանքի ժառանգորդ ուդիները մասն են կազմել Հայ առաքելական եկեղեցու և թյուրքախոս ադրբեջանցիների հետ էթնիկ առումով որևէ կապ չունեն։ Բացի այդ ներկայումս փորձ է արվում նաև կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը, որը դարձել է հայամերժ ազգային նպատակի և պատմության կեղծման կարևոր գործիք:

Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ, իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդը, «Ուդիական» այդ հնարված եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, Ուտիքում և անգամ ներկայիս Թուրքիայի տարած­քում գտնվող ու ադրբեջանական պատմաբան­ների կողմից աղվանա­կան հռչակված քրիստոնեական հուշարձանները:

Այսպիսով, Ադրբեջանը փորձում է Աղվանքի՝ ներառյալ Արցախի ու Ուտիքի քրիստոնեական ժառանգության հետևորդ ներկայացնել ուդիներին, այն դեպքում, երբ ուդիներն իրենք համարվում էին Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Ադրբեջանի վարած հայատյաց ու ձուլման քաղաքականության հետևանքով ուդիների մի մասն անցել է ուղղափառ դավանանքի, ստիպված փոխել  հայկական ազգանունները:

Հակիրճ ներկայացնենք հայ-աղվանական առնչությունների, Աղվանքի և նրա ժողովրդի պատմությունը։

Մ․թ․ա․ I հազարամյակում ձևավորված Հայկական միասնական պետության սահմանը հյուսիս-արևելքում անցնում էր Կուր գետի հոսանքով, որից հյուսիս բնակվում էին հիմնականում Արևելակովկասյան լեզվաընտանիքի Լեզգիական խմբի լեզուներով խոսող ցեղերը։ Մ․թ․ա․ IV դարում նրանք առաջին անգամ հանդես են գալիս «աղվաններ» («ալբաններ») անվան տակ։

Աղվանից միասնական թագավորության զինուժը Տիգրան Մեծի բանակի կազմում մասնակցել է մ․թ․ա․ 69-68 թթ. Հայաստան ներխուժած հռոմեական զորավար Լուկուլլոսի լեգիոնների դեմ Տիգրանակերտի ու Արածանիի ճակատամարտերին, իսկ երկու տարի անց դիմագրավել է նաև հռոմեացի զորավար Պոմպեոսի՝ դեպի Կուր գետից հյուսիս ընկած տարածքներ արշավանքին։ Հայոց և Աղվանից պետությունների այդօրինակ զինական դաշնակցությունը շարունակվել է ամբողջ անտիկ շրջանում ու վաղ միջնադարում՝ ուղղված ինչպես Հռոմի, այնպես էլ հետագայում Սասանյան Իրանի դեմ։

Հայ-աղվանական դաշնակցությունն իրագործվել է նաև հոգևոր-մշակութային ոլորտներում։ Մասնավորապես՝ պատմական բազմաթիվ սկզբնաղբյուրներից հայտնի է, որ Աղվանից քրիստոնեական եկեղեցին սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցու հետ։ IV դարի սկզբում քրիստոնեությունը պաշտոնապես ճանաչվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Աղվանքում Հայոց հայրապետ Գրիգոր Լուսավորչի և Մեծ Հայքի Տրդատ Գ արքայի ջանքերով։ Հետագա պատմության ամբողջ ընթացքում Աղվանից եկեղեցին «ի հոգևորս» մաս է կազմել Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգին։

Աղվանքում քրիստոնեության տարածմանը մեծապես նպաստեց նաև Բենիամին Երեցի օգնությամբ Մեսրոպ Մաշտոցի կողմից աղվանական գրի ստեղծումը։

428 թ. Սասանյան Իրանը վերացրեց Հայոց Արշակունյաց թագավորությունը և տարածաշրջանում ստեղծեց Հայքի, Վիրքի և Աղվանքի մարզպանությունները։ Նախկին Մեծ Հայքի թագավորության ծայրամասային նահանգները վարչական առումով մաս կազմեցին հարևան պարսկահպատակ մարզպանություններին (օրինակ՝ Ուտիքն ու Արցախը՝ Աղվանք-Առանին)։ Իսկ Աղվանից եկեղեցու իրավազորությունը տարածվեց (միջնադարի եկեղեցա-վարչական բաժանման սկզբունքների համաձայն) նաև Կուրի աջափնյակում գտնվող հայկական Ուտիք և Արցախ նահանգների վրա։

Նշված պատճառով նաև Աղվանք-Առան մարզպանության մեջ (որը VIII դարի սկզբներին մտավ Արաբական խալիֆայության Արմինիա ոստիկանության կազմի մեջ) սկսված երկու քրիստոնյա էթնիկ հատվածների՝ աղվանական դեռ ցեղային և հայ բնակչության միջև որոշ ինտենսիվությամբ ընթացած համահարթեցման բնական գործընթացների արդյունքը եղավ ոչ թե աղվանական, այլ հայկական պատմա-մշակութային ավանդների ամրապնդումը․ մինչև IX դար գոյատևած Աղվանքի կաթողիկոսությունն աստիճանաբար լիովին հայացավ։

XI դ. կեսերից սկսվեցին դեպի տարածաշրջան թյուրք-սելջուկների արշավանքները և Միջին Ասիայից նրանց հետևող թյուրքական քոչվոր ցեղերի գաղթերը, որոնց համար ամառային արոտավայրեր դարձան Կուր և Արաքս գետերի ներքին հոսանքներն ընդգրկող դաշտավայրերը։ Սելջուկ-թյուրքերի, այնուհետև թաթար-մոնղոլների (XIII դար) ասպատակությունները փոխեցին Ուտիքի դաշտային մասի էթնիկական կազմը։ Աստիճանաբար Աղվանքի տարածքում տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա-թուրքմենական ցեղերը:

Միևնույն ժամանակ Աղվանից անունը պահպանած եկեղեցու հայկականացումը շարունակվեց և ավարտին հասավ զարգացած միջնադարում, և ուդի էթնոսը, որը IX-X դարերում կազմավորվեց Բուն Աղվանք երկրի արևմտյան հատվածում՝ աղվանական բազմացեղ բնակչության քրիստոնյա մնացած հատվածի էթնոհամախմբման արդյունքում, զարգանում էր արդեն ամբողջապես իբրև հայկական գրավոր մշակույթի կրող։ Միաժամանակ Բուն Աղվանքի արևելյան հատվածում ավարտին հասան իսլամ ընդունած աղվանական ցեղերի էթնոհամախմբման գործընթացները (որպես լեզգիներ, ծախուրներ, ագուլներ, ռութուլներ, տաբասարանցիներ, բուդուղներ, խինալուղներ և այլ ժողովուրդներ)։ Այդ պահից արդեն կարելի է խոսել ոչ թե աղվանների մետաէթնոսի, այլ նրա ժառանգորդ ժողովուրդների մասին։

Քրիստոնյա ուդի ժողովրդի էթնիկ զարգացումը էապես խաթարվեց XVIII դարի առաջին կեսին, երբ օսմանյան զորքերի ռազմակալման պայմաններում նրանց 50-ից ավելի բնակավայրերի մեծ մասը (բացառությամբ 2-3-ի) ստիպված ընդունեց իսլամ և հիմնականում լեզգիացավ։

Մինչ այդ Աղվանից եկեղեցու նստավայրը վերջնականապես հաստատվեց Գանձասարում՝ Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Դրանից հետո այն հանդես է գալիս նաև Գանձասարի կաթողիկոսություն անվամբ՝ իբրև արդեն սովորական թեմ Հայ Առաքելական եկեղեցու կազմում։

XIX դ. սկզբներին, երբ տարածաշրջանը մաս կազմեց Ռուսական կայսրությանը, ցարական իշխանությունների իրավական ակտերով Աղվանից եկեղեցին վերածվեց Էջմիածնի կաթողիկոսության մետրոպոլիտության։ Կարճ ժամանակ անց Արևելյան Այսրկովկասի տարածաշրջանում հիմնադրվեցին Հայ Առաքելական եկեղեցու երկու արքեպիսկոպոսական թեմեր, որոնք կոչվում էին Ղարաբաղի (Արցախի)՝ Կուրի աջափնյակում, և Շամախիի՝ Կուրի ձախափնյակում։ Իրենց դարավոր հայրենիքում՝ Կուր գետի ձախ ափին բնակվող մի քանի հազար ուդիների հոգևոր համայնքը մինչև XX դարի սկիզբը մաս կազմեց Շամախիի հայկական թեմին։

Ներկայումս Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում ուդիներին՝ մի ժողովրդի, որը վերջին 300 տարվա ընթացքում ենթարկվել է ֆիզիկական և բարոյական ծանրագույն հալածանքների։ XVIII դարում ուդիների բռնի իսլամացման և ձուլման գործընթացը հանգեցրեց Աղվանքի ժառանգության այդ ամենաակներև ներկայացուցիչների մեծամասնության ոչնչացմանը։ Այդուհանդերձ, Նուխիի գավառի, մասնավորապես՝ Շեքիի, Օղուզի (նախկին Վարդաշենի) և Գաբալայի (նախկին Կուտկաշենի) շրջանների շուրջ 40 ուդիական գյուղերի բնակիչների մեջ բավականին պահպանվել էր ուդիական (աղվանական) ինքնության հիշողությունը։ Չնայած իսլամացմանն ու լեզվական առումով լեզգիացմանը և թյուրքացմանը, նրանք շարունակում էին հարգել ուդիական պատմական հուշարձաններն ու սրբավայրերը, տոնել աղվանական տոները՝ բացառապես հայերենով գրված իրենց տապանագրերում հաճախակի նշելով իրենց ազգային ինքնությունը (գլխավորապես՝ «հայ-ուդի» անվանաձևով)։ Հենց այդ պատճառով ուդիները 1918-1920 թթ․ (Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության իշխանության տարիներին), ապա 1988 թ․ (Խորհրդային Ադրբեջանում) ադրբեջանցիների կողմից ենթարկվել են դաժան ֆիզիկական բռնության, ոչնչացման ու արտաքսման։

Ուդիական վերջին բնակավայրերի` Վարդաշենի, Միրզաբեյլուի, Սուլթան Նուխիի, Ջոուռլուի բնակչության մեծ մասը և Նիժ գյուղի բնակիչների մի մասը, փախչելով հետապնդումներից, ստիպված եղան վերջնականապես լքել հայրենիքը, ուր իրենց նախնիներն ապրել էին հազարավոր տարիներ։ Ուդիների մեծամասնության արտաքսումից (էթնիկ զտումից) հետո Ադրբեջանում հայկականի հետ ոչնչացվում է նաև Բուն Աղվանքի նյութական մշակույթը։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունների անսքող պարտադրանքով, ուդիական մտավորականության շատ ներկայացուցիչներ (Ռ. Մոբիլի-Մոբյան և այլն) ստիպված են հանդես գալ կեղծ ու սուտ հայտարարություններով, որոնցով Արցախում, Ուտիքում և նույնիսկ Արևմտյան Հայաստանում ադրբեջանցիների ու թուրքերի կողմից դեռևս չոչնչացված հայկական եկեղեցիները հորջորջվում են «աղվանա­կան»:

Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման այդ քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնում է որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավի­ճակով գոյատևող ուդի ժողովրդին: Ներկայումս փորձ է արվում նաև կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը, որը դարձել է հայամերժ ազգային նպատակի և պատմության կեղծման կարևոր գործիք:

Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ, իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդը, «Ուդիական» այդ հնարված եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, Ուտիքում և անգամ ներկայիս Թուրքիայի տարած­քում գտնվող ու ադրբեջանական պատմաբան­ների կողմից աղվանա­կան հռչակված քրիստոնեական հուշարձանները:

Այսպիսով, Ադրբեջանը փորձում է Աղվանքի՝ ներառյալ Արցախի ու Ուտիքի քրիստոնեական ժառանգության հետևորդ ներկայացնել ուդիներին, այն դեպքում, երբ ուդիներն իրենք համարվում էին Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Ադրբեջանի վարած հայատյաց ու ձուլման քաղաքականության հետևանքով ուդիների մի մասն անցել է ուղղափառ դավանանքի, փոխել  հայկական ազգանունները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում