2026
2024-05-05
Պանթյուրքիզմը գաղափարական, քաղաքական և մշակութային շարժում է, որի նպատակը թյուրքալեզու ժողովուրդների համախմբումն է մեկ միասնական պետության՝ Մեծ Թուրանի մեջ։ Մեծ Թուրանի իրագործման պանթյուրքիստական ծրագրերում Հայաստանը դիտվել է որպես խոչընդոտ: Եթե երիտթուրքերի համար Մեծ Թուրանի ստեղծումը ազգային գաղափարախոսություն էր, ապա Հանրապետական Թուրքիան կարևոր էր համարում Թուրանի ճանապարհը բաց պահելը: Այդ առումով Նախիջևանը կարևոր նշանակություն ուներ այդ ծրագրերի իրագործման ճանապարհին։ Մուստաֆա Քեմալը, լավ գիտակցելով Նախիջևանի կարևորությունը, այն ընդգրկել էր 1920 թ․ ընդունված Ազգային ուխտի քարտեզի սահմաններում[1]։
Մինչև Մոսկվայի պայմանագրի կնքումը (1921 թ․ մարտի 16)՝ բանակցությունների համար Ռուսաստան մեկնող թուրքական պատվիրակության անդամ Յուսուֆ Քեմալ բեյը Անկարայում հանդիպել է Մուստաֆա Քեմալի հետ և հարցրել, թե եթե ռուսները պնդեն Նախիջևանի հարցում` ի օգուտ հայերի, իրենք ի՞նչ պետք է անեն: Մուստաֆա Քեմալը պատասխանել է, որ Նախիջևանը թյուրքերի դարպասն է, սա հաշվի առնելով՝ պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի այն ընդգրկվի Թուրքիայի կազմում[2]։
Քեմալականներին չհաջողվեց Նախիջևանը միացնել Թուրքիային, բայց Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ամեն բան արվեց, որ այն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։
1921 թ․ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Նախիջևանը անցավ Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը` առանց երրորդ երկրի զիջելու իրավունքի։ Մուստաֆա Քեմալն ամեն գնով ձգտում էր սահման ունենալ Նախիջևանի հետ, որը կարողացավ իրականացնել միայն 1932-1934 թթ․։ Բանակցությունների արդյունքում 1932 թ. Թեհրանում ստորագրվեց «Թուրքիայի և Իրանի միջև սահմանային գծի որոշման մասին համաձայնագիրը»[3]: Իրանից 8-10 կիլոմետրանոց հատված թողնվեց Թուրքիային, որով վերջինս սահման ունեցավ Նախիջևանի հետ[4]։
Այս գործարքը ռազմավարական մեծ նշանակություն ունեցավ Թուրքիայի համար՝ պանթյուրքական ծրագրերն իրագործելու համար, որի իրականացման ցամաքային ճանապարհը Թուրքիայի և Նախիջևանի միջև եղած այդ միջանցքն էր:
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Նախիջևանում և հարակից տարածքներում ադրբեջանական իշխանությունները վարեցին տեղի հայ բնակչության հայաթափման և հայկական հետքի վերացման քաղաքականություն։ Եթե խորհրդային տարիներին Թուրքիայի Հանրապետությունը հնարավորություն չուներ որևէ կերպ ներթափանցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածք, ապա 1991 թ․-ից հետո նրան հաջողվեց։ Ներկայումս Թուրքիան ուժեղացնում է իր դիրքերը Նախիջևանում։ Սակայն պանթյուրքական ծրագրերը չեն կարող իրագործվել միայն Նախիջևանի միջոցով։ Անհրաժեշտ է ուղիղ ցամաքային կապ հաստատել Նախիջևանի և 2020 թ․-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի միջև։ Դա է պատճառը, որ Ադրբեջանն ու Թուրքիան համառ ջանքեր են գործադրում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրագործման ուղղությամբ։
Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
[1] Misak-ı Millî Beyannamesi, https://www.ttk.gov.tr/belgelerle-tarih/misak-i-milli-beyannamesi/ վերջին դիտում՝ 17. 04.24:
[2] Türkiye'nin Türk dünyasına açılan kapısı: Nahçıvan, https://www.trthaber.com/haber/gundem/turkiyenin-turk-dunyasina-acilan-kapisi-nahcivan-798187.html, վերջին դիտում՝ 17. 04.24:
[3]Türkiye - İran hudut hattının tayini hakkında Tahranda 23 kânunusa https://www5.tbmm.gov.tr/tutanaklar/KANUNLAR_KARARLAR/kanuntbmmc011/kanuntbmmc011/kanuntbmmc01102011.pdf , վերջին դիտում՝17. 04.24:
[4] Türkiye - İran hudut hattının tayini hakkında Tahranda 23 kânunusa Ağrı Olayları ve 1932 Türkiye-İran Antlaşması Temelinde Kürt Meselesine Bakış, https://www.fikirtepemedya.com/tarih/agri-olaylari-ve-1932-turkiye-iran-antlasmasi-temelinde-kurt-meselesine-bakis/,վերջին դիտում՝17. 04.24: