2024

Միջնադարյան ոչ մի քարտեզում Ադրբեջան անուն գոյություն չունի․ Ռուբեն Գալչյան

-Պարո՛ն Գալչյան, Ձեր գործունեության ընթացքում ադրբեջանական ինչպիսի՞ թեզերի եք առնչվել, որոնք Ձեզ համար հետագայում դարձել են հետազոտության նյութ։

-Քարտեզագրությամբ ես զբաղվել եմ մանկուց և այդ ուղղությամբ շարունակել եմ։ Մասնագիտությամբ ճարտարագետ եմ, բայց դա չի խանգարել ինձ ամբողջ կյանքս քարտեզներ ուսումնասիրել։ Վերջին 40-45 տարիներին ընդհանրապես խորացել եմ քարտեզագիտության մեջ։  

Առաջին հերթին ինձ զարմացրեց այն, որ խորհրդային գրականության մեջ սկսեցի տեսնել ադրբեջանական խեղաթյուրումները․ ասում են, որ Ադրբեջանում գտնվող բոլոր եկեղեցիները ադրբեջանական են, ուդիներին են պատկանել, որոնք ժամանակին քրիստոնյա են եղել։ Դե, քանի որ ես ծանոթ էի հին քարտեզներին, սկսեցի փնտրել, թե որտեղ կարող եմ այդ քարտեզների մեջ գտնել Ադրբեջան անունը։ Արդյունքը եղավ այն, որ Ադրբեջան անվանումն Արաքսից հարավ՝ Պարսկաստանի հյուսիսարևմտյան  նահանգի վրա տարածվել է մեր թվականության սկզբներին։ Պատճառն այն է, որ տարածքը կոչվում էր Մարաստան, որը պարսկական տերության մաս էր կազմում։ Հետագայում Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Պարսկաստանի վրա և գրավեց այդ տարածքը։

Մարաստանի զինվորական ղեկավարներից մեկը, որի անունը Ատրոպատ էր, պաշտպանում է իր տարածքը և չի թողնում, որ Ալեքսանդր Մակեդոնացին մտնի այդ տարածք։ Զինվորականի մահից տարիներ անց տեղի ժողովուրդը որոշում է, որ Մարաստանի անունը, ի պատիվ այդ զորավարի, դնեն Ատրոպատ՝ Ատրոպատեն, և երկրի անունը դարձավ Ատրոպատեն։ Հայերն այդ նահանգը անվանում էին Ատրպատական։ Արաբների ներխուժումից հետո,  կապված արաբերենի գ, ջ, դ տառերի հետ, նահանգի անունը աստիճանաբար տրոհվեց, դարձավ Ադրբայջան, Ազրբաջան։ Ի վերջո, Ադրբեջանը Պարսկաստանի նահանգ է: 1918 թվականին, երբ Կովկասի հարավում երեք հանրապետություններ ստեղծվեցին, երկուսը՝ Հայաստանը և Վրաստանը, վերցրին իրենց նախկին ճանաչված անունները: Երրորդը պետք է կոչվեր Հարավարևելյան Կովկասի մուսուլման  հանրապետություն։ Բայց իրենց ղեկավար ծայրահեղական Ռասուլզադեն, խորհրդակցելով Օսմանյան կայսրության ներկայացուցիչների հետ, որոշեց անունը փոխել, վերցնել Պարսկաստանի Ադրբեջան նահանգի անունը  և իրենց երկրամասը կոչել այդ անունով։ Այդ պատճառով է` 1918 թվականից հետո Արաքսի հյուսիսում երևացել Ադրբեջան անունով  մի նոր երկիր։ Պարսկական կառավարությունը ժամանակին բողոքի նոտա ուղարկեց Ստամբուլ, քանի որ թուրքերն ու Ռուսական կայսրությունն էին որոշել այդ անունը, սակայն ոչ մի պատասխան չստացավ։ Եվրոպական ուժերն էլ, դե, ժամանակին զբաղված լինելով Միջին Արևելքի նավթային պաշարներն իրար մեջ բաժանելով, կարևորություն չտվեցին այդ ամենին, և այդ երկիրը մնաց որպես Ադրբեջան։

Հետաքրքիրն այն էր, որ 1924-25 թթ., երբ ռուս հայտնի արևելագետ Բարտոլդը Բաքվի համալսարանում դասախոսություններ էր կարդում, աշակերտներից մեկը  հարցնում է, թե ինչու մեր հարևան երկրում Ադրբեջան անունով նահանգ գոյություն ունի: Նա պատասխանում է․ «Ադրբեջանն իրականում նրանց անունն է. ձեր երկրի վրա դրված է, որ հետագայում տիրանա մյուսին»: Եվ նպատակն էլ դա էր։ Այդպես էլ եղավ. Խորհրդային Միությունը փորձեց (խմբ.` Ատրպատական նահանգը) միացնել Ադրբեջանական ԽՍՀ-ին, բայց պարսկական դիվանագիտության շնորհիվ այն չհաջողվեց։

Այդ բոլորի հիման վրա ես սկսեցի հետազոտություններ: Ես նպատակ չունեի հրատարակել գիրք. այլ հետաքրքրության համար էի անում: Մինչև հասա այս խնդիրներին և հասկացա, որ Անգլիայում (ես բրիտանական գրադարանում եմ աշխատել) քարտեզների վրա (խմբ.` աշխատելիս), տեսա, որ բավական գրականություն կա ադրբեջանական հրատարակությամբ, որը  Հայաստանի տարածքի մասին ասում է, որ այստեղ Հայաստան չի եղել, հայերն այստեղ եկել են 1828 թվականին, այստեղ մեր երկիրն է եղել, մեր Ադրբեջանն է եղել: Պարսկաստանն էլ իրենք կոչում են նախկին Ադրբեջան։ Եվ այսօր իրենք հայտարարում են, որ 3000 տարվա պատմություն ունեցող երկիր են։ Մինչդեռ աշխարհում ոչ մի քարտեզի վրա Արաքսից հյուսիս Ադրբեջան անունը գոյություն չունի։

Բայց ճշտեմ ասածս․ կա մեկ քարտեզ։ 1984 թվականին Բրիտանիայում հրատարակած ատլաս կար՝ Վրաստանի և Հայաստանի միջև գրված է Ադրբեջան անունը: Միակ քարտեզն է, բայց այդ նույն ատլասի տարբեր քարտեզներում շտկել են սխալը։

- Տեսնում ենք, թե այսօր ինչ թեզեր են առաջ քաշում ադրբեջանցիները ի՞նչ մեթոդաբանությամբ են նրանք ներկայանում միջազգային գիտական հանրույթի առաջ, ինչպե՞ս են ներկայացնում իրենց այսպես կոչված «3000 տարվա» պատմությունը։

- Մեթոդաբանությունը շատ պարզ է․ Ալիև հիմնադրամը տասնյակ հարյուրավոր միլիոններով դոլարներ է հատկացնում ամեն տարի, որպեսզի Ադրբեջանում հրատարակվեն գրքեր, որոնք «փաստում են», որ այս շրջանը Ադրբեջան է եղել միշտ։  7-8 տարի առաջ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում հայտարարեց, որ այն պատմաբանները, որոնք նյութեր կպատրաստեն, որտեղ ցույց կտան, որ հայերը այստեղ նորեկներ են, լավ կվարձատրվեն։ Դրանից 5 տարի հետո հայտարարեց, որ շատ շնորհակալ է, որ ընդունել են առաջարկը և բազմաթիվ գրքեր են հրապարակել (խմբ.` հրատարակվել)` փաստելու, որ հայերը այստեղ գոյություն չեն ունեցել երբևէ։ Եվ մեծ նվերներ տվեց բոլոր հեղինակներին։ Հեղինակներից մեկն էլ Ազիզ Ալեքբերլին էր, որ «Արևմտյան Ադրբեջանի հուշարձաններ»-ի գիրքն է պատրաստել և 2007 թվականին հրատարակել 10 լեզուներով։ Եվ այդ գիրքը միջազգային գրքի բոլոր ցուցահանդեսներում անցորդներին անվճար բաժանվում էր։ Սկսած Էջմիածնից, մինչև ուրարտական սեպագիր արձանագրությունները, նույնիսկ` Ուխտասարի ժայռապատկերները. բոլորն այդ գրքի մեջ կոչվում են (խմբ.` ներկայացվում են)  թուրքական։

Ես այդ ժամանակ գիրք էի պատրաստում Ադրբեջանի խեղաթյուրումների վերաբերյալ՝ պատմական և այլն։ Մի օր հանդիպեցի Բաբկեն Հարությունյանի հետ, ով ճանաչված քարտեզագետ էր: Նա ասաց․ «Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը պատմությունը կեղծում է, ժամանակ եք կորցնում գիր-գրականություն ստեղծելով, դրա մասին խոսելով: Ինչի՞ համար եք ժամանակ ծախսում»։

Եվ ահա արդյունքը․ ես Եվրոպայի, Ամերիկայի գրադարաններում տեսնում էի հակահայ ադրբեջանական գրականության տասնյակ հատորներ, հայերի կողմից գրված՝ ոչինչ։ Որովհետև մեր գիտնականներն անդրադառնում են Ադրբեջանի կեղծիքներին հայերենով, բայց օտար գիտնականը չի կարող իմանալ՝ դու ինչ ես գրել։

- Պարո՛ն Գալչյան, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը առավել ակտիվ է շրջանառության մեջ դրել Արևմտյան Ադրբեջան թեզը: Բացի ձեզանից` այսօր կա՞ն այլ գիտնականներ, մասնագետներ, որոնք հակադարձում են, բարձրաձայնում են այս խնդրի մասին միջազգային գիտական ասպարեզում։

- Գիտական ասպարեզում կան անհատներ, որոնք գրքեր են հրատարակում նոր ձևով, նոր որակով, բայց` պատմության վերաբերյալ։ Ցավոք, քարտեզների վրա ուրիշ (խմբ՝ աշխատող) մարդկանց ես չեմ տեսել։

Ջորջ Բուռնությանը կար, որ գրական որոշ հոդվածներ էր հրատարակում, նա էլ մահացել է։ Հայաստանում քննադատություններ ադրբեջանական կեղծիքների վերաբերյալ հրատարակում են հայերենով, երբեմն էլ՝ ռուսերենով, բայց միջազգային հանրությանը դրանք հասանելի չեն: Դրա համար է, որ ես իմ գրքերն առաջին հերթին գրում են անգլերենով, հետո թարգմանում եմ հայերեն, որոշ գրքեր՝ նաև ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն։ Ադրբեջանը գիտե՞ք` ինչ ծրագիր ունի․ որ կեղծիքը այնքան ասվի միջազգային հարթակներում, և, քանի որ դրա հակառակն էլ չկա, այն դառնա իրականություն։ Այդտեղ է խնդիրը. դրա համար էլ մենք պետք է անմիջապես ու մշտապես արձագանքենք ադրբեջանական կեղծիքներին։

Իմ  վերջին գրքին ծանոթ եք երևի, թե ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրել հնադարյան քարտեզները՝ ջնջելով Հայաստան անունը։

- Անդրադառնանք Խորհրդային Միության քարտեզին։ Դուք Ձեր ձեռքի տակ ունեք նաև քարտեզներ, որոնք հրապարակային չեն։ Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ քարտեզներ են դրանք, որքանո՞վ կարող է Հայաստանը շրջանառել դրանք։

-Գիտե՞ք ինչ խնդիր կար երեք հանրապետություների միջև․ այնքան   խնդիրներ, տարածքային վեճեր կային, որ ոչ մի քարտեզ չի պատրաստվել։ Առաջին լրջորեն պատրաստված քարտեզն այն ժամանակ էր, երբ Ստալինն ու Լենինը որոշել էին, որ Նախիջևանը պետք է Ադրբեջանինը լինի։ 1922-23 թթ․ Խորհրդային Միությունը պատրաստել է Հայաստանի և Ադրբեջանի առաջին քարտեզները, բայց, քանի որ այդ ժամանակ Խորհրդային Միությունը քարտեզագրական ինստիտուտ չուներ, նրանք ցարական քարտեզների վրա գծել են այդ սահմանները, և այդ քարտեզները ոչ ոք չի տեսել, այսօր էլ դրանք ցույց չեն տալիս, քանի որ դրանք Ադրբեջանի համար նպաստավոր չեն։

Հայաստանի մեջ ոչ մի ադրբեջանական անկլավ գոյություն չուներ։ Այն տարածքները, որը 30-ական (խմբ.` 1930-ական) թվականներին տրվել են Ադրբեջանին,  Հայաստանի (խմբ.` սահմանների) մեջ էին գծված։ Հայաստանի տարածքը 31 հազար կիլոմետր քառակուսու մոտ էր։

Նույնիսկ Խորհրդային Միության  հանրագիտարաններում՝ 1925, 1926, 1927 թվականներին, երբ հանրապետությունների տարածքը նշում են,  Հայաստանինը նշում են 30948 կմ2, Ադրբեջանինը՝ 84680 կմ2։ Այսօր Հայաստանինը 1200-ով  պակասել է, իսկ Ադրբեջանինը 1900-ով ավելացել է։ Հողը չի ծլում, չի ավելանում։ Ուրիշի հողը պետք է յուրացնես, որ ավելանա տարածքդ։ Ահա ինչ է կատարվել խորհրդային օրերին` 1928 թ.-ից մինչև 1940 թ.: Այդ ժամանակ միջազգային քարտեզները պատրաստվել են ոչ շատ որակով։ Հետո էլ՝ 50-ական թվականներին (խմբ.`1950-ական), երբ արդեն լուսանկարվում էին տեղամասերն ամբողջ Խորհրդային Միության տարածքում, իրենք քարտեզները, որը մինչ այդ գծել էին, համեմատելով լուսանկարների հետ, ճշգրտեցին, և 1950-ական թվականներից հետո՝ 1960-ական թվականներին, Խորհրդային Միության վերջնական քարտեզներ սկսեցին պատրաստվել։ Այդ քարտեզները առաջին անգամ 1969-70 թթ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ստորագրվել են, դրանք գաղտնի քարտեզներ են, ամեն քարտեզի վրա գրված է գաղտնի։

Այդ քարտեզները գլխավոր շտաբի քարտեզներն են, և ես, երբ կադաստրում որպես խորհրդական էի աշխատում, խնդրեցի, որ օրինակը ցույց տան ինձ։ Ասացին, որ «դա գաղտնի է, և դուք իրավունք չունեք տեսնելու. հատուկ անհատներ կան, որ իրավունք ունեն դրանք տեսնելու»։ Այդ ընթացքում ես փնտրում էի ինտերնետում և պատահմամբ գտա, որ «հալած կաթ կերած» մեկը գլխավոր շտաբի ամբողջ քարտեզները գցել է համացանց։ Մոտ 150 քարտեզ կար Հայաստանի տարածքի։ Ես այդ բոլորն անմիջապես ներբեռնեցի, մի քանի ամիս հետո ամբողջությամբ  դրանք մաքրեցին համացանցից, վերացավ այդ կայքը։ Մինչև 1930-ական թթ․ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավ չկար, հանկարծ 1936  թվականին  Տավուշում երկու հատ հայտնվում են։ 1939 թվականին Տիգրանաշենն է հայտնվում Երասխի մոտ։ Դրա համար եմ ասում՝ Ադրբեջանի պահանջը անօրինական է անկլավների վերաբերյալ։ Եթե պահանջում է, պետք է թուղթ ներկայացնի, թե ինչպես են տվել իրեն այդ տարածքները, ինչի հիման վրա։

- Պարո՛ն Գալչյան,  Դուք բազմաթիվ գրքերի հեղինակ եք: Վերջերս լույս է տեսել  «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» նոր գիրքը, և շուտով` «Գեղարդ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում, լույս կտեսնի Ձեր հաջորդ գիրքը։ Կմանրամասնե՞ք՝ ինչի՞ մասին է գիրքը։

- Հաջորդ գիրքը երկու մասից է բաղկացած. մեկը կարճ հոդված է` քարտեզներով, պատկերներով, որը ցույց է տալիս, որ  «Արևմտյան Ադրբեջան» կոչված նորաստեղծ անվանումն ամբողջովին կեղծ է, որովհետև ոչ մի գրականության մեջ նման բան գոյություն չունի մինչև 1918 թվականը։ 1918 թվից հետո էլ Արևմտյան Ադրբեջանը չկա մինչև 1950-ական, նույնիսկ 60-ական (խմբ.`1960-ական) թվականները, երբ առաջին անգամ մեկ-երկու անգամ խոսվեց։ Հետո 2007 թ.-ին այս գիրքը հրատարակվեց։  Մի մասը դրա մասին է՝ մանրակրկիտ փաստերով, իսլամական քարտեզների փաստերով։

Ես Հայաստանի պատմությունը, որ ներկայացնում եմ իմ գրականության մեջ, ներկայացնում եմ օտարների քարտեզներով, ոչ թե մեր գծած քարտեզներով։ Քանի որ, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ մենք կարող ենք քարտեզներ գծել մեր ուզած ձևով, բայց որ ուրիշն է գծում քեզ համար, նրանք ավելի անաչառ են։ Երկրորդ հոդվածը, արդեն Աշոտ Մելքոնյանի հետ երկար խոսեցինք, թե ինչ պետք է արվի։ 2014 թվականին Ադրբեջանը հրատարակել է եռալեզու ազգային ատլաս՝ ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն։ Այդ ատլասի մեջ մի քանի հարյուր քարտեզ կա Ադրբեջանի տարածքից։ Եվ կա մի մաս՝ Ադրբեջանը պատմական քարտեզներում։ Եվ որպեսզի փաստեն, որ Ադրբեջան անունը գոյություն ունեցել է հին պատմական քարտեզներում, երբ ներկայացրել են, աշխատել են Հայաստանի անունը ջնջել պատմական հին քարտեզների վրայից և ադպիսի կեղծված քարտեզը տպել իրենց գրքի մեջ։

Քանի որ ես մասնագետ եմ, միանգամից տեսնում եմ, թե աղբյուրը որտեղից է։ Աղբյուրը բացում ես, տեսնում ես, որ  Ադրբեջանի տարածքի վրա գրված է Հայաստան, իսկ իրենց տպած քարտեզի մեջ տեղը դատարկ է, անուն չկա գրված։ Կամ  Մեծ Հայք, եթե գրված է, Մեծ-ը մոռացել են մաքրեն, Հայքը  ջնջել են, իսկ Փոքր Հայքը, քանի որ մանր է գրված եղել, չեն էլ նկատել, որ այդպիսի բան կա, և Փոքր Հայքը մնացել է իրենց տպած քարտեզում։ Եվ նման քսան քարտեզներ կան, որոնք կեղծել և տպագրել են իրենց ատլասի մեջ։ Ես շատ դժվարությամբ, բայց այդ քարտեզի կրկնօրինակը գտա ԱՄՆ-Մոսկվա-Բաքու ճանապարհով։ Ես այդ ատլասն ունեմ, տեսել եմ՝ ինչ է գրված այնտեղ։

Մի հետաքրքիր բան էլ լսեցի սրանից մի 5 տարի առաջ։ Ադրբեջանը հրատարակել է՝ «Ադրբեջանը միջնադարյան քարտեզներում»։ Ուրեմն բացատրությունը տալիս է 20 եվրոպական միջնադարյան քարտեզ, որոնց մեջ Ադրբեջան անունը գոյություն ունի։ Ես շատ զարմացա, որովհետև ոչ մի միջնադարյան քարտեզի մեջ Ադրբեջան անունը գոյություն չունի։

Պարսկական շրջանում Ատրոպատեն-Ատրպատական գոյություն ունի Արաքսից հարավ, բայց դրանից վերև՝ հյուսիս, գոյություն չունի։ Մոսկվայում ապրող ընկերոջս խնդրեցի, որ ատլասի մեկ օրինակ գնի․ «կարծեմ 300-400 դոլար պետք է լինի»։ Երկու օր անց ընկերս զանգեց, թե ատլասի անունը կա գրախանութում, բայց ատլասը չկա։ Քանի որ արժեքը 4500 դոլար է, ոչ ոք չի առնում դա։ 20 էջանոց ատլասի արժեքը այդքան թանկ են դրել, քանի որ տպագրելուց հետո հասկացել են՝ ինչ հիմար գործ են արել։ Որպեսզի ատլասը ոչ ոք չառնի և հետագայում էլ քննարկման նյութ չդառնա. գինն այդքան մեծ է։ Իսկ նույն Թուրքիան ավելի խոհեմ գտնվեց․ 2005 թվականին գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարից երկու տաղավար այն կողմ Թուրքիայինն էր, քարտեզների  գրքեր ունեին, գնացի, մոտեցա, նայեցի։ Հին օսմանյան ձեռագիր քարտեզ-գիրք կար, համոզեցի վաճառել ինձ, չվաճառեցին։ Հետո հարցրեցի՝ այստեղ քարտեզագիր ունե՞ք, պատասխանցեին՝ այո, այստեղ է, գնացել է բրիտանական գրադարան, որ ուսումնասիրի քարտեզները։ Գիրք է պատրաստում` «Թուրքիան միջնադարյան քարտեզներում»։ Այցեքարտս տվեցի, ասեցի տվեք ձեր մասնագետին, ես այդ բոլոր քարտեզների պատճենները վերցրել եմ գրադարանից, կարող եմ իրեն անվճար տրամադրել։ Մինչև այսօր չեն հրապարակել այդ գիրքը, քանի որ գիտեն` Թուրքիա անունը չկա  միջնադարյան քարտեզների մեջ։ Քննելով, տեսնելով` ինչ է վիճակը, չհրապարակեցին, իսկ Ադրբեջանն, առանց հասկանալու՝ ինչ է անում,  հրատարակեց և արժեքը այնպես դրեց, որ ոչ ոք չուզենա առնել։

Հարցազրույցը վարեց Տիրուհի Բայբուրդյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում