2026
2024-05-22
Սեֆյան պետությունում արքունի կարևոր պաշտոնները զբաղեցնում էին թյուրքական ցեղերի առավել ազդեցիկ առաջնորդները: Հսկայական տարածքներ ընդգրկող տերության նահանգների ու գավառների կառավարումը հանձնվում էր ցեղապետներին՝ տվյալ տարածքի սահմանների ու եկամտաբերության համապատասխան, այնուհետև` որպես ժառանգական տիրույթ, անցնում էր նրանց:
Գրավելով Հայաստանի մի շարք տարածքներ` Սեֆյանները կառավարիչներ նշանակեցին թյուրքական ցեղապետների, որոնք հաստատվեցին այստեղ:
Այս տրամաբանությամբ` Սեֆյանների կողմից մի շարք ցեղապետներ պաշտոն և տիրույթ ստացան Հայաստանի` իրենց հպատակ տարածքում և իրենց ցեղերով հաստատվեցին այդտեղ: Առավել խոշոր ցեղերից էին՝ ռումլու, ուսթաջլու, շամլու, թաքալու, ղաջար, քանգարլու, բայաթ, զուլքադար, սաադլու և այլն:
Այս ամենի հետևանքով նշված տարածքների ժողովրդագրական պատկերը սկսեց արագորեն փոխվել: Զբաղեցնելով ավելի նպաստավոր շրջաններ և գտնվելով արտոնյալ պայմաններում՝ այդ ցեղերը աստիճանաբար տեղերում ամրապնդվում ու քանակապես աճում էին: Նման պայմաններում հայ բնակչությունը սկսում էր կենտրոնանալ ավելի ապահով վայրերում, որոնք, սակայն, տնտեսական գործունեություն ծավալելու առումով նպաստավոր չէին:
Սեֆյան տերության Գանձակ-Ղարաբաղի բեկլարբեկության կառավարումը դեռևս շահ Թահմասպ I-ի (1524-1576 թթ․) կողմից հանձնվել էր ղզլբաշական նշանավոր ղաջարական ցեղի զիյադօղլու ճյուղին:
Երբ շահ Աբբաս Առաջինը 1604 թ. քայլեր էր ձեռնարկում Շիրվանը գրավելու ուղղությամբ, նրան էր միացել առավել ազդեցիկ ցեղապետներից մեկը` Շամսի Խան ղազախլուն: Սեֆյանների օրոք նրա տիրույթը՝ օլքան, ընկած էր Աղստև գետի ստորին հոսանքն ընդգրկող շրջաններում: Հետագայում ղազախլու ցեղի անունով այդ շրջանները կոչվեցին Ղազախ:
Ղզլբաշական զուլքադար ցեղախումբը և նրա կազմում գտնվող շամսադդինլու ենթաճյուղը, դեռևս շահ Իսմայիլ I-ի (1502-1524 թթ․) օրոք, հաստատվել էին Զակամ գետի ստորին շրջաններում: Այս ցեղը տեղափոխվել էր Փոքր Ասիայից և Սեֆյանների օրոք հաստատվել էր Հայաստանի հյուսիսարևելյան շրջաներում: Նրանց ցեղապետներից Ալիխան սուլթանը շահ Աբբասի օրոք, բացի Տավուշ և Զակամ գավառներում ունեցած տիրույթներից, օլքա ստացավ նաև Շիրվանում: Երբ Սեֆյան զորքերը օսմանցիներից գրավեցին Ախալցխա ամրոցը, Ալիխան սուլթանի հաջորդ Սելիմ-խան Շամսադդինլուն տեր դարձավ նաև այդ ամրոցին: Շամսադդինլուների զբաղեցրած տարածքը սկզբնապես համապատասխանում էր Գանձակից արևմուտք գտնվող շրջաններին՝ հիմնականում Տավուշից դեպի Շամքոր: Այնուհետև նրանք հայտնվեցին Աղստև ու Վարագաջուր գետերի ստորին հոսանքների շրջանում:
Գանձակի բեկլարբեկին ենթակա լինելով հանդերձ՝ այս ցեղերի առաջնորդներն ունեին իրենց տիրույթներն ու իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իրավունք: Քոչվոր այս ցեղերի համար ստեղծված նման բարենպաստ պայմանները նպաստեցին, որպեսզի տարածաշրջանի՝ հիմնականում հարթավայրային շրջանները բնակեցվեն մահմեդական բնակչությամբ: Զբաղեցնելով Կուր գետի շուրջ ընկած ցածրադիր վայրերը՝ ամռան ամիսներին այդ քոչվոր ցեղերը բարձրանում էին Միափորի ու Գարդմանի լեռները՝ օգտվելով տեղի արոտավայրերից: Այս ցեղերի՝ դեպի լեռներ բարձրանալու երթուղին անցնում էր հայաբնակ շրջաններով: Քոչվորների հոտերի ու նախիրների ճանապարհին ընկած հայկական բնակավայրերը սարսափելի մեծ վնասներ էին կրում: Բացի նշված ցեղերից` Սեֆյանների օրոք տարածաշրջան եկան նաև այլ փոքր ցեղեր, որոնք ընդհան- րական ձևով կոչվում էին շահսևիներ:
Տեղական հայ բնակչությունը, կրելով հարկերի ու պատերազմների բեռի հիմնական ծանրությունը, դժվարին կացության մեջ էր հայտնվում: Քոչվորական կյանք վարող ու անասնապահությամբ զբաղվող այս ցեղերը, տարիների ընթացքում յուրացնելով ավելի բարեբեր հողեր, աստիճանաբար անցնում էին նստակյաց կյանքի:
Մյուս կողմից՝ Սեֆյան Իրանի կենտրոնական իշխանության թուլացման պայմաններում այդ ցեղերի առաջնորդներն ավելի ընդարձակ իրավունքներ ու լիազորություններ էին ձեռք բերում: Այս ամենն արտահայտվում էր ինչպես կրոնական հալածանքներով, այնպես էլ տնտեսական հարստահարությամբ, ինչն ավելի անտանելի էր դարձնում տեղի հայ բնակչության կյանքը:
Նշված ցեղերի տարածաշրջան գալով՝ աստիճանաբար փոփոխվեցին նաև երկրամասի հայկական տեղանունները` իրենց տեղը զիջելով թյուրքական տեղանուններին, օրինակ՝ Լոռին` Բորչալու, Ձորափորը կամ Կայանը` Ղազախ, Տավուշը` Շամշադին ( դրանցից որոշները գործածության մեջ մնացին նաև խորհրդային շրջանում):