2026

Իրանական արձագանքները`ուղղված Ադրբեջանում թալիշների իրավունքների սահմանափակումներին

2024-05-27

Իրանական ժողովուրդ լինելով`թալիշները պատմականորեն բնակվել են Կասպից ծովի հարավային և հյուսիսարևմտյան ափերին: 19-րդ դարի սկզբին, ռուս-պարսկական պատերազմների արդյունքում, վերացվեց Թալիշական խանությունը: Ներկայումս թալիշները բնակվում են Իրանի և Ադրբեջանի տարածքներում:

Իրանում թալիշները բնակվում են Կասպից ծովի հարավային ափի երկայնքով։ Իրանի Գիլան նահանգում գոյություն ունի Թալիշ անունով վարչական միավոր:

Ադրբեջանում թալիշները հիմնականում բնակվում են երկրի հարավային շրջաններում (Լենքորան, Լերիք, Մասալը, Աստարա, Յարդըմլը և այլն)։

Ի տարբերություն Իրանի՝ Ադրբեջանում թալիշները զրկված են ազգային փոքրամասնությունների համար նախատեսված բոլոր իրավունքներից։ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ իրականացվում է թալիշների ձուլման քաղաքականություն, որի հետևանքով այդ երկրում աստիճանաբար մոռացության են մատնվում թալիշերենը և թալիշական ինքնությունը։

Սեփական ինքնությունը պաշտպանելու համար 20-րդ դարում թալիշները երկու անգամ փորձել են անկախ պետականություն հռչակել: 1919 թ հռչակեցին Խորհրդային Մուղանի Հանրապետությունը, որը գոյություն ունեցավ 3 ամիս, իսկ 1993 թ.` Ալիաքրամ Հումմաթովի գլխավորությամբ` Թալիշ-Մուղանյան Հանրապետությունը, որը ևս գոյատևեց 3 ամիս։

Թալիշ-Մուղանյան Հանրապետության վերացումից հետո Ադրբեջանում ձերբակալվել, այնուհետև երկրից աքսորվել են մի շարք թալիշ գործիչներ, այդ թվում՝ Հումմաթովը։ Այս երկիրը վարում էր թալիշական նոր հանրապետություն ստեղծելը կանխելու քաղաքականություն: Այն ենթադրում էր թալիշների նկատմամբ հետապնդումներ, ճնշումներ և իրավունքների սահմանափակումներ։ Թալիշ հասարակական որոշ գործիչներն ահազանգում են, որ Բաքուն միտումնավոր թալիշներին ուղարկում է առաջնագիծ՝ նրանցից ազատվելու համար։

 

Թալիշ-Մուղանյան ինքնահռչակ հանրապետության նախագահ Ալիաքրամ Հումմաթովը Երևանում

Ադրբեջանում թալիշների վիճակը հստակ նկարագրել է Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալիաքրամ Հումմաթովը՝ 2013 թ․ Երևան կատարած այցի ընթացքում։ Նա մասնավորապես ընդգծել է․  «Ես երախտապարտ եմ հայ ժողովրդին նման հնարավորության համար։ Միգուցե հիմա թալիշների մի մասը չգիտակցի՝ ինչու եմ այստեղ և ինչ եմ ասում, բայց ժամանակի ընթացքում կհասկանա։ Թալիշ-Մուղանյան Հանրապետության կորստի ժամանակ էլ նրանք չգիտակցեցին, միայն հիմա են ընդունում, թե ինչ մեծ բան ենք կորցրել։ Գիտեք՝ Ադրբեջանում բնակվող թալիշն ուզում է աշխատանքի ընդունվելիս դիմումը լրացնել իր մայրենի լեզվով, սակայն նրան չեն թողնում։

Թալիշներին խաբում են, Ադրբեջանում խաղում են թալիշների ճակատագրի հետ։ Թալիշները պայծառ ապագայի հույս չունեն. ներկայիս քաղաքականությունը, համոզված ասում եմ, տանում է դեպի ուծացում, ասիմիլյացիա։ Դրա հետևանքն այն է, որ ես ինքս էլ գերազանց չեմ տիրապետում թալիշերենին։ Մանկության տարիներին տատս ստիպում էր թալիշերեն խոսել, իսկ հայրս ընդդիմանում էր՝ ասելով՝ թալիշերեն կխոսի, կհալածեն, աշխատանք չի գտնի։ Եվ նա իրավացի էր։

Նույնիսկ Լանքորանում՝ իմ ծննդավայրում, ցուցանակի վրա ադրբեջաներեն գրված է «Լենքորան»։ Եվ հետաքրքիր է, որ ադրբեջանցիները մեզ ոչնչացնում են, ապա ասում են՝ եկեք լինենք եղբայրներ։ Մեզ ասում են՝ թալիշերեն խոսեք, ապագա չեք ունենա»։

Իրանում հետևում են Ադրբեջանում թալիշների դեմ տարվող այս քաղաքականությանը: Սակայն, խնդիրն այն է, որ Իրանում էլ ոչ այնքան հաճախ են բարձրաձայնում թալիշների իրավունքների ոտնահարումների մասին։ Իրանական մամուլում ժամանակ առ ժամանակ եղել են հրապարակումներ Ադրբեջանում  թալիշների դրության մասին, սակայն դրանք չեն կրել պարբերական ու մշտական բնույթ։ Այնուամենայնիվ, իրանական կողմի արձանագրումները շատ հստակ են․ «Բաքվի ԶԼՄ-ներում թալիշական ինքնության դեմ քարոզչություն է տարվում։ Թալիշներին մեղադրում են անջատողականության և Իրանի օգտին լրտեսելու մեջ։ Այդ պատճառով էլ Ադրբեջանում թալիշների նկատմամբ ձևավորված է բացասական վերաբերմունք, ուստի, այստեղ բնակվող թալիշները խուսափում են խոսել թալիշերեն: Այս լեզուն Ադրբեջանի անկախացումից երկուս ու կես տասնամյակ անց վերածվել է մոռացված լեզվի և աստիճանաբար արժանանում է թաթերենի ճակատագրին, որը թաթաբնակ մի շարք շրջաններում վերացել է Ադրբեջանի ձուլման քաղաքականության հետևանքով»,- 2018 թ․ սեպտեմբերին հրապարակված հոդվածում գրել է Tasnim-ը` Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տեղեկատվական ամենամեծ ռեսուրսներից մեկը:

2022 թ. հոկտեմբերին թալիշները Թեհրանում` Ադրբեջանի դեսպանատան մոտ, բողոքի ակցիա են անցկացրել` հնչեցնելով հետևյալ կարգախոսները՝ «Աստարայից Սալյան՝ կյանքս Իրանին», «Վերջ թալիշների ցեղասպանությանը», «Լերիքը, Մասալան, Լենքորանը կվերադառնան Իրանին», «Կկռվենք, կմեռնենք, Թալիշը հետ կբերենք», «Գյանջան, Բաքուն, Լենքորանը կվերադառնան Իրանին»: Նման ակցիաներն, ամենայն հավանականությամբ, իրականացվում են իրանական իշխանությունների թողտվության պայմաններում:

Թալիշների բողոքի ակցիան Թեհրանում `Ադրբեջանի դեսպանատան դիմաց, 2022 թ

2023 թ. Հունվարին՝ Թալիշ-Մուղանյան ինքնահռչակ հանրապետության նախագահ  Ալիաքրամ Հումմաթովի մահից հետո, Թեհրանի համալսարանում նրա հիշատակին նվիրված միջոցառում անցկացվեց։ Նույն տարվա ապրիլին Իրանի կառավարական «Իրան» օրաթերթը ռուսաստանաբնակ թալիշ հասարակական գործիչ Զաբիլ Մադոժի հետ հարցազրույց անցկացրեց։ Հարցազրույցում Մադոժն ընդգծեց, որ թալիշներն իրենց իրանցի են համարում և Ադրբեջանում ստիպված են պայքարել իրենց լեզվի, կրոնի, ինքնության պահպանման համար։ Նա շեշտեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից այստեղ բնակվող մնացած ազգությունների ներկայացուցիչները հալածանքների են ենթարկվում, և նրանց ձայնը լսելի չէ։

2024 թ. մարտին Իրանում թալիշներին նվիրված երկու խոշոր միջոցառում անցկացվեց, որոնց ներկա էին նաև թալիշ հասարակական գործիչներ արտասահմանից, այդ թվում՝ Թալիշ-Մուղանյան ինքնահռչակ հանրապետության նոր նախագահ Բորիս Թալիշենսկին։ Առաջին համաժողովը, որը կրում էր «Թալիշներն Իրանի պատմության ու մշակույթի մեջ» խորագիրը, անցկացվել է Ռաշտի Իսլամական Ազադ համալսարանում: Համաժողովում Թալիշենսկին հայտարարեց, որ Իրանը թալիշների պատմական հողն է, և ինքը գտնվում է իր պատմական հայրենիքում ու մայր հողում, իրեն զգում «ծովին միացած գետի նման»:

Համաժողովի մասնակից կովկասագետ, միջազգային իրավունքի հարցերով մասնագետ Ահմադ Քազեմին ընդգծեց. «Հազարամյակների ընդհանուր պատմությունը ստեղծում է ընդհանուր իրավունքներ, և, շատ բնական է, որ այդ իրավունքներից ելնելով` եղբայրը պետք է անհանգստանա եղբոր համար: Իրանի  թալիշներն իրավունք ունեն անհանգստանալու Հյուսիսային Թալիշստանի իրենց եղբայրների և քույրերի համար»:

Իրանական խոսվածքների մասնագետ Յասեր Քարեմզադեն նշեց. «Դեպի պատմական հայրենիք իրանական ազգերի մերձեցումն ավելացել է, և կարելի է ասել՝ իրանական հեգեմոնիան վերածնվում է, այդ իսկ պատճառով նման համաժողովների անցկացումը ոչ թե կառավարական, այլ ժողովրդական հենք ունի: Մինչև այժմ Հայաստանը, Ռուսաստանը և այլ երկրներ էին ջանում թալիշներին համախմբել և լուծել նրանց խնդիրները, բայց հիմա նրանց ամբողջ հույսն Իրանն է: Իրանը պետք է հայր լինի իր բոլոր բաժանված երեխաների համար»:

Իսկ արդեն մարտի կեսին «Աշխարհի ու Բաքվի հանրապետության թալիշների սոցիալ-մշակութային դրությունը» խորագրով գիտաժողով անցկացվեց Թեհրանի համալսարանում, որտեղ Բորիս Թալիշենսկին կրկին ելույթ ունեցավ: Վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանում սահմանափակում ու մոռացության են մատնում թալիշական ինքնությունը՝ թալիշներին ինքնաարտահայտման որևէ հնարավորություն չտալով: Ըստ նրա` կեղծվում է թալիշական ինքնությունը` պարտադրելով թյուրքականը: Թալիշ գործիչը նշեց, որ սահմանափակված են նաև թալիշների դավանանքի ազատության, քաղաքական ակտիվության հարցերը: Նա կարծում է, որ միջազգային աջակցության պայմաններում թալիշական ինքնավարության ստեղծումը հասանելի նպատակ է: 

Չնայած Իրանում առկա որոշ դժգոհություններին` Ադրբեջանը շարունակում է հստակ առաջ տանել թալիշական ինքնության վերացման քաղաքականությունը (այսօր շատ թալիշներ նախապատվությունը տալիս են Ադրբեջանի քաղաքացի լինելուն, նկատվում են նաև իրանական ծագումը հերքելու միտումներ)։ Բացի այդ, Իրանի հետ թալիշների շփումները սահմանափակելու համար արդեն 4 տարի Ադրբեջանը փակ է պահում ցամաքային սահմանները (կորոնավիրուսի պատրվակով)։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում