2026

Ադրբեջանը փոխհատուցում է Թուրքիային՝ իր հակահայկական օրակարգի իրականացմանն աջակցելու համար

2024-05-29

Առաջնորդվելով իր ծավալապաշտական նկրտումներով ու աշխարհաքաղաքական շահերով` Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիայում: Թուրքիան բացահայտորեն ռազմական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին 2020թ․ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ, ինչը հանգեցրեց Արցախի օկուպացմանն ու բռնի հայաթափմանը: Հակահայկական քաղաքական օրակարգի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար Ադրբեջանը թուրքական ընկերություններին ներգրավում է Արցախում իրականացվող «վերականգնողական աշխատանքներում»։

Վերջերս տեղի ունեցած թուրք-ադրբեջանական բիզնես ֆորումի ժամանակ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ ներկայումս ավելի քան 20 թուրքական ընկերություններ շուրջ 50 նախագծեր են իրականացնում Ղարաբաղում[1]։ Ավելի վաղ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը հայտարարել էր, որ «Ղարաբաղի վերականգման համար թուրքական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը գերազանցում են 3,4 միլիարդ ԱՄՆ դոլարը»[2]։ Ադրբեջանի Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալությանը կից հանրային խորհրդի նախագահ Ֆարհադ Գարաշովը նշել էր, որ թուրքական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են «Ղարաբաղի վերականգնողական աշխատանքներին»[3] (Արցախում շինարարական աշխատանքների մեջ ներգրավված այս կազմակերպությունները կապված են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ):

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից Կովսականում դրվեց Dost («Ընկեր») գյուղատնտեսական համալիրի հիմքը: Այս նախագիծը իրականացվում է թուրք և ադրբեջանցի ներդրողների կողմից[4], գնահատվում է 100 միլիոն ԱՄՆ դոլար, և ծրագրի իրականացումից հետո նախատեսվում է ունենալ 500 աշխատատեղ[5]:

Ըստ Eurasianet լրատվական գործակալության հաղորդման` նախագծի հիմնարկեքի ժամանակ Էրդողանին ուղեկցում էր թուրքական Dost Ziraat ընկերության սեփականատեր Աբդուլքադիր Քարագյոզը: Վերջինս ոչ միայն Էրդողանի բիզնես գործընկերն է, այլև` ընտանիքի անդամը: Սկսած 2016 թվականից` Քարագյոզը պետական մեծ արժողությամբ տենդերներ շահողներից է[6]:

Գյուղատնտեսական այդ համալիրի գործադիր տնօրենը Մեհմեթ Զեքի Թուղրուլն է՝ Dost Ziraat ընկերության կառավարման խորհրդի նախկին փոխնախագահը և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի խորհրդի նախկին անդամը[7]։

Ադրբեջանական կողմից համալիրի ներդրողը Pasha Investments-ն է (այս ընկերությունը մտնում է Pasha Holding կորպորացիայի մեջ, որը միավորում է Ադրբեջանի նախագահի և կնոջ`երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ընտանիքին պատկանող բոլոր ընկերությունները[8]):

Այսպիսով` Dost գյուղատնտեսական համալիրը երկու երկրների նախագահների ընտանեկան համատեղ բիզնես նախագիծն է:

Էրդողանի հետ սերտ կապեր ունեցող Cengiz և Kalyon ընկերությունները ևս շահութաբեր պայմանագրեր են կնքել Արցախում «վերականգման աշխատանքների» համար (մասնավորապես` ճանապարհաշինարարությունը, հանքերի շահագործումը, ոսկու և պղնձի արդյունահանումը)։

Բացի այդ` Kalyon ընկերությունն իրականացնում է ավելի քան 312 միլիոն մանաթ (մոտ 180 միլիոն դոլար) արժողությամբ Հորադիզ-Ագբանդ երկաթուղու շինարարությունը[9]։ Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական AzerGold փակ բաժնետիրական ընկերությունում կայացել էր հանդիպում Cengiz Holding-ի դուստր ձեռնարկության՝ Eti Bakır ընկերության ներկայացուցիչների հետ։ AzerGold-ի խորհրդի նախագահ Զաքիր Իբրահիմովը նշել էր, որ Ղարաբաղում կա մեծ տնտեսական ներուժ, և առկա ռեսուրսները հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության համար լայն հնարավորություններ են բացում: Իբրահիմովը ընդգծել էր, որ AzerGold-ը միշտ պատրաստ է համագործակցել թուրքական ընկերությունների հետ։[10]

Թուրքական Kolin İnşaat և Özgün Yapı ընկերությունները ևս ներգրավված են Շուշիում ճանապարհաշինարարական աշխատանքներում[11]։

 Kolin, Cengiz և Kalyon, ինչպես նաև Limak և Makyol հոլդինգները մտնում են Թուրքիայում հայտնի «հինգի բանդայի» (“Gang of Five”) կազմ, որոնք պետական տենդերների հիմնական շահողներն են[12]։

Վերջերս Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին ընդգծել է, որ «Թուրքիան բոլոր ուղղություններով մասնակցում է Ղարաբաղում վերականգնողական գործունեությանը, և թուրքական ընկերությունները կշարունակեն ակտիվորեն մասնակցել հետագա վերականգնողական աշխատանքներին»[13]։

Ըստ Իլհամ Ալիևի` Թուրքիայից հետո Արցախի «վերականգման աշխատանքներում» ներգրավված երկրորդ խոշոր պետությունը Իտալիան է[14]։

Ադրբեջանը Թուրքիային աջակցում է նաև քաղաքական հարթակներում: Վերջին շրջանում Ադրբեջանը սերտացրել է հարաբերությունները Թուրքիայի կողմից բռնազավթված Հյուսիսային Կիպրոսի հետ[15]:

Հյուսիսային Կիպրոսի միջազգային ինտեգրումը Թուրքիայի օրակարգերից է, որի մասին հայտարարել է երկրի նախագահը[16]։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին ընդգծել է, որ «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգն ունի երկու ճարտարապետ՝ Հեյդար Ալիևը և Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Ե´վ Իլհամ Ալիևը, և´ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես նրանց իրավահաջորդներ, ընդլայնել են հարաբերությունները երկու երկրների միջև»[17]:

Այսպիսով` Թուրքիայի կողմից Ադրբեջանի հակահայկական օրակարգին աջակցելը փոխհատուցվում է` Արցախի օկուպացված տարածքներում թուրքական ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալելու մենաշնորհներ տրամադրելով:

[1] Премьер-министр: Турецкие компании реализуют в Карабахе проекты общей стоимостью 4 млрд долларов США, Report.az, 08.05.2024, https://report.az/ru/biznes/premer-ministr-tureckie-kompanii-realizuyut-v-karabahe-proekty-obshej-stoimostyu-4-mlrd-dollarov-ssha/

[2] Названа стоимость контрактов, заключенных турецкими компаниями по восстановлению Карабаха, Trend.az, 21.12.2023, https://www.trend.az/business/economy/3840176.html

[3] Фархад Гарашов: Турецкие компании активно участвуют в восстановлении Карабаха, Report.az,  https://report.az/ru/biznes/farhad-garashov-tureckie-kompanii-aktivno-uchastvuyut-v-vosstanovlenii-karabaha/

[4] В Зангиланском районе заложен фундамент Агропарка Dost, Report.azm 27.10.2021, https://report.az/ru/karabakh/ilham-aliev-i-erdogan-zalozhili-fundament-agroparka-dost-v-zangilanskom-rajone/

[5] Инвестиции в экосистему комплекса «Агропарк Dost» в Зангилане составят $100 млн, Interfax.az, 20.10.2022, https://interfax.az/view/879045

[6] “Brotherly” Azerbaijan and Turkey build lucrative Karabakh business ties, Eurasianet, 24.10.2022, https://eurasianet.org/brotherly-azerbaijan-and-turkey-build-lucrative-karabakh-business-ties

[7] Նույն տեղում

[8] Նույն տեղում

[9]  “Brotherly” Azerbaijan and Turkey build lucrative Karabakh business ties, Eurasianet, 24.10.2022, https://eurasianet.org/brotherly-azerbaijan-and-turkey-build-lucrative-karabakh-business-ties

[10] В «AzerGold» состоялась встреча с представителями акционерного общества «Eti Bakır», 12.03.2021, Azertac, https://azertag.az/ru/xeber/v_azergold_sostoyalas_vstrecha_s_predstavitelyami_akcionernogo_obshchestva_eti_bakir-1732071

[11] Son Karabağ Savaşı’nın tek galibi Azerbaycan değil: Aralarında Cengiz, Kalyon, Demirören, Kolin ve Özgün’ün olduğu Türk firmalarına milyonlarca dolarlık ihale verildi, Medyascope, 11.06.2021, https://medyascope.tv/2021/06/11/son-karabag-savasinin-tek-galibi-azerbaycan-degil-aralarinda-cengiz-kalyon-demiroren-kolin-ve-ozgunun-oldugu-turk-firmalarina-milyonlarca-dolarlik-ihale-verildi/

[12] BeşiBirYerde (47): Muhalefetin “Beşli çete” dediği beş şirketin faaliyetleri ve aldıkları kamu ihaleleri, Medyascope, 21.11.2021, https://medyascope.tv/2021/11/21/besibiryerde-47-muhalefetin-besli-cete-dedigi-bes-sirketin-faaliyetleri-ve-aldiklari-kamu-ihaleleri/

Kılıçdaroğlu’nun “Beşli çete” dediği holdingler Cengiz, Limak, Kalyon, Kolin ve Makyol’un aldığı kamu ihaleleri, Medyascope, 14.12.2020, https://medyascope.tv/2020/12/14/kilicdaroglunun-besli-cete-dedigi-holdingler-cengiz-limak-kalyon-kolin-ve-makyolun-aldigi-kamu-ihaleleri/

[13] Посол: Турецкие компании продолжат активно участвовать в восстановительных работах в Карабахе, Apa.az, 10.05.2024, https://ru.apa.az/foreign-policy/posol-tureckie-kompanii-prodolzat-aktivno-ucastvovat-v-vosstanovitelnyx-rabotax-v-karabaxe-570835

[14] Ильхам Алиев принял участие в Международном форуме на тему «СОР29 и Зеленое видение для Азербайджана», Prezident.az, 23.04.2024, https://president.az/ru/articles/view/65580

[15] Создается рабочая группа по межпарламентским связям между Азербайджаном и ТРСК, Apa.az, 03․04․2024, https://ru.apa.az/foreign-policy/sozdaetsya-rabocaya-gruppa-po-mezparlamentskim-svyazyam-mezdu-azerbaidzanom-i-trsk-565581

[16] Эрдоган: Целью Турции является международная интеграция Северного Кипра, Report.az, 22․09․2023, https://report.az/ru/v-regione/erdogan-zayavil-chto-celyu-turcii-yavlyaetsya-mezhdunarodnaya-integraciya-severnogo-kipra/

[17] Посол: Турецкие компании продолжат активно участвовать в восстановительных работах в Карабахе, Apa.az, 10.05.2024, https://ru.apa.az/foreign-policy/posol-tureckie-kompanii-prodolzat-aktivno-ucastvovat-v-vosstanovitelnyx-rabotax-v-karabaxe-570835

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում