2026
2024-04-26
Հայ ժողովրդի մի հատվածի կյանքը կապված է եղել բուն Աղվանք երկրամասի՝ պատմական Հայաստանին սահմանակից Նուխի և Արեշ գավառների հետ, ուր տեղական բազմալեզու ցեղերի հետ միասին, վաղնջական ժամանակներից սկսած, բնակվել են նաև հայերը[1]: Այս շրջանների հայությունը ծանր հարված ստացավ հատկապես 1918 թ., երբ թուրքական զորքերը արշավեցին Այսրկովկաս և հասան մինչև Բաքու: Այդ արշավանքի ժամանակ հուլիսի 20-ին գրավվեց Շամախին, որի հետևանքով կոտորածի, բռնի մահմեդականացման ու տեղահանության ենթարկվեց քաղաքի հայությունը: Դատարկված հայապատկան տներն ու ողջ ունեցվածքը բռնագրավեցին հարևան գյուղերի թաթարները։
Բաքվի հայկական ինքնապաշտպանական ուժերը (Բաքվի Հայոց ազգային խորհրդի և Ստեփան Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունայի զինված ուժեր), համառ մարտեր մղելով, նահանջում են Բաքու՝ իրենց հետ տանելով նաև Նուխի, Արեշ, Շամախի և Գյոքչա գավառների 50․000-ից ավել տեղահանված հայությանը[2]:
Այս չորս գավառներում ապրող հայերի թիվը, համաձայն պաշտոնական տվյալների, 86.000-ից ավելի էր, սակայն, եթե նկատի ունենանք այն, որ պաշտոնական տվյալները սովորաբար տարբեր են լինում իրական տվյալներից, ուստի հիշյալ չորս գավառների հայության թիվը պետք է հաշվել մոտ 100.000 մարդ[3]:
Հարկ է նշել, որ Բաքվին կից գտնվում է Նարգեն կղզին, որտեղ այդ օրերին պահում էին Առաջին աշխարհամարտի օսմանցի ռազմագերիներին։ Բոլշևիկյան հեղաշրջումից հետո, երբ Ռուսաստանում սկսվեց քաղաքացիական պատերազմը, շատ գերիներ կարողացան փախչել և ապաստան գտնել Այսրկովկասի թյուրքաբնակ վայրերում: Եվ շուտով Շամախին և Նուխին դարձան այդ օսմանցի զինվորականների գործունեության վայրեր[4]:
Նրանց գործունեությանը նպաստեցին տեղական ազդեցիկ կալվածատեր-թաթարները, որոնց թվում էր նաև Անդրկովկասի մուֆթի Մուստաֆա Էֆենդին: Գանձակի շուրջ տեղի ունեցած խռովությունները շուտով տեղափոխվեցին Նուխի և Շամախի: Վտանգն ամենուր էր։
Սկզբում այս ամենը կրում էր մասնակի, սակայն շուտով ընդունեց զանգվածային բնույթ: Առաջին զանգվածային գործողությունը տեղի ունեցավ Նուխիի գավառում: Դեկտեմբերի 26-ին, երբ ընդհանուր կարգը դեռևս խախտված չէր, Նուխիում տեղի թաթարները հարձակվեցին քաղաքապահ զորքի վրա, զինաթափեցին և գրավեցին զինապահեստն ու իշխանությունը վերցրին իրենց ձեռքը:
Քաղաքում կատարված այս դեպքը արձագանք գտավ նաև գավառում։ Թաթարական խուժանը, հարձակվելով հայկական գյուղերի վրա, սկսեց կողոպուտ, թալան ու վայրագություններ։ Տեղի հայերը դիմեցին փախուստի: 11 քրիստոնեաբնակ գյուղեր ավերվեցին, իսկ ժողովուրդն ապաստանեց գլխավորապես Նուխի և Ղույաբաշի գյուղերում: Ավերված գյուղերն էին Ալիարը, Գյոբելին, Աղփլաքան, Այդին Բուլաղը, Ջաֆարաբադը, Ղոզլուն, Վարդանլին, Զովլանը, Օթմանլուն, Փադարը և Օրաբանը: Նուխիից հետո զանգվածային հարձակումները տեղի ունեցան նաև Շամախիի և Գյոկչայի գավառներում:
Շամախիի դեպքերին զուգընթաց խժդժություններ տեղի ունեցան նաև Գյոկչայի, Արեշի և Նուխիի գավառներում, որոնք, հեռու գտնվելով գլխավոր կենտրոններից, ենթակա էին ավելի սանձարձակ վայրագությունների: Զանգվածային հարձակումներ միաժամանակ տեղի ունեցան Լենքորանի շրջանում և Մուղանի դաշտում: Նշված վայրերում ավերվեցին մի շարք ռուսական գյուղեր, իսկ ժողովուրդը տեղահան եղավ: Այսպիսով` Բաքուն իր շրջակայքով մատնվեց անիշխանության[5]:
1918 թ. սեպտեմբերի 15-ին, երբ Նուրի փաշայի գլխավորությամբ թուրքական զորքերը գրավեցին Բաքուն և երեք օր շարունակ կոտորածի ենթարկեցին շուրջ 30.000 հայերի, կոտորածի առաջին զոհերի մեջ էին նաև Հայկավանում ապաստանած արևմտահայ, նուխեցի, շամախեցի և գյոքչեցի գաղթականները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հիվանդները և վիրավորները: Նրանցից ավելի քան 1500-ը սպանվեց։ Գաղթականներից փրկվեց մոտ 3000 հոգի:
Ականատեսի վկայությամբ` «Զուրկ միջոցներից և առողջութիւնից, նրանք ի հարկէ անկարող եղան փախչել քաղաքից, և ամենքը դարձան Մահմէդ Չօուշի և Ջիվանշիրի զոհ»[6]:
Շամախահայերը մեծ զրկանքներ կրեցին և կորուստներ ունեցան նաև 1918 թ. սեպտեմբերի վերջերին, երբ Բ. Խան-Ջիվանշիրի հրամանով կոտորածից փրկված գավառի շուրջ 6500-ի հասնող գաղթահայությանը բռնությամբ տեղափոխեցին գավառներ: Ճանապարհին գաղթականները ենթարկվեցին թաթար ավազակախմբերի, այդ թվում՝ տարագիրներին հսկող թուրք-թաթար զինվորների բռնություններին: Նրանց մեծ մասն այդպես էլ չհասավ վերջնակետին[7]:
Ադրբեջանի կառավարության և օսմանյան հրամանատարության կարգադրությամբ տուն վերադարձած հայերը հավաքեցին իրենց բերքը և, երբ աշխատանքը ավարտեցին, խլվեց ամբողջ բերքը։ Ամենուրեք բռնություններ էին, առևանգություններ ու մասսայական ջարդեր։
Շամախիի հայրենակցական միությունը 1919 թ. օգոստոսին կազմեց Շամախի գավառի հայերի վերաբերյալ վիճակագրական մի փաստաթուղթ, որի համաձայն` Շամախիի գավառի 24 գյուղերի մոտ 19․000 հայեր, թուրքական արշավանքի և Ադրբեջանի կառավարության ջարդերի և հալածանքների հետևանքով մի քանի ամսիների ընթացքում ունեցան 5126 սպանված (27%), 6430 անհայտ կորած (34%). ողջ էին մնացել 7340-ը (39%):
Պատկերը նույնն էր նաև մյուս գավառներում։ Վերոհիշյալ 4 գավառների մոտ 100.000 հայությունից ոչնչացվել էր շուրջ 60.000-ը[8]:
[1] Ստեփանյան Գ., Նուխի և Արեշ գավառների հայության կոտորածներն ու ինքնապաշտպանությունը, Էջմիածին, 1996, էջ 105:
[2] Ստեփանյան Գ., Շամախին և շամախահայերը (հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի վերջերը), Վէմ համահայկական հանդես, թիվ 3 (28), 2009, էջ 91:
[3] Տեր-Մարտիրոսյան Հ. (Ա-դո), Հայության երկունքը, Երևան, 2019, էջ 560:
[4] Նույն տեղում, էջ 560-561:
[5] Նույն տեղում, էջ 562-563:
[6] Ստեփանյան Գ., նշվ. աշխ., էջ 91:
[7] Նույն տեղում, էջ 92:
[8] Տե՛ս Տեր-Մարտիրոսյան Հ. (Ա-դո), Հայության երկունքը, էջ 588: