2026

Պանթյուրքիզմի գաղափարախոսության առաջացումն ու տարածումը թյուրքական ժողովուրդների շրջանում

2024-05-16

Պանթյուրքիզմը ազգայնական գաղափարախոսություն և քաղաքական-մշակութային շարժում է, որն առաջացել է 19-րդ դարի վերջերին: Համաձայն պանթյուրքիզմի գաղափարախոսության` թյուրքալեզու ժողովուրդներն ունեն ընդհանուր ծագում, պատմություն և մշակութային ավանդույթներ: Այդ գաղափարախոսության համաձայն` Թուրքիայում, Կիպրոսում, Բալկանյան թերակղզում, նախկին Խորհրդային Միության տարածքում, Իրաքում, Իրանում, Աֆղանստանում և Արևելյան Թուրքեստանում (Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում) ապրող թյուրքախոս ժողովուրդները պետք է համախմբվեն մեկ պետության (Թուրանի) մեջ` Թուրքիայի գլխավորությամբ[1]:

 Պանթյուրքիզմի գաղափարախոսության ձևավորման համար կարևոր  գործոններ են հանդիսացել արևելագիտության զարգացումը Եվրոպայում, Ռուսական կայսրության քաղաքականությունը` իր տարածքում բնակվող մուսուլման բնակչության նկատմամբ, Եվրոպայում Օսմանյան կայսրության նվաճողական քաղաքականության ձախողումը: Այս հարցում կարևոր էր նաև տարբեր տեսակի «պան» շարժումների ընդօրինակումը: Իրանական որոշ մտածողներ կարծում են, որ պանթյուրքիզմը նախ և առաջ հակաիրանական ուղղվածություն ուներ[2]:

Թյուրքերի շրջանում պանթյուրքական գաղափարախոսությունը առաջ եկավ Ռուսաստանյան կայսրության տիրապետության տակ գտնվող թյուրքական ժողովուրդների շրջանում: Գաղափարախոսության հիմնադիրներն էին Իսմայիլ Գասպարլին (Ղրիմում ազգությամբ թաթար մանկավարժ, քաղաքական գործիչ և հրապարակախոս), Յուսուֆ Աքչուրան (սիբիրյան թաթար մանկավարժ) և այլք: Նրանց կողմից առաջ քաշված տեսություններում ներկայացվեց թյուրքական ծագում ունեցող ժողովուրդներին մեկ թյուրքական պետության մեջ միավորելու գաղափարը: Ըստ այդմ` Կովկասի, Վոլգա-Ուրալյան տարածաշրջանի, Ղրիմի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու բոլոր ժողովուրդները պետք է միավորվեն  թյուրքական մեծ պետության մեջ։

Օսմանյան կայսրությունում պանթյուրքիզմի առաջին տեսաբաններից էր հունգարացի արևելագետ և ճանապարհորդ Արմին Վամբերին, ով 1857-1863 թթ. օսմանյան սուլթանի խորհրդականն էր: Ըստ նրա` թյուրքական բոլոր ցեղերը պատկանում են մեկ խմբի, սակայն ունեն որոշակի տարբերություններ: Նա մասնավորապես նշում էր, որ անատոլիացիները, ադրբեջանցիները, թուրքոմանները, ուզբեկները, ղըրղըզները և թաթարները մասնիկներ են, որոնց միավորումից կարող է առաջնալ հզոր ուժ, որն էլ ավելի ուժեղ կարող է մրցել իր հյուսիսային մրցակից Ռուսաստանի հետ:

Այդ գաղափարախոսությունը լայն տարածում գտավ հատկապես Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում: Տվյալ ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունը կործանումից փրկելու համար սկսվել էին քաղաքական, սոցիալական և տնտեսական որոշակի գործընթացներ: Պանթյուրքիզմի գաղափարներն ի վերջո  20-րդ դարի սկզբին վերածվեցին քաղաքական շարժման:

 Պանթյուրքիզմի գաղափարախոսության զարգացման ու տարածման գործում զգալի նշանակություն ունեցավ թուրք գրող, սոցիոլոգ և քաղաքական գործիչ Զիա Գյոքալփը (1876-1924 թթ․): Նրա առաջ քաշած տեսության համաձայն՝ թյուրքական բոլոր ժողովուրդները պետք է միավորվեն մեկ պետության՝ Թուրանի մեջ: Նա առաջարկում էր հետևյալ երեք փուլերը`

  1. Օսմանյան կայսրությունում ապրող ազգային փոքրամասնությունների թուրքացում:
  2. Պանթյուրքիզմի գաղափարների տարածում Իրանի ատրպատականցիների և Կովկասի մուսուլմանների շրջանում, վերջիններիս միավորում մեկ միասնական թյուրքական պետության շրջանակում:
  3. Թուրքական առանցքի շուրջ[3] Ասիայի թուրանական բոլոր ժողովուրդների միավորում:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իշխող երիտթուրքերը պանթյուրքիզմն ընդունեցին որպես պետական ​​քաղաքականության առաջնորդող սկզբունք։ Պանթյուրքիզմի իրականացման ճանա- պարհին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը։ Այդ ամենը շարունակվեց, երբ 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո թուրքական զորքերը փորձեցին գրավել Այսրկովկասն ու Ատրպատականը: Այս տարածքներում թուրք-թաթարական ուժերի կողմից շարունակվեցին հայերի կոտորածները: Շարժումը անկում ապրեց միայն Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, երբ թուրքական զորքերը ետ քաշվեցին այդ տարածքներից։ 

Այնուամենայնիվ, պանթյուրքիզմի գաղափարախոսությունը շարունակում է մնալ թյուրքական օրակարգում: Պանթյուրքիստական գաղափարներն արդի Թուրքիայում կրում են «Ազգայնական շարժում» կուսակցությունը, «Գորշ գայլեր» ազգայնական-ծայրահեղական խմբավորումը և այլ կառույցներ:

Պանթյուրքիստական ազգայնամոլական-շովինիստական այդ գաղափարախոսության թիրախում շարունակում է մնալ Հայաստանը։ Պանթյուրքիստների կողմից այն դիտարկվում է որպես խոչընդոտ` ցամաքային կապ հաստատելու Ադրբեջանի հետ։ Այդ է պատճառը, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամեն կերպ ձգտում են ցամաքային միջանցք (Զանգեզուրի միջանցք)  ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքով:

[1] Encyclopedia islamica

[2] Մկրտչյան Ս., Պանթյուրքիստական հոսանքները ժամանակակից Իրանում, Երևան, 2018, էջ 11:

[3] Այս մասին մանրամասն տե՛ս Սաֆարյան Ա., «Թյուրքականության հիմունքները», Երևան, 2012:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում