2026
2024-04-27
Վիճակագրական տվյալներով Նախիջևանում 1917թ․ ապրում էր 53,9 հազար հայ (բնակչության ընդհանուր թվակազմի շուրջ 40 տոկոսը)։ Մինչդեռ, 1926թ․ մարդահամարի տվյալներով հայ բնակչության թիվը շուրջ 5 անգամ նվազեց` հասնելով 11,276 հազարի։ Արդեն 1988թ․, երբ բարձրացվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը, Նախիջևանում մնացած հայ բնակչության մի մասը, խուսափելով հալածանքներից և կոտորվելուց, գաղթեց խորհրդային Հայաստան, իսկ մյուս մասը համալրեց սփյուռքի մեր հայրենակիցների շարքերը։ 1988թ․ նոյեմբերին Նախիջևանի 44 հայկական գյուղերից հայաբնակ էր մնացել միայն Ազնաբերդը[1]։
Նախիջևանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, ադրբեջանական իշխանությունները թույլ չտվեցին տեղի հայերին, ովքեր թուրքական հարձակման պատճառով հեռացել էին, վերադառնալ իրենց բնակավայրերը։ Ադրբեջանական իշխանությունները, հողային օրենսգրքից հանելով «վերաբնակեցում» հասկացությունը, այն փոխարինել էին «տարաբնակեցում» հասկացությամբ և հեռահար նպատակ ունեին այդտեղ բնակեցնել մուսուլմանների, որպեսզի արհեստականորեն շատացնեին մուսուլմանական-ադրբեջանական բնակչության թիվը Նախիջևանի Հանրապետությունում։ Չնայած Նախիջևանի հայերի անթիվ դիմում-բողոքներին` 1922թ․ հունիսի 24-ին Ադրբեջանական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Մուսաբեկովը ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահին հղած հեռագրում ընդգծում է, որ Ադրբեջանի Կենտգործկոմի որոշմամբ «բնակչության մասսայական մուտքը Ադրբեջանի սահմաններ» արգելվում է[2]։ Նախիջևանի հայ գաղթականներն անընդհատ դիմում-բողոքներ, խնդրագրեր էին ուղարկում Նախիջևանի, Անդրկովկասի Կենտգործկոմներին, ԽՍՀՄ Ժողկոմխորհին` խնդրելով արդարացի ձևով լուծել Նախիջևանի հայերի վերադարձի հարցը։ Ի պատասխան այս խնդրագրերին` 1926թ․ ապրիլի 26-ին ընդունվեց որոշում՝ Թիֆլիսում բնակվող Նախիջևանի փախստականների ներգաղթը Նախիջևանի ԻԽՍՀ համարել անհնար[3]։ Այս որոշումը պատճառաբանվում էր հողային ֆոնդի պակաս լինելով, ինչպես նաև հայ գաղթականների վերադարձը Նախիջևանի ԻԽՍՀ իբր ծանր դրության մեջ կդներ տեղի գյուղացիությանը։ Ադրբեջանական իշխանությունները կեղծ պատճառաբանություններ էին բերում, որ իբրև թե Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է սահմանամերձ գոտում, և հայերի մուտքը այստեղ գրեթե անհնար է։
Նախիջևանի հայաթափման գործընթացն ավելի մեծ թափով շարունակվեց 1940-1970-ական թվականներին։ Հայ բնակչությանը իր պատմական հայրենիքից դուրս մղելուն զուգընթաց, նպատակամղված կերպով վանդալիզմի ենթարկվեց նաև տեղի հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Այդ առումով Վազգեն Ա կաթողիկոսը բազմաթիվ դիմումներ հղեց ԽՍՀՄ ղեկավարությանը, սակայն ապարդյուն։ Այս տեսակետից ուշագրավ էր 1956թ․ մայիսի 12-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Բուլգանինին հասցեագրված նամակը, որտեղ կաթողիկոսը նշում էր, որ Նախիջևանի երկրամասի հայ բնակչության շրջանում չկա գործող եկեղեցի։ Ավելին՝ հարցադրում էր կատարում՝ արդյո՞ք ժամանակը չէր ԼՂԻՄ-ի, Նախիջևանի ԻԽՍՀ և Ախալքալաքի շրջանների հարցերի արդար լուծման համար, որոնք շարունակում են դուրս մնալ Հայկական ԽՍՀ սահմաններից[4]։ Նախիջևանում օր օրի ծանրանում էր հայ բնակչության քաղաքական, սոցիալ- տնտեսական դրությունը, ինչը նպաստում էր բնակչության հետագա արտագաղթին։
1988թ․ դրությամբ նախիջևանահայերի թվաքանակը չէր գերազանցում բնակչության 1,5 %-ը[5]։ Թեև 1988թ․ դեկտեմբերին վերջին հայաբնակ գյուղի՝ Ազնաբերդի բնակիչները (450 ընտանիք) կազմակերպեցին ինքնապաշտպանություն և ետ շպրտեցին ադրբեջանական խառնամբոխին, այնուամենայնիվ, Սպիտակի աղետալի երկրաշարժը, Հայաստանից օգնության բացակայությունը ստիպեցին ազնաբերդցիներին լքել իրենց հայրենի բնակավայրը և գաղթել խորհրդային Հայաստան։ Վերջիններս վերաբնակեցվեցին Վայքի, Եղեգնաձորի, Արարատի, Արտաշատի, Մասիսի, Կոտայքի շրջաններում և Երևանում։
Այսպիսով` Ազնաբերդի անկմամբ հայկական այդ երկրամասում հայ բնակչություն չմնաց։ Ներկայումս Նախիջևանի Հանրապետությունում ադրբեջանցի կեղծարարների կողմից փոխվել են տեղանունները, քանդվել պատմամշակութային կոթողները, մաքրվել են հայկականության բոլոր հետքերը։
[1] Խոջաբեկյան Վ․ Ե․, Արցախը փորձության ժամին, Եր․, 1991, էջ 72։
[2] Նույն տեղում։
[3] Նույն տեղում, էջ 78։
[4] Ալեքսանյան Հ․, Հայերը Նախիջևանի ԻԽՍՀ-ում 1945-1988թթ․ հայաթափության և մշակութային բնաջնջման ադրբեջանական քաղաքականությունը, էջ 70։
[5] Նույն տեղում, էջ 75։
Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի