2026
2024-04-25
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1920-ական թթ․ սկզբին Լեռնային Ղարաբաղի և նորակազմ Քրդստանի տարածքի ժողավրդագրության ուսումնասիրման համար մեծ նշանակություն ունի 1921 թ․ օգոստոսին Լեռնային Ղարաբաղում անցկացված գյուղատնտեսական մարդահամարը: Նշենք,որ դեռևս 1921 թ․ հուլիսի 5-ին Կովկասյան բյուրոյի պլենումի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը անարդարացիորեն միացվեց Խորհրդային Ադրբեջանին: Երկու տարվա ձգձգումներից հետո Խորհրդային Ադրբեջանի Կենտգործկոմի 1923 թ․ հուլիսի 7-ի դեկրետով ստեղծվեց ԼՂԻՄ-ը: Սակայն ամբողջ Լեռնային Ղարաբաղին մարզային ինքնավարություն չտրվեց։ Հուլիսի 7-ի որոշմամբ ստեղծվեցին Աղդամի մարզային վարչությունը, Ջաբրայիլի գավառը և Ինքնավար Քրդսատանը: Այս վարչական միավորներից հատկապես հետաքրքրական է նախկինում գոյություն չունեցած Քրդստանի գավառի ստեղծումը։
Վերադառնալով ԼՂԻՄ-ի ստեղծմանը՝ հարկ է նշել, որ 1923-1936 թթ․ ինքնավար մարզի պաշտոնական անվանումը եղել է ոչ թե «Нагорно-Карабахская автономная область», այլ «Автономная область Нагорного Карабаха» (վերոնշյալ անվանումները հայերենով միևնույն կերպ են թարգմանվում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ), որը նշանակում է, որ ինքնավարությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի միայն մի հատվածի վրա, մինչդեռ առաջին անվանումը Լեռնային Ղարաբաղը սահմանափակում է Ինքնավար մարզի տարածքով։ 1918-1921թթ. Լեռնային Ղարաբաղ ասելով հասկանում էին ոչ այն տարածքները, որոնց վրա հետագայում կազմավորվեց ԼՂԻՄ-ը, այլ նաև Հյուսիսային Ղարաբաղը, Քարվաճառը, Հարավային Լեռնային Ղարաբաղը՝ ընդհուպ մինչև Արաքս:
20-րդ դարասկզբին երկրամասի ժողովրդագրության վրա մեծ ազդեցություն ունեցող իրադարձություններից էին հայ-թաթարական ընդհարումները: Դրանք պայմանավորված էին ինչպես Ելիզավետպոլի նահանգի աշխարհագրական դիրքով, այնպես էլ հայ և թուրք բնակչության թվական հարաբերակցությամբ և տեղաբաշխմամբ։ Բախումները մի քանի ալիքով տեղի ունեցան Շուշիի գավառում, որտեղ, ըստ 1897 թ․ համակայսերական մարդահամարի, բնակվում էին հայ առաքելական եկեղեցու 73․887 հետևորդներ և 63․001 մահմեդականներ։ Ընդհարումների դադարից հետո ժողովրդագրական որոշակի վերադասավորում տեղի ունեցավ։
Ժողովրդագրական փոփոխությունների հաջորդ փուլը կապված է 1918-1920 թթ․ իրադարձությունների հետ: Թուրքական բանակի կովկասյան արշավանքը, ազգամիջյան բախումները, մուսավաթական Ադրբեջանի քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի նկատմամբ, էականորեն ազդեցին բնակչության թվաքանակի և էթնիկ կազմի վրա։ Այս առումով սկզբնաղբյուրային մեծ արժեք է ներկայացնում 1921 թ․ գյուղատնտեսական մարդահամարը։
1921 թ․ ապագա ԼՂԻՄ-ի տարածքում անցկացված մարդահամարի ադյունքների շուրջ գոյություն ունի որոշակի տարակարծություն: Բանն այն է, որ մարդահամարի արդյունքներն ամփոփող տեղեկագրերում նախապես նշվել են այլ տվյալներ, այնուհետև, որոշ ճշտումներից հետո, ստացվել են այլ արդյունքներ։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ մարդահամարի անցկացումից հետո տեղի ունեցան վարչական-սահմանային վերաձևումներ։ 1921 թ․ գյուղատնտեսական մարդահամարի տվյալներով Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի գավառներում հաշվվել է 126․368 մարդ: Դրան ավելացրած Շուշիի բնակչության թվաքանակը, որը 1921 թ․ դրությամբ նվազել էր (մինչև 9,223 մարդ): Նրանցից 8 894-ը թուրք էին, 289-ը՝ հայ (1920 թ․ մարտի 22-26 Շուշիի ամբողջ հայ բնակչությունը ենթարկվել էր կոտորածի): Արդյունքում ստացվում է 135․ 591 մարդ: Այնինչ` 1924 թ․ Ֆինանսների ժողկոմատի տվյալները ցույց են տալիս որոշակի նվազում` մինչև 114․290 մարդու (ինչը կարող է հետևանք լինել ոչ թե բնակչության բնական կամ մեխանիկական աճի բացասական միտման, այլ միայն հարկատու տնտեսությունների հաշվառման)։ Սակայն, քանի որ վարչական միավորների սահմանները դեռևս հստակ չէին, որոշ անճշտություններ վերանայվել են 1924 թ․։ Նույն թվականի Կենտվիճվարի տվյալներով (նոր ձևավորված և փոփոխված սահմաններով վարչական միավորներին վերաբերող տեղեկագրում) ԼՂԻՄ-ի բնակչությունը կազմում է 131 507 մարդ։ Նույն թիվը հանդիպում է նաև պաշտոնական այլ տեղեկագրերում, մինչդեռ 1926 թ․ Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակությունում ԼՂԻՄ-ի բնակչության թվաքանակը նշվում է 142 470 մարդ։ Այս տարբերությունները բացատրվում են դեռևս չավարտված ներքին տեղաշարժերով։ Բացի այդ` մարդահամարի տվյալների հետագա մշակման ժամանակ որոշ գյուղերի կամ բնակավայրերի արդյունքները կցվել են ԼՂԻՄ-ի տվյալներին: Եվ հակառակը` ԼՂԻՄ-ի մաս կազմող որոշ բնակավայրեր դուրս են մնացել ընդհանուր արդյունքներից։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքներն ու արված ճշգրտումները` 1921 թ․ ԼՂԻՄ-ի բնակչության թվաքանակ ընդունել 129 243 մարդ, որից`122 426-ը (94․73 %) հայեր, 6550-ը (5․07 %)` թյուրքեր, 267-ը (0․2 %)` այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Ինչպես տեսնում ենք, ԼՂԻՄ- ի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին։
Առաջին համամիութենական մարդահամարի տվյալներով, հայերի թիվը ԼՂԻՄ-ում կազմել է 111 694 մարդ, թյուրքերինը` 12 592, ռուսներինը` 596, այլ ազգությունների ներկայացուցիչներ՝ 277 մարդ: Այսինքն` 5 տարվա ընթացքում հայ բնակչության թվաքանակը նվազել է, փոխարենը` կրկնապատկվել է թյուրք բնակչության թվաքանակը։
Սակայն, բացի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության թվաքանակի խնդրից, չափազանց հետաքրքրական է քուրդ բնակչության տեղաբաշխման, և, այսպես կոչված, Կարմիր Քրդստանի խնդիրը: Որոշ հետազոտողներ «Քրդստան» տերմինի առաջին կիրառությունը վերագրում են հենց 1921 թ․` որպես Խորհրդային Ադրբեջանի միավորի։ 1923 թ․ հուլիսի 7-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումում կայացվեց մեկ այլ որոշում ևս՝ ստեղծելու Ինքնավար Քրդստան, որի կենտրոնը և սահմանները պետք է որոշվեին միայն ԼՂԻՄ-ի սահմանների ճշգրտումից հետո: Հուլիսի 16-ին Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի նախագահությունը կայացրեց որոշում` Ղարաբաղի դաշտային հատվածից կազմավորել երկու ուեզդներ` «Քրդերի զբաղեցրած տարածքներից կազմավորել Քրդստանի ուեզդ»։ Այսինքն` մի քանի օրվա ընթացքում ինքնավարության գաղափարը սահմանափակվեց գավառով, սակայն գավառային կարգավիճակով անգամ Քրդստանը կամ, ինչպես ընդունված է անվանել, Կարմիր Քրդստանը իր կարճ գոյությամբ կարևոր դեր ունեցավ: Պետք էր Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ից անջատել հնարավորինս մեծ տարածքով։ Հենց այդ նպատակով ստեղծվեց 6 կիլոմետր լայնությամբ արհեստական միջանցք։

Քուրդ մտավորական Շաքրո Մհոյանը Քրդստանի աշխարհաքաղաքական նշանակության մասին գրում է. «Քրդստանի ստեղծումը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ քրդական ազգային-ազատագրական շարժումը ակտիվորեն ծավալվում էր Թուրքիայում, Իրանում և հատկապես Իրաքում։ Քրդական ազգային հարցը քննարկվել է գրեթե բոլոր միջազգային հանդիպումներում։ ... Կան նամակներ, որոնցում իրաքյան քրդերի առաջնորդ Մահմուդ Բարզանին դիմում է Լենինին՝ օգնության և համագործակցության խնդրանքով` բրիտանական իմպերիալիզմի դեմ պայքարում։ Կարիք չկա կասկածելու, որ քրդական ազգային խնդրի միջազգային կարևորությունը ոչ պակաս դեր է խաղացել խորհրդային քրդերի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության մեջ»։
Քրդստանի տարածքը կազմում էր 3432,4 կմ²։ 1923 թ․ հուլիսին սահմանների որոշման հանձնաժողովի նիստի արձանագրությունից պարզ է դառնում, որ վերջինիս կազմում ընդգրվել են Ջևանշիրի, Շուշիի և Կուբաթլուի քրդաբնակ հատվածները (առավել հստակ` Ջևանշիրի արևմտյան և Կուբաթլուի հյուսիսային հատվածները)։ 1929 թ․ դրությամբ այն ընդգրկում էր Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի շրջանները և Ջաբրաիլի շրջանի մի մասը։
Բավական խնդրահարույց է այս շրջանի ազգային պատկերի ուսումնասիրությունը: Տարբեր ուսումնասիրողներ Քրդստանի բնակչության թվաքանակի հետ կապված նշում են տարբեր թվեր (50- 60 հազար): Մինչդեռ այն տարածքը, որտեղ ձևավորվեց Քրդստանը, մինչև 1923 թ․ երբևէ պաշտոնապես չէր կրել այդ անվանումը, որովհետև այստեղ քրդերը երբեք գերակշիռ մեծամասնություն չեն կազմել։ Բացի այդ` գավառը չէր կոչվում քրդական գավառ, ինչն ակնհայտորեն ցույց կտար, որ գավառում մեծամասամբ բնակվել են քրդեր: Ավելի շատ այն ուներ աշխարհաքաղաքական որակում և հատուկ կարգավիճակ չուներ Ադրբեջանի կազմում: Քրդստանի գավառը կազմված էր վեց դայրաներից՝ Ղարաղշլաղի, Քելբաջարի, Կուբաթլիի, Կոթուրլիի, Քյուրդ-Հաջիի և Մուրադխանլիի։ Գավառի կենտրոն էր Լաչին ավանը։
1921 թ․ գյուղատնտեսական մարդահամարում առկա են որոշ տվյալներ քրդերի թվաքանակի և տեղաբաշխման վերաբերյալ։ Նշվում է, որ Կուբաթլուի շրջանը միակն էր Քրդստանի տարածքներից, որտեղ բնակչության 98%-ը թուրքերն էին: Մինչդեռ 1921 թ․ գյուղատնտեսական մարդահամարի տվյալներն այլ են: Ըստ այդմ՝ Կուբաթլուի ընդհանուր բնակչության թիվը կազմում էր 39 496 մարդ, որոնցից 23 517-ը թուրքեր էին, 1 975-ը` հայեր, 13 994-ը` քրդեր։ Այսինքն` քրդերի թվաքանակը կազմում էր մոտ 35․4 %: Ջաբրաիլի ուզեդում ընդհանուր բնակչությանից 50 163-ը թուրք էին, 18 779-ը՝ հայ, և միայն 571-ը` քուրդ։ Նախկին Ջևանշիրի ուեզդում, որի միայն մի հատվածը մաս կազմեց Քրդստանին, ընդհանուր բնակչությունից 40 032-ը թուրքեր էին, 29 815-ը՝ հայեր, 14 680-ը՝ քրդեր։ Ջևանշիրի ուեզդի քրդաբնակ հատվածում կային 83 բնակավայրեր, սակայն դրանք խոշոր գյուղեր չէին, որովհետև քրդերը հիմնականում բնակվում էին ազգակցական կապերով կապված խոշոր ընտանիքներով, և հաճախ այդպիսի ընտանիքը կազմում էր մի առանձին բնակավայր։ 1925 թ․ Անդրկովկասի վերաբերյալ հրատարակված վիճակագրական-տնտեսական տեղեկություններ պարունակող ժողովածուից տեղեկանում ենք, Շուշիի գավառում բնակվում էին 81 քրդեր, իսկ Աղդաշի գավառում՝ 413 քրդեր: Ուստի, քրդերի ընդհանուր թվաքանակը Քրդստանի գավառում կստացվի մոտավորապես 29 741 մարդ:
Սակայն 1924 թ․ Ադրբեջանի կենտվիճվարի մեկ այլ հրատարակությունում նշված է, որ Քրդստանի ընդհանուր բնակչությունը կազմում է 35․219 մարդ, որի 80,7 %-ը կազմում են քրդերը (28 422 մարդ): Այսպիսով` քրդական բնակչության թվաքանակի վերաբերյալ գոյություն ունի անճշտություն: Պետք է արձանագրել, որ քուրդ բնակչության թվաքականակը չի անցնում 30 հազարից։ Իսկ Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակությունում Ադրբեջանում (ոչ միայն Քրդստանում) քուրդ բնակչության ընդհանուր թվաքանակ նշվում է 34․098 մարդ։
Սակայն այս թիվը առիթ չի տալիս կարծելու, թե Քրդստանում ավելացել էր քուրդ բնակչության թիվը: Ընդհակառակը՝ 1925 թ․ Թուրքիայում քրդական ապստամբությունից հետո Ադրբեջանում ապաստան գտած քրդերին իշխանությունները բնակեցնում էին ոչ թե Քրդստանում, այլ Եվլախում: Բացի այդ` 181 քրդական ընտանիքներից կազմավորվեց Նարիմանաբադ գյուղը, որը Քրդստանի սահմաններում չէր։ Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն ամենևին ոգևորված չէին Քրդստանի գավառի կամ քրդական գործոնի առկայությամբ։ Ուստի հետագա տարիներին քրդերի նկատմամբ կիրառվում էր ձուլման, մարդահամարների ցուցակներում նրանց` որպես թուրք, ապա` ադրբեջանցի գրանցելու քաղաքականությունը: Այս քաղաքականության հեռահար նպատակն էր քրդաբնակ այս շրջանները հետագայում միացնել ԼՂԻՄ-ին և փոխել վերջինիս էթնիկ պատկերը։ Ըստ 1926 թվականի առաջին համամիութենական մարդահամարի՝ քրդական ուեզդի ընդհանուր բնակչությունը կազմում էր 51.426 մարդ, որից 37.128-ը քրդեր էին։ Ադրբեջանում քրդերի ընդհանուր թիվը կազմել է 41.193 մարդ, որից 2.649-ը բնակվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։
Քրդստանի տարածքում (կազմված Լեռնային Ղարաբաղից և Արևելյան Զանգեզուրից), որը միջանցքի պես ընկավ Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև, մինչև 1988 թվականին սկսված Արցախյան շարժումը հայ բնակչությունը էլ ավելի նվազեց։