2026
2024-05-31
Հայաստանի էթնիկ պատկերն էական փոխոխություններ կրեց XVI-XVII դդ․ թուրք-պարսկական պատերազմների հետևանքով: Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել նաև նախորդ՝ թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում: XV-XVI դդ. թյուրքական և քրդական քոչվոր մի շարք ցեղեր հաստատվեցին Հայաստանի տարբեր շրջաններում: Սեֆյան պետությունը, ի դեմս շիա դավանանքի այդ ցեղերի, փորձում էր ամուր հենարան ստեղծել օսմանյան սուննի թուրքերի դեմ մղվող պայքարում:
Թուրք-պարսկական երկարատև պատերազմների գլխավոր թատերաբեմ դարձած Հայաստանում հայերի զանգվածային կոտորածներն ու բռնի իսլամացվելու դեպքերը հաճախակի դարձան: 1531-1535 թթ. պարսիկները, ներխուժելով Արևմտյան Հայաստան` մասնավորապես Վասպուրականի տարածք, ավերեցին Վան, Ոստան, Արծկե քաղաքները: XVI դ. կեսերին պարսկական զորքերը նոր ասպատակություններ կատարեցին ոչ միայն Վասպուրականում, այլև` Տարոնում և Բարձր Հայքում:
Իսկ թուրքական զորքերը հայ բնակչության կոտորածներ էին իրականացնում Արևելյան Հայաստանում: 1554 թ. թուրքերը գրավեցին Երևանը, Արարատյան դաշտը, Նախիջևանը և Սյունիքը: Թուրք հեղինակ Փեչևին պատմում էր. «Հաղթական բանակի սարսափից քաղաքներն ու գյուղերը, տներն ու բնակավայրերն այն աստիճան ամայացել, ավերվել և բուերի ու ագռավների բնակավայրեր էին դարձել, որ տեսնողին սարսափ էին պատճառում»[1]: Ռազմական գործողություններին զուգընթաց` թուրքական կառավարությունը նվաճված երկրամասերում բնակեցնում էր թյուրքալեզու և իրանալեզու (գերազանցապես՝ քրդեր) ցեղեր: Թուրքական բանակի հրամանատար Մուստաֆա Լալա փաշան 1578 թ. ավերակների վերածեց Բարձր Հայքի և Տայքի հայկական հարյուրավոր բնակավայրեր, սրի քաշեց տասնյակ հազարավոր մարդկանց: Ֆիզիկական ոչնչացումից փրկվելու համար ավելի քան 50 հազար հայեր նախընտրեցին մահմեդականացումը[2]:
XVI դ. կեսերից Արևմտյան Հայաստանում հայ բնակչության թվաքանակի նվազմանն ու մահմեդականների թվի աճին նպաստեցին նաև դեվշիրմեն և ջալալիների շարժումները:
1580 թ. թուրքական զորքերը հերթական անգամ ասպատակեցին Արևելյան Հայաստանը` մասնավորապես` Արցախը, Գեղարքունիքը և Երևանը: Միայն Երևանից թուրքերը բռնագաղթեցրին շուրջ 20 հազար հայերի:
Հայաստանի էթնոժողովրդագրական պատկերը նոր փոփոխություններ կրեց պարսից շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթով: Երբ 1604 թ. սկսվեց թուրքական զորքերի հակահարձակումը, Շահ Աբբասը վճռեց ամայացնել թշնամու հարձակման ճանապարհին ընկած հայկական բնակավայրերը: Միաժամանակ որոշվեց հայ բնակչությանը բռնագաղթեցնել Պարսկաստանի խորքերը: Տարագրությունը ներառեց ահռելի տարածք՝ Բասենի դաշտը, Կարսի ու Զարիշատի շրջանները, Խնուսը, Մանազկերտը, Վանը, Արճեշը, Արծկեն, Բերկրին, Աղբակը, Վանանդը, Կաղզվանը, Բարձր Հայքը, Ալաշկերտը, Խոյը, Սալմաստը, Արարատյան դաշտը, Վայքը, Նախիջևանը, Լոռին, Ապարանը, Գեղարքունիքը, Գառնին և այլ շրջաններ: Բռնագաղթվածների, որոնց թիվը կազմում էր շուրջ 300 000-ից մինչև 480 000 մարդ (60 000 ընտանիք), գերակշիռ մասը հայեր էին, կային նաև վրացիներ ու հրեաներ, քիչ թվով՝ մահմեդականներ: Այս աննախադեպ բռնագաղթն անդառնալի հարված հասցրեց Հայաստանին (բռնագաղթն ուղեկցվում էր զանգվածային սպանություններով, տասնյակ հազարավոր մարդկանց ստրկության վաճառքով): Հայկական բազմաթիվ գավառներ միայն տասնամյակներ անց կարողացան մասնակիորեն վերականգնել իրենց ժողովրդագրական նախկին վիճակը:
Թուրքական կառավարության հարկապահանջությունն ու բռնություններն այնքան անտանելի էին, որ Էրզրումի նահանգի հյուսիսային մի քանի գավառների քրիստոնյա բնակիչներ` գլխավորապես հայեր, ստիպված մահմեդականություն ընդունեցին: Մյուս կողմից` Սեֆյան Պարսկաստանի դեմ պատնեշ ստեղծելու նպատակով թուրքական կառավարությունը խրախուսում էր քրդերի ներհոսքը Հայկական լեռնաշխարհ:
Բռնի մահմեդականացումն ուղեկցվում էր եկեղեցիների ոչնչացմամբ կամ մզկիթների վերածմամբ:
Չնայած էթնիկ փոփոխության այս պատկերին` Հայաստանի բնակչության մեծագույն մասը կազմում էին հայերը։
[1] Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. Ա, թուրքերեն բնագրերից, ներածությունով, ծանոթություններով, տերմինաբանական բառարանով և հավելվածով կազմեց Ա. Խ. Սաֆրաստյան, Երևան, 1964, էջ 33:
[2] Տե՛ս Koch K., Wanderungen im Oriente während der Jahre 1843 und 1846, Weimar, 1846. Տաշեան Հ., Հայ բնակչութիւնը Սև ծովէն մինչև Կարին, Վիեննա, 1921, էջ 3–20: