2026
2024-05-08
Գանձակ-Ելիզավետպոլի նահանգը հայ ժողովրդի մի հատվածի հայրենիքն է և նշանակալից դեր է խաղացել հայության կյանքում: Պատմական Սյունիք, Արցախ և Ուտիք նահանգներից որոշ տարածքներ ընդգրկված էին Գանձակի նահանգում:
16-րդ դարի երկրորդ կեսից Գանձակը գտնվել է Իրանի տիրապետության տակ՝ կազմելով Գանձակի կամ Ղարաբաղի բեկլարբեկությունը: 1747 թվականին Իրանում Նադիր շահի մահից հետո ձևավորվում է Գանձակի խանությունը: 1804 թ. հունվարին ռուսական զորքերը, գեներալ Պավել Ցիցիանովի գլխավորությամբ, գրավելով խանությունը, այն միացնում են Վրաստանին և ընդգրկում Ռուսաստանի կազմի մեջ: Խանությունը վերանվանվում է Ելիզավետպոլի (ռուսական կայսրուհի Ելիզավետայի պատվին) մարզ՝ Ելիզավետպոլ կենտրոնով: 1813 թ. հոկտեմբերի 12-ի Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումներն Անդրկովկասում: Ռուսաստանին է անցնում նաև Գանձակի խանությունը: 1828 թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով այդ տարածքները վերջնականապես միացվում են ռուսական կայսրությանը: Ռուսաստանին միանալուց հետո տեղի քրիստոնյա ժողովուրդների (այդ թվում հայերի համար) ստեղծվեցին բարենպաստ պայմաններ` հասարակական-քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման համար: Սակայն գրավված տարածքները ռուսական կայսրությունը համարում էր իր գաղութները:
Անդրկովկասում վարչատարածքային քաղաքականություն իրականացնելիս ռուսական կառավարությունն անտեսում էր երկրամասի բնակչության ազգային առանձնահատկությունները: Վարչական սահմանները գծվում էին կամայականորեն` անտեսելով այդ տարածքներում ապրող ժողովուրդների էթնիկ պատկանելությունը, աշխարհագրական տարածքները և այլ գործոններ: Հայկական շրջանները ներառվում էին վարչական տարբեր միավորների մեջ, որն իր բացասական ազդեցությունն էր թողնում հայ բնակչության ինքնության պահպանման վրա:
Ելիզավետպոլի մարզը ևս բացառություն չէր. երկրամասի վարչական սահմանները որոշելիս անտեսվում էին հատկապես հայ ազգաբնակչության շահերը: Այսպես` 1840 թ. Հայկական մարզը վերացվեց և Անդրկովկասում կազմավորվեցին Վրացա-Իմերեթական նահանգն ու Կասպիական մարզը` Թիֆլիս և Շամախի կենտրոններով: Առաջինի մեջ ներառվեցին նաև Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Գանձակ-Ելիզավետպոլի գավառները, երկրորդում՝ Ղարաբաղը և հայաշատ այլ վայրեր: Այդ բաժանման հիմքում ընկած էին Պարսկաստանի վարչամիավորների՝ խանությունների տարածքային սահմանները: Ելիզավետպոլի գավառը ներառում էր նախկին Գանձակի խանությունն ու Շամշադինի և Ղազախի ուղեմասերը: 1846 թ. վարչական նոր բաժանմամբ Ելիզավետպոլը կրկին ներառվեց Թիֆլիսի նահանգի մեջ:
1867 թ. դեկտեմբերի 9-ի վարչական բաժանմամբ՝ կազմավորվեցին Քութայիսի, Թիֆլիսի, Բաքվի, Երևանի և Ելիզավետպոլի նահանգները: Վերջինս կազմավորվեց Թիֆլիսի, Բաքվի, Երևանի նահանգների տարածքների հաշվին: Երևանի նահանգից անջատվեց Մեղրիի շրջանը և միացվեց Ելիզավետպոլին: Արդյունքում` Ելիզավետպոլի նահանգն ունեցավ ութ գավառ՝ Ելիզավետպոլ, Արեշ, Ղազախ, Շուշի, Նուխի, Զանգեզուր, Ջեբրաիլ, Ջհանշիր: Այն իր տարածքով ամենաընդարձակն էր Անդրկովկասում՝ զբաղեցնելով Կուր-Արաքս գետերի ավազանը և ձգվում էր մինչև Փոքր Կովկասի լեռները: Հայկական տարածքներից նահանգի կազմում էին Սյունիքը, Արցախը և Ուտիքը:
Բուն հայկական տարածքներից բացի` հայերը բնակվում էին նաև երկրամասի այլ տարածքներում:
Երկրամասում հայության ներկայության մասին վկայում են հայկական և օտար գրավոր աղբյուրներն ու նյութական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ:
19-րդ դարի պրուսացի ճանապարհորդ Ավգուստ ֆոն Հակստհաուզենը, նկարագրելով Բեզովդալի լեռնաշղթայի երկարությամբ տարածված Շամախիի լեռնային և Շաքիի շրջանները, գրում է. «Ամենուր հանդիպում են քանդված ու կիսաքանդ քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի մնացորդներ, որոնք նախկինում և այժմ պատկանում են հայերին»[1]: Կովկասի գիտակ, ցարական կառավարության պաշտոնյա, պետական խորհրդական ֆոն Գագեմեյստերը փաստում է. «Կասպիական մարզի արևմտյան մասում տեղաբնիկներ են հայերը և ուտիները, իսկ մնացած առկա ցեղերը եկվորներ են, որոնք, հաստատվելով այս տարածքներում, հիշյալ բնակիչների մի մասին ոչնչացրին, իսկ մյուսներին ստիպեցին թողնել իրենց բնակավայրերը և գաղթել: Նրանք, ովքեր մնացին, ստիպողաբար հրաժարվեցին իրենց հարթավայրային տարածքներից ու ամրացան նախալեռնային ու լեռնային շրջաններում»[2]:
Բացի հայերից` տեղաբնիկներ էին նաև ուդիները: Երկրամասի մյուս ժողովուրդները եկվորներ էին, որոնք այս տարածքում հայտնվել էին ուշ միջնադարից, իսկ ավելի ուշ՝ 19-րդ դարի առաջին տասնամյակներից սկսած, գերմանացիներն ու ռուսները:
Երկրամասի համար աղետալի էին 1720-ական թթ. օսմանյան բանակների ներխուժումները, 1794-1797 թթ. Պարսկաստանի Աղա Մահմադ խանի արշավանքներն ու 1804-1813թթ. և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմները:
Էթնոժողովրդագրական պատկերի վրա լրջորեն ազդում էին նաև տնտեսական ու կրոնական ճնշումներն ու հաճախակի կրկնվող համաճարակները: 1797-1798 թթ. Ղարաբաղի և Գանձակի խանություններից գաղթեց 1100 ծուխ հայ[3]: Հետագա տասնամյակներում Անդրկովկասի տարբեր վայրերում նկատվող հայ ազգաբնակչության աճը տեղի էր ունենում նաև Ելիզավետպոլի նահանգի հայ բնակչության տեղաշարժերի հաշվին:
1804 թ. ռուսական զորքերի կողմից Գանձակի խանության գրավումից հետո այն միացվեց Ռուսաստանին: Մարզը զբաղեցնում էր շուրջ 8000 քառակուսի կիլոմետր տարածք և ուներ մոտ 18000 բնակչություն[4]: Ռուսական զորքերի կողմից Գանձակի գրավումից հետո մահմեդական բնակչության մի ստվար զանգված գաղթեց Պարսկաստան: Արդյունքում` մեծացավ հայ բնակչության թիվը, որն էլ իր հերթին համալրվեց Երևանի խանությունից և Կարսի փաշայությունից տարագրված հայերով[5]: Աստիճանաբար ավելանում էր նաև թուրք-թաթարական բնակչության թվաքանակը:
Միջնադարյան հայ և օտար գրավոր աղբյուրներում թյուրքական ու թաթարական ցեղերը հիշատակվում էին «թաթար» անունով: Այդպես շարունակվեց նաև ցարական Ռուսաստանի տիրապետության շրջանում:
1815 թ. Տվյալներով` Ելիզավետպոլ քաղաքի բնակչության թիվը 6500 էր[6]: 19-րդ դարի առաջին տասնամյակներում Ելիզավետպոլ քաղաքի և համանուն գավառի ազգաբնակչությունը կազմում էր 2044 հայ ընտանիք՝ 9884 մարդ[7]: 1824 թ. քաղաքի բնակչությունը կազմում էր 1500 ծուխ` 7000 մարդ: Հայերը համեմատաբար մեծամասնություն էին կազմում քաղաքներում[8]: 1840-ական թվականներին գավառի ազգաբնակչության հիմնական մասը հայերն էին, ապա՝ թյուրք-թաթարները, ռուսները, գերմանացիները և այլք: Թաթարները զբաղեցնում էին Ելիզավետպոլի նահանգի լավագույն տարածքները: 1865 թվականի տվյալներով (նահանգի կազմավորման նախօրյակին) Ելիզավետպոլ քաղաքում բնակվում էր 15081 մարդ (9734 արական, 5347 իգական), ըստ ազգության` հայեր՝ 7948, թաթարներ՝ 7133[9]: Վերջիններիս մոտ կանանց թիվը 3,5 անգամ պակաս էր տղամարդկանց թվից:
1865 թ. Ելիզավետպոլի գավառում բնակվում էր 60017 մարդ (42132 արական և 17885 իգական), Ելիզավետպոլ քաղաքի բնակչության հետ միասին` 75098 մարդ[10]: Այդ տարածքներում 1873 թ. ապրում էր 100․050[11], իսկ 1886-1887 թթ.՝ 122883 մարդ[12]:
[1] Август фон Гакстгаузен, Закавказский край. Заметки о семейной и общественной жизни и отношениях народов, обитающих между Черным и Каспийским морями, СПб., 1857, с. 208.
[2] Юлий фон Гагемейстер, Каспиская область, СПб., 1838, с. 8-9.
[3] Собрание актов относящихся к обозрению истории армянского народа, ч. I, Москва, 1836, с. 32-33.
[4] Иваненко В., Гражданское управление Закавказьем, Тифлис, 1901, с. 47.
[5] Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթ. 37, վավերագիր 360:
[6] Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Դ. Թաղիադեանց Վ.Ա. սարկաւագի սրբոյ Էջմիածնի ի Հայս, հ. Առաջին, Կալկաթա, 1847, էջ 305:
[7] Երիցեան Ալ., Ամենայն Հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի հայք 19-րդ դարում, Մասն Ա, Թիֆլիս, 1894, էջ 139:
[8] Иваненко В., Гражданское управление Закавказьем, Тифлис, 1901, с. 125, АКАК, т. VI, ч. I, док. N 1356-1359.
[9] Сборник статистических сведений о Кавказе, т. I, Тифлис, 1869, с. 22.
[10] Сборник статистических сведений о Кавказе, т. I, Тифлис, 1869, с. 74-75.
[11] Сборник статистических сведений о Кавказе, т. IV, Тифлис, 1878, т. VII, Тифлис, 1880,
[12] Գ. Առաքելյան, Գանձակ-Ելիզավետպոլի բնակչությունը XIX դարում, Եր., 2003, էջ 10: