2026

Մարդու իրավունքների խախտումների և բռնաճնշումների աճ Ադրբեջանում COP29-ին ընդառաջ

2024-04-29

Ադրբեջանում շարունակվում են բռնաճնշումները ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ։ Ադրբեջանը ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է իրականցնում հայերի նկատմամբ, որի վառ ապացույցը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմն էր, այլև քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող սեփական քաղաքացիների նկատմամբ: «Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում» վարկանիշում Ադրբեջանը, դասվելով ոչ ազատ երկրների շարքին, շարունակում է խոսքի ազատության սահմանափակումները, ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ ճնշումները և հետապնդումները: Հատկանշական է, որ բռնաճնշումների ալիքը շարունակում է աճել Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության կոնֆերանսի (COP29) ֆոնին, որը 2024 թվականի նոյեմբերին պետք է կայանա Ադրբեջանում:

Քաղաքական բռնաճնշումներ և քաղբանտարկյալների թվաքանակի աճ Ադրբեջանում

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը նկատելիորեն վատթարացել է` պայմանավորված այլախոհության և քաղաքական ազատությունների ճնշումների զգալի աճով։ 2024 թվականի մարտին ադրբեջանական «Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի մտահոգիչ աճը: Երեք ամսվա ընթացքում քաղբանտարկյալների թիվը ավելացել է 43-ով՝ հասնելով 288-ի։ Այս ցուցանիշը 2001 թվականի հունվարին Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությունից [coe.int] ի վեր գրանցված քաղբանտարկյալների ամենաբարձր թիվն է [Kavkaz-uzel], որով էլ պայմանավորված է քաղաքական ազատությունների լուրջ հետընթացը Ադրբեջանում:

Աղմկահարույց այդպիսի դեպքերից է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության և Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի անդամ Թոֆիգ Յագուբլուի դեպքը: 2024 թվականի ապրիլի 6-ին Ադրբեջանում Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Յագուբլուի ազատազրկման ժամկետը՝ խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։ Ընդդիմադիր գործիչը բազմիցս ձերբակալվել է և 2014 թվականի մարտին դատապարտվել  5 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները դատապարտել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Յագուբլուի կալանավորումը ճանաչել է մարդու իրավունքների խախտում [Meydan.tv

Փաստաթղթերի կեղծման և օգտագործման, ինչպես նաև խարդախության մեղադրանքներով է դատապարտվել նախորդ տարվա հուլիսի 26-ին ձերբակալված «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Էլխան Ալիևը։ 2024 թվականի ապրիլի 1-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Ալիևը հերքում է մեղադրանքները՝ պնդելով դրանց քաղաքական բնույթը [Meydan.tv

Ադրբեջանում ակտիվիստներին բանտարկելու և այլախոհներին լռեցնելու միջոց է թմրամիջոցների տարածման և պահպանման մեղադրանքներով դատապարտումները։ Նման մեղադրանքով 2024 թ․ ապրիլի 2-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել նախորդ տարվա օգոստոսի 11-ին ձերբակալված արհմիութենական ակտվիստ Այխան Իսրաֆիլովին։ Վերջինս պնդում է, որ իր ձերբակալությունը շինծու է և կապված է արհմիութենական գործունեության հետ: Նա նշել է, որ ոստիկանական բաժանմունքում ցուցմունք է տվել ֆիզիկական ճնշման և սպառնալիքի ներքո, և  ձերբակալության հրահանգը եղել է «վերևից» [Meydan.tv, JAMnews]։ Ադրբեջանում դատական իշխանության կոռումպացված, երկրի քաղաքական իշխանություններին ենթարկվելու և անկախ չլինելու մասին է արձանագրել «Ֆրիդոմ Հաուսը»։

Նշենք, որ 2023 թ. օգոստոսին արհմիութենական այլ ներկայացուցիչներ, մասնավորապես արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Աֆիյադին Մամեդովն ու ակտիվիստ Էլվին Մուստաֆաևը ևս ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության կողմից`սննդամթերքի առաքիչի մոպեդների ձերբակալման դեմ բողոքի ակցիայից հետո [Meydan.tv, JAMnews

Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ուժերի այլ ներկայացուցիչներ ևս ձերբակալվել են` թմրամիջոցների հետ կապված մեղադրանքներով: Ըստ վերջիններիս` մեղադրանքներն անհիմն են և ունեն  քաղաքական դրդապատճառներ: Մասնավորապես, 2024 թվականի ապրիլի 11-ին ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» լրատվակայքը հայտնել է «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Էլբայ Քարիմլիի 6 տարվա ազատազրկման մասին՝ կրկին  զգալի քանակությամբ թմրամիջոցներ պահելու և տարածելու մեղադրանքով։ Քարիմլին հերքում է մեղադրանքները՝ պնդելով դրանց կեղծ լինելը [Meydan.tv

Նույն մեղադրանքով են նախորդ տարվա ընթացքում ձերբակալվել նաև Ժողճակատի երկու անդամներ Էլնուր Հասանովն ու Սահիբ Մամմեդզադեն։ Ըստ  Ժողճակատի հայտարարության` այս բանտարկությունները ևս կրել են քաղաքական դրդապատճառներ [Meydan.tv

Նշենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նախատեսում էր 2024 թ․ ապրիլի 21-ին իրականացնել բողոքի ցույց՝ մի շարք պահանջներով, այդ թվում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու [Meydan.tv

Խոսքի և ԶԼՄ-ների ազատության ճնշում Ադրբեջանում

Ադրբեջանում մամուլի ազատությունը ևս շարունակում է վտանգված լինել։ Ընդդիմադիր լրատվամիջոցները ենթարկվում են կիբերհարձակումների, փակվում են լրատվական կայքեր, լրագրողների նկատմամբ իրականացվում են ոտնձգություններ և ձերբակալություններ: Այս ամենը Ադրբեջանում ազատ խոսքի արտահայտման սահմանադրական երաշխիքների համակարգված խախտումների վկայությունն է:

Նման դեպքերից է ադրբեջանական Abzas Media առցանց լրատվամիջոցի լրագրող և ադրբեջանական Turan լրատվական գործակալության տնտեսական բաժնի խմբագիր Հաֆիզ Բաբաևի ձերբակալությունը: Բաբաևը ձերբակալվել է երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ կապված կոռուպցիայի հետաքննությամբ զբաղվող Abzas Media-ի գործով: 2023 թ․ նոյեմբերի 20-21-ին լրատվամիջոցի աշխատակիցները ձերբակալվել են` մաքսանենգության մեղադրանքով։ Ձերբակալությունները շարունակվել են նաև 2023 թ․ դեկտեմբեր – 2024 թ․ հունվար ամիսներին: 2024 թ փետրվարին լրատվամիջոցը ստիպված հայտնել է իր աշխատանքներն արտերկրում շարունակելու մասին [Kavkaz-uzel]։ 2024 թ․ մարտի 18-ին Բաբաևը նամակ է գրել Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևին, ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովին ու Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով իր գործը վերցնել անձնական վերահսկողության ներքո և կարգադրել դադարեցնել քրեական հետապնդումը։ Բաբաևը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ ինքը հանցագործ չէ, և լրագրությունը հանցագործություն չէ [Meydan.tv]։ Abzas Media-ի գործն ընդգծում է իշխանությունների  անհանդուրժողականությունը պետական մակարդակով կատարվող չարաշահումները բացահայտել սպառնացող  հետաքննող լրագրողների նկատմամբ։

2024 թ․ մարտի 6-ից բռնաճնումներ են սկսվել նաև Toplum TV առցանց հեռուստաընկերության նկատմամբ: Ձերբակալվել են Toplum TV-ի, ինչպես նաև «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի» (IDI) և «Երրորդ հանրապետության պլատֆորմներ» կազմակերպության ներկայացուցիչները։ Նշված կազմակերպությունները փոխկապակցված են՝ ի դեմս Ակիֆ Գուբանովի, ով Toplum TV-ի և «Երրորդ հանրապետության պլատֆորմների» համահիմնադիրն ու IDI-ի ղեկավարն է [Kavkaz-uzel, JAMnews

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումներից ու սպառնալիքներից զերծ չեն մնում նաև կին լրագրողները, որոնք 2014 թվականից ի վեր ավելի ու ավելի են թիրախավորվում [JAMnews]: 2014-ին ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Մեդիա իրավունքի փորձագետ և իրավաբան Խալիդ Աղալիևի խոսքերով՝ քննադատող լրագրողների շարքում կին լրագրողներն ավելի են աչքի ընկնում [JAMnews]։ Այս ամենի նպատակը ազատ խոսքի ազատության սահմանափակումն է:

Լրագրողներին և ակտիվիստներին վերահսկելու և ճնշելու համար Ադրբեջանը կիրառում է նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպիսին է Pegasus լրտեսական ծրագիրը։ Այս մասին նշված է նաև Եվրոպայի խորհրդի՝ Լրագրողների անվտանգության հարթակի գործընկեր կազմակերպությունների կողմից Եվրոպայում մամուլի ազատության տարեկան գնահատման մեջ [Coe.int, Freedomhouse]: Ժամանակակից նման տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ոչ միայն ներխուժել անձնական գաղտնիության տարածք, այլև ճնշել ազատ խոսքի իրավունքը:

2017 թվականին ընդունված իրավական փոփոխություններն ընդլայնել են իշխանությունների վերահսկողությունն առցանց լրատվամիջոցների նկատմամբ՝ թույլ տալով արգելափակել դրանց բովանդակության հասանելիությունը՝ առանց դատական հսկողության՝ «պետության կամ հասարակության համար վտանգ ներկայացնելու» նկատառումներով [Freedomhouse]: Գրաքննության այս ձևաչափը հանգեցնում է անկախ լրատվամիջոցների կամայական արգելափակման՝ խորացնելով ազատ մամուլի և տեղեկատվության տարածման ազատության սահմանափակումը:

Միջազգային արձագանքն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին

Ադրբեջանում մարդու իրավունքների մշտական խախտումները, ներառյալ՝ լրագրողների հետապնդումները, անկախ լրատվամիջոցների ճնշումները, քաղաքական և ընդդիմադիր գործիչների թիրախավորումն արձանագրել և դատապարտել են միջազգային կառույցները։ Քանի որ 2024 թ․ նոյեմբերին Ադրբեջանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը, ուստի այս հարցերն ավելի մեծ կարևորություն են ստանում:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2024 թվականի մարտի 12-24-ը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին հավատարիմ մնալու հարցում բազմաթիվ խախտումներին: Դրանց թվում են ադրբեջանցի հայտնի գործիչներ Ինթիգամ Ալիևի, Խադիջա Իսմայիլովայի, Անար Մամեդլիի, Արիֆ և Լեյլա Յունուսների և այլոց գործերը։ Կոչ է արվել Ադրբեջանի կառավարությանը ամբողջությամբ կատարել դատարանի հրահանգները [Meydan.tv

Ադրբեջանում լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ աճող ճնշումների առնչությամբ 2024 թ․ մարտի 25-ին իր մտահոգությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը: Վերջինս նշել է, որ վերոնշյալ գործիչները օրինական կերպով  իրականացնում են իրենց աշխատանքը` արտահայտելով քննադատական տեսակետներ կառավարության նկատմամբ [Coe.int]։ Հանձնակատարը ընդգծել է, որ 2019-ից ի վեր ինքն Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունն է հրավիրել երկրում խոսքի և լրատվամիջոցների ազատության հետ կապված վատթարացող վիճակի, մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ տարբեր տեսակի ոտնձգությունների, ահաբեկման և հաշվեհարդարի ենթարկվող քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար շարունակվող թշնամական միջավայրի վրա։ Սակայն, ինչպես նշել է հանձնակատարը, Ադրբեջանը շարունակում է անտեսել իր պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում [Coe.int

2024 թ․ ապրիլի 6-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցերով նախկին զեկուցող և ԶԼՄ-ների հարցերով զեկուցող Ստեֆան Շենակն ադրբեջանական Turan ընդդիմադիր լրատվական գործակալության հետ զրույցում անընդունելի է համարել իրենց գործունեությունն իրականացնելու համար լրագրողների ձերբակալումները [Turan.az]։ «Սխալվում են, եթե կարծում են, որ նավթ ու գազ վաճառելով կարող են վտանգել ամեն ինչ»,- ընգծել է Շենակը, հավելելով, որ Ադրբեջանն արդեն այս առումով բազմաթիվ միջազգային ազդակներ է ստացել։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս իր անհամաձայնությունն է հայտնել՝ մասնավորապես, 2024 թ․ հունվարի 25-ին որոշելով չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը` երկրի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով։ Այս որոշման վրա ազդել է նաև Արցախում 2023 թ․ սեպտեմբերյան էսկալացիան, Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամի ստեղծումն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը [coe.int

Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը նաև ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական վերանայման (Universal Periodic Review (UPR) ուշադրության կենտրոնում է  [ohchr.org]։ 2024 թ. մարտի 5-ին «Հյուման Ռայթս Հաուս» հիմնադրամն ընգծել է, որ Ադրբեջանում 2024 թ. նախագահական արտահերթ ընտրություններից հետո նկատվել է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ մարդու իրավունքների խախտումների մտահոգիչ սրացում, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով կալանավորումներ ու մեղադրանքներ լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ [Humanrightshouse]:

2024 թ․ մարտի 25-ին «Հյուման Ռայթս Հաուս»-ը Ադրբեջանի UPR ընդունման ժամանակ կրկին ընդգծել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կտրուկ վատթարացումը և մտահոգություն հայտնել, որ այս գործողությունների ժամկետները համընկնում են  2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին:  Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տա միջազգային և տեղական քաղհասարակության ներկայացուցիչներին` ազատորեն մասնակցել  համաժողովին՝ առանց ճնշումների վախի [Humanrightshouse]:

Ադրբեջանի կառավարության կողմից երկրում քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային հասարակական կազմակերպությունների ազատ գործունեության սահմանափակումների մասին արտացոլված է նաև «Ֆրիդոմ Հաուս»-ի 2024 թ. «Ազգերն անցումային շրջանում» (Nations in Transit) զեկույցում։

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և քաղաքական բռնաճնշումների աճն արտացոլում է երկրում ավտորիտար կառավարումն ու ժողովրդավարության բացակայությունը։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանում է անցկացվելու միջազգային այդպիսի կարևորագույն միջոցառում, մի պետությունում, որը բնապահպանական շինծու խնդիրներն օգտագործել է Արցախը շրջափակելու համար։ Այս իրավիճակը լուրջ մարտահրավեր և երկընտրանք է միջազգային կառույցների համար, որոնք հավատարիմ են մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների առաջմղմանը և պաշտպանությանը։

Առնվազն տարակուսանք է առաջացնում նաև միջազգային կառույցների համաձայնությունը` անցկացնել Կլիմայի փոփոխության կոնֆերանսը Ադրբեջանում, երբ Ալիևյան ռեժիմը ամիսներ առաջ մոտ 120000 արցախահայերի բռնագաղթեցրեց իր հայրենի բնօրրանից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում