2026
2024-05-11
XIX դ. սկզբին Անդրկովկասը և Արևելյան Հայաստանը շարունակում էին գտնվել պարսկական տիրապետության տակ: Դրանք մասնատված էին կիսանկախ բազմաթիվ մանր իշխանությունների, որոնք շարունակ ընդհարումների մեջ էին միմյանց հետ: Անդրկովկասի վարչատարածքային քարտեզը ներկայացնում էր հետևյալ պատկերը. Քարթլի-Կախեթի միացյալ թագավորություն (Արևելյան Վրաստան), Իմերեթիայի թագավորություն, Գուրիայի, Մեգրելիայի, Աբխազիայի, Աջարիայի իշխանություններ, Ախալցխայի փաշայություն, Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի, Մակուի, Ղուբայի, Շաքիի, Շիրվանի, Բաքվի և Թալիշի խանություններ:
Արևելյան Հայաստանը ընդգրկում էր Երևանի նահանգը, Արցախը, Սյունիքը, Լեռնային Գանձակը, Լոռին, Փամբակը, հայկական Բորչալուն, Ջավախքը:
Իր հարաբերական անկախությունը պահպանած Արևելյան Վրաստանը, չկարողանալով սեփական ուժերով դիմագրավել օտար նվաճողներին և հաղթահարել ներքին հակամարտությունները, գոյատևման ելքը տեսնում էր Ռուսաստանի հովանավորության ներքո: 1801 թ. հունվարի 18-ին Պավել I կայսրը հրապարակեց Վրաստանը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ մանիֆեստը: Ցարական մանիֆեստը Քարթլի-Կախեթի թագավորությունը Ռուսաստանին միացնելը ներկայացում էր որպես «ընդառաջումն» Գեորգի XII-ի խնդրանքին և որպես «դեպի վրաց ժողովուրդն ունեցած գթառատություն»: Մանիֆեստով, ըստ էության, ցարական կառավարությունը հրաժարվում էր ավելի քան մեկ դար հետապնդած քաղաքական ծրագրից, այն էր՝ հայ-վրացական միացյալ թագավորություն ստեղծելու մտադրությունից, և սկսել էր Այդրկովկասի նկատմամբ նվաճողական քաղաքականություն վարել:
Այս իրողությամբ նոր շրջան սկսվեց ռուս և Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդների փոխհարաբերություններում: Հայերը հիմնականում խանդավառությամբ ընդունեցին Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանի հպատակության տակ անցան Վրաստանում բնակվող բազմահազար հայեր, և Արևելյան Հայաստանից ռուսական կայսրության կազմի մեջ մտան Փամբակի, Լոռու, Ղազախ-Շամշադինի գավառները:
1804-1813թթ. տեղի ունեցավ ռուս-պարսկական առաջին պատերազմը: Երևանի խանի (սարդար) հպատակության տակ գտնվող Շորագյալի (Շիրակի) շրջանի (սուլթանություն) Բուդաղ սուլթանը 1805 թ. հոկտեմբերին ընդունեց ռուսական հպատակություն: Շորագյալի նվաճումը Ռուսաստանի համար ունեցավ ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նշանակություն:
Ռուսական դիվանագիտության համար մեծ հաջողություն էր Ղարաբաղի խանության խաղաղ հպատակեցումը:
Գեներալ Պավել Ցիցիանովը 1805 թ. սկզբներին ուժեղացնում է ճնշումը Ղարաբաղի Իբրահիմ խանի նկատմամբ՝ պահանջելով ընդունել ռուսական հպատակություն: Այդ նպատակով Շուշի ժամանած մայոր Դմիտրի Լիսանևիչի հետ բանակցությունները ձգձգելու խանի փորձերն անցնում են ապարդյուն: Պ. Ցիցիանովն Իբրահիմ խանին զգուշացնում է, որ բանակցությունների հետագա ձգձգումը կունենա ծանր հետևանքներ` ընդհուպ մինչև զենքի գործադրում: Միայն դրանից հետո Իբրահիմ խանը ընդունում է Պ. Ցիցիանովի պահանջը: 1805 թ. մայիսի 14-ին Քյուրակչայ գետի ափին գեներալ Ցիցիանովի և Իբրահիմ խանի միջև ստորագրվում է Ղարաբաղի՝ ռուսական հպատակություն ընդունելու մասին պայմանագիրը:
Քյուրակչայի պայմանագրով Ռուսաստանի տիրապետությանն է անցնում Արևելյան Հայաստանի՝ այդ շրջանում Ղարաբաղի խանության կազմում գտնվող Զանգեզուրը՝ Ղափանի, Սիսիանի և Գորիսի շրջաններով:
1805 թ. մայիսի 27-ին Քյուրակչայի ափին համանման պայմանագիր է ստորագրում նաև Շաքիի Սելիմ խանը: 1805-1806 թթ. ռուսական հպատակություն են ընդունում Բաքվի և Դերբենդի խանությունները: 1813 թ. հոկտեմբերի 12-ի Գյուլիստանի պայմանագրով Իրանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումներն Անդրկովկասում`Ռուսաստանի սեփականությունը համարելով Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Ղարաբաղի, Գանձակի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագյալի (Շիրակի) գավառները: Գյուլիստանի պայմանագիրը սահմանափակեց Միջին Արևելքում բացարձակ գերակայության հասնելու անգլիացիների ծրագրերը: Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք է ստանում:
Ռուս-պարսկական երկրորդ պատերազմն (1826-1828թթ.) ավարտվեց 1828 թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով, որով «Նորին մեծություն պարսկական շահը իր անունից և իր թագաժառանգների և ժառանգորդների անունից Ռուսական կայսրությանն է զիջում, որպես նրա կատարյալ սեփականությունը, Երևանի խանությունը՝ Արաքսի այս և այն կողմերում, և Նախիջևանի խանությունը»:
Պայմանագրի կնքումով խափանվեցին Անդրկովկասում Իրանի դիրքերն ամրապնդելու և նրան Ռուսաստանի դեմ օգտագործելու արևմտյան տերությունների ծրագրերը: Պայմանագիրն ամրագրում է. «…Կովկասյան լեռների և Կասպից ծովի միջև ընկած բոլոր հողերն ու բոլոր կղզիները, ինչպես նաև այդ երկրներում ապրող բոլոր քոչվոր և մյուս ժողովուրդներն առհավետ պատկանում են Ռուսական կայսրությանը»: Ռուսաստանի հարավային սահմանները ձգվեցին մինչև Կուր-Արաքսի շրջանը:
Արևմտյան Վրաստանի իշխանությունները և Ախալցխայի փաշայությունը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին, սակայն ունեին ներքին որոշ ինքնուրույնություն:
Անդրկովկասի միացումը Ռուսաստանին առաջադիմական նշանակություն ունեցավ այնտեղ ապրող ժողովուրդների` հատկապես քրիստոնյա հայ ժողովրդի համար: 1801-1828 թթ. Անդրկովկասի և Արևելյան Հայաստանի միացումով Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը թևակոխեց որակական նոր փուլ: