2026

Էթնոժողովրդագրական տեղաշարժերը Երևանի գավառում թուրք-պարսկական պատերազմների շրջանում

2024-05-18

Հայաստանի, այդ թվում նաև Երևանի էթնոժողովրդագրական պատկերը լուրջ փոփոխություններ կրեց 11-րդ դարի կեսերից սկսած, երբ անկում ապրեց Անիի Բագրատունյաց հայոց թագավորությունը: Դրան նպաստեցին նաև 11-րդ դարի սկզբներից սկսած Բյուզանդիայի վարած անհեռատես քաղաքականությունը, թյուրք-սելջուկների, մոնղոլների և Լենկ Թեմուրի արշավանքները: Էթնոժողովրդագրական պատկերի փոփոխության վրա մեծապես ազդեցին նաև 15-րդ դարում թուրքմենական (կարա-կոյունլու և ակ-կոյունլու) ցեղերի տիրապետությունն ու 16-17-րդ դարերի թուրք պարսկական պատերազմները:

Թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում Հայաստանում տեղի ունեցան էթնոժողովրդագրական զգալի տեղաշարժեր: Թյուրքական և քրդական մի քանի քոչվոր ցեղեր հաստատվեցին Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում:

Կարա-կոյունլուների տիրապետության շրջանում Երևանը գտնվում էր թյուրքախոս սաադլու ցեղի իշխանության տակ: Երևանը դարձավ «Արարատյան երկրի» վարչական կենտրոնը: Այս շրջանում որոշ հայ իշխանական տներ շարունակում էին ազդեցիկ դիրք ունենանալ:

1430-ական թվականներին Արարատյան երկրի կառավարիչն էր Սյունյաց Բեշկեն Օրբելյան իշխանի որդին` Ամիր-Ռուստամը: 1468 թվականին, երբ երկրում հաստատվում է ակ-կոյունլուների իշխանությունը, Երևանը կորցնում է իր նշանակությունը, ասպատակվում և կողոպտվում է:

 Տարածաշրջանում գերակայության հասնելու համար ընթացած թուրք-պարսկական երկարատև պատերազմների ( ընդմիջումներով՝ 1512-1639 թթ․) շրջանում Հայաստանը հայտնվում է առավել ծանր վիճակում:

1515 թ. շահ Իսմայիլը Արարատյան երկրի բեկլարբեկությունը հանձնեց թյուրքախոս ռումլու ցեղին: Երևանը հատկապես տուժեց 1549 թ., երբ Էրզրումի փաշան, գրավելով քաղաքը, կողոպտեց ու հրդեհեց այն: 1554 թ. Երևանը գրավվեց թուրքական զորքերի կողմից, բնակչությունը գերեվարվեց, իսկ քաղաքը հրդեհվեց: Այդ մասին կարևոր վկայություն ունի թուրք պատմագիր Իբրահիմ Փեչևին:

1578 թ. թուրքական բանակը Լալա Մուստաֆա փաշայի գլխավորությամբ ներխուժեց Երևան և սարսափելի ավեր ու կոտորած գործելուց հետո գերեվարեց քաղաքի ու շրջակա 18 գյուղերի հայ և մահմեդական բնակչությանը: Ինչպես վկայում է  Զաքարիա սարկավագ Քանաքեռցին, գերեվարվածների թիվը հասել է 60 հազար մարդու: Դավիթ Բաղիշեցու վկայությամբ` միայն Երևանից գերեվարվել է  30 հազար, իսկ թուրքական աղբյուրների համաձայն՝ 20 հազար մարդ:

Օսմանյան բանակը Երևանը գրավել է նաև 1583 թվականին: Հայ բնակչությունը տեղահանվել ու տարվել է Գանձակ: Շատերը սպանվել են, մյուսները` գաղթեցվել այլ շրջաններ: Այս ամենից հետո էլ 16-րդ դարում Երևանը համարվում էր Մերձավոր Արևելքի ու տարածաշրջանի ամենամիատարր էթնիկական կազմ ունեցող քաղաքներից մեկը, որի բնակչության գերակշիռ մեծամասնությունը հայեր էին:

Երևանն Օսմանյան կայսրության տիրապետության տակ մնաց մինչև 1604 թ.: 1603 թ. Սեֆյան Իրանի շահ Աբբաս I-ը (1587-1629 թթ․) պատերազմ սկսեց Օսմանյան պետության դեմ` կորցրած տարածքները վերադարձնելու նպատակով:  Օգտվելով Օսմանյան պետությունում ջալալիների շարժումից` շահին հաջողվեց իննամսյա պաշարումից հետո գրավել Երևանը: Շահը քաղաքի 300-400 տուն մահմեդական բնակչությանը թույլատրեց հեռանալ քաղաքից:

Չցանկանալով բախվել Ջղալ-օղլի Սինան փաշայի գլխավորած օսմանյան բանակին՝ շահը նահանջեց և հրամայեց տեղահան անել հայ բնակչությանը:

Առաքել Դավրիժեցի պատմիչը հաղորդում է` շահի հրամանի համաձայն` Ամիրգունա խանը պետք է տեղահաներ հատկապես Երևանի ու մերձակա գավառների հայ բնակչությանը:

1607 թ. Երևանի վերագրավումից հետո Ամիրգունա խանը զբաղվեց Երևանի և հարակից շրջանների վերականգնմամբ ու վերաբնակեցմամբ: Ատրպատականում ու Արաղում բնակվող թյուրքական ցեղերից (էլլեր, ուլուսներ, թարաքամաներ) հավատարիմ հպատակներ բնակեցվեցին ինչպես Երևանի բերդում, այնպես էլ շրջակա ավերակ բնակավայրերում: Ամիրգունա խանը արշավեց նաև Բարձր Հայք, Տարոն ու Վասպուրական և այդ շրջաններից մեծ թվով հայերի վերաբնակեցրեց Երևանում ու շրջակա տարածքներում:

Արարատյան երկրում հայերի վերաբնակեցումն ունեցավ տնտեսական, քաղաքական և ռազմական նշանակություն:

1608 թվականին Իսպանիայի թագավորի պատվիրակ Անտոնիո դե Գուվեայի վկայությամբ՝ «Երևանը ամբողջ Մեծ Հայքի կարևորագույն քաղաքը ու մայրաքաղաքն է`ամբողջովին բնակեցված հայերով»:

Էթնոժողովրդագրական պատկերը փոխվում է 1617 թվականին, երբ վերսկսվում են թուրք-պարսկական ռազմական գործողությունները: Թուրքական զորքերի կողմից իրականացվում են նոր բռնագաղթեր, սակայն Ամիրգունա խանը նորից է վերաբնակեցնում քաղաքը:

1635 թ. Երևանը կրկին գրավվում է օսմանյան զորքերի կողմից: 1636 թվականին պարսիկներին հաջողվում է տիրանալ Երևանին, որը գրեթե ավերվել էր: 1638 թվականին թուրքերը կրկին ասպատակում են Երևանի շրջակայքը: Հատկապես տուժում են Նորքը, Քանաքեռը, Քարհանք թաղը:

 Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև 1639 թվականին կնքվում է Կասրե-Շիրինի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը կրկին բաժանվում է երկու տերությունների միջև: Արևելյան Հայաստանն անցնում է Սեֆյան Պարսկաստանի տիրապետության տակ:

Այս բազմաթիվ բռնագաղթերի ու տեղաշարժերի հետևանքով Երևանի բնակչությունը թվական փոփոխությունների ենթարկվեց, սակայն քաղաքի էթնիկ բնակչության կազմում էական տեղաշարժեր տեղի չունեցան. Երևանի բնակչությունը սկսեց համալրվել հայերի ներհոսքի շնորհիվ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում