2026
2024-04-25
16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև ընթացող պատերազմների ժամանակ տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային բռնագաղթեր:
Ամենազանգվածային բռնագաղթը կազմակերպել է պարսից շահ Աբբաս I-ը[1]: Այդ ողբերգությունից անմասն չի մնացել նաև Նախիջևանի տարածաշրջանի հայ բնակչությունը: 17-րդ դարի սկզբին Նախիջևանը, էթնիկ տեսանկյունից, Հայաստանի միատարր երկրամասերից մեկն էր, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին: Այդ մասին ուշագրավ տեղեկություններ է տալիս եվրոպացի ճանապարհորդ, միսիոներ Վիլլոդը, որի տվյալներով Նախիջևանում այդ ժամանակ 40 հազար ծուխ հայ բնակչություն կար[2]:
Սակայն երկրամասի էթնիկ պատկերը փոփոխություն է կրում պարսից շահ Աբբասի կողմից իրականացված բռնագաղթի պատճառով: 1603 թ. նա սկսում է իր արշավանքը ընդդեմ օսմանյան թուրքերի, գրավում Նախիջևանը, հասնում մինչև Կարս։ Սակայն օսմանցի թուրքերը շուտով հակահարձակման են անցնում։ Շահի հրամանով պարսկական զորքերը սկսում են նահանջել։ Պարսիկները դիմում են «վառված հողի» ռազմավարությանը։ Նրանք նահանջի ճանապարհին գտնվող բոլոր բնակավայրերը ամայացնում էին, որպեսզի օսմանցիների բանակը դժվարություններ կրեր` անցնելով ամայացած և անմարդաբնակ տարածքներով։ Նախատեսված էր տեղահանվող բնակչությանը բռնագաղթեցնել Պարսկաստանի խորքերը[3]:
Ըստ հայ պատմագիր Առաքել Դավրիժեցու`բռնագաղթն ընդգրկել է Նախիջևանը, Եղեգնաձորը, Գեղամա եզերքը, Լոռին և Մարգահովիտը, Ապարանը, Շարապխանեն, Շիրակավանը, Զարիշատը, Կարսը, Կաղզվանը, Ալաշկերտը, Մակուն, Սալմաստը, Խոյը, Ուրմիա լճի տարածքը, Արարատյան դաշտը, Երևանը, Գառնին, Ուրցաձորը, Խնուսը, Բասենը, Կարինը, Մանազկերտը, Արծկեն, Բերկրին, Վանը[4]: Ըստ Ա. Մելքոնյանի և Մ. Մալխասյանի` Արևելյան Հայաստանի տարածքներից բռնագաղթի ենթարկվել է 600․000-ից ավել հայ, որից սկզբնական շրջանում ողջ է մնացել մոտ 420․000-ը[5]: Նախիջևանի շրջանից բռնագաղթվել է ավելի քան 160․000 հայ[6]:
Սակայն նմանօրինակ գործողություններ, ավելի փոքր ծավալներով, տեղի են ունեցել նաև հետագայում և շարունակվել են մինչև 1639 թ.՝ թուրք-պարսկական պատերազմների ավարտը:
Նախիջևանի հայ բնակչության բռնագաղթի կազմակերպումը դրված էր երկրամասի կառավարիչ Մախսուդ սուլթան Քենգերլուի վրա, իսկ Ջուղայի բնակչության տեղահանությունը՝ Թահմասբ կուլի բեկի։ Շահ Աբբասը հատուկ ուշադրություն էր դարձնում Ջուղայի հարուստ վաճառականներին և ամեն կերպ ձգտում էր Ջուղայի հայ խոջաներին (առևտրականներին) իր կողմը գրավել, նրանց կապիտալը պարսից տերության սեփականությունը դարձնել: Առաքել Դավրիժեցին պատմում է, թե ինչպիսի խստագույն սպառնալիքներով պարսիկ զինվորները իրագործեցին շահի հրամանը, որի ժամանակ տեղահանվեց և բռնագաղթի ենթարկվեց մոտ 3 հազար հայ ընտանիք[7]։ Նախիջևանի երկրամասի հայ բնակչությանը տեղափոխում են Դիզմարի ու Ղարադաղի շրջաններ։ Ջուղայեցիները հաստատվում են Սպահանում ու կառուցում Նոր Ջուղա արվարձանը, որը հետագայում դարձավ մայրաքաղաքին կից, զարգացած մոտ 30 հազար բնակիչ ունեցող բնակավայր[8]։
Այս զանգվածային բռնագաղթը միտումնավոր հաշվի չեն առնում պատմության ադրբեջանցի կեղծարարները: Նրանք հակահայկական քարոզչության մեջ շրջանառում են այն թեզը, թե Նախիջևանում, ինչպես նաև Հայաստանի մյուս հատվածներում, հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել: Որպես փաստարկ` ներկայացնում են ռուսական, հետագայում` Խորհրդային Միության շրջանում կատարված մարդահամարների տարբեր տվյալները, երբ երկրամասում հայերի թիվը նվազել էր: Նրանք խեղաթյուրում են իրականությունը` հաշվի չառնելով պատմական այն մեծ ողբերգությունները, որոնց պատճառով դարեր շարունակ հայերով բնակեցված Նախիջևանը գրեթե հայաթափվեց: Հատկանշական է, որ անգամ 1829-1832 թթ. Հայկական մարզում ժողովրդագրական վիճակը ուսումնասիրած ռուս վիճակագիր Ի. Շոպենը, Նախիջևանի և առհասարակ հայկական բնակավայրերի մասին խոսելիս, նշում է, որ դրանք Մեծ Հայքի թագավարության մաս են կազմել և հայաթափվել են շահ Աբբասի քաղաքականության հետևանքով[9]։
[1] Մալխասյան Մ., Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում- 17-րդ դարի առաջին կեսին, Երևան, 2020, էջ 129:
[2] Փանոսյան Հ., Ժողովրդագրական տեղաշարժերը Թուման-ե Նախիջևանի Ազատ Ջիրանի և Դարաշամբի մահլաներում (XVII դարի առաջին կես), «Գիտական աշխատություններ», XV, Երևան, 2013, էջ 48:
[3] Այվազյան Ա., Ջուղա, Երևան, 1984, էջ 12:
[4] Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ Լ. Խանլարյանի, Երևան, 1990, էջ 84-85:
[5] Մալխասյան Մ., նշվ. աշխ., էջ 174:
[6] Փանոսյան Հ., նշվ. աշխ., էջ 48:
[7] Այվազյան Ա․, նշվ. աշխ., էջ 13:
[8] Այվազյան Ա․, նշվ. աշխ., էջ 17:
[9] Մալխասյան Մ., նշվ. աշխ., էջ 131: