2026
2024-05-21
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն մայիսի 6-ին տեղի ունեցած նիստում ընդունել է եզրափակիչ դրույթներ` ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ: Այս փաստաթղթում կոմիտեն դատապարտում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լրագրողների նկատմամբ բռնաճնշումներն ու հետապնդումները:
Միջազգային այս կառույցը լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լուրջ խախտումների, հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների, ատելության քարոզի վերաբերյալ: Այս մտահոգություններն արտահայտված են Կոմիտեի ընդունած փաստաթղթի` «Լեռնային Ղարաբաղում հակամարտության» ենթաբաժնում: Այստեղ վկայակոչվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված արտադատական սպանությունները, խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ ձևեր, ինչպես նաև սարսափելի գործողություններ պատկերող տեսահոլովակների ձայնագրումը և տարածումը, ներառյալ՝ կենդանի մարդկանց գլխատում, դիակների պղծում և խեղում։
Կոմիտեն մտահոգիչ է համարում նաև 23 հայ ռազմագերիների շարունակական կալանքը և նրանց նկատմամբ մեղադրանքները: Անընդունելի է համարում նաև հայերի նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ցանկացած խախտում՝ ընդգծելով, որ խոշտանգումները չեն կարող արդարացվել որևէ պարագայում, ներառյալ՝ պատերազմական իրավիճակի կամ պատերազմի սպառնալիքի, ներքաղաքական անկայունության կամ ցանկացած արտակարգ դրության դեպքում։ Կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում անկախ, անաչառ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Մասնավորապես, Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված խտրական հայտարարությունների և մեդիայում դրանց տարածման վերաբերյալ: Նման հայտարարությունները կարող են մեծացնել նոր բռնությունների կիրառման հավանականությունը` հայերի կամ ազգային այլ փոքրամասնությունների նկատմամբ:
Փաստաթղթում Ադրբեջանին կոչ է արվում հրապարակայնորեն դատապարտել ատելության խոսքը, սպառնալիքներն ու հարձակումներն ազգությամբ հայ և ազգային այլ փոքրամասնությունների նկատմամբ: Այստեղ նշվում է, որ մեղավորները պետք է դատապատվեն և պատժվեն` իրենց կատարած արարքների ծանրությանը համապա- տասխան:
Չնայած միջազգային դատապարտումներին և կոչերին` Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական ազատազրկումը:
2024թ․ մայիսի 15-ին հաղորդվեց Արցախի առաջնորդների կալանքը ևս 5 ամսով երկարաձգելու, իսկ մայիսի 16-ին՝ Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման որոշումների մասին: Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է նախագահի ու պետական այլ պաշտոնյաների մակարդակով Հայաստանի ու հայերի դեմ ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության խոսքը։
Ադրբեջանի կողմից Հայաստանի ու հայերի նկատմամբ այս մշտական խախտումների ֆոնին՝ միջազգային կառույցների կողմից արվող հայտարարություններն ու դատապարտումները բավարար չեն` ստիպելու Ադրբեջանին կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Միայն հստակ մեխանիզմների ներդրումն ու ճնշումները կարող են նպաստել` կանխելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, հակաօրինական գործողություններն ու ատելության քարոզը` անկախ ազգային պատկանելությունից և ծագումից: