2024

«Չափազանց ցինիկ կլինի պնդել, որ ցեղասպանությունն ու տեղահանությունը հիմք են տարածաշրջանում կայունության և հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման համար». գերմանացի գիտնական Թեսա Հոֆման

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ու արցախահայության բռնի տեղահանումների հետևանքների, Արցախում հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման, հակամարտության ժամանակ մարդու իրավունքների խախտումների, Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիայի ու հռետորաբանության և այս հարցերում միջազգային հանրության դերի և այլ հարցերի շուրջ զրուցել ենք գերմանացի գիտնական, պատմաբան, անկախ հեղինակ և հետազոտող, իրավապաշտպան Թեսա Հոֆմաննի հետ։

-Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի (2020-2023) մարդասիրական ի՞նչ հետևանքներ եք տեսնում, մասնավորապես Արցախում բռնի տեղահանվածների և նրանց բարեկեցության առումով: Ինչպե՞ս եք տեսնում Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երկարաժամկետ ազդեցությունը տարածաշրջանային կայունության և հաշտեցման հեռանկարների վրա:

-Ես չեմ օգտագործում «էթնիկ զտումներ» տերմինը։ Սա հանցագործների ժարգոն է, քանի որ ցեղասպանության ոճրագործներն ապամարդկայնացնում են իրենց զոհերին՝ նսեմացնելով նրանց՝ կոչելով որպես կեղտ, առնետ, բակտերիա, շներ և այլն: Ավելին, այս տերմինը, միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվում: Արցախում իրականացված հանցագործությունների առումով, այն ծառայում է նաև դրանց աննշան դարձնելուն։ 2022 թվականի օգոստոսից ի վեր ազգային և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու գիտնականները նշել են Հարավային Կովկասում հայերի համար ցեղասպանության զգալի ռիսկը, հատկապես՝ դե ֆակտո Արցախի Հանրապետությունում։ Այս վաղ նախազգուշացումների թվում էին «Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը», «Ցեղասպանության մշտադիտարկումը» (Genocide Watch), «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան», «Վտանգի տակ գտնվող ժողովուրդների ասոցիացիան» (The Association of Threatened Peoples, Գերմանիա) և «Ճանաչում աշխատանքային խումբ` ընդդեմ Ցեղասպանության, հանուն միջազգային փոխըմբռնման» (Գերմանիա):

Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում երկու պատերազմ է եղել՝ 1991-1994թթ․ և 2020թ. աշնանը։ Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց հայերի կործանարար պարտությամբ։ Տարածքը, որը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո դեռ վերահսկվում էր Արցախի Հանրապետության կողմից, 2022 թվականի դեկտեմբերին շրջափակվեց Ադրբեջանի կողմից՝ բնապահպանական բողոքի պատրվակով։ Շրջափակումը վերածվեց սովի [խմբ․ մատնելու միտումով] շրջափակման։ Ավելի ու ավելի քիչ կենցաղային ապրանքներ՝ սննդամթերք և դեղորայք էին հասնում Արցախի Հանրապետություն, քանի որ ցամաքային միակ ճանապարհը, որը դեռ այն կապում էր Հայաստանի Հանրապետությանը, վերահսկվում էր Ադրբեջանի կողմից։ Սա անմիջական ազդեցություն ունեցավ բնակչության առողջության վրա. մեկ երրորդով ավելացավ վաղաժամ մահերի և մահացած ծննդաբերությունների թիվը, իսկ 2023 թվականի օգոստոսին 45 տարեկան մի տղամարդ սովամահ եղավ։ 2023 թվականի հուլիսին վառելիքի մատակարարումն Արցախ նույնպես դադարեց, ինչը նշանակում էր, որ տեղի ուղևորափոխադրումը կանգնեցվեց, իսկ մասնավոր ուղևորափոխադրում գրեթե չկար: 

Իննամսյա սովի շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական հարձակման ենթարկեց Արցախի Հանրապետությանը՝ խախտելով միջազգային իրավունքը, այդ թվում՝ ռմբակոծելով բնակելի թաղամասերը։ Մեկուկես օր անց Արցախի Հանրապետության քաղաքական և ռազմական ղեկավարությունը որոշեց անձնատուր լինել՝ շատ ավելի ուժեղ հակառակորդի հետ անհույս մարտերում հետագա արյունահեղությունից խուսափելու համար։ Դրան հաջորդեց բնակչության զանգվածային արտաքսումն ու փախուստը։ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 100,800 տեղահանված, 6400-ը հայտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանի կողմից ընդունվածների թիվը չգիտեմ։

Դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազը (2003-2012 թթ.), 2023 թվականի օգոստոսից Ադրբեջանի կողմից սովի շրջափակումը, ինչպես նաև զանգվածային արտաքսումը որակեց որպես ցեղասպանություն: 2024 թվականի ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտում ունեցած ելույթում նա կրկին դա որակեց որպես ցեղասպանություն. «Զանգվածային սպանությունները ցեղասպանության միակ ձևը չեն։ Սովը և հոգեբանական վնասը նույնպես ցեղասպանության ձևեր են՝ սահմանված Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «բ» և «գ» կետերով: Երկու մարտավարությունն էլ կիրառվել է հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում՝ միջազգային հանրության աչքերի առաջ»։[1]

Լեռնային Ղարաբաղի «ապահայկականացումը» Իլհամ Ալիևի նպատակն է եղել առնվազն տասը տարի։ Դեռևս 2015 թվականի ապրիլին, նախագահ Ալիևը կառավարության պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել՝ զգուշացնելով էթնիկ հայերին. «Եթե չեք ուզում մեռնել, ապա հեռացե՛ք ադրբեջանական հողերից։ [...]»:

2020 թվականի հոկտեմբերի 17-ին նախագահ Ալիևը մի քանի հեռուստաուղերձում տոնել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանումը՝ հայտարարելով. «Ես ասացի, որ եթե նրանք [էթնիկ հայերը] իրենց կամքով չլքեն մեր հողերը, մենք նրանց շների պես կքշենք, և դա անում ենք»։[2]

Չափազանց ցինիկ կլինի պնդել, որ ցեղասպանությունն ու տեղահանությունը հիմք են տարածաշրջանում կայունության և հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման համար: Այս դեպքում հակառակն է։

Փաստացի, Արցախի բնակչության սովամահությունը, տեղահանումն ու սոցիալական ու նյութական դժբախտությունն ավելի քան երբևէ դժվարացնում են հաշտությունը։ 1915/6-ին հայերի դեմ ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում և 2022/3-ին հայերի դեմ Ադրբեջանի ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում/Արցախում ստեղծում են շարունակականություն հայերի մեծամասնության գիտակցության մեջ, որի տրավմատիկ ազդեցությունն աճում է Հայաստանի հետագա ցանկացած նվաստացմամբ և ցանկացած տարածքային կորստով՝ ի օգուտ Ադրբեջանի: Բացի այդ, կրկնվում է ոչ միայն հայերի ցեղասպանության, այլև այսպես կոչված համաշխարհային հանրության կողմից ամբողջությամբ լքված լինելու փորձը։

Առնվազն երկու սերունդ կպահանջվի նախքան կարգավորման գործընթացը, էլ չեմ խոսում այն մասին՝ հաշտեցման գործընթացը կարո՞ղ է նույնիսկ սկսվել: Դրա նախապայմանն այն է, որ Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցնի իր հայատյաց հռետորաբանությունը և բնակչության ինդոկտրինացիան։ Բայց, ցավոք, մենք հակառակն ենք տեսնում։ Ադրբեջանը շարունակում է նարատիվը, որ հայերը սպառնալիք են Ադրբեջանի համար։ 2024 թվականի ապրիլի 26-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ իր ասուլիսում Ի. Ալիևը դիմեց լրագրողներին, ովքեր քննադատական հարցեր էին տալիս. «2023 թվականին Ադրբեջանն ազատագրել է օկուպացիայից իր ինքնիշխան տարածքի զգալի մասը։ Անցած սեպտեմբերին Ադրբեջանը վերականգնեց իր ամբողջական ինքնիշխանությունը»[3]։ Ինչպե՞ս պետք է սա հասկանանք։ 2023 թվականին Ադրբեջանն ամբողջությամբ ազատագրվե՞լ է «Հայաստանի» օկուպացիայից, թե՞ նրա «ինքնիշխան» տարածքից դեռ կան տարածքներ, որոնք մնում են «ազատագրել»։

-Կարո՞ղ էր միջազգային նախաձեռնողական միջամտությունը կանխել Արցախի շրջափակումը և մարդու իրավունքների խախտումները, որոնց ականատես եղանք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ։ Ի՞նչ քայլեր կարող էին ձեռնարկվել, և ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել միջազգային հանրությունը հետագա բռնությունները կանխելու և հակամարտության գոտում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։

-Անշուշտ, շրջափակումը, ռազմական հարձակումն ու արտաքսումը կարելի էր կանխել, եթե դա բխեր այսպես կոչված հավաքական Արևմուտքի շահերից։ Այնուամենայնիվ, առաջին հերթին Արևմուտքի շահերից է բխում նվազեցնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում և ապահովել իր սեփական էներգետիկ շահերը՝ լինեն դրանք հանածո, թե ոչ հանածո հումք: Ղարաբաղի համար Ադրբեջանի մարտը, ըստ էության, պայքար է մեծապես իր չօգտագործված հումքի համար, այդ թվում՝ բաղձալի լիթիումի համար. «Էլեկտրոնային մեքենաներ, բջջային հեռախոսներ և էլեկտրոնային հեծանիվներ. ապագայում ոչինչ չի աշխատի առանց մարտկոցների։ Իսկ այս մարտկոցների շուկան վերելք է ապրում: Սա պահանջում է այսպես կոչված կրիտիկական հումքի հսկայական քանակություն, ինչպիսին է լիթիումը։ Բայց սրանց մատակարարումը դեֆիցիտ է: Ադրբեջանը ճանաչել է դա և գրավել Ղարաբաղի շրջանը (...)»։ [4]

2020 թվականի հուլիսի վերջին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակումից երեք ամիս առաջ, Ադրբեջանի հանքային ռեսուրսների կառավարման գործակալության գործադիր խորհրդի նախագահ Սամիր Գուրբանովն ասաց. «Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում կա 163 հանքավայր, այդ թվում՝ բազմաթիվ հանքային աղբյուրներ, ցինկի, ոսկու, ածխի, պղնձի, արծաթի, կապարի, մարմարի, կրաքարի, քրոմի և երկաթի հանքավայրեր։ Ադրբեջանի հանքային ռեսուրսների մեծ մասը գտնվում է Հայաստանի կողմից ներկայումս օկուպացված տարածքներում։ Ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի և սնդիկի հանքավայրերը Քելբաջարի, Լաչինի, Թարթառի և Աղդամի շրջաններում, երկաթի և քրոմի հանքավայրերը Ջաբրաիլի, Քելբաջարի և Լաչինի շրջաններում, իսկ ծծմբի հանքավայրերը՝ Թարթառի, Աղդամի ու Ֆիզուլիի շրջաններում ներկայումս մշակվում են Հայաստանի կողմից։ Բացի այդ, այստեղ արդյունաբերվում են խիճի, ավազի, կավի և այլ օգտակար հանածոների հանքավայրեր»:[5]

Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում Ղարաբաղյան հակամարտությունն ընկալվում էր ոչ թե որպես ազգային ինքնորոշման և տարածքային ամբողջականության միջազգային իրավական սկզբունքների հակամարտություն, այլ որպես հետխորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ տարածքային վեճ։ Հաշվի չի առնվել նաև երկու երկրների միջև տարածքային, ռազմական և տնտեսական անհամաչափությունը․ փոխարենը ընդունվել և շարունակում է ընդունվել ակնհայտ հավասարաչափություն: Փաստացի, դա ադրբեջանամետ համախոհության դեպք է։

Արևմուտքում երբեք խոսք չի եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշման իրավունք տրամադրելու մասին, այլ ավելի շուտ՝ Ադրբեջանի պահանջը Ղարաբաղի նկատմամբ «միջազգային իրավունքով» կիրարկելու մասին, որը կարևոր է էներգիայի արդյունաբերության համար, որպեսզի ավարը բաժանվի։ Մասնավորապես, 2020 թվականից երկու պետությունների վրա ճնշում է գործադրվում խաղաղության համաձայնագրի շուրջ, թեև պարզ է, որ դա լինելու է միակողմանի՝ Հայաստանի հաշվին։ Հաղթող Ադրբեջանը թելադրում է, Հայաստանը՝ ենթարկվում։ Սա Հայաստանի համար Արևմուտքին հաճոյանալու միակ եղանակն է, և Հայաստանի կառավարության ղեկավարությունն ավելի ու ավելի է ձգտում այդ բարեհաճությանը՝ մինչ այժմ դրա դիմաց ձեռք չբերելով որևէ էական առավելություն կամ անվտանգության երաշխիք:

Ռուսաստանը նույնպես մասամբ մեղավոր է սովի շրջափակման տևողության և հետևանքի համար, բայց նրա մեղքի բաժինն ավելի քիչ է, քան ընկալվում է շատ հայերի կողմից: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հստակ պարտավորությունները հետագայում մնացին չսահմանված և չհստակեցված։ Ամեն դեպքում, Ռուսաստանը չուներ միջազգայնորեն ճանաչված խաղաղապահ մանդատ, օրինակ՝ ՄԱԿ-ից:

Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության մեղավորության բաժինը մինչ օրս չի քննարկվել ինքնաքննադատական տեսանկյունից։ Եկեք հիշենք. 1988-ին Երևանում ավելի քան մեկ միլիոն մարդ ցույց էին անցկացնում՝ «Միացում» կարգախոսով՝ ի համերաշխություն Լեռնային Ղարաբաղի իրեդենտիստական շարժմանը: Այնուամենայնիվ, հետխորհրդային Հայաստանի Հանրապետությունը երբեք չմիացավ Արցախին։ Հայաստանի Հանրապետությունը չհամարձակվեց Արցախի համար անել այն, ինչ Թուրքիան արեց օկուպացված Հյուսիսային Կիպրոսի համար՝ միջազգային իրավունքի համաձայն ճանաչում: Հայաստանի Հանրապետության արցախյան քաղաքականությունը եղել է անհետևողական և հակասական. 1997 թվականի աշնանը հետխորհրդային Հայաստանի առաջին նախագահը, ով իշխանության էր եկել «Միացում» շարժման շնորհիվ, վստահեցրեց, որ Արցախը բացառվել է Մինսկի խմբում որպես հավասար բանակցային գործընկեր, ինչպես և Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունները։ Փոխարենը հետխորհրդային Հայաստանի Հանրապետությունը բանակցել է Արցախի անունից (առանց երբևէ ինքնին ճանաչելու Արցախը)։ Լևոն Տեր-Պետրոսյանին հաջորդեցին Արցախից երկու նախագահներ, որոնց պաշտոնավարման ընթացքում խաղաղության համաձայնագիրը ձգձգվեց՝ մեծապես առաջացնելով Ադրբեջանի աճող զայրույթը: Հայերը հավատում էին, որ հարցն ինքնին կլուծվի, քանի որ Արցախն իրականում գոյություն ուներ և զարգանում էր։ Ենթադրվում էր, որ տեղահանված և փախստական ադրբեջանցիները կմոռանան իրենց հայրենիքը, սակայն Ադրբեջանի կառավարությունն արեց ամեն ինչ վառ պահելու ներքին տեղահանված անձանց կորստի ցավը։

2019-ին Ստեփանակերտ կատարած իր առաջին և միակ այցի ժամանակ Հայաստանի ներկայիս կառավարության ղեկավարը բացարձակապես ոչ դիվանագիտական ձևով հայտարարեց Արցախի՝ Հայաստանի մաս լինելու մասին՝ դրանով իսկ «յուղ լցնելով կրակի վրա»՝ առանց այդ իրեդենտիստական պահանջը կատարելու միջոցներ ունենալու։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շատ հաջող վերազինվել էր՝ հնարավորություն տալով իրեն տարբեր ռազմական փորձարկումներից հետո 2020 թվականին հաղթել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում։ Հայաստանի Հանրապետության դեմ այս ռազմական փորձարկումները, մասնավորապես՝ 2016 թվականին «Զատկի պատերազմը» (խմբ. Ապրիլյան Քառօրյա պատերազմ), ցույց տվեցին Ադրբեջանին, որ համաշխարհային հանրությունն անտարբեր է իր ռազմական առաջխաղացումների, ինչպես նաև Արցախի Հանրապետության դեմ հետագա հարձակումների  նկատմամբ։

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական ռազմական հարձակման տպավորության և ԵՄ-ի կողմից ճնշման ներքո՝ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու մասին՝ դրանով իսկ ազդարարելով այնտեղ դե ֆակտո հանրապետության ավարտի սկիզբը։ Ինչը հարցեր է առաջացնում՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ երրորդ կողմերը կմիջամտեն, երբ մեր սեփական կառավարության ղեկավարը շրջան է հանձնում։

Պատասխանը, սկզբունքորեն, այո է։ Դա պայմանավորված է նրանով, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը հենց որ նրանք տեղեկանում են ցեղասպանության վտանգի մասին: Բայց ո՛չ Գերմանիան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Մեծ Բրիտանիան համապատասխանաբար չգործեցին։

Ինչ վերաբերում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, դրա խնդիրն էլ հենց դա է՝ դիտել, ոչ թե պաշտպանել։ Նրանք իրավունք չունեն միջամտել և հրահանգավորված են անհապաղ լքել տարածքը, եթե նրանց ներկայությամբ թեկուզ մեկ կրակոց արձակվի: Արցախահայությունն արդեն շատ ցավալիորեն սովորել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պահվածքից, որ դիտարկումը նույնը չէ, ինչ պաշտպանությունը։

-Ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկվել հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ապահովելու համար: Հնարավո՞ր է հակամարտությունից հետո մեղավորներին պատասխանատվության ենթարկել, և ինչպե՞ս կարող են միջազգային ատյանները նպաստել զոհերի համար արդարադատությանը:

-Վերջերս ԱՄՆ «Ճշմարտության և արդարության կենտրոն» ՀԿ-ն (Լոս Անջելես) դիմել էր Հաագայի միջազգային քրեական դատարան՝ ցեղասպանություն իրագործելու մասին Իլհամ Ալիևի և մյուսների դեմ գործընթաց սկսելու համար։ Սա իրականում Հայաստանի Հանրապետության կամ վտարանդի Արցախի իշխանությունների խնդիրն էր։ Բայց վերջիններս որևէ աջակցություն չեն զգում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, որը դիտարկում է նրանց Ադրբեջանի հետ խաղաղության իր բանակցությունների համար որպես խոչընդոտ։ Այս հակասական շահերը՝ Հայաստանի Հանրապետության «խաղաղապահության» և Ղարաբաղի հայության, որոնք ձգտում են քրեական հետապնդման, ավելի են բարդացնում իրավիճակը։

Իրականում, բոլոր հայերի ընդհանուր շահը պետք է լինի ցանկացած օրինական հնարավորության միջոցներով հնարավորինս արագ և համակողմանիորեն հասնել քրեական հետապնդման՝ սովի շրջափակման և արտաքսման համար։ Պատիժը կարող է լինել հետագա ագրեսիան և հանցագործությունները կանխելու գործիք։

-Ինչպե՞ս է Արցախում հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը, բռնի տեղահանված հայերի հետ մեկտեղ, վերափոխել մշակութային լանդշաֆտը: Որո՞նք են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի թիրախավորման դրդապատճառները։

-Ռուսական խաղաղապահ կոնտինգենտն Արցախից դուրս է եկել միայն 2024 թվականի ապրիլին, ուստի դեռ պարզ չէ, թե հայկական մշակութային ժառանգության սպառնալիքն ինչպիսի ձև կունենա «հայաթափված» արցախյան տարածաշրջանում. կհասնի՞ այն լիակատար կործանման և ոչնչացման, ինչպես նախկինում Նախիջևանի շրջանի Ջուղա քաղաքի պատմական գերեզմանատանը, որը ժամանակին բնակեցված էր հայերով։ Կլինի՞ մշակութային յուրացում։ Երկու տարբերակ կլինի՝ «ալբանացում» կամ «ռուսականացում» և իսլամացում, այն է՝ հայկական սրբազան շինությունները մզկիթի վերածելը։ Ինչպես արդեն տեսել ենք ադրբեջանական պատերազմի դեպքում, երկիրն այստեղ աշխատում է նաև փորձարկումներով։ Սրանք արդեն տեղի են ունեցել խորհրդային ժամանակաշրջանում, սակայն զգալիորեն աճել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո:  Տուժած տարածքներն այն շրջաններն էին, որոնք այն ժամանակ անցել էին Ադրբեջանի վերահսկողության տակ:

Monument Watch-ը (Երևան) իր կայքում գրում է. «Կարելի է նշել քանդված, վնասված, պղծված բազմաթիվ հուշահամալիրներ ու հուշարձաններ Արցախի օկուպացված տարածքներում (2020 թվականից առ այսօր)․ հրետակոծված և պայթեցված Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին [Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի՝ կառուցված է 1847-ին], Շուշիի Ղազանչեցոց տաճարը, Մեխակավանի պայթեցված եկեղեցին»։[6]

Մինչ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին նախ փորձնական «ռուսականացվեց», այնուհետև ամբողջությամբ պայթեցվեց, Շուշիի Ամենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարը, ըստ երևույթին, պետք է վերածվի մզկիթի։ «Ալբանականացման» ժամանակ հայկական սրբազան ճարտարապետությանը բնորոշ բրգաձև գմբեթները, ինչպես նաև հայերեն արձանագրությունները սովորաբար հանվում են։ Ընդհանուր առմամբ դեռևս պարզ չէ՝ ինչ է կոնկրետ լինելու բազմաթիվ վանքերի և եկեղեցիների, խաչքարերի և հայերեն արձանագրություններ կրող այլ առարկաների հետ։ Ինչպես Թուրքիայում, այստեղ էլ ազգայնական և տնտեսական շահերը հակադրվում են: Տնտեսական շահերը սովորաբար բխում են տեղի մահմեդական բնակչության զբոսաշրջությունը խթանելու կարիքից: Թուրքիայում մի քանի դեպքերում հայկական եկեղեցիները պաշտպանվել և նույնիսկ վերականգնվել են, օրինակ՝ Չեփնի քաղաքում Սուրբ Սարգիս եկեղեցին (Սիվասի մոտակայքում)։[7]

Մշակութային ցեղասպանությունը, այն է՝ ոչնչացված էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների կանխամտածված անտեսումը կամ ոչնչացումը ցեղասպանության հետ ասոցացվող գործողություններից է: Նպատակն է ապացուցել, որ այդ խումբը երբևէ չի ապրել տվյալ տարածքում և չի ունեցել մշակութային նշանակություն։ Այնտեղ, որտեղ չկան ապացույցներ նրանց նախկին գոյության մասին, չկա որևէ պահանջ՝ հիմքում ընկած տրամաբանության համաձայն: Հատկանշական է, որ հայերը երբեք չեն հայտնվում որպես Արցախի բնիկ բնակիչներ ադրբեջանական քաղաքական հռետորաբանության մեջ, սակայն այնտեղ հայկական ներկայությունը միշտ վերափոխվում է որպես «Հայաստանի կողմից օկուպացիա»: Օկուպանտները հավակնություններ չունեն:

Ի․ Ալիևի կինը և Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան 2004 թվականին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպան» կոչմանը, այն ժամանակ, երբ Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն իր գագաթնակետին էր։ Արժե ուսումնասիրել՝ որքանով է նա անձամբ ազդել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա ադրբեջանական ազդեցությունը, հետևաբար զարմանալի չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կատարում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ  իր պաշտպանական գործառույթը կամ դա անում է ոչ համարժեք: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումից հետո առնվազն հրատապ անհրաժեշտություն է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության գույքագրումը, որպեսզի փաստագրվի այն վիճակը, որում այն հայտնաբերվել է և ինչն արդեն ավերվել է, դիտավորյալ վնասվել կամ միտումնավոր անտեսվել է՝ համեմատած նախորդ գույքագրումների։ Հայաստանի Հանրապետությունը տարբեր առիթներով առաջարկել է միջազգային նման փորձագիտական հանձնաժողովի ստեղծումը գույքագրման համար։

-Որո՞նք են Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հիմնական խոչընդոտները, և ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել միջազգայնորեն՝ այս մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունն աշխատել տեղական համայնքների հետ՝ հակամարտությունների գոտիներում մշակութային վայրերը պահպանելու համար:

-2024 թվականի փետրվարի 28-ին Եվրախորհրդարանն ընդունեց իր տարեկան զեկույցները, մասնավորապես՝ 2023 թվականի Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման զեկույցը (2023/2117 (INI)) և Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության իրականացման տարեկան հաշվետվությունը (2023/2119(INI))։ Այս զեկույցները ընդգծում էին Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և հանդես գալիս Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման օգտին։

Այնուամենայնիվ, հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պաշտպանության ուղղությամբ կոնկրետ քայլեր, ըստ երևույթին, մինչ այժմ չեն ձեռնարկվել, ինչը պայմանավորված է մասնավորապես Ադրբեջանի՝ համագործակցելուց հրաժարվելով։

-Չնայած պատերազմի ավարտին, Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական ագրեսիան։ Ինչպե՞ս կարող են դիվանագիտական ուղիներն արդյունավետորեն նվազեցնել լարվածությունը և նպաստել խաղաղությանը: Եվ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել ադրբեջանցի պաշտոնյաների սադրիչ հռետորաբանությանը հակազդելու համար։

-Դիվանագետ չեմ։ Բայց որպես մարդու իրավունքների պաշտպան, կցանկանայի, որ դիվանագետներն օգտագործեին հստակ և համարձակ լեզու։ Ավտորիտար պետությունների ներկայացուցիչների հետ շփումներում կամ Ալիևի նման բռնապետերի հետ զրույցներում, նրանք պետք է քաջություն ունենան հստակորեն անդրադառնալ մարդու իրավունքների խախտումներին, և, անհրաժեշտության դեպքում, սպառնալ ու կիրառել պատժամիջոցներ։ Ցավոք, տեսնում ենք, որ դա հետևողականորեն և միասնականորեն չի արվում։ «Արևմուտքը» շատ արագ պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ։ Երբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին Երևանում իր վերջին ասուլիսի ժամանակ հարցրին՝ արդյոք նա կարող է պատժամիջոցներ պատկերացնել Ադրբեջանի դեմ, նա պատասխանեց, որ Գերմանիան ցանկանում է լավ հարաբերություններ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը գրեթե միշտ գերակայում են մարդու իրավունքների նկատառումների նկատմամբ:

Ավելին, Ադրբեջանում և Հայաստանում բռնության ներուժը շատ ասիմետրիկ է։ Ադրբեջանում դեռ մանկապարտեզում երեխաներին հակահայկական վերաբերմունք են ինդոկտրինացնում։ Դպրոցական դասագրքերը պարունակում են ատելության պոեզիա և հռետորաբանություն: Հայերի նենգ մարդասպաններին, ինչպիսին Ռամիլ Սաֆարովն է, մեծարում են որպես ազգային հերոսների։ Մյուս կողմից, մարդու իրավունքների նկատմամբ զգայուն մտավորականներին, ինչպիսին Աքրամ Այլիսլին է, սպառնում են մահով, իսկ նրա գրքերը հրապարակայնորեն այրեցին, ավելի քիչ նշանավոր մտավորականները վտարանդիության մեջ են:

Հայաստանում համեմատելի իրավիճակ չկա։ Այնուամենայնիվ, հայերն ու ադրբեջանցիները միակարծիք են մի բանում՝ ադրբեջանցիները թուրքեր են։ Գործող նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, դա արտահայտել է «մեկ ազգ երկու պետության մեջ» դոկտրինում։ Խոսակցական հայերենում, ադրբեջանցիներին անվանում են թուրքեր կամ «տաջք» և իրենց տեսնում են նրանց կողմից նույնքան վտանգված, որքան Թուրքիայի թուրքերի կողմից։ Շատ հայեր համոզված են, որ և՛ ադրբեջանցիները, և՛ թուրքերը գործում են պանթուրանական գաղափարախոսության համաձայն։

Ադրբեջանը, ընդօրինակելով Հայաստանին, վարում է հիշողության և պատմության քաղաքականություն, որն իրեն բարձրացնում է հարևան ազգի ցեղասպանության քաղաքականության զոհի կարգավիճակի։ Համապատասխանաբար, կանգնեցվել են ճարտարապետական տպավորիչ հուշարձաններ և հուշահամալիրներ, օրինակ, Ղուբայում (2013 թ.)[8]։ Ադրբեջանը կերտել է հայերի կողմից 1904 թվականից սկսած հալածանքների պատմություն՝ կեղծիքներով, աղավաղումներով և պարզեցումներով: Նման կերտումները հաճախ ստեղծվում են էքստերնալիզացիայի նպատակով. դրանք օգտագործվում են ներքաղաքական հակամարտությունները կամ լարվածությունն արտաքին «թշնամու» վրա շեղելու համար:

Ինչպե՞ս կարող ենք դուրս գալ հիշողության քաղաքականության այս փակուղուց: Իդեալականորեն, անցումային ճշմարտության հանձնաժողովների և ինքնաքննադատական հետազոտությունների միջոցով: Բայց ես չեմ տեսնում, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ է նման նախաձեռնությունների։

-Դուք հավատու՞մ եք, որ Ադրբեջանն իսկապես խաղաղության է ձգտում՝ հաշվի առնելով նրա երկակի մոտեցումը` քարոզելով խաղաղություն` միաժամանակ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ:

-Եթե կանխատեսենք ապագան՝ հիմնվելով անցյալի վրա, ապա Ձեր հարցի պատասխանը բացասական է։ Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ իշխող վերնախավի հողի սովը դեռ չի հագեցվել։ Լ․ Մորենո Օկամպոն վերջերս նախազգուշացրել է մեզ․ Ադրբեջանի խորհրդարանը, որը վերահսկվում է Ալիևի կողմից, ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը վերջնական նպատակը չէ։ Այն հավակնում է Հայաստանի Հանրապետության տարածքին որպես Արևմտյան Ադրբեջան: Այն ընդունել է «Հայտարարություն արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի մասին» վերնագրով բանաձև՝ պահանջելով իր ինքնիշխանությունը ողջ Հայաստանի տարածքի վրա։ Ոչնչացնելու մտադրության մեջ կասկած չկա։ Դա ցեղասպանություն է՝ հաստատված խորհրդարանի կողմից»[9]։

Օտարերկրացիների համար տարակուսելիորեն, խոսվում է նաև Արևելյան Զանգեզուրի մասին (Ադրբեջանի տարածք)․ որտեղ կա արևելք, այնտեղ կա նաև արևմուտք: Արևելյան Զանգեզուրը (Հայաստան) պատմականորեն հայտնի է որպես Սյունիք, բայց քանի որ այնտեղ ևս կան հանքային ռեսուրսներ, և Սյունիքը մնում է հայկական միակ խոչընդոտը հայերից ազատված Արցախի և Նախիջևանի միջև, ռազմական հարձակումը [խմբ․ Սյունիքի վրա] ամենևին բացառված չէ։ Մինչ այժմ Ադրբեջանը հաղթող է՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ստվերում։ Բայց «հողաքաղց» Ադրբեջանը հետաքրքրված է նաև հյուսիս-արևելքում գտնվող իր հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության սահմաններով, ինչպես ցույց է տալիս Տավուշի մարզում սահմանազատման արդյունքները, որտեղ Ադրբեջանը ստանալու է չորս գյուղ, որոնք պատմականորեն հայկական են և 1991/92 թթ․ վերանվաճվել են հայկական ուժերի կողմից։ 1990-ականներին և 2021/22 թվականներին Ադրբեջանն իր հերթին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 240 քառակուսի կիլոմետր տարածք։

Ոչ մի նշան չկա, որ Ադրբեջանն այժմ կդադարեցնի բոլոր ժամանակներում հայկական տարածքների բռնակցման իր հաջող մեթոդները։ Եվ ոչ մի նշան չկա, որ հարձակման դեպքում այն կդադարեցվի համաշխարհային հանրության կողմից։ Լավագույն դեպքում «Արևմուտքը» կդժգոհի բանավոր, այն է՝ անարդյունավետ:

-Ռազմավարական ի՞նչ նպատակների է ձգտում հասնել Ադրբեջանը ռազմագերիների և Արցախի ղեկավարների շարունակական կալանավորման միջոցով:

Այս բանտարկյալները պատանդների կարգավիճակում են։ Ադրբեջանը կարող է նրանց ավելի շատ խոշտանգել՝ ավելի խիստ բանտային պայմաններ սահմանելով, ինչպիսին է մենախուցը, բայց նաև խոշտանգել, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չպետք է լինի այնքան զիջող, որքան այն ավելի ու ավելի է եղել վերջին երկու տարիների ընթացքում:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան Արցախում՝ հաշվի առնելով նրա ներգրավվածությունն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու և հետագայում Արցախում ենթակառուցվածքային նախագծերում:

Իսրայելի հետ մեկտեղ Թուրքիան ժամանակակից սպառազինության ամենակարևոր մատակարարն է Ադրբեջանի համար։ Թուրքիայում զենքի արտադրությունը 2023 թվականի վերջին իսկական բումի հասավ՝ Թուրքիային դարձնելով ռազմավարականորեն ինքնավար և անկախ Արևմուտքից։ Կառավարությանը կից գերմանական Գիտության և քաղաքականության հիմնադրամի (Foundation for Science and Policy) փորձագետը նկարագրում է Թուրքիային որպես ապագա «զենքի համաշխարհային արտահանող»․ «Թուրքական զենքի արդյունաբերությունը վերջին տասը տարիների ընթացքում արագ զարգացել է, և նրա արտադրանքը բազմիցս ցուցադրել է իր ռազմական հնարավորությունները։ Թուրքական Baykar ընկերության Bayraktar TB2 անօդաչու սարքերն արտահանվում են բազմաթիվ երկրներ։ Ուկրաինայի զինված ուժերը դրանք օգտագործել են ռուսական ներխուժումից հետո, Ադրբեջանի զինված ուժերը դրանք օգտագործել են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հետ հակամարտությունում, ինչպես նաև դրանք օգտագործվում են Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Լիբիայում։ Այնուամենայնիվ, անօդաչու թռչող սարքն ամենատեսանելի նշանն է, որ Թուրքիայի սպառազինությունների քաղաքականության մեջ նոր դարաշրջան է սկսվել: Պաշտպանական արդյունաբերությունը և դրա շուրջ զարգացած ինովացիոն էկոհամակարգը մտադիր են Թուրքիային դիրքավորել որպես «տեխնոլոգիական ազգ»: Սա անվտանգության քաղաքականության նոր մարտահրավերներ է ստեղծում ՆԱՏՕ-ի գործընկերների համար Անկարայի հետ համագործակցության հարցում: Արգելափակված մարտական ինքնաթիռների մատակարարումներն Անկարա, լինի դա Վաշինգտոնի, թե Բեռլինի կողմից, կարող է էլ ավելի ամրապնդել Թուրքիայի սպառազինությունների քաղաքականության ռազմավարական վերադասավորումը»[10] ։

Միևնույն ժամանակ, Թուրքիան պատմականորեն և ներկայումս հեգեմոն ուժ է Հարավային Կովկասում, որը հաճախ մրցակցում է Իրանի և Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ սերտ առևտրային հարաբերությունների մեջ է այդ երկրների հետ: Երեքն էլ՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, կիսում են հակաարևմտյան կողմնորոշում։ Ավելի ու ավելի միակողմանի արևմտամետ իր կողմնորոշմամբ Հայաստանը սպառնում է մեկուսանալ այս միջավայրում։ Այն նպատակները, որոնք Թուրքիան հետապնդում է Ղարաբաղում, նման են իր եղբայր ադրբեջանական ազգի նպատակներին։ Թուրքիան շատ շահագրգռված է միջազգային էներգետիկ կապերի վերահսկմամբ և միևնույն ժամանակ կախված է Ադրբեջանից կամ Ադրբեջանի տարածքով էներգակիրներից (եթե դա տրանսկասպյան նավթն ու գազն է, ինչպես նաև ռուսական նավթն ու գազը, որը մատակարարվում է Ադրբեջանի տարածքով): Ինչպես Ադրբեջանը, Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանում հայկական ներկայության նվազեցմամբ և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիայի, հիմնականում թյուրքական պետությունների հետ կապ հաստատելով։

Այս քաղաքականությունը կարելի է բնութագրել նաև որպես պանթուրքական։ Դա, ըստ էության, իրեդենտիստական է Հայաստանի Հանրապետության նախկին քաղաքականության հետ համեմատած։ Բայց մինչ հայկական իրեդենտիզմը հանդիպում է միջազգային մերժմանը, պանթուրքիզմն ընդունված է։

-Amnesty International-ի վերջին զեկույցը ընդգծում է Ադրբեջանում խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարման ճնշումը՝ պնդելով, որ «իշխանություններն օգտագործել են ռազմական հաղթանակը իրենց իշխանությունն ավելի ամրապնդելու և այլախոհության նկատմամբ իրենց վերահսկողությունը խստացնելու համար»: Ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի պատերազմն ազդել Ադրբեջանում մարդու իրավունքների վրա, և Դուք տեսնու՞մ եք որևէ կապ հակամարտության և խոսքի ազատության ճնշման միջև:

-Amnesty International-ի համապատասխան տարեկան զեկույցում ասվում է. «Ավելի քան մեկ տասնյակ ակտիվիստներ, ըստ տեղեկությունների, ձերբակալվել են վարչական վարույթով [2023] սեպտեմբերին և հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում կառավարությանը և նրա ռազմական գործողությունները քննադատելու համար։ Հինգ տղամարդ ձերբակալվել է սոցիալական ցանցերում հակապատերազմական բովանդակություն հրապարակելու համար: Եվս երեքը՝ Նուրլան Գահրամանլին, Էմին Իբրահիմովը և Նեմեթ Աբբասովը, ենթարկվել են 30-օրյա վարչական կալանքի՝ իբրև վնասակար տեղեկատվություն տարածելու և ոստիկանությանը չենթարկվելու համար»[11] :

Ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, այնպես էլ Ադրբեջանում խստացվել են ասոցիացիաները և մամուլը կարգավորող օրենքները։ Այս ամենը հերքում է նախագահ Ալիևի այն պնդումը, թե Ադրբեջանն ազատ երկիր է։ Ազատ երկիրը կարիք չունի վախենալու իր քաղաքացիների քննադատական կարծիքից։ Ղարաբաղյան ցեղասպան քաղաքականությունը ոչ միայն հավանության է արժանացել Ադրբեջանում, այլև պաշտոնական դոկտրինից շեղվող այս ձայները գնալով ավելի ու ավելի քիչ են կարողանում արտահայտվել և լսելի լինել:

-Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների փաստագրված խախտումները, ինչպե՞ս կարող են դիվանագիտական ճնշումները և նպատակային պատժամիջոցները ստիպել Ադրբեջանին կատարել միջազգային համաձայնագրերը և պահպանել մարդու իրավունքների չափանիշները:

-Մինչ այժմ Ադրբեջանը կարողացել է ապավինել սեփական քաղաքացիների, ինչպես նաև հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վրա՝ քիչ թե շատ ընդունված լինելով համաշխարհային հանրության կողմից, հատկապես Ուկրաինայում և Գազայում պատերազմների ստվերում։ Ադրբեջանը նույնիսկ բազմիցս անտեսել է Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) հրամանները՝ տարհանել Լաչինի միջանցքը (2023), պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը և դադարեցնել հայատյաց հռետորաբանությունը (2021), քանի որ ICJ-ն չունի իր վճիռներն ու հրամաններն իրագործելու արդյունավետ գործիքներ։

Պատժամիջոցները կլինեն միջամտության ամենաբարձր ձևը, որին Արևմուտքը ենթադրաբար պատրաստ կլինի դիմել: Սակայն նույնիսկ այս միջոցը դեռ չի օգտագործվել՝ վերը նշված աշխարհաքաղաքական և էներգետիկ նկատառումներով։ Սա ենթադրում է, որ մարդու իրավունքների ոլորտում ակտիվ քաղաքացիական հասարակության հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանը և հայկական սփյուռքի կազմակերպություններ պետք է ուժեղացնեն իրենց ջանքերը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար: Ես շատ հուսով եմ, որ մենք կարող ենք շուտով հասնել դրան, լավագույն դեպքում համագործակցելով ադրբեջանական ՀԿ-ների հետ, որոնք քննադատում են կառավարությանը, բայց ոչ ազգայնական:

[1] Dr. Luis Moreno Ocampo, 24. April 2024, Frankfurt/Main, Paulskirche, https://www.aga-online.org/wp-content/uploads/Frankfurt-2024-statement.pdf

[2] President of the Republic of Azerbaijan. (2020). “Ilham Aliyev addressed the nation”, October 17, https://president.az/en/articles/view/43334

[3] Pressekonferenz von Bundeskanzler Scholz und dem Präsidenten der Republik Aserbaidschan, Alijew, am 26. April 2024 in Berlin, 26.04․2024,  https://www.bundesregierung.de/breg-de/aktuelles/pressekonferenz-von-bundeskanzler-scholz-und-dem-praesidenten-der-republik-aserbaidschan-alijew-am-26-april-2024-in-berlin-2274882

[4] Kampf um Rohstoffe: Deutsche Doppelmoral in Aserbaidschan. „Das Erste“, 06.03.2024, https://www.daserste.de/information/politik-weltgeschehen/report-mainz/sendung/2024/03-05-kampf-um-rohstoffe-100.html

[5] „Weltgemeinschaft soll ihre Stellung zur illegalen Ausbeutung natürlicher Ressourcen Aserbaidschans in von Armenien besetzten Gebieten nehmen“, “AZERTAC”, 28.07․2020, https://azertag.az/de/xeber/weltgemeinschaft_soll_ihre_stellung_zur_illegalen_ausbeutung_naturlicher_ressourcen_aserbaidschans_in_von_

armenien_besetzten_gebieten_nehmen-1548611

[6]  Kanach Zham: Azerbaijan demolished the Surb Hovhannes Mkrtich (Kanach Zham) Church of Shushi, reducing it to rubble, https://monumentwatch.org/en/?s=Kanach+Zham

[7] KAZA ŞARKIŞLA / ŞEHIRKIŞKA / ŞEYHKEŞLA / TENUS / ԹՈՆՈՒՍ – TONUS, https://virtual-genocide-memorial.de/region/the-six-provinces/sivas-vilayet/sancak-sivas-%cf%83%ce%b5%ce%b2%ce%ac%cf%83%cf%84%ce%b5%ce%b9%ce%b1-sebastaia-%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%a1-sebastia-%d5%bd%d5%be%d5%a1%d5%bd-sva/kaza-sarkisla-sehirkiska-seyhkesla-tenus-%d5%a9%d5%b8%d5%b6%d5%b8%d6%82%d5%bd-tonus/?searchedfor=Cepni

[8] https://soyqirim.az/en/

[9] Quoted from: Moreno Ocampo, op. cit., p. 2f.;  https://www.aga-online.org/wp-content/uploads/Frankfurt-2024-statement.pdf

[10] Bastian, Jens: Die Türkei auf dem Weg zum globalen Rüstungsexporteur. „Stiftung für Wissenschaft und Politik“. SWP-Aktuell 2024/A 05, 01.02.2024, https://www.swp-berlin.org/10.18449/2024A05/

[11] Amnesty International: The State of the World*s Human Rghts; April 2024, p.88․