2026

17-18-րդ դարերի էթնոժողովրդագրական տեղաշարժերը Երևանի գավառում

2024-06-01

Թուրք-պարսկական պատերազմներն ավարտվեցին 1639թ. կնքված Կասրե-Շիրինի հաշտության պայմանագրով, որից հետո Մերձավոր Արևելքում սկսվեց խաղաղ ժամանակաշրջան: Այն նպաստեց նաև Երևանի գավառի էթնոժողովրդագրական պատկերի բարելավմանը: Երևանի բնակչության էթնիկական կազմի փոփոխությունների մասին է Մերուժան Կարապետյանի հոդվածը: Հեղինակը, հիմնականում օգտվելով օտար ուսումնասիրողների աշխատություններից, հիմնավորել է, որ Երևանի ազգաբնակչության մեջ հայերը միշտ կազմել են մեծամասնություն[1] (խոսքը միայն քաղաքի ազգաբնակչության մասին է, իսկ բերդապահ կայազորում կային պարսիկներ, թուրքեր, քրդեր և հայեր):

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, 1632-1662 թթ. ընթացքում մի քանի անգամ լինելով Երևանում, բացառիկ  տեղեկություններ է հաղորդում քաղաքի բնակչության էթնիկ կազմի մասին: Ճանապարհորդը գրում է, որ հայերն ապրում էին Երևանի արվարձանում, որը բացառապես բնակեցված էր հայերով: Արվարձանը կամ բուն քաղաքը բաղկացած էր Հին քաղաք, Կոնդ և Քարահանք մասերից:

1647 թ. Երևան այցելած թուրք ճանապարհորդ Էվլիա Չելեբուն հիշատակում է, որ բուն քաղաքում կար 2060 հողածածկ տուն: 1650 և 1665 թվականներին Երևան այցելած Ֆրանսիական կառավարության ներկայացուցիչներ Դը լա Բուլե լը Գուզը և Դը Լալենը, Լյուդովիկոս XIV թագավորին հղած նամակում հաղորդում են, որ Երևանի բերդում և քաղաքում մեծ քանակությամբ հայեր կան: Քաղաքում հայերի թվական գերակշռության մասին է վկայում 1670-ական թվականներին Երևան այցելած հոլանդացի վաճառական Յա. Ստրեյսը:

Եկեղեցիների (Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Կաթողիկե, Սուրբ Անանիայի վանք, Սուրբ Սարգիս) գոյությունը ևս փաստում է քաղաքում հայ բնակչության մեծաքանակ լինելու մասին:

Երևանում բնակչության թվաքանակի փոփոխություն տեղի ունեցավ 1679 թ. երկրաշարժի հետևանքով. զոհ գնաց Երևանի և շրջակա բնակավայրերի մոտ 8 հազար բնակիչ: Մինչ երկրաշարժը` Երևանի բնակչությունը կազմում էր 4 հազար տուն: Երկրաշարժի պատճառով քաղաքն ու բերդը հիմնահատակ քանդվեցին, սակայն Երևանի Զալիմ խանի (ծագումով վրացի) ջանքերով քաղաքն արագորեն վերականգնվեց:  

17-րդ դարի վերջին Երևան քաղաքի բնակիչները բացառապես հայեր էին (այդ թվում` կաթոլիկ հայեր, բոշաներ):

Մահմեդականները (միայն պարսիկներ) քաղաքի բնակչության մեջ հիշատակվում են 18-րդ դարի սկզբին: Երևան այցելած գերմանացի ճանապարհորդ Գ. Շիլինգերը պատմում է, որ բերդում ապրում էին պարսիկները, իսկ արվարձանում՝ նրանցից տաս անգամ ավելի շատ հայեր: 17-18-րդ դարերում Երևանի բնակչության թվաքանակը կազմում էր 17-20000 մարդ:

18-րդ դարի առաջին քառորդին Երևան քաղաքում բացարձակ մեծամասնություն էին կազմում հայերը: Դրա վկայությունն է թուրքական զորքերի դեմ 1724 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցած Երևանի հերոսական ինքնապաշտպա- նությունը, որը ղեկավարում էին ազգությամբ հայեր Հովհաննես Հունդիբեկյանը, Պողոս Քեչիբեկյանը, Կարճիկ Հովհաննեսը, Դավիթ Միրզաջանյանը: Քաղաքի գրավումից հետո թուրքական զորքերը ավեր ու կոտորած իրականացրին ( զոհվեց մի քանի հազար հայ): Մինչև 1735 թ. Երևանը մնաց թուրքական տիրապետության տակ:

Թուրքական տիրապետութության հետևանքով քաղաքում էականորեն նվազեց հայ բնակչության թիվը: Երևանում հայ բնակչության թվի աճ նկատվեց Նադիր շահի օրոք` Արևմտյան Հայաստանից եկած փախստականների հաշվին: 1747 թ.` Նադիր շահի սպանությունից հետո, երկրում սկսվեց խառնակ ժամանակաշրջան: Երևանի բերդի նկատմամբ հավակնություններ սկսեցին դրսևորել տարբեր խաներ: Իրավիճակը համեմատաբար կայունացավ, երբ Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլ II-ը Երևանի նկատմամբ հաստատեց իր գերիշխանությունը: Արդյունքում` հայ բնակչության թվաքանակը սկսեց կրկին աճել (արդեն 1769 թ. Երևանի բնակչության մեծ մասը հայեր էին):

Շուտով Երևանի խաները ապստամբեցին Հերակլ II թագավորի դեմ: Ի պատասխան այդ ամենին` վրացական զորքը ասպատակեց Արարատյան դաշտը, որտեղից շուրջ 30 հազար մարդ գաղթեցվեց Վրաստան: Երևանից բռնագաղթածներին Հերակլ II-ը բնակեցրեց Հավլաբարում:

[1] Մերուժան Կարապետյան, Երևանի բնակչության էթնիկական կազմի փոփոխությունները 1600-1724 թթ., Պատմաբանասիրական հանդես, Եր., 1986, N 2, էջ 95-109:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում